Պաստառ պոկելու համար ձերբակալվածը տեղափոխվել է ոստիկանություն, այնուհետև՝ հոգեբուժարան ու հայտնաբերվել մահացած
2026թ. հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին առնչվող քարոզչական պաստառ պոկելու գործով ձերբակալված Արմեն Հովհաննիսյանը տեղափոխվել է ոստիկանության ձերբակալվածների պահման վայր, իսկ այնտեղից հոգեկան առողջության պահպանման կենտրոն: Ժամեր անց նրան հայտնաբերել են կախված վիճակում: Քննչական կոմիտեից «Հետքին» հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով:
Կատարվածի մասին գրել էր FactorTV-ն: Լրատվամիջոցը հայտնել էր, որ ինքնասպան եղած Արմեն Հովհաննիսյանը հոգեկան առողջության հետ կապված խնդիր է ունեցել: Նա ձերբակալվել է նախընտրական պաստառ պոկելու համար, ինչի կապակցությամբ Քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել:
Արմեն Հովհաննիսյանը ձերբակալվել էր ստացված հաղորդման հիման վրա, որի շրջանակում էլ նախաձեռնվել է քրեական վարույթը: Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանի փոխանցմամբ՝ վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):
Իսկ Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը պարզաբանել է, որ 2026թ. մայիսի 16-ին՝ ժամը 18։07-ին, «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված Արմեն Հովհաննիսյանը կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել։
Ն. Սարգսյանի փոխանցմամբ՝ Հովհաննիսյանը պահվել է համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ձերբակալվածների պահման վայրում: Մայիսի 16-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, նրա մոտ նկատվել է հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ, ինչից հետո հրավիրվել է շտապօգնություն: Շտապօգնության բժշկի ցուցումով ձերբակալվածը ոստիկանների ուղեկցությամբ՝ շտապօգնության մեքենայով, տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն:
Հոգեկան առողջության կենտրոնը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, Առողջապահության նախարարության ենթակայությամբ է գործում: Նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը պարզաբանել է, որ ձերբակալված անձի կարգավիճակ ունեցող քաղաքացին ոստիկանության որոշմամբ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ընդունվել էր մայիսի 16-ին, որտեղ ենթարկվել էր նախնական զննության մասնագետների կողմից և ստացել համապատասխան բժշկական նշանակումներ։
Սակայն, ցավոք, տեղի է ունեցել ինքնավնասման ավարտուն գործողություն, որը կատարվել է շատ կարճ ժամանակահատվածում, և բժիշկները չեն կարողացել փրկել Արմեն Հովհաննիսյանի կյանքը:
«Բժշկական անձնակազմն անմիջապես արձագանքել է իրավիճակին և իրականացրել անհրաժեշտ շտապ միջոցառումները, սակայն, ցավոք, պացիենտի կյանքը փրկել չի հաջողվել։ Ձերբակալված անձի կարգավիճակ ունեցող պացիենտի հսկողությունն իրականացվել է օրենքով սահմանված կարգով։ Դեպքի բոլոր հանգամանքներն ուսումնասիրվում են իրավապահ մարմինների կողմից»,- հայտնում են նախարարությունից։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել