Խստացվում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար նախատեսված պատիժները
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 11-ին գումարմած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին հաղորդում են ԱԺ լրատվական ծառայությունից։
«Հիմնական զեկուցող Հայկ Սարգսյանի խոսքով երկրորդ ընթերցման ժամանակահատվածում Կառավարության հետ համաձայնեցվել եւ մի շարք կարեւոր փոփոխություններ են կատարվել, որոնցով առավել խստացվում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար նախատեսված պատիժները:
«Եթե գործող օրենքով «Տելեգրամ» հարթակի միջոցով թմրամիջոց իրացնելու համար նախատեսված է 3-ից 6 տարվա ազատազրկում, ապա նախագծով այն խստացվում է՝ դառնալով 5-ից 10 տարի: Անչափահասին թմրամիջոց վաճառելու համար գործող օրենքով նախատեսված է 3-ից 6 տարվա ազատազրկում: Նախագծով այն խստացվում է՝ դառնալով 8-ից 15 տարի»,- ընդգծել է զեկուցողը:
Օրինագծով առաջարկվում է խստացնել նաեւ թմրամիջոցների աճեցման, արտադրելու, ձեռք բերելու կամ պահելու համար նախատեսված պատիժները: Մասնավորապես, առաջարկվում է տուգանքի առավելագույն չափը 10-ապատիկի փոխարեն սահմանել 20-ապատիկ, այսինքն՝ կրկնապատկել, ազատազրկումը 1 տարվա փոխարեն սահմանել 2 տարի: Խոշոր չափերով կամ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով ձեռք բերելու դեպքում տուգանքը 10-ապատիկից 30-ապատիկի փոխարեն սահմանել 20-ապատիկից 40-ապատիկ, ազատազրկումը 2 տարվա փոխարեն սահմանել 4 տարի: Առանձնապես խոշոր չափերով ձեռք բերելու կամ անչափահասի նկատմամբ կատարելու դեպքում ազատազրկումը 2-ից 5 տարվա փոխարեն սահմանել 3-ից 6 տարի:
Հիմնական զեկուցողը նշել է, նաեւ որ առաջարկվում է խստացնել նաեւ վարչական պատասխանատվությունը: Առանց իրացնելու նպատակով, մանր չափերով թմրամիջոց արտադրելու, պատրաստելու, ձեռք բերելու կամ պահելու համար տուգանքը 200.000-400.000 դրամի փոխարեն սահմանել 400.000-800.000 դրամ: Նույն արարքը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում տուգանքը 400.000-800.000 դրամի փոխարեն սահմանել 800.000-1.600.000 դրամ:
Հարակից զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը նշել է, որ նախագծի շուրջ բավականին երկար աշխատել են հեղինակի հետ եւ ներկայացրել մի շարք առաջարկներ, որոնք ընդունվել են»,- ասված է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել