Ակցիզային դրոշմապիտակներ. ինչ է թաքցնում ՊԵԿ-ը
Այսօր հայկական շուկայում մի շարք ալկոհոլային խմիչքներ ունեն ակցիզային դրոշմապիտակներ։ Մինչդեռ Կառավարությունը դեռևս 2023 թվականին որոշել էր, որ նույն տարվա հոկտեմբերի կեսից ալկոհոլային խմիչքները Հայաստանում պետք է ենթարկվեն ոչ թե ակցիզային դրոշմավորման, այլ նույնականացման միջոցներով դրոշմավորման՝ Դատա մատրիքս (Data Matrix) թվային ծածկագրով կամ, ինչպես ավելի հայտնի է, QR կոդերով։ Դատա մատրիքսը հատուկ երկչափ ծածկագիր է, որը նման է QR կոդի, բայց կարող է պարունակել ավելի մեծ ծավալի տվյալներ:
Հիշեցնենք, որ պետությունն առնվազն 2020 թվականից հայտարարել է ակցիզային դրոշմապիտակներից հրաժարվելու և թվային դրոշմավորմանը անցնելու մասին։ Քննարկումներ կային նաև մինչև այդ։ Նախկինում պետությունը ինքն էր մասնավոր ընկերությունից գնում ակցիզային դրոշմապիտակները և անվճար տալիս արտադրողներին ու մյուս տնտեսվարողներին։
Իսկ թվային կոդերի պարագայում տնտեսվարողն ինքն է վճարում դրանց համար։ Այս համակարգը ներդրվում է փուլային տարբերակով՝ սկսած 2023 թվականից, 2026-ի հունվարի դրությամբ արդեն մեծ ծավալի ապրանքներ ենթակա են թվային դրոշմավորման։
Թվային կոդերով դրոշմավորման անցնելը ԵԱՏՄ պահանջ է (ապրանքների նույնականացման միասնական համակարգն է), ինչպես նաև նպատակ ունի կրճատել ստվերը, ապահովել թվային հետագծելիությունը։ Դա այն մոդելն է, երբ, օրինակ, ալկոհոլային խմիչքի դեպքում, յուրաքանչյուր շիշ ստանում է ծածկագիր, այն փակցվում է շշի վրա (այն պիտակը, որը նման է QR կոդի), իսկ պետությունը կարողանում է տեսնել ապրանքի ճանապարհը՝ արտադրությունից կամ ներմուծումից մինչև վաճառք։
Սակայն, այս նոր համակարգի ներդրումը Հայաստանում հարթ չի ընթանում։
Հայաստանում ներկայում Data Matrix ծածկագրեր է գեներացնում և տնտեսվարողների վաճառում «Ի-Մարկ» ՍՊԸ-ն։ Նախկինում պետությունը բավականին մեծ ծավալի ակցիզային դրոշմապիտակներ է գնել «Էյէմփիջի գրուպ» ՍՊԸ-ից։
Այս որոշումից հետո՝ տևական ժամանակ, ալկոհոլային խմիչքների վրա արդեն թվային դրոշմապիտակներ էին։ Սակայն, շուկայում, ամենայն հավանականությամբ, այս տարվա հունվարից (մենք նկատել ենք հունվարից) արդեն հայտնվել են խմիչքներ, որոնց վրա ոչ թե թվային դրոշմապիտակներ են, այլ ակցիզային։
Պարզվում է՝ շուկայում ակցիզային դրոշմապիտակներով ալկոհոլային խմիչքների հայտնվելուց հետո է միայն Կառավարությունը ընդունել որոշում (2026 թվականի մարտի 19-ին), ըստ որի՝ եթե այդ ապրանքների համար մինչև 2026 թվականի մարտի 27-ը ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների տրամադրման հայտեր են ներկայացվում և ստացվում են դրանք, ապա այդ ապրանքները կարող են չդրոշմավորվել հիմնական մոդելի համաձայն, այսինքն՝ չդրոշմավորվեն թվային ծածկագրով։ Ստացվում է, որ միայն մարտի 20-27-ն է հնարավորություն տրվել տնտեսվարողներին ակցիզային դրոշմապիտակներ ձեռք բերել։
Խնդիրն այն է, որ այս որոշումից առաջ էլ արդեն կային ակցիզային դրոշմապիտակներ։ Այսինքն՝ նախ դրանք տրամադրվել են, հետո Կառավարության որոշում է ընդունվել։ Դրանց անհրաժեշտության բացատրությունը դեռևս չկա։ Բացի այդ, հայտնի չէ, թե ՊԵԿ-ը նոր ակցիզային դրոշմապիտակնե՞ր է գնել ու տրամադրել, թե՞ պահուստային քանակ ունի։
Հարց է առաջանում՝ ինչու՞ է պետությունը նախ ակցիզային դրոշմապիտակներ տրամադրել տնտեսվարողներին, եթե անցում է կատարվել թվային դրոշմավորմանը, ինչպես նաև`
- ումի՞ց և ե՞րբ է գնել այդ ակցիզային դրոշմապիտակները
- ո՞րն է նոր ակցիզային դրոշմապիտակներ գնելու և տրամադրելու իրավական հիմքը՝ ներքին իրավական ակտ, գրավոր ցուցում, ծառայողական հրահանգ կամ այլ վարչական փաստաթուղթ, որով թույլատրվել կամ կարգավորվել է այդ տրամադրումը
- արդյոք բոլոր տնտեսվարողներին է դա հավասարապես տրամադրվել, թե՞ կամընտրական մոտեցումով, որի արդյունքում որոշ տնտեսվարողներ ստացել են անվճար ակցիզային դրոշմապիտակներ, որոշները՝ իրենց սեփական միջոցներով թվային դրոշմապիտակներ գնել, որտեղից էլ կարող են մրցակցային խնդիրներ առաջանալ։
Թեմայի շուրջ Պետական եկամուտների կոմիտեն մեր հարցմանն ի պատասխան խուսափել է հստակ պատասխաններ տալ։ Որոշ հարցերի առհասարակ չի պատասխանել։
ՊԵԿ-ից հարցրել ենք՝ մինչև 2026 թվականի մարտի 19-ի N 304-Ն որոշման ընդունումը ՊԵԿ-ը փաստացի տրամադրե՞լ է թղթային ակցիզային դրոշմապիտակներ նշված ապրանքների համար, եղե՞լ է արդյոք ներքին իրավական ակտ կամ հրահանգ, ո՞ր տնտեսվարողներին և ի՞նչ քանակով են տրամադրվել դրանք, և արդյոք ՊԵԿ-ը հրապարակային հայտարարությամբ տեղեկացրել է տնտեսվարողներին այդ հնարավորության մասին։
ՊԵԿ-ից այս հարցերին ուղիղ և հասկանալի պատասխանելու փոխարեն, մեջբերել են կառավարության հին և նոր որոշումները և եզրափակել, որ այս տարվա մարտի որոշմամբ ոչ թե «դարձյալ թույլատրվել է» թղթային դրոշմապիտակների տրամադրումը, այլ սահմանվել է վերջնաժամկետ ակցիզային դրոշմանիշերի տրամադրման համար։
Այսպիսով, Կոմիտեն չի պատասխանել հարցին՝ մինչև այդ որոշման ընդունումը ՊԵԿ-ը փաստացի տրամադրե՞լ է այդ դրոշմապիտակները։ Եթե տրամադրել է, ապա ինչ իրավական հիմքով։ Եթե չի տրամադրել, ապա ինչպես են շուկայում հայտնվել այդքան թղթային դրոշմապիտակներով ապրանքներ։
Մյուս հարցին, թե որ տնտեսվարողներին ինչ քանակի դրոշմապիտակներ են տրամադրել, ՊԵԿ-ից պատասխանում են, որ այդ տեղեկությունները հանդիսանում են հարկային գաղտնիք և ենթակա չեն տրամադրման։
Եթե առանձին տնտեսվարողների պարագայում դա կարող էր դիտարկվել գաղտնիքի հրապարակում, ապա ՊԵԿ-ը կարող էր տրամադրել ընդհանուր քանակը և գինը։ Բացի այդ, ակցիզային դրոշմապիտակների ձեռքբերումը ենթադրում է, որ ՊԵԿ-ը նախևառաջ պետք է մրցույթ հայտարարի, հաղթող ընկերությունն ընտրվի (որը մշտապես «Էյէմփիջի գրուպ» ՍՊԸ-ն է եղել, քանի որ հիմնականում մրցույթի միակ մասնակից է լինում)։ Այդ տեղեկությունները ևս մենք չունենք։
ՊԵԿ-ը ձերբազատվու՞մ է նախորդ տարի կասկածելի մրցույթի արդյունքում ձեռք բերված դրոշմապիտակներից
Այսօրվա իրավիճակը, գուցե, կապ ունի մեկ տարի առաջ ՊԵԿ-ի մեծածավալ գնումների հետ։ Քանի որ ՊԵԿ-ը մեր հարցերին հստակ չի պատասխանում, կարող ենք միայն ենթադրություններ անել։
Դեռևս 2025 թվականի մարտին «Հետք»-ը գրավոր հարցմամբ դիմել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանին՝ հայտնելով, որ ունենք տեղեկություններ, ըստ որոնց՝ 2024 թվականի տարեվերջին ՊԵԿ-ը դիմել է «Էյէմփիջի գրուպ» ՍՊԸ-ին՝ խնդրելով մատակարարել ակցիզային դրոշմանիշեր և դրոշմապիտակներ։
Կրկին մեր տեղեկություններով՝ նամակին ի պատասխան «Էյէմփիջի գրուպ»-ից տեղեկացրել են, որ պատրաստ են մատակարարել դրոշմապիտակները այն պայմանով, որ հետագայում գնում իրականացվի ՊԵԿ-ի կողմից և վճարվի այդ դրոշմանիշերի և դրոշմապիտակների գինը։
Դրանից երկու ամիս անց՝ 2025-02-19-ին, ՊԵԿ-ը հրապարակել է (հայտարարությունը տեղադրված է gnumner.minfin.am-ում) ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կարիքների համար` «Դրոշմապիտակների տպագրության աշխատանքների» ձեռքբերման նպատակով հայտարարված էլեկտրոնային աճուրդի հրավեր։
Հիմնվելով տեղեկությունների վրա՝ ստացվում է, որ դրոշմապիտակները փաստացի մատակարարվելուց հետո է մրցույթը հայտարարվել։ Արդյոք դա չի՞ նշանակում, որ մրցույթը կեղծ է։
ՊԵԿ-ից պատասխանել են, որ նշված ժամանակահատվածում դրոշմապիտակների անբավարար քանակով պայմանավորված՝ առաջացել էր դրոշմապիտակների նոր խմբաքանակ ձեռք բերելու պահանջ։ Մրցույթին դիմած «Էյէմփիջի գրուպ»-ը հաղթել է, և պետությունը նրանից գնել է մոտ 1.2 մլրդ դրամի դրոշմապիտակ։ Մատակարարվել է 315 մլն հատ դրոշմապիտակ։
Այդ անգամ էլ, սակայն, ՊԵԿ-ից խուսափել էին պատասխանել՝ արդյոք փաստացի մրցույթ հայտարարելուց առաջ պայմանավորված են եղել մատակարարող ընկերության հետ և ստացել դրոշմապիտակները։
Թեմային անդրադարձել է նաև «Ազատություն»-ը։ Ռադիոկայանի ռեպորտաժում նշվում է, որ 2025-ի հունվարի 1-ից ՊԵԿ-ը պլանավորում էր բոլոր ապրանքախմբերը ներառել թվային դրոշմապիտակների համակարգում և այդ նպատակով նախագիծ էր շրջանառել։ Նախագիծը քննարկվել է մինչև 2024-ի դեկտեմբերի 24-ը, սակայն չի դարձել Կառավարության որոշում․ ՊԵԿ-ը հետ է կանչել իր իսկ առաջարկը՝ լրամշակման համար։
Որոշման հետկանչին հետևել է միլիարդավոր դրամներով նորից թղթային դրոշմապիտակների ձեռքբերումը։ Այստեղ ևս շրջանառվում է այն տեղեկությունը, որ «Էյէմփիջի գրուպ» ընկերությունը թղթային դրոշմապիտակները մատակարարել է ՊԵԿ-ին մինչ Կոմիտեի կողմից կհայտարարվեր գնման մրցույթ, և կընտրվեր դրա հաղթողը։
«Էյէմփիջի գրուպ» ՍՊԸ-ն տպագրական ընկերություն է, որը ամբողջությամբ պատկանում է գործարար Ալբերտ Թառոյանին։ Նա Հայաստանում Ֆիլիպինների Հանրապետության գլխավոր պատվավոր հյուպատոսն է։ Ընկերությունը երկար տարիներ, այդ թվում՝ նախկին իշխանությունների օրոք, ակցիզային դրոշմապիտակների միակ մատակարարն է եղել և մշտապես հաղթել է ՊԵԿ-ի մրցույթներում, քանի որ հաճախ միակ մասնակիցն է եղել։
Թե այս տարվա սկզբում ի՞նչ ակցիզային դրոշմապիտակներ են հայտնվել շուկայում, հայտնի չէ։ Քանի որ ՊԵԿ-ը տեղեկություններ չի տրամադրում, իրավունք ունենք չբացառելու, որ դրանք կարող են լինել նախորդ տարվա այս կասկածելի մրցույթի արդյունքում գնված դրոշմապիտակների խմբաքանակից, որոնցից ՊԵԿ-ը փորձում է ազատվել։
Այդպիսով, ոչ միայն չեն պարզաբանվում ՊԵԿ-ի նախորդ տարվա կասկածելի գնման վերաբերյալ հարցերը, այլև այս տարվա սկզբում շուկայում հայտնված ակցիզային դրոշմապիտակների ծագումը։ Թե դրանք ի՞նչ ծավալի են, հայտնի չէ, սակայն ոլորտին առնչվող մեր զրուցակիցները ևս փաստում են, որ դրանց քանակը տեսանելիորեն ավելացել է։
Թվային դրոշմավորման համակարգի կայացման վերաբերյալ ՊԵԿ-ը և «Ի-Մարկ»-ը հակասական հայտարարություններ են անում։ Առհասարակ, ակցիզային դրոշմապիտակներից հրաժարվելու և ինչպես առավել հայտնի է՝ QR կոդերին անցում կատարելու գործընթացը հարթ չի ընթանում։
2025-ի նոյեմբերին «Հետք»-ի հետ հարցազրույցում ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը անդրադարձել է թվային դրոշմավորմանն անցնելու գործընթացին ու առաջացած խնդիրներին։ «Բանավեճեր եղել են, իհարկե։ Ինքս, երբ դարձել եմ ՊԵԿ նախագահ (2024 թվականի նոյեմբերի 28-ին նշանակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ,- հեղ.), փորձել եմ հասկանալ, թե դա ինչ համակարգ է, ինչ է իրենից ենթադրում, ինչ առավելություններ ունի։ Այդ ժամանակ նախնական որոշումներ կայինք, որ հունվարի մեկից բոլոր ապրանքները` ենթաակցիզային ապրանքները, պետք է անցնեն այդ նոր համակարգ։ Ուսումնասիրությունները բացահայտեցին, որ դեռ այդքան պատրաստ չենք, և կարիք կա այդ համակարգը կայացնելու»,- ասել է Էդուարդ Հակոբյանը։
«Ի-Մարկ» ընկերության տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը համաձայն չէ ՊԵԿ նախագահի հետ։ 2025-ի դեկտեմբերին «Հետք»-ի տաղավարում նա ասել է, որ այս համակարգի պատրաստ լինելու գնահատականը կարող է սուբյեկտիվ լինել։ «Այս ամբողջի արդյունքում նաև տրամադրվել է մի վերլուծական գործիք, որը և ակտիվ պայքարել է ստվերի դեմ, և ի ցույց է դրել այն տնտեսվարողներին, որոնք արդար պայմաններով չեն խաղում շուկայում։ Չունեմ որևէ արձանագրված փաստ համակարգի ոչ պատրաստ լինելու մասով»,- ասել է Հովհաննես Հովհաննիսյանը։
Տեղեկություններ կան, որ հիմա էլ ՊԵԿ-ում վերապահումներ կան թվային դրոշմավորման համակարգի վերաբերյալ։ Եթե Կոմիտեն, այնուամենայնիվ, որոշի հստակ պատասխանել մեր հարցերին, դրանք կհրապարակենք ստանալուն պես։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել