Ռուսաստան մեկնող աշխատանքային միգրանտների թիվը նվազել է 30 տոկոսով, իսկ Լեհաստանը նոր ուղղություն է դառնում
Սաքոն հավաբնից երեք ձու վերցրած դուրս է գալիս: Դրանցից մեկն արդեն ջարդվել է: Մայրը՝ Անուշը, որդուն խնդրում է՝ տուն բարձրացնի: Սաքոն փոխանցում է ավագ քրոջը՝ Քնարին:
Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան գյուղում հետկեսօրին փողոցները լուռ են: Սաքոն հագել է իր ռեզինե սապոգներն ու դուրս եկել փողոց: Իր զվարթությամբ նա մի պահ կոտրում է այդ լռությունը: Ճանապարհին պատահած մի կատվի է գրկում:
-Սաքո, քո՞ կատուն ա,- հարցնում եմ:
-Չէ, գյուղի,- ժպտում է ծաղկավանցի տղան:
7-ամյա Սարգիսն անգիր գիտի գյուղը՝ ով որտեղ է ապրում, գյուղում ինչ նորություններ կան, որտեղ ինչ նոր տուն է կառուցվում: Նա երկրորդ դասարանում է սովորում, ու եթե ուսուցիչը հարցնի՝ Սարգիս, իսկ դու երբ մեծանաս, ի՞նչ ես դառնալու, կպատասխանի՝ զինվոր: Ծաղկավանցի Սաքոն գոհ կմնա իր պատասխանից ու չի էլ ուզի մանրամասնել, թե ինչու:
Նրա ընտանիքն ապրում է երկհարկանի տանը՝ առաջին հարկում անասնագոմն ու հավաբունն է, վերեւում՝ ծնողները, ինքը, եղբայրն ու քույրը:
Անուշը կարտոֆիլը նոր է մաքրել: Կեղեւները թասով դրել է սեղանի տակ՝ անասունների համար: Երեք կով ունեն, հորթեր, հավեր: 45-ամյա Անուշ Ջամալյանը Տավուշի մեկ այլ՝ Աչաջուր գյուղից է, բայց հարս է եկել Ներքին Ծաղկավան: 4 երեխաներից ավագ դուստրը, ամուսնացել է: 2 թոռ ունի:
Անուշին դրսի ու ներսի հոգսը շուտ է մեծացրել: Առավոտյան տնամերձ հողն է մշակել՝ լոբի, վարունգ, կարտոֆիլ է ցանելու: Ամուսինը՝ Արտակ Բաբայանը, բանվորական աշխատանքներ է կատարում: Այս հունվարին է վերադարձել Ռուսաստանից, որտեղ շինարարության ոլորտում էր աշխատում: Արտագնա աշխատանքի էր մեկնել ծանոթ-ընկերների հետ: Անուշն ասում է՝ 4-5 ամիս աշխատեց, գումարը հավաքեց, եկավ, ու տան տանիքը փոխեցին, բայց եթե չգնար, դժվար թե կարողանային տանիքը փոխել:
Ըստ Անուշի՝ հիմա Ռուսաստանում աշխատանք չկա, եւ ամուսինը մնացել է Ներքին Ծաղկավանում: Սակայն այստեղ օրվա աշխատածով, ըստ կնոջ, դժվար է մեծ հարցեր լուծելը: Տան փայտե հատակը խարխուլ է, քայքայվում է: Բացի դրանից՝ գույքի անվանափոխության խնդիր ունեն, սակայն դրա համար անհրաժեշտ գումար դեռ չունեն:
Սաքոն անասնագոմ է գնում, վառում է լույսը, հորթերն այս ու այն կողմ են վազում փոքր տարածքում: Տղան բարձրանում է բազրիքին ու ցույց տալիս գոմի առաստաղը, որը տան քայքայված հատակն է:
Խաթուն Գասպարյանն էլ ծնունդով Ենոքավանից է, բայց հարս է եկել Ն. Ծաղկավան: Մոտ 40 տարի ապրում է այստեղ: Ասում է՝ նախկինում Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողները շատ էին, ու ծաղկավանցիները հիմնականում գաջի գործով էին հայտնի: Հիմա այդքան չեն գնում ՌԴ, բայց, իհարկե, այնտեղ ապրողներ կան, որոնք ընտանիքներով են գնացել ու հաստատվել:
Ն. Ծաղկավանը Իջեւան խոշորացված համայնքի գյուղերից է, գտնվում է հայ-ադրբեջանական սահմանի հարեւանությամբ, Սարիգյուղի ու Կիրանցի միջեւ: Այստեղով է անցնում Վրաստան տանող Երեւան-Իջեւան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը:
Սահմանամերձ բնակավայրերում 16 մլն դրամ աջակցությամբ բնակարանային ծրագրի շրջանակներում Ն. Ծաղկավանում 50 տուն է կառուցվել, գրեթե բոլորը զբաղված են: Խ. Գասպարյանն ասում է, թե շատերը կային, որ տուն չունեին, բայց այս ծրագրով իրենց տունը սարքել են: Գյուղում պատուհանների պատրաստման արտադրամաս կա, որը ժամանակ առ ժամանակ աշխատում է, երբ պատվեր է ունենում:
-Շինարարությունը ժամանակավոր է, երբ ավարտվի, հետո ի՞նչ հեռանկար կա,- դիմում եմ ծաղկավանցի կնոջը:
-Հետոն ցույց կտա,- պատասխանում է նա:
Էդգար Մխիթարյանը բեռնատար մեքենայի վերանորոգած շարժիչն էր տեղադրում: Մեքենան գյուղաշխատանքների համար «շտապօգնության» պես է: Էդգարի ասելով՝ մեքենան ծառայում է թե՛ իր ընտանիքին, թե՛ հարեւաններին:
Նրա աշխատանքին հետեւում էին համագյուղացի Լյովիկ Մխիթարյանն ու Ռոման Զահրադյանը: Նախկինում միասին էին Ռուսաստան աշխատանքի մեկնում: Ռոմանն ասում է՝ ինքն ու Էդգարը հիասթափվեցին ու մնացին հայրենի գյուղում, իսկ Լյովիկը՝ հակառակը, հավանել է կյանքը Ռուսաստանում, որտեղ ապրում է արդեն 20 տարի, 13 տարի առաջ էլ ընտանիքն է տեղափոխել այնտեղ:
-Ինչի՞ որոշեցիք գնալ,- հարցնում եմ նրան:
-Ինձ էնտեղ է դուր գալիս, դրա համար,- պատասխանում է Լյովիկ Մխիթարյանը:
Ըստ նրա՝ չնայած հիմա ՌԴ-ում խստացումներ կան արտագնա աշխատանքի մեկնածների հանդեպ, միեւնույնն է՝ այնտեղ Հայաստանից ավելի շատ են աշխատանքի հնարավորությունները: Պատմում է, որ նախորդ տարի խստացումների ալիքը հասել էր ադրբեջանցիներին, որոնց մեծ խմբերով հետ էին ուղարկել Ռուսաստանից: Ասում է՝ մի օր էլ կարող են հայերին արտաքսել, բայց հետո ավելացնում է՝ դժվար թե գործը հասնի հայերին, քանի որ նրանք աշխատող են:
-Էնտեղ գործ կա, կարողանում ես աշխատել, եթե էնտեղի հնարավորություն լինի էստեղ, կմնամ,- նշում է Լյովիկն ու հավելում, որ ռուբլու փոխարժեքի տատանումն էլ է ազդել ՌԴ մեկնողների վրա, եւ շատ դեպքերում ձեռնտու չէ մնալ այնտեղ:
«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի միգրացիոն հարցերի փորձագետ Տաթեւիկ Բեժանյանը նշում է, թե գաղտնիք չէ, որ Հայաստանի միգրացիոն հոսքի 89, իսկ աշխատանքային միգրացիայի մոտ 95 տոկոսը ուղղված է դեպի ՌԴ: Այս պատճառով այնտեղ տեղի ունեցող ցանկացած փոփոխութոյւն շատ ուղիղ ազդում է Հայաստանի միգրացիոն հոսքերի վրա:
Իսկ ՌԴ-ն 2022 թ. ռուս-ուկրաինական պատերազմից հետո փուլ առ փուլ խստացումներ է մտցրել օտարերկրացիների նկատմամբ: Ընդ որում՝ ամենածանր վիճակում հայտնվում են աշխատանքային միգրանտները:
Ըստ Բեժանյանի՝ խստացումների ամենամեծ ալիքը եղել է 2025 թ. հունվարի 1-ին, փետրվարի 5-ին, ապրիլի 1-ին եւ սեպտեմբերին: Երբ նախորդ տարի ՌԴ-ում գործարկվեց վերահսկվող անձանց ռեեստրը, միանգամից 46 հազար մարդ ընդամենը 2 օրում հայտնվեց դրա մեջ: Փորձագետը նկատում է, որ նրանց 40 տոկոսը որեւէ խախտում չէր արել: «Մասնագիտական խումբն ամբողջ ծավալով լծված էր այդ մարդկանց աջակցելուն, որովհետեւ չգիտեին, թե ինչ անեն: Համակարգը ներդրել էին, բայց նաև ՌԴ պատկան մարմիններ չգիտեին՝ ո՞նց են այդ համակարգի հետ աշխատելու։ Մարդը գնում էր, օրերով հերթ էր կանգնում, վերջում պարզում էր, որ խախտում չունի, ընդամենը պետք էր այդ «գալոչկան» հանել, որ մարդու համար խնդիր չառաջանա»,- պատմում է Տ. Բեժանյանը:
ՌԴ-ն այլեւս չի հրապարակում միգրացիայի վիճակագրական տվյալները
Փորձագետն ասում է, որ մինչեւ 2023 թ. տարեվերջ ՌԴ ոստիկանությունը պարտաճանաչ ձեւով հրապարակում էր վիճակագրական տվյալներ, թե քանի մարդ է երկիր մտել, որն է եղել այցի նպատակը, քանիսն են աշխատանքային կամ քաղիրավական պայմանագիր կնքել, ժամանակավոր կացություն, քաղաքացիություն ստացել եւ այլն: Մեր զրուցակիցը նկատում է, որ իրենք հենց այս տվյալներն էին օգտագործում, քանի որ ՀՀ-ն նման վիճակագրական տվյալներ գրեթե չունի:
Սակայն 2023-ի տարեվերջին այս տվյալներն անհասանելի են դարձել: «Հետքի» զրուցակիցը նկատում է, որ այժմ չկա տվյալների այն բազան, որ նախկինում բաց էր, եւ իրենք հնարավորություն ունեին վերլուծել, հասկանալ պատկերը: Հիմա Ռուսաստանում տարբեր երկրների քաղաքացիների վերաբերյալ տվյալներ են հրապարակվում, որոնց համաձայն, օրինակ, ՌԴ մեկնող Ուզբեկստանի քաղաքացիների թիվն աճել է, իսկ Հայաստանից գնացողներինը՝ նվազել:
Միգրացիոն հարցերի փորձագետը նշում է, որ տվյալների անհասանելի դառնալուց հետո իրենք ստիպված փոքր հետազոտություններ են կատարում, որպեսզի հասկանան վիճակագրական պատկերը: Ըստ այդմ՝ 2025 թ. Հայաստանից Ռուսաստան գնացնող աշխատանքային միգրանտների թիվը նվազել է 30 տոկոսով: Տաթեւիկ Բեժանյանի տեղեկացմամբ՝ եթե մինչեւ խստացումները շուրջ 100 հազար հայաստանցի օրինական աշխատանքային միգրանտ է եղել ՌԴ-ում, ապա խստացումների մի քանի ալիքից հետո այդ թիվն իջել է 70 հազարից:
Մեր զրուցակիը նկատում է, որ միգրացիոն հոսքի վրա կարող է նաեւ ազդել քաղաքական իրավիճակը:
Ինչպես նախկինում, այժմ էլ Հայաստանում աշխատանքային միգրացիայի հոսքով ամենաակտիվ մարզերն են Գեղարքունիքը, Շիրակն ու Լոռին:
Փորձագետը նշում է, որ Ռուսաստանից վերադարձողների մեծ հոսք եղավ, երբ 2025-ի ապրիլից պարտադիր դարձավ ռուսերենի քննությունը պետական դպրոց ընդունվելիս: Մինչ այդ էլ արդեն իջել էր ռուբլու փոխարժեքը, եւ շատ ընտանիքների համար շահեկան չէր այնտեղ մնալը:
Ինչպես արդեն գրել ենք, 2025 թ. ապրիլի 1-ից օտարերկրացի երեխաները ՌԴ պետական դպրոց ընդունվելու համար պարտավոր են ռուսերենից քննություն հանձնել: Պետք է ճիշտ պատասխանեն հարցերի 90 տոկոսին: Նույնիսկ 80 տոկոս ճիշտ պատասխանների դեպքում երեխան չի ընդունվի պետական դպրոց:
Աշխատանքային միգրանտներին ՀՀ-ում պահող գործոններից մեկը տեղում շինարարությունն է
Տաթեւիկ Բեժանյանը նկատում է, որ դեպի Ռուսաստան միգրացիոն հոսքերի նվազմանն ազդել են ոչ միայն ՌԴ միգրացիոն օրենսդրության խստացումները, այլեւ Հայաստանի մարզերում ակտիվ շինարարական աշխատանքները:
Ըստ փորձագետի՝ ՀՀ մարզերում իրենց հանդիպումների արդյունքում պարզել են, որ դպրոցների, մանկապարտեզների շինարարության առկայության պայմաններում մարդիկ գերադասում են մնալ եւ աշխատել տեղում: Այդուհանդերձ, դժվար է ասել, թե ինչ կլինի շինաշխատանքների ավարտից հետո՝ մարդիկ կշարունակե՞ն մնալ տեղում ու այլ գործի անցնել, թե՞ կրկին կմեկնեն ՌԴ:
«Եթե նախկինում ասում էինք, որ արտագնա աշխատանքի մեկնելը դարձել է տնտեսության առանձին ճյուղ, որովհետև տարբեր տարիների ՀՆԱ-ի մինչեւ 20 %-ի չափով գումարներ էին փոխանցվում արտագնա աշխատանքի մեկնածների կողմից, հիմա, անշուշտ, այդ թիվը նվազել է»,- ասում է Տ. Բեժանյանը:
Նրա տեղեկացմամբ՝ մարդկանց մի խումբ էլ ԵՄ երկրներ մեկնելու եւ աշխատելու հնարավորություն է փնտրում: Նշում է, թե արդեն միտում է նկատել Լեհաստան գնալու եւ աշխատանքային վիզաներ ստանալու: «Կարծում եմ, որ կան նաեւ մասնավոր աշխատանքի տեղավորման կազմակերպություններ, որոնք աջակցում են իրենց, օրինակ, աշխատանքային վիզա ստանալու համար, քանի որ տուրիստական վիզայով չեն կարող աշխատել այնտեղ»,- նշում է փորձագետը:
Հոդվածը պատրաստվել է «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի «Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի միգրանտների աջակցություն» ծրագրով իրականացված մեդիատուրի շրջանակներում
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել