HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարապետ Գուլոյանից բռնագանձված առանձնատան, հողամասի և բաժնետոմսերի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը 

Գլխավոր դատախազությունը հաղորդում է, որ 2026 թվականի մայիսի 12-ին և 13-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա՝ Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանից և նրա կնոջից՝ Ռոզա Գագիկի Ծառուկյանից, բռնագանձված՝ 

  • Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պ. Սևակ թաղամասի 14-րդ փողոցի թիվ 8 հասցեի անշարժ գույքի՝ ապօրինի ճանաչված մասի՝ անշարժ գույքի շուրջ 90%-ի նկատմամբ.
  • Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Տանձաղբյուր փողոցի 29/2 հողամասի նկատմամբ.
  • «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության 2.000 հատ բաժնետոմսերի նկատմամբ:

«Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Վճռաբեկ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով, բավարարվել է Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումը: 

Համաձայն վճռի՝ բացի վերոնշյալ՝ արդեն Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող գույքերից,  Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանից և նրա կնոջից՝ Ռոզա Գագիկի Ծառուկյանից, բռնագանձման են ենթակա՝

  • 2021 թվականին «Բելգլաս» ՍՊԸ-ին տրամադրված 294 հազար 900 ԱՄՆ դոլար փոխառության չվերադարձված մասի՝ 264 հազար ԱՄՆ դոլարի պահանջի իրավունք.
  • 1 միլիարդ 227 միլիոն 490 հազար դրամ՝ որպես Կարապետ Գուլոյանի օրինական եկամուտներով չհիմնավորվող ծախս.
  • 58 միլիոն 120 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար.
  • 934 հազար դրամ՝ որպես «ԷԼԵԿՏՐԱՄՈՆՏԱԺ» ԲԲ ընկերության` 2019 թվականին ձեռք բերված 267 բաժնետոմսերի արժեք:

Հիշեցնենք, որ 2025 թվականին դատարան է հանձնվել 2008-2015 թվականների ընթացքում Աբովյանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական գործը: Ըստ մեղադրանքի՝ Կարապետ Գուլոյանը, չարաշահելով իր լիազորությունները, Աբովյանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կամ այլ քաղաքացիների օժանդակությամբ, ընդհանուր՝ 65 դրվագով Աբովյան համայնքի զբոսայգիների, պուրակների և փողոցների տարածքներում գտնվող հողերն ուղղակի վաճառքով կամ կեղծ աճուրդների միջոցով տարբեր անձանց է օտարել (այդ թվում՝ 2 դեպքով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իր հետ փոխկապակցված անձանց հետ նախնական համաձայնությամբ, հանցավոր գործունեության հետևանքով ստացված, առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է)»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter