Առցանց հեռարձակողները ևս կենթարկվեն տեսալսողական մեդիայի օրենքի կարգավորմանը
Հայաստանի տարածքում գործող ինտերնետային ենթակառուցվածքներով համացանցի միջոցով տեսալսողական նյութի տարածումը կարգավորվելու է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով՝ անկախ նրանից ունեն համապատասխան լիցենզիա, թե ոչ: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջարկում է փոփոխություն ու լրացում իրականացնել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում, որի նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման:
Ըստ հիմնավորումների՝ տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացման, համացանցի լայնածավալ տարածման և տեսալսողական տեղեկատվության տարածման ձևաչափերի էական փոփոխության պայմաններում տեսալսողական տեղեկատվության տարածման հիմնական հարթակը աստիճանաբար տեղափոխվում է համացանցային միջավայր։ Վերջին տարիներին զգալիորեն աճել է համացանցում հասանելի «հեռուստանման» տեսալսողական տեղեկատվության տարածումը, որն իր բնույթով և ազդեցությամբ համադրելի է դասական հեռարձակման հետ, սակայն դուրս է մնում գործող տեսալսողական մեդիայի ոլորտը կարգավորող իրավական կարգավորման տիրույթից։
Գործող օրենքով փաստացի սահմանված է տեսալսողական մեդիայի կարգավորման գործիքները կիրառելի չեն համացանցային միջավայրում տարածվող տեսալսողական տեղեկատվության նկատմամբ։
«Հաշվի առնելով համացանցի միջոցով տեսալսողական տեղեկատվության տարածման արագությունը, ծավալը և լայն հասանելիությունը՝ նման իրավիճակը չի ապահովում պետության կողմից անհրաժեշտ մակարդակի վերահսկողություն և հանրային շահերի պատշաճ պաշտպանություն»,- նշված է նախագծի հիմնավորումներում։
Ներկայացված նախագծի համաձայն՝ Հայաստանում վերջին տարիներին նկատվում է անօրինական ОТТ հարթակների (համացանցի միջոցով տեսալսողական տեղեկատվություն տարածողներ) աճ, որոնք տրամադրում են տեսալսողական բովանդակություն՝ առանց համապատասխան լիցենզիաների և իրավատերերի թույլտվության: Նախագծի հեղինակների պնդմամբ՝ այս հարթակները խախտում են հեղինակային իրավունքները՝ զրկելով օրինական իրավունք ունեցող անձանց, իրավատերերին իրենց հասանելի եկամտից և խաթարում են իրավական և տնտեսական միջավայրը: Նման բովանդակության անօրինական տարածումը ոչ միայն կոպտորեն խախտում է հեղինակային իրավունքները, այլև չի ապահովում արդար մրցակցություն և հանգեցնում է ստվերային մեծ շուկայի ձևավորմանը, հարկեր չվճարելուն և պետբյուջեի կորուստների:
«Մոտավոր հաշվարկներով այս շուկայի մոտ 50 տոկոսը գործում է ստվերում, ինչն ահռելի ֆինանսական կորուստներ է պատճառում պետությանը»,-նշված է նախագծի հիմնավորումներում:
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը հստակ նախատեսում է ցանցային օպերատորի գործունեության լիցենզավորման պարտադիր պահանջ։ Այսինքն, օրենքի իմաստով ցանցային օպերատորի գործունեությամբ զբաղվելը հանդիսանում է լիցենզավորման ենթակա գործունեություն, և համապատասխան լիցենզիա չունեցող անձի կողմից այդպիսի գործունեության իրականացումը ինքնին հանդիսանում է տվյալ օրենքի խախտում։ Հետևաբար, ըստ նախագծի հեղինակների, այն դեպքերում, երբ որևէ անձ առանց համապատասխան լիցենզիայի իրականացնում է տեսալսողական բովանդակության տարածում համացանցային ենթակառուցվածքների միջոցով, վերջինս ոչ թե գտնվում է իրավական «վակուումում», այլ գործում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի խախտմամբ։
Նախագծի ընդունումից հետո նախատեսվում է Կառավարության որոշմամբ ստեղծել շահագրգիռ մարմինների համապատասխան ներկայացուցիչներից կազմված՝ տեսալսողական մեդիայի ոլորտում ապօրինի հեռարձակումները կանխող միջգերատեսչական հանձնաժողով: Վերջինս առցանց տիրույթները ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորներիի միջոցով արգելափակելու է լիցենզիա չունեցող անձանց կողմից համացանցի միջոցով տեսալսողական տեղեկատվություն տարածող կայքերը, հավելվածները և այլ առցանց տիրույթները:
Հիմնավորումներում նշվում է նաև, որ եվրոպական իրավակարգավորումները ևս արձագանքել են տեսալսողական տեղեկատվության տարածման ձևաչափերի փոփոխությանը։ Մասնավորապես, Եվրոպական միության «Տեսալսողական մեդիա ծառայությունների մասին» դիրեկտիվը (Audiovisual Media Services Directive, AVMSD) իր 2018 թվականի լրացումներով ընդլայնել է կարգավորման տիրույթը՝ ներառելով ըստ պահանջի տեսալսողական մեդիա ծառայությունները (on-demand services), ինչպես նաև տեսանյութերի փոխանակման հարթակները (video-sharing platforms)։ Դիրեկտիվը հիմնված է տեխնոլոգիական չեզոքության սկզբունքի վրա և նախատեսում է, որ համանման ազդեցություն ունեցող տեսալսողական տեղեկատվությունը պետք է ենթարկվի համադրելի կարգավորման՝ անկախ դրա տարածման հարթակից։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել