Վահան Թոթովենց. Մա՜հ, մեզ ցողէ՛ քաղցրութեամբ... (մաս 3)
«Ժուրնալ ծաղր ու ծանակի...»
1922թ. Վահան Թոթովենցը արդեն սովետական դարձած Հայաստանում էր: Երևանյան սրճարաններում՝ հիմնականում «Տուրիստ»ում եւ պարսկական մզկիթի մոտ՝ զով այգում հավաքվում էին ընկերներով: Նա անհագ պատմում էր իր կորուսյալ Խարբերդի մասին՝ ամենայն մանարմասնությամբ: Այդ խմբի մեջ էր նաև Վահրամ Փափազեանը, որ ևս նոր էր տեղափոխվել Արևելյան Հայաստան. «Այդ տարիներին Երևանում իմ մտերիմն ու մխիթարանքը Թոթովենցն էր»՝ այդ կապուտաչյա անգլիագետն ու շեքսպիրագետը, որը թարգմանել էր «Ռիչարդ 3-րդ»-ը և «Անտոնիո և Կլեոպատրա»-ն: Աշխատում էր «Փոթորիկ»-ի թարգմանության վրա, այդպես էլ չհասցրեց ավարտել: 1922-ին, Փափազեանը իբրև դերասան, Թոթովենցը իբրև քարտուղար աշխատանքի անցան Պետական թատրոնում, որ հետո կոչվեց Գ.Սունդուկեանի անվան: Դերասան Մկրտիչ Ջանանի հետ թատերգության վերածեց Հ. Պարոնեանի «Մեծապատիվ մուրացկանները» և տարիներ անց էլ կիսեց Ջանանի ճակատագիրը՝ ստալինյան դժոխքում: Բայց դեռ Վահանի աշխատանքային բուռն շրջանն էր. Պետական համալսարանում անգլերեն էր դասավանդում, «Պայքար», «Նոր Ակոս» թերթերի պատասխանատուն էր: Թոթովենցը, տարված Խորհրդային Հայաստանով՝ համոզված էր, որ այստեղ և մի՛այն այստեղ՝ «ժողովուրդի ծոցում մեր նոր գրականությունը» կարող է «իր հասակը» առնել: Եվ հույս կապել «պոլսահայ գրականության և առհասարակ արտասահմանի մեջ, «ծաղկող» գրականության...» հետ, պարապ բան է: Ինչպես տեսնում ենք, պոլսյան և սփյուռքյան գրականության հաղթարշավը սրբագրեց Թոթովենցին: Այնուամենայնիվ բացատրելի էր նրա մոտեցումը. ոգևորության շրջան էր, ամեն սպասում չափազանցված, քաղաքական քարոզչության ուժը մեծ, հայրենիքին ծառայելու պատրաստակամությունը՝ ահռելի: Շուտով նաև վախի զգացումը՝ տիրող: Թոթովենցը սկսեց հրատարակել «Շեշտ» երգիծական թերթը՝ «Ժուրնալ ծաղր ու ծանակի և մարդկանց և ժամանակի»՝ հայտարարելով՝ «Անտաղանդներ, զգույշ, մոտ է Շեշտի դատաստանը»:
Գուլպաներդ, որ պատռվեն...

Կնոջ՝ Լուսիկի և որդու՝ Լևոնի հետ
1924-ի Հունիսին, թե Հուլիսին տեր և տիկին Թոթովենցները որդի ունեցան: Կոչեցին Լևոն: Սկսվեց արդեն ի՛ր ստեղծած ընտանեկան պատմությունը, որի «դիպաշարը» այնքան տարբեր էր Մեզիրէի իր հորենական ընտանիքի պատմությունից, բացի թերևս՝ ավարտից. իր դավանած սիրելի խորհրդային երկրում ցեղասպանությունը շարունակվեց ստալինյան ոճով: Բայց մինչ գործի կդրվեր բռնությունների, գնդակահարությունների, աքսորների մեքենան, Վահանը վայելում էր իր նորաստեղծ ընտանքի քաղցրությունը: Հաճախ կարիքը ստիպում էր աճպարարություն անելու. տան մահճակալը վաճառել 20 ռուբլով՝ փոխարենը 2 «տախտ» առնել 8-ական ռուբլով, խնայված գումարով բնակարանի պատերը ներկել տալ, իսկ«բուֆետը և զգեստապահարանը» կմնա հետո: Անտանելի շոգ, փոշոտ և դատարկ խանութներով Երևանից, Վահանը իր ընտանիքը երկար ժամանակով ուղարկում էր Թիֆլիս, որտեղ Լուսիկի մայրը, եղբայրներն ու քույրերն էին: Առողջական խնդիրներ ունեցող կնոջ և փոքրիկ Լևոնի համար այնքան կարևոր էին մաքուր օդը, առողջարանային բուժումը, Վրաստանի ծովեզերքը : Այնպես որ,նրանք հաճախ էին միմյանցից հեռու լինում: Գործի բերումով, ինքն էլ երբեմն ստիպված մեկնում էր Թիֆլիս, Բաքու, Մոսկվա՝ Երևանում թողնելով կնոջն ու որդուն: Եվ Նալբանդյան փողոցի 60 շենքի իրենց բնակարանից դուրս և ներս առաքվում էին նամակների տրցակներ: Գրականության և արվեստի թանգարանում պահվող Վահան Թոթովենցի թղթածրարում, ամուսինների միջև փոխանակված լեցուն նամակներ կան. ավելի շատ կենցաղային բովանդակությամբ, բայց քնքշական նախաբաններով. Լուսիկո ջանիկո, իմ մեկ հատիկ Լուսիկոս, իմ շողշողուն Լուսիկոս, ճոպո, ճոբիկոս, ջոբոս՝ կնոջը տված մտերմական, տարօրինակ և սիրով լի անուններն էին: Որդին՝ Լևոնը, հոր նամակներում դառնում էր Բոբոլ ջան, իսկ ինքը, իհարկե, «անուշիկ Վահան»-ն էր և «պապա ջան»ը: Հոգատար Վահանը նամակներով կնոջը սովորեցնում էր ինքնուրույն կյանքի հմտությունները՝ շահավետ գնումներ անելուց մինչև ծովային լոգանք ընդունելու կանոնները. առաջին անգամ ծով մտնելիս՝ ջրում 3 րոպեից ավել չմնալ, հաջորդ օրը՝ 5 րոպե, հետո՝ 15...: «Վահան ջան, քեզ լավ նայի»,-գրում է Երևանից կինը՝ Թիֆլիսում գտնվող ամուսնուն,-«գուլպաներդ, որ պատռվեն, մայրիկին որ խնդրես, կկարի. Մայրիկենց մոտ կճաշես...»:
Բացիկներ Լենինի գլխով
Լևոնը մի ուրիշ աշխարհ էր Վահանի համար: Չարուկ էր, մորաքույրների և տատիկի վերաբերմունքից, մի քիչ երես առած, մորը չէր լսում, բայց հոր խրատներին ուշադիր էր: «Մամայից քաղցր բան աշխարհում չկա, մնացածը բոլորը դատարկ բան է: ...Յես հիմա հիշում եմ, վոր մի քանի անգամ իմ մամայի խոսքը չեմ լսել, թեև մեծ մարդ եմ, բայց յերեխայի նման լաց եմ լինում, բոբոլ ջան...»: Լևոնին ուղարկած բոլոր բացիկների վրա պատկերված էին Լենինի գլուխը. Իսկապե՞ս հավատում էր այս մարդու մղումների ազնվությանը, թե պարզապես 1931-ին այլ նկարներով բացիկներ չէր ճարում իր՝ Բաքվում եղած ժամանակ: «Բոբոլ ջան, ոտներդ և ծնկներդ կեղտոտ չպահես, շուտ-շուտ լվա, որական մի քանի անգամ լվացվիր»: Բաքուն, որի բանվորական ընդվզումների մասին եռահատոր վեպ էր գրել՝ իր որդու՝ Լևոնի անունով կոչելով կենտրոնական կերպարներից մեկին, ընկավ բոլշևիկյան գրաքննության մահացու մամլիչի տակ՝ հարթելով Թոթովենցի ճանապարհը դեպի գնդակահարություն: «...այդ հակահեղափոխական տականքը գրում ե, վոր հայերը և թուրքերը չեն կարող ապրել իրար հետ»: Այն նույն տխրահռչակ Ա. Ոսկերչյանն է իր՝ 1936թ. Դեկտեմբեր 31-ի նենգ հոդվածով, որ 42 ամյա Վահանին կամա թե ակամա ուղարկեց ստույգ մահվան, իսկ ինքը ապրեց ու վայելեց կյանքը գրեթե կրկնակի ավելի, կարծես՝ իրեն վերցնելով գնդակահարվածի չապրած տարիները:
Չերազի հետքը
Վահան Չերազը, իր պես հայկական կամավորական ջոկատներում մարտնչած, Անդրանիկի խիզախ և ազնիվ զինակիցն էր: Պոլսում և Հայաստանում Սկաուտական շարժման, Կոստանդնուպոլսում «Տորք» առաջին հայկական մարզական ակումբի հիմնադիրը, որը 1920-ի թողեց Պոլիսը, տեղափոխվեց Հայաստան և Ալեքսանդրապոլի Ամերիկյան նպաստամատույց առաքելությունում որբախնամ մեծ աշխատանք տարավ: Մասնակցեց փետրվարյան ապստամբությանը, Լենինական դարձած Ալեքպոլում զրպարտությամբ ձերբակալվեց, աքսորվեց և, իհարկե, առանց դատարանի վճռի, Բերիայի կամայական ցանկությամբ գնդակահարվեց 1928-ին: Թոթովենցի թղթերի մեջ, ցավոք, ոչ մի վկայություն չկա, կամ, ապահովական նկատառումներով, չի պահպանվել նրանց ծանոթությունը հավաստող որևէ փաստ: Բայց վկայություններ կան Չերազի մասին պատմող այլոց հուշերում: Նրանք գործել են նույն թվականներին, նույն վայրերում և նույն Զորավարի հետ: Գաղթականներին սնունդով և այլ պարագաներով օժանդակող «Հայկական շտաբ»-ի պատասխանատուն Վ. Չերազն էր: Այս Շտաբը նման էր մի փոքրիկ «պետության»՝ բնակեցված գաղթականներով: Այստեղ էր տեղի ուենում զանցանքներ գործածների «դատավարությունը», այստեղ, արհավիրքների միջով անցած կանանց կարուձև էին ուսուցանում՝ կյանքը վերստին սկսել կարողանալու համար: Արհեստ սովորեցնելու այս նախաձեռնությունը Շուշեցի տիկին Շուշանիկ Տեր Գրիգորեանինն էր, իսկ գլուխ էր բերել Վարդանուշ անունով մեկը՝ ցեղասպանության ժամանակ զոհված ամուսնու՝ Պօղոս Զէննէանի քրոջ՝ Թագուհու հետ միասին: Վարդանուշը հետո դարձավ Վահան Չերազի կինը: Իսկ Վ. Թոթովենցն էլ 1916-ի ձմռանը գաղթական երեխաների ուսուցիչն էր Շտաբին կից գործող դպրոցում: Բացի այդ Վարդանուշի եղբորը՝ Վազգեն Անդրեասեանին Թոթովենցը դասավանդել էր Երզնկայում: Վազգենը հետո գտել էր նրան Թիֆլիսում և աշխատակցել «Հայաստան» թերթին, որի հիմնադիրը Անդրանիկ Օզանեանն էր, իսկ խմբագիրը Վ. Թոթովենցը: Թոթովենցի թղթերում միայն մեկ անգամ է հանդիպում Չերազ ազգանունը. Լենինական՝ Վարդանուշ Չերազի հասցեով ուղարկված մի նամակի վրա՝ խնդրանքով այն փոխանցել «ընկեր Լևիկ Թոթովենցին»: Այնպես որ, Լևոնի՝ Լենինականում եղած շրջանին, հենց այս հասցեում ապրելը պատահականություն չէր: Վարդանուշին ևս գնդակահարեցին 1937-ին՝ Վահանից մեկ տարի շուտ:
Կարոտակեզ իմ բարևները քեզ...
«...մեր աննման, մեր մեծ ընկեր...»՝ 18-19 ամյա Հովհաննես Շիրազն է գրում Թոթովենցին Լենինականից: Ինչ լավ զբոսանքներ և զրույցներ էին նրանք ունեցել այս քաղաքի «...ամենաչքնաղ վայրում՝ Գորկայում»: Հիմա հեռակա զրուցում են նամակներով. դրանք զրույցներ են գրականության, լեզվի, քաղցած գրողների մասին: Նամակները գրված են 1933-34 թվականներին: «...աչքերս մերթ լայնանում , պայծառանում են, յերբ վոր մի լավ պատկեր եմ հնարում, մերթ էլ մթնում, սևանում են, յերբ հիշում եմ, վոր քաղցած եմ, վոչ միայն յես, այլև մեր վողջ տունը... դալուկ մայրս...»: Շիրազը շատ է սիրել Թոթովենցի «Աղաւնիներ», «Կեանքը հին հռովմէական ճանապարհի վրայ» վիպակները. «թող քննադատները իմանան վոր....քո Հայրենիքի՝ մեռնող արևելքի մի հոյակապ արձանն է սա...»՝ գրեց «Հովնաթան որդի Երեմիայի» մասին: Իսկ «Բաց կապոյտ ծաղիկները»...՝ «Կտոր մը երկինք» շարժանկարի գրական հիմքը, ինչպե՜ս էր հավանել: Ոնց էր սիրում արևմտահայերենը և ասում, որ այն ավելի ճկուն է, բանաստեղծական, քան արևելահայերենը, կարճ բառերի մեջ խոշոր բովանդակություն պարունակող՝ «...այնպես չի՞, սիրելի Թոթովենց»: Վերջին նամակներից զգացվում է, որ շատ էր ընկճված՝ «...Մի անասելի թախիծ եկել է ղոնախ ու չի գնում սրտես»: Գոնե Թոթովենցի լավ ընկեր քանդակագործ Արա Սարգսեանն էր երջանիկ: Եվ ոչ միայն մասնակիցը լինելու «Նեմեսիս» գործողություններին, այլև՝ որ Թիֆլիսում հանդիպել էր Ժենյա անունով մի աղջկա և 1930-ին ամուսնացել՝ շտապելով այդ մասին նամակով տեղեկացնել Վահանին՝ «...յես ...ամուսնական յերջանկության մասին գաղափար չունեի, վորովհետեւ առաջին դեպքն է իմ կյանքում»:
Իրականություն դարձած չարագույժ երազները
1934-ին Վահանը մեկնեց Մոսկվա՝ մասնակցելու սովետական գրողների համագումարին: Սկսեց չարագույժ երազներ տեսնել: «...վատ յերազներ եմ տեսնում քեզ վրա»՝ գրեց Լուսիկին: Ի՞նչ էր պատահելու արդյոք... ամեն դեպքում՝ «...չթողնես, վոր Լեվիկը իր կանկիները (չմուշք) դպրոց տանի...հանկարծ չընկնի»: Բիլիարդի սիրահար էր: Մոսկվայում ճապոնական բիլիարդ էր ճարել Լևոնի համար: Անհամբեր էր այն Երևան բերելու. «... շատ լավն է: Յես, դու և մաման կխաղանք»: Մոսկովյան անհանգստացնող երազները նախերգանքն էին այն ամենի, ինչ շուտով պետք է կատարվեր իր և ընտանիքի հետ:

Երևանում,1924թ.
1937-ին Դեկտեմբեր 27-ին եկան տիկնոջ՝ Լուսիկ Հովսեփեան-Թոթովենցի հետևից՝ Սունդուկեան 1 հասցե, ուր որդու հետ տեղափոխվել էր Վահանի ձերբակալությունից հետո առգրավված Աբովեան փողոցի իրենց բնակարանից փողոց նետվելուց հետո: Լուսիկը, որ Ալ. Սպենդիարեանի անվան երաժշտական դպրոցի տնօրենն էր 1930-ից՝ գրեթե հիմնադրումից ի վեր, հեռացվել էր պաշտոնից: Շուտով նրան զրկեցին նաև դասավանդման իրավունքից և ստորագրություն վերցրին չբացակայելու մասին: Հետո կանչվեց ՆԳԲ: Լևոնին ճանապարհեց դպրոց, ինքը գնաց Ներքին գործերի բաժին՝ չկասկածելով, որ իր ոտքով գնում է բանտարկվելու՝ «հակառակ դեպքում տղայիս կտեղավորեի կամ գործերս, տունս, իրերս կարգի կդնեի...»: Քննիչը, Զալինյանն էր՝ համարյա խուլ մի մարդ, այնպես որ Լուսիկը ստիպված էր հարցերին պատասխանել գոռալով: Զալինյանը նրան համոզում էր՝ թե դու լավ էլ գիտեիր, որ քո ամուսինը հակահեղափոխական է, աջ տրացկիստ... և այլն: Մինչև ուշ գիշերը Լուսիկին պահեցին ՆԳԲ-ի մի սենյակում, որտեղ հավաքված էին «ժողովրդի թշնամիների» կանայք: Իսկ հետո, սև, փակ մեքենայով նրանց տեղափոխեցին քաղաքային բանտ: Ապա՝ «կաուչուկի գաղութ»ի ձիերի ախոռ: Հավաքված էր 156 կին: Կաուչուկի գաղութը գտնվել է նախկին կինոմեխանիկայի դպրոցի, այժմ՝ «Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պետական քոլեջ»ի տարածքում, Բագրատունեաց փողոցի կողմերը: Այնտեղից թունելով կալանավորները հասնում էին գործարան աշխատելու: Լուսիկ Հովսեփեանը ազատ արձակվեց 1939-ի Հունվար 15-ին: Երբ ՆԳԲ-ում հարցրեց՝ «ինչպե՞ս է որ ինձ արձակում եք...», ասացին՝ «մենք գիտենք որ չի կարող պատահել որ կինն իմանա իր ամուսնու հակահեղափոխական գործունեության մասին»: Միանգամայն այլ բան, քան գրված էր խուլ քննիչ Զալինյանի մեղադրականում՝ «Լուսիկ Հովսեփյանը մեղադրվում է, վոր ...իշխանություններից թաքցրել է ամուսնու հանցավոր գործունեությունը, այսինքն՝ կատարել է հանցագործություն՝ ըստ ՀԽՍՀ ՔՕ 69-րդ հոդվածի հատկանիշների: Իրեն մեղավոր չի ճանաչում»: Ինչևէ՝ Լուսիկ Հովսեփեան Թոթովենցը արդարացվեց և հետո սկսեց իր պայքարը ամուսնու հետմահու արդարացման համար: 1956-ին, երբ վերացված էր գլխավոր բռնակալը, Վահան Թոթովենցը արդարացվեց: Պարզվեց՝ նրան գնդակահարել էին անտեղի: Եվ այսպես անտեղի գնդակահարվել էին սովետական միլիոնավոր քաղաքացիներ՝ մատնիչների, իշխանությունների կամակատար ոչնչությունների պատճառով: Չկար Թոթովենցը իր տաղանդավոր գրչով ու նուրբ գրականությամբ, տարածությունը լցնող իր վարակիչ բուռն ծիծաղով և Հայաստանին ծառայելու չիրացրած իր ներուժով: «Ժողովրդի թշնամի» Վահան և Լուսիկ Թոթովենցների միակ որդին՝ Լևոնը զոհվեց 2-րդ պատերազմում՝ 1941թ.: Ընդհատվեց Մեզիրէի Թոթովենցների տոհմի Վահանի ճյուղի պատմությունը: Ո՞ւր են մյուսները.

Քույրը՝ Խասիկը, Ամերիկա
Ավագ եղբայրը՝ Հակոբը, սպանվեց, կինը՝ Եղիսաբեթը, 1934-ին հաստատվեց Բոստոնում: Մյուս եղբայրը՝ Լևոնը, սպանվեց: Քույրը՝ Խասիկը մահացավ 1948, Բոստոնում: Խասիկի դուստրը՝ Պայծառը, ամուսնացած էր հայագետ,թարգմանիչ Հարություն Շալեանի հետ: Սիրանուշի ամուսինը սպանվեց: Ձայնիկ մահացավ 1985-ին Ուոթըրթաունում... Ամուսնուն և սիրելի մինուճար զավակին կորցրած, բանտերով անցած, անարդար ու դաժան իրականության հանդիման մեն-մենակ մնացած Լուսիկ Հովսեփեան-Թոթովենցը տարիներ անց ամուսնացավ հայագետ Մանուկ Աբեղեանի տաղանդավոր որդու՝ նկարիչ Մհեր Աբեղեանի հետ:
Լուսանկարները՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել