HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Դպրոցների փակման դեմ Շիրակից բողոքի հանրագրեր են ուղարկվել Կառավարություն. պատասխանը կազմակերպիչներին չի գոհացնում

Շիրակի մարզի 5 գյուղեր 2026թ. ապրիլի 21-ին Կառավարություն ուղարկված կոլեկտիվ հանրագրով իրենց դժգոհությունն էին արտահայտել փակվող դպրոցների կապակցությամբ։ Հանրագրերը ստորագրել էին ընդհանուր 494 հոգի՝ Թավշուտ (25), Փոքրաշեն (115), Մեղրաշատ (180), Գետք( 84), Կրաշեն (90) գյուղերից։ 

«Ազգային կրթության խորհրդի» Շիրակի մարզային խորհրդի աշխատանքները համակարգող Արմեն Ներսիսյանի փոխանցմամբ՝ հանրագրերին կից, 3 կետից բաղկացած հարցադրում էին ուղարկել՝ փորձելով հստակեցնել՝  արդյո՞ք տվյալ ծրագրի շրջանակում փակվելու են հանրագիր ստորագրած գյուղերի դպրոցները, հաշվի առնելու՞ են բնակիչների դժգոհությունը, և երրորդ՝ պահանջ էին ներկայացրել, որ չսահմանափակվի երեխաների կրթություն ստանալու հիմնարար իրավունքը: 

ՀՀ վարչապետի աշխատակազմը հանրագրերը հասցեագրել էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարություն: Նախարարությունից  ստացած պատասխան-նամակում վստահեցնում են, որ կրթական հաստատությունների վերակազմավորման վերաբերալ շրջանառվող նախագիծ չկա, և որ Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերում բնակվող երեխաների համար որակյալ կրթություն ապահովելու նպատակով Կառավարությունն իրականացրել և իրականացնում է բարեփոխումներ՝ նոր դպրոցներ, կրթահամալիրներ կառուցել և վերակառուցելով՝ ապահովելով արդիական, անվտանգ ու հարմարավետ պայմաններ: 

«Ստացել ենք «լղոզված» պատասխան ԿԳՄՍ նախարարությունից։ Որպես կատարող կողմ՝ գրությունը ստորագրել է փոխնախարար Արաքսիա Սվաջյանը,-հայտնեց  «Ազգային կրթության խորհրդ»-ի անդամ Արմեն Ներսիսյանը,- պատասխանը ոչ միայն չի պարզաբանում Կառավարության կողմից նախկինում հրապարակայնորեն ներկայացված դպրոցների միավորման ծրագրի բովանդակությունը, այլև առաջացնում է իրավական և կառավարչական հակասությունների վերաբերյալ լուրջ հարցադրումներ։ Տպավորություն կա, որ պատասխանատուների մոտ առկա է անտեղյակություն և դիլետանտություն: 2023թ.-ից խոսում են դպրոցների միավորման մասին, գոյություն ունի ԿԳՄՍ նախարարի 11.09.2023թ.-ի No 1719-Ա/2 հրամանը, ըստ որի՝ «ՀՀ կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման» ծրագրով նախատեսվում է լուծարել 232 հանրակրթական դպրոց հանրապետության ողջ տարածքում: Մոտ երկու ամիս առաջ վարչապետը կոնկրետ հայտարարում է դպրոցների փակման մասին, սակայն մեզ հասցեագրված պատասխանում, չգիտես ինչու, պնդում են, որ դպրոցների վերակազմավորման մասին չկա Կառավարության համապատասխան որոշում»:

Արմեն Ներսիսյանը փաստերը խեղաթյուրելու միտում և, կապված առաջիկա ընտրությունների հետ, բողոքի ձայնը լռեցնելու դիտավորություն է տեսնում: «Մենք ունենք տեղեկություններ, որ այն գյուղերում, որտեղ դպրոցների փակման հարցը դրված է, բնակիչներին համոզում են, որ չկա նման բան, կամ համայնքի ղեկավարի մակարդակով խոստումներ տալիս, թե դուք լուռ մնացեք, ձայն մի հանեք, այնպես կանենք՝ ձեր դպրոցը չի փակվի: Տուֆաշենից մեզ ասացին, թե իրենց հավատացրել են, որ 3 կմ-ից ավելի հեռավորություն ունեցող դպրոցներն են փակելու, մի ուրիշ գյուղում ասում են՝ առաջիկա 3 տարում ձերը չի փակվելու և այլն: Սա մանիպուլյացիա է, որովհետև կա վարչապետի հստակ հայտարարությունը, որ իրենք լավ բան են անում՝ դպրոց են կառուցում, ուղղակի չի ասում, թե 5 գյուղի համար մի հատ, ասում է՝ «հին, քանդված շենքից ձեզ հանում ենք, վա՞տ ենք անում»: Բայց գնացեք, տեսեք, թե «քանդված» որակմանը քանիսն են համապատասխանում»:

Արմեն Ներսիսյանը վստահեցնում է, որ «Ազգային կրթության խորհուրդը» հանրագրերի հավաքման գործընթացը շարունակելու է: Մայիսի 15-ին Խորհուրդը հայտարարություն է տարածել, որ Սյունիքի մարզում ևս, ինչպես Շիրակի մարզում, ձևավորվել է մարզային ազգային խորհուրդ և այնտեղ էլ են սկսելու ստորագրահավաք՝ գյուղական համայնքներում դպրոցների փակման դեմ: «Մենք դատաիրավական հարթությունում ենք փորձելու հարցը լուծել, որովհետև ազգակործան այս ծրագիրը պետք է չեղարկվի: Նույնիսկ խիստ դիլետանտ մարդուն էլ է պարզ, որ գյուղի միակ դպրոցը փակելով՝ գյուղը դատարկում են»,-նշեց Ա. Ներսիսյանը:

Գլխավոր լուսանկարում՝ Արմեն Ներսիսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter