Դեբեդը՝ գաղափարների փոխանակման հարթակ. ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը հյուրընկալեց Լոռու մարզի առաջին TEDx-ը
Լոռու Դեբեդ գյուղում կայացավ մարզի առաջին TEDx միջոցառումը։ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոնում հյուրընկալված TEDxDebet-ը մեկ հարթակում էր համախմբել տարբեր ոլորտների մասնագետների՝ քննարկելու գյուղական համայնքների դերը նորարարության և համաշխարհային երկխոսության համատեքստում։
«Բարձր գաղափարներ բնության լռության մեջ» խորագիրը կրող միջոցառման հիմնական նպատակն էր՝ ցույց տալ, որ գիտական և հասարակական քննարկումներն առավել արդյունավետ են, երբ դուրս են գալիս քաղաքային միջավայրից և ներառում նաև գյուղական համայնքները։
Միանալով նախաձեռնությանը՝ ՔՈԱՖ-ը վերահաստատում է գյուղական համայնքները զարգացման և ժամանակակից լուծումների կենտրոն դարձնելու իր տեսլականը։ 2015 թվականից ի վեր հիմնադրամն ավելի քան 20 մլն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել Դեբեդում և Լոռու մարզում՝ հետևողականորեն ընդլայնելով հնարավորությունները համայնքներում։
«Գաղափարների փոխանակման հարթակների ստեղծումն անհրաժեշտություն է, հատկապես գյուղական միջավայրում»,— նշել է ՔՈԱՖ գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը։— «Այն հնարավորություն է տալիս տեղական ներուժը ներգրավելու համաշխարհային երկխոսության մեջ։ Սա ևս մեկ քայլ է՝ ամրապնդելու Լոռիում մեր ձևավորած էկոհամակարգը, որտեղ նորարար մտքերն արդյունավետորեն արմատավորվում և զարգանում են»։
Միջոցառումը կազմակերպվել էր Դեբեդում բնակվող և գործող տեղացի ձեռներեցի նախաձեռնությամբ, ում համայնքային փորձն ու տեսլականն էական դեր են խաղացել TEDxDebet-ի հայեցակարգի ձևավորման հարցում։
Ծրագրի շրջանակում ելույթ ունեցած բանախոսներն իրենց գաղափարներով վերափոխեցին վայրի, համայնքի և հնարավորությունների մասին պատկերացումները։ «Փոքր բնակավայրում մեծ կյանք» սկզբունքից մինչև Արաքս գետի վերաիմաստավորում և շատ ավելին. արհեստական բանականության, ճարտարապետության, առողջապահության և համայնքային զարգացման ոլորտների ներկայացուցիչները փաստեցին, թե ինչպես կարող են տեղային նախաձեռնությունները համամարդկային փոփոխությունների հիմք դառնալ:
2003 թվականից ի վեր՝ ՔՈԱՖ-ը հետևողականորեն զարգացնում է համայնքային ենթակառուցվածքները՝ կրթության, առողջապահության, տնտեսական զարգացման և սոցիալական ծառայությունների միջոցով։
Դեբեդում անկացված առաջին TEDx-ը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ համաշխարհային երկխոսությունն առավել լիարժեք է, երբ լսելի է նաև Հայաստանի գյուղական համայնքների ձայնը։
ՔՈԱՖ-ի մասին
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որի առաքելությունն է հզորացնել Հայաստանի համայնքերում բնակվող մանուկների ու նրանց ընտանիքների կյանքի որակը: Կիրառելով համալիր մոտեցում կրթության, առողջապահության, սոցիալական և տնտեսական զարգացման ոլորտներում՝ ՔՈԱՖ-ը 120,000-ից ավելի մարդու օգնում է ձեռք բերել անհրաժեշտ ռեսուրսներ և հնարավորություններ՝ կայուն զարգացման համար։ Ավելին՝ www.coaf.org.
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի մասին
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ը ոչ ֆոմալ կրթության նորարական կենտրոն է, որը Հայաստանի համայնքներում բնակվող երիտասարդներին հնարավորություն է ընձեռում անվճար մասնակցելու արտադպրոցական ծրագրերի՝ տեխնոլոգիաների, լեզուների, արվեստի, ձեռներեցության և մի շարք այլ ոլորտներում։ 2018 թվականին Լոռու մարզի Դեբեդ գյուղում հիմնադրված կենտրոնը պատանիներին ու երիտասարդներին զինում է 21-րդ դարի հմտություններով։ ՍՄԱՐԹ կենտրոնների ցանցն առաջիկա տարիներին կընդլայնվի նաև Արմավիրի և Սյունիքի մարզերում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել