HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գարեգին Բ-ի ուղերձը հաղթանակի և խաղաղության օրվա առիթով

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը հաղթանակի և խաղաղության օրվա առիթով.

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հաղթանակի և խաղաղության օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում մեր ժողովրդին ի Հայաստան և ի սփյուռս: Մայիսի 9-ը մեզ համար թանկ հիշատակների օր է, երբ պանծացնում ենք մեր ժողովրդի զավակների սխրանքները Երկրորդ համաշխարհային պատերազմում և արցախյան հերոսամարտում։

Հայրենական մեծ պատերազմում կերտված փառավոր հաղթանակը վկայությունն է ժողովուրդների համախմբյալ և միասնական պայքարի ընդդեմ ֆաշիզմի, ընդդեմ անարդարության և չարիքի։ Մեր ժողովուրդն իր կարևոր ավանդն է ունեցել այս հաղթության մեջ։

Տասնամյակներ շարունակ այս օրը մեզ համար նշանավորվել է նաև արցախյան գոյամարտի հաղթանակով։ Այսօր, երբ բռնազավթված և հայաթափված է Արցախը, պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանությանը։ Անցյալի այս իրադարձությունները մեզ պետք է ամուր և հաստատակամ պահեն զորեղ ու անվտանգ պետության կերտման մեր տեսիլքների իրագործման ճանապարհին։
Հաղթանակի և խաղաղության օրը մեզ պետք է հիշեցնի դժվարին այդ օրերին մեր ժողովրդի դրսևորած միասնականության, քաջարի ոգու և հանուն ազգի ու հայրենիքի, հանուն խաղաղության մեր հերոսների զոհողության մասին։ Այս նվիրական օրն իր խորհրդով նաև պետք է ամրապնդի մեզանում նախանձախնդրությունն ու պարտավորությունը հոգատարություն դրսևորելու պատերազմի վետերանների, զոհվածների և անհայտ կորածների ընտանիքների հանդեպ։

Աղոթում ենք Մեծ հայրենականում և արցախյան հերոսամարտում իրենց կյանքն ընծայած հայորդիների հոգիների համար, որոնց հայրենասիրությունն այսօր էլ ոգեշնչող օրինակ է սերունդների համար՝ նույն պատասխանատվությամբ ու նվիրումով ապրելու, արարելու և պայքարելու ի սեր հայրենի մեր երկրի։

Առ Բարձրյալն աղոթքով հայցում ենք աշխարհին խաղաղություն և ժողովուրդներին՝ բարօրություն: Թող Հարուցյալ Տերն Իր Աջի հովանու ներքո անվտանգ ու ապահով պահպանի մեր հայրենիքն ու համայն ժողովրդին՝ հույսով և հավատով ամուր ու սիրով՝ միասնական:
Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ամենեսեանս. Ամէն»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter