«ՄԼ մայնինգ»-ի սեփականատերն ուզում է շահագործել Ազատեկի ոսկու հանքը. նոր զարգացումներ հանքավայրի շուրջ
Վայոց ձորի մարզում գտնվող Ազատկի ոսկի-բազմամետաղների հանքավայրի շուրջ վերջին շրջանում հետաքրքիր զարգացումներ են եղել: Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավարը (նաև նախկին գլխավոր քարտուղար) Դավիթ Սուքիասյանն ուզում է շահագործել ոչ միայն Սոֆի-Բինայի, նաև Ազատեկի հանքավայրը: Նա այս երկու հանքավայրերի նկատմամբ հավակնություն ունեցող արդեն երկու ընկերությունների բաժնեմասերում 50% մասնակցություն ունի:
50%` «Փրեշիըզ քոր» ՍՊԸ-ում
Շինարարական հանքանյութերի արդյունահանմամբ զբաղվող «ՄԼ Մայնինգ» ընկերությյան սեփականատեր Դավիթ Սուքիասյանը ձեռք է բերել «Փրեշիըզ քոր» ՍՊԸ-ի 50% բաժնեմասը: Այս ընկերությունը Ազատեկի ոսկու հանքավայրում ուսումնասիրություններ իրականացնելու հայտ էր ներկայացրել: Ընկերությունից դուրս է եկել հիմնադիր բաժնետեր Հովհաննես Բեկմեզյանը՝ իր բաժնեմասի կեսը փոխանցելով Դավիթ Սուքիասյանին, մնացած 50%-ն էլ` Լիանա Միքայելյանին:
Հիշեցնենք` Լիանա Միքայելյանը փաստաբան Կարո Միքայելյանի կինն է, իսկ Կարո Միքայելյանը դատարանում ներկայացնում էր «Վայքգոլդ» և «Վարդանի զարթոնք» ՍՊԸ-ների շահերը, երբ ընկերությունները վիճարկում էին ընդերքօգտագործման իրենց իրավունքի դադարեցման հրամանները: Իսկ ի սկզբանե, այս երկու հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքները ստացել էին բնապահպանության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանին և նրա որդուն պատկանող ընկերությունները:
«Փրեշիըզ քոր» ընկերությունը 2025թ. ամռանը հանրային լսումներ է անցկացրել, իսկ Վայքի ավագանին համաձայնություն է տվել Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելուն: Չնայած դրան, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մերժել է ընկերությանը, քանի որ արդեն իսկ այդ հանքավայրի ուսումնասիրության լիցենզիա տրամադրել է մեկ այլ ընկերության: Այստեղից սկսվում է մի մութ գործարքի պատմություն, որին կանդրադառնանք ներքևում:
Դավիթ Սուքիասյանը, հիշեցնենք, բաժնետեր էր դարձել նաև Սոֆի-Բինայի ոսկու հանքավայրի ընդերքօգտագործման իրավունք ունեցող «ՋիԷմԷն գոլդ մայնինգ» ՍՊԸ-ում: Այս ընկերության հանրային լսումները տեղի են ունեցել 2026-ի ապրիլի 10-ին:
Սոֆի-Բինայի ոսկին կորզվելու է ցիանային եղանակով
Ընկերության ներկայացուցիչները հանրային լսմանը հայտնել են, որ Զառիթափ բնակավայրի տարածքում կառուցվելու է ոսկու կորզման հարստացուցիչ գործարան և պոչամբար: Սոֆի-Բինայի հանքավայրից տարեկան արդյունահանվելու է 10 հազար տոննա հանքաքար, որը վերամշակվելու է նշված գործարանում: Որպես հումքային բազա դիտարկվում է նաև Ազատեկի հանքավայրը:
Ոսկու կորզման գործընթացում կիրառվող ցիանիդային մեթոդի մեղմման նպատակով ընկերությունը ներդնելու է ջրի շրջանառու համակարգ և մաքրման կայան: Այդպիսով խոստանում են, որ արտաքին միջավայր ջրային արտահոսքեր չեն լինելու, և տեխնոլոգիական պրոցեսի ընթացքում օգտագործվող ջուրը մաքրվելուց հետո վերադառնալու է դարձյալ նույն պրոցեսին: Ֆլոտացիոն և ցիանացման տեղամասերի տեխնոլոգիական ջրամատակարարումն իրականացվելու է փակ ցիկլով` աննշան թարմ ջրի ավելացմամբ: Ֆլոտացիոն տեղամասի տեխնոլոգիական կարիքների համար օգտագործվելու է խտանյութի ֆլոտացիոն պոչերի ջրազրկումից առաջացած տեխնիկական շրջանառու ջուրը, իսկ ցիանացման ցիկլում օգտագործվելու է վերջնական պոչերի ջրազրկումից առաջացած տեխնիկական շրջանառու ջուրը:
Պոչերի պահեստավորումը նախատեսվում է իրականացնել չոր եղանակով, մոտ 20% խոնավությամբ, ինչը զգալի կկրճատի պոչամբարի զբաղեցրած տարածքը և օգտագործվող հողային ռեսուրսները: Արտադրական թափոնները տեղակայվելու են չոր վիճակում, տեխնոլոգիական պրոցեսում ցիանիդի պերօքսիդով չեզոքացումից հետո:
Պոչամբարների պատվարները և ամբողջ պոչամբարների հատակները ծածկվելու են գեոմեմբրանով: Նախատեսվում է կառուցել խողովակաշարերից բաղկացած դրենաժային համակարգեր:
Ցիանի չեզոքացման գործընթացը հսկվելու է ավտոմատ համակարգով, ինչը թույլ է տալիս ապահովել pH-ի (ջրածնային ցուցիչ) և ցիանիդի մնացորդային կոնցենտրացիայի ստաբիլ արժեքը:
Հանրային քննարկմանը շեշտվել է, որ ցիանաջրածինը կարող է մնալ չոր պոչերում, այն օդում արագ տարածվող և արևի ուղիղ ճառագայթների ազդեցությամբ արագ քայքայվող նյութ է: Լուծված վիճակում մնացորդային ցիանիդների առկայության դեպքում, բավարար ջրային միջավայրի պայմաններում, դրանք կարող են ներթափանցել շրջակա միջավայր և բացասաբար ազդել ինչպես էկոհամակարգերի, այնպես էլ մարդու առողջության վրա:
Ներկաները նաև բարձրաձայնել են այն հարցը, թե գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ընթացքում, կիրառվող հնարավոր մակնշումների դեպքում, կարող են խոչընդոտներ առաջանալ` պայմանավորված տվյալ տարածքում վտանգավոր արտադրական օբյեկտի առկայությամբ և բացասաբար անդրադառնալ արտադրանքի մրցունակության վրա:
Ցիանային գոլորշիների հնարավոր արտանետումների հետ կապված հարցին ի պատասխան՝ ընկերության ներկայացուցիչները վստահեցրել են, թե պրոցեսը կատարվելու է հիմնային միջավայրում, և գոլորշիների տեսքով արտանետումներ չեն լինելու: Այդպիսով արձանագրվել է, որ հանրային լսումն անցել է արդյունավետ քննարկման մթնոլորտում:
Կարո Միքայելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Սոֆի-Բինայում արդեն իսկ արդյունահանման որոշ աշխատանքներ են իրականացրել, հանքաքարը պահեստավորել են, որպեսզի վերամշակեն կառուցվելիք գործարանում:
Իսկ գործարանի և պոչամբարի տարածքը Զառիթափ համայնքում` բնակիչների առաջարկած տարածքում է լինելու: «Փորձեցինք առաջ գնալ սենց` համայնքին ասացինք՝ որտե՞ղ եք ուզում, որ կառուցվի, դուք որոշեք, մի քանի տեղ ասեք` ընտրություն կատարենք, և չստացվի, որ պարտադրված մեր ասած տեղն է լինելու: Իրենք են այդ տարածքն առաջարկել, ամենաողջամիտ տեղն է, մի հատվածը ճանապարհ չկա, մի հատվածը դաշտամիջյան ճանապահ է, իրենք ընտրել են էնպիսի հատված, որ առավելապես ապահով լինի, մարդկանց չխանգարի, շրջակա միջավայրին քիչ վնաս պատճառի»,- պատմեց Կարո Միքայելյանը:
Ավազից` ոսկի. նոր առաջարկների սպասումով
Թե ինչու է Դավիթ Սուքիասյանը ավազի արդյունահանումից անցում կատարել մետաղական արդյունաբերություն` մեր հարցին «ՄԼ Մայնինգ» ընկերության տնօրեն Էդուարդ Մարգարյանը պատասխանեց, որ առաջարկ են ստացել բաժնետիրոջից, իրենք էլ համաձայնել են: Ավելին, եթե նմանատիպ այլ առաջարկներ լինեն, դրանք էլ կդիտարկեն: Էդուարդ Մարգարյանը ժխտեց Վարդան Այվազյանի առնչությունն այս ընկերություններին` որպես իրենց գործընկեր: Ասաց, որ իրենք որպես գործընկեր առնչվում են միմիայն փաստաբան Կարո Միքայելյանի հետ:
Դավիթ Սուքիասյանը մեզ հետ զրույցում հաստատեց իր ներգրավվածությունն այս ծրագրերում: Ասաց, որ ինքը հետաքրքրված չէ այն ծրագրերով, որտեղ լիցենզիան վերցնում են որպես ակտիվ այլոց վաճառելու նպատակով: Այս ամենում իր մասնակցությունը տեսնում է նոր աշխատատեղեր ստեղծելու, իրապես գործ անելու մեջ: Այսինքն` եթե մտնում է մի գործի մեջ, ապա լրջորեն է դրանով զբաղվելու: Այդ նպատակով է, որ նաև ուզում են ոսկու կորզման գործարան կառուցել Զառիթափում: Ավելին, Դավիթ Սուքիասյանն առավել հետաքրքրված է Ազատեկի հանքավայրով, քան Սոֆի-Բինայով, սակայն, չգիտես ինչպես, այդ հանքավայրի ուսումնասիրության իրավունքն արդեն առանց հրապարակային քննարկումների տրամադրվել է մեկ այլ ընկերության:
Կարո Միքայելյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ իրենք անցել են լսումների փուլը, ստացել են ավագանու դրական որոշումը, դիմել են Տարածքային կառավարման նախարարություն լիցենզիա ստանալու համար, այնտեղից մերժում են ստացել այն հիմքով, որ Ազատեկի հանքավայրի ուսումնասիրության լիցենզիան արդեն իսկ տրամադրվել է «Աուրում Միներալս» ՍՊԸ-ին:
Ո’չ` թափանցիկությանը, ո’չ` օրենսդրությանը
Իրապես, «Աուրում Միներալս» ՍՊԸ-ի անվանումը կա ՏԿԵ նախարարության` ուսումնասիրության թույլտվություն ստացողների ցանկում: Սակայն ընկերությունը հանրային լսումներ չի անցկացրել, Վայքի ավագային այդ ընկերության ուսումնասիրության վերաբերյալ որևէ որոշում չի կայացրել, իսկ Շրջակա միջավայրի նախարարությունը չի տվել փորձաքննական դրական եզրակացություն: Այսինքն` այս ընկերությունը շրջանցել է ՀՀ օրենսդրական բոլոր պահանջները, մասնավորապես` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» օրենքի 12-րդ հոդվածը, որտեղ երկրաբանական ուսումնասիրությունը փորձաքննության ենթակա գործունեություն է:
Որտեղի՞ց հայտնվեց «Աուրում Միներալս»-ը
«Աուրում Միներալս» ՍՊԸ-ն Հայաստանում գրանցվել է 2024թ. աշնանը:
2025թ. հունիսի 3-ին դիմել է ՏԿԵՆ և նույն տարվա հոկտեմբերին ստացել է երկրաբանական ուսումնասիրության լիցենզիա:
«Աուրում Միներալս» ՍՊԸ-ում 10% մասնակցություն ունի Տիգրան Արայի Ավետիսյանը, իսկ 90%-ը «ԷՄՋԻԷՍԲԻ» (MGSB) ՓԲԸ-ինն է: Իրական շահառուների հայտարարագրից երևում է, որ «Աուրում Միներալս» -ի 43.65% բաժնեմասը ԱՄՆ քաղաքացի Ջեյմս Պերսել Մունինն է (James Pesell Mooney, նույնքանն էլ` Մերի Էլիզաբեթ Մունինը (Mary Elizabet Mooney):
Իր հերթին հայաստանում 2025թ.-ին գրանցված «ԷՄՋԻԷՍԲԻ» ՓԲԸ-ն պատկանում է նույն անձանց` Մերի էլիզաբեթ Մունին (47.5%-ական բաժնեմասով) և Ջեյմս Պերսել Մունին:
Նրանց մասնակցությունը «Աուրում Միներալս» ՍՊԸ-ում միջնորդավորված է մի քանի ընկերություններով, սակայն հատկանշական է Միացյալ Նահանգների Մոնթանա նահանգում գրանցված «Մունի գրուպ« ՍՊԸ-ն (Mooney group LLC), որը հետաքրքրված է տարբեր երկրներում օգտակար հանածոներով: Ներկայանում է որպես հանքային ռեսուրսների բացահայտման վրա կենտրոնացած ընկերություն, որը կիրառում է գործնական, ռազմավարական մոտեցում հանքարդյունաբերության և ռեսուրսների կառավարման հարցում, երբեմն որպես գործընկեր է հանդես գալիս արդյունահանման և վերամշակման ոլորտում: Ընկերությունը ներգրավված է եղել Կենտրոնական Ասիայում ուսումնասիրությունների և մասնագիտական փորձագիտության կիրառման գործում՝ հանքարդյունաբերական գործողություններն օպտիմալացնելու համար:
«Աուրում Միներալս» ՍՊԸ-ի 10% տոկոսի բաժնետեր Տիգրան Ավետիսյանը նաև մասնակից է եղել «Էյթի գրուպ» ՍՊԸ-ում, որը ստացել է Տավուշի մարզի Վազաշենի ոսկի-բազմամետաղների ուսումնասիրության լիցենզիան: Այժմ նաև դրա տնօրենն է, սակայն իր մասնաբաժինը փոխանցել է եղբորը` Վահան Ավետիսյանին: Եվ «Աուրում Միներալս»-ը, և «Էյթի գրուպ»-ը գրանցված են նույն` Երևանի Ռոստովյան 9 հասցեում:
Տիգրան Ավետիսյանը նաև հիմնադրել է «Նեյչրլ թրեժրս» ՍՊԸ-ն, որը դիմել է Շրջակա միջավայրի նախարարություն Հատիսի բազալտների հանքավայրի երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու փորձաքննության համար:
Երկրաբանական ուսումնասիրություն` առանց փորձաքննության
Մեր հարցին ի պատասխան, թե ինչպես է «Աուրում Միներալս» ՍՊԸ-ն ստացել երկրաբանական ուսումնասիրության լիցենզիա` առանց հանրային լսումների, ավագանու որոշման և ՇՄԱԳ փորձաքննության, ՏԿԵ նախարարության մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանն ասաց, որ այդ ընկերությունը «սենյակային պայմաններում պաշարների վերագնահատման աշխատանքներ է իրականացնում, իսկ դրա համար ՇՄԱԳ-ի և ավագանու որոշման անհրաժեշտություն չկա»:
ՀՀ օրենսդրությունը չի նախատեսել երկրաբանական ուսումնասիրություն` առանց փորձաքննության: Ավելին, Ազատեկի հանքավայրի պաշարներն, ըստ հանքավայրի անձնագրի, ուսումնասիրվել են խորհրդային տարիներին` 1980- ականների սկզբին, նոր ուսումնասիրություններ չեն կատարվել, հետևաբար, հնարավոր չէ այդ տարածքում սենյակային պայմաններում պաշարներ ուսումնասիրել, մանավանդ, որ այնտեղից ընդերքօտագործման իրավունքի նախկին տնօրինող «Վայքգոլդ» ՍՊԸ-ն հանքանյութ էր արդյունահանել, որի վերաբերյալ հարուցվել էր քրեական գործ:
Տիգրան Ավետիսյանի հետ զրուցել չհաջողվեց: Ընկերության հեռախոսահամարին պատասխանող աշխատակիցն ասաց, որ Ավետիսյանը տեղում չէ, խոստացավ մեր հեռախոսահամարը փոխանցել նրան, որ վերջինս զանգահարի: Քիչ անց նույն աշխատակիցը զանգահարեց և ասաց, որ Տիգրան Ավետիսյանի գրաֆիկը շատ խիտ է, նա նաև մեկնելու է երկրից, այդ պատճառով զրուցել չի կարողանա, սակայն կպատասխանի մեր հարցերին գրավոր: Պատասխանները ստանալուն պես կհրապարակենք:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել