HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գետքում համոզված են՝ եթե դպրոցը փակվեց, կհամալրեն վերացող համայնքների ցանկը

Գետք գյուղի դպրոցը Ախուրյան խոշորացված համայնքում փակվող 11 դպրոցների ցանկում է։ Գետքի 72 աշակերտ այս տարվա սեպտեմբերի 1-ից պետք է հաճախի 4 կմ հեռավորության վրա գտնվող Երազգավորս գյուղի դպրոց, երկրորդ հերթով։

«Դպրոցը փակել նշանակում է գյուղը դատարկել, -ասում է Գետքի 41-ամյա բնակիչ Գևորգ Յուզբաշյանը:-Հեչ մարդ մեր կարծիքը չի հարցրել՝ գուզե՞նք օր մեր երեխաները գնան հարևան գյուղի դպրոցը, թե՞ չենք ուզե: Նորմալ դպրոց ունինք՝ տիպային-քարաշեն, հին չէ, գոմ չէ, քանդման ենթակա չէ: Շատ լավ ուսուցիչներ ունենք՝ մենք գոհ ենք մեր երեխեքի ստացած կրթությունից»:

Գևորգ Յուզբաշյանը 4 զավակ ունի՝ երեքը հաճախում են Գետքի միջնակարգ դպրոց(1-ին, 2-րդ և 4-րդ դասարան), ամենափոքրը՝ Ախուրիկ գյուղի մանկապարտեզ: Երեխաների դասերն ավարտվում են տարբեր ժամերի, Գևորգը տարակուսանքի մեջ է՝ ինչպե՞ս են կարգավորվելու սպասման ժամերն ու նույն ավտոբուսով բոլորի վերադարձի հարցը: 

«Մեզ ասում են՝ ավտոբուս ենք տալու, որ ձեր երեխեքին տանի-բերի, չեք ուզու՞մ՝ տրանսպորտի փողը կտանք: Հիմի իմ երեխեքը փոքր են, ինքնուրույն իրենց թողնող չկա, որ գնան: Եթե ես բդի տանիմ-բերեմ, կնշանակե առավոտը բդի տանիմ, հետո էլ էրթամ ժամը 12-ից 3-ը Երազգավորսի դպրոցի պատերի տակը նստիմ- սպասեմ, օր տեսնիմ, թե որ երեխես երբ պրծավ դասերը, տուն բերեմ: Ըբը ես ե՞րբ պիտի աշխատիմ, որ ընտանիք պահեմ: Էս մասին բնականաբար մտածող չկա, իրանց գործը դպրոց փակելն է,- դժգոհում է Գևորգը,- մյուս կողմից էլ օտար տեղ, երեխեն կարող է սթրես տանի, չհարմարվի, էղավ օր կրթության պրոցեսը խաթարվավ»:

Գևորգի 66-ամյա հայրը՝ Կարապետ Յուզբաշյանը, համամիտ է որդու հետ: Գյուղում դպրոցի չփակվելու համար պայքարելու իր պատճառներն ունի: Ասում է՝ հարևան գյուղի դպրոց տանելու պարտադրանքը Գետքը դատարկելու է, հատկապես երիտասարդ ընտանիքները փակելու են դռները,հեռանան: 

«Գյուղը չունի մանկապարտեզ, չունի մշակույթի տուն, մի հատ դպրոց ունի: Եթե գուզեն գյուղը վերացնեն, թող կանգնին պարզ ըսեն՝ ժողովու՛րդ, ելեք -գնացեք, դուք ըստեղ իրավունք չունիք ապրելու: Հետո էլ կզարմանան, որ մարդիկ կարտագաղթեն, բա պայմաններ ստեղծեք, մարդիկ չգնան: Չնչին նպաստ կուդան, թոշակը 10 հազարով ավելցրել են, հլը գնացեք սննդի գները նայեք: Գուզեմ ըսեմ, հեչ մե բանը նորմալ չէ, թողեք գոնե էն, ինչը նորմալ է, էդ մնա,մի քանդեք: 40 տարի կոլխոզին եմ աշխատել, թոշակս 36 հազար դրամ է: Հըմի էն տարիքին ենք, որ տղես ու թոռներս բդի մեր կողքին էղնին, բայց եթե դպրոցը փակին, իրանք էս գյուղից գնացող են»,- նեղսրտում է Կարապետ Յուզբաշյանը:

Երեք երեխաների հայր, 39-ամյա Մյասնիկ Մանուկյանը ևս խոսում է ընտանիքով գյուղը լքելու մասին, եթե Գետքի դպրոցը փակվի: Նա ասում է, որ 2023թ-ին, երբ առաջին անգամ իմացան ծրագրի մասին, դուրս եկան ու փակեցին Գյումրի-Արմավիր միջպետական ճանապարհը: Հիմա էլ պատրաստ են նույն բանը կրկնելու, պատրաստ են Երևան հասնելու ու այնտեղ ճանապարհներ փակելու, միայն, թե իրենց ձայնը լսելի դարձնեն: 

«Մեծ աղջիկս 7-րդ դասարան է գնում, տղես էս տարի բդի 1-ին դասարան գնա, էն փոքրիս Ախուրիկի մանկապարտեզ կտանինք: Մեզ համար առաջին կարևոր հարցը դպրոցն է, եթե բդի փակվի, եթե բդի մեր երեխեքին առնինք-ընգնինք քաղքի ուլիցները, ուրիշ գեղերի ուլիցները, ավելի լավ է տներիս դռներն էլ փակենք, ընտանիքներս առնինք-էրթանք ընբես ապահով տեղ, ուրտեղ դպրոց չեն փակե, գյուղը չեն դադարկե՝ էն էլ սահմանային գյուղը: Դպրոցը մեր քթի տակ, իդեալական դպրոց ունենք, չիդես ընչի բդի երեխեքին ղրկենք 4 կմ էն կողմ,- ասում է Մյասնիկը,- տղես նոր էս տարի բդի առաջին դասարան  էրթա, հլը չիդենք՝ ինչ սթրեսի է ենթարկվելու:  Երեխա է, կարող է վատ զգա, տեղյակ կպահեն, մերը կերթա տուն կբերե, հիմի 4 կմ-ի վրա ի՞նչ էնե...»:

20-րդ դարում, հայ-թուրքական սահմանից մոտ մեկ կմ հեռավորության վրա գտնվող Գետք գյուղը երկու երկրաշարժ է տեսել:  1926թ-ի երկրաշարժի ժամանակ գյուղն ամբողջովին ավերվել է: Նորը հին տեղում չեն կառուցել: 1988-ի երկրաշարժին Գետքը մասնակի է տուժել, սակայն դարձյալ ուժ են գտել վերականգնվելու: Դպրոցի փակումը գետքեցների համար 3-րդ երկրաշարժ է, որի հետևանքն, ըստ գյուղացիների կանխատեսումների, արտագաղթն է: Գետքի երկարամյա, նախկին ղեկավար (համայնքապետ՝ 1996-2021թթ., վարչական ղեկավար՝ 2021-22թթ.) Հովիկ Մխիթարյանը պատմում է, որ գյուղը միշտ դպրոց է ունեցել՝ առաջին կրթօջախը հիմնվել է 1890-ականներին: 

«Գետքի ներկայիս դպրոցի բացումը եղել է 1988թ-ի նոյեմբերի 7-ին, մեկ ամսից երկրաշարժ եղավ, շենքը խնդիրներ ունեցավ: 2001թ-ին արվել են ամրացման աշխատանքներ, որի համար պետբյուջեից 80 մլն դրամ էր հատկացվել: Դպրոցը նախատեսված է 182 աշակերտի համար: Բոլոր պայմաններն ունի՝ նորմալ դասասենյակներ, համակարգչային կաբինետ, սպորտդահլիճ, որը վերանորոգվել է 2022թ-ին, շատ լավ աշխատակազմ,- հավաստիացնում է Հովիկ Մխիթարյանը:- Գետքում դպրոցահասակ տարիքի 84 երեխա կա, բայց Գետքի դպրոց հաճախում են 72-ը, ծնողներ կան, որ երեխաներին տարել են Գյումրի մանկապարտեզ, հետո էլ քաղաքում դպրոցի հարցն են լուծել: Գյուղում մանկապարտեզ չունենալը դարձյալ մեր մեծագույն պրոբլեմն է»:

Զրուցակիցս պատմում է, որ 2022թ-ին, երբ ծրագրված էր Լանջիկում մանկապարտեզ կառուցել, Գետքն այն համայնքն էր, որտեղ «Hilfe fuer Armenian» հիմնադրամը պիտի նույն նպատակով ներդրում կատարեր: «Մեզնից տարածք ուզեցին, մեկ հա հատկացրինք, 250 մլն դրամ պիտի ներդրում անեին շվեդները, խոշորացված համայնքը մեկ պարտավորություն ուներ՝ 29 մլն դրամով պիտի 1 սպրինտեր ձեռք բերեր մանկապարտեզի համար: Մարդիկ եկան, տեղը տեսան, բայց էդ ժամանակվա մարզպետ Նազելի Բաղդասարյանը դեմ եղավ, ինքն ուզում էր, որ Ղարիբջանյան գյուղում կառուցեին, բարերարներն էլ չուզեցին համայնքը փոխել, էդպես էլ ո՛չ մենք ունեցանք մանկապարտեզ, ո՛չ Ղարիբջանյանը, ու ինչ-որ նեղ հաշվարկների զոհ գնացինք,- ասում է Հովիկ Մխիթարյանը:-Իրականում, վերջին 4 տարում, Գետքում ոչ մի պետական ծրագիր չի արվել: Գազի խողովակը գյուղի միջով տարան-հասցրին Երազգավորս, մեզ գազ չտվեցին, հարևան համայնքներում՝ ասֆալտապատում, Գետքին ոչ մի բան: Բայց մենք էլ արժանապատվություն ունենք, պայքարելու ենք: Չենք թողնելու դպրոցը փակվի, այլապես կհամալրենք վերացող համայնքների ցանկը»:

Դպրոցի փակվելու հետ գյուղում նաև տների դռներ են փակվելու, այս մասին ահազանգում են բնակիչները: Գյուղը 128 տնտեսություն ունի, ներկայում մոտ 30 տուն անբնակ է՝ 600 բնակչից 110-ը գյուղում չի ապրում: Եթե գյուղատնտեսությունը զարգացնեն, դպրոցին զուգահեռ սպորտդպրոց բացեն, մանկապարտեզ կառուցվի, մշակույթի տունը վերակառուցվի, ապա գյուղը կծաղկի, համոզված են զրուցակիցներս: «Այլապես վերածվելու ենք քոչվոր տեղաբնակների, որոնց երեխաները մանկապարտեզ ու դպրոց են հաճախում հարևան գյուղերում: Մեզ ուզում են զրկել զարգանալու, երազելու հնարավորությունից»,- ասում է Հովիկ Մխիթարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter