Շիրակի մարզում սեպտեմբերի 1-ից փակվելու է 48 դպրոց, որտեղ սովորում է 1622 աշակերտ
2026-ի փետրվարի 10-ին Երևանում տեղի ունեցավ «Հայաստանի քանդվող ապագան՝ փակվող դպրոցներ» վերտառությամբ աշխատաժողով, որը կազմակերպել էր Ազգային կրթության խորհուրդը: Մասնակիցներին ներկայացվեցին 3 ամիս տևած ուսումնասիրությունների արդյունքները: Զեկույցը ներկայացնող բանախոսներն ահազանգեցին՝ գյուղական բնակավայրերում գործում է 800 դպրոց, որի 1/4-րդը Կառավարության որոշմամբ փակվում է:
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի 11.09.2023թ.-ի No 1719-Ա/2 հրամանի «ՀՀ կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման» ծրագրով նախատեսվել էր լուծարել 232 հանրակրթական դպրոց Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Նախարարի մեկ այլ որոշմամբ հաստատված ցանկից ուժը կորցրած էր ճանաչվել 28-րդ կետը, որը վերաբերում էր Արարատի մարզի Մասիս համայնքի Արևաբույրի միջնակարգ դպրոցին: Հետագայում, 231 դպրոցների ցանկից հանվել էին ևս երկուսը: Ազգային կրթության խորհրդի անդամ Արմեն Ներսիսյանի տվյալներով՝ փակման ենթակա է 229 դպրոց, որից 218-ը՝ միակ դպրոցներն են տվյալ բնակավայրի:
«Դպրոցաշինության դեմ ոչ ոք չի բողոքում,-ասում է Ազգային կրթության խորհրդի անդամ, աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Ներսիսյանը,-բողոքը պարտադրանքի դեմ է: Եթե գյուղը չունի նորմալ դպրոց, պետությունը պարտավոր է նորը կառուցել, բայց ոչ մյուսների փակման հաշվին: Նաև պիտի հասկանանք ու ընդունենք կարևոր մի ճշմարտություն, որ գյուղերում, հատկապես սահմանամերձ ու բարձր լեռնային, համայնքները պահողները հենց այդ դպրոցներն են: Դու փակում ես 4 գյուղի դպրոց ու առաջարկում, որ երեխաները գնան սովորելու 5-րդ գյուղի դպրոցում՝ ասելով՝ ճանապարհները կասֆալտեմ, դա հարցի լուծում չէ: Եթե գյուղից ընտանիքները որոշեն հեռանալ դպրոցների փակման հետևանքով, ոչ ոք էդ ասֆալտին չի նայելու»:
Ազգային կրթության խորհուրդը («Ազգային Կրթություն» կրթական հիմնադրամ) ձևավորվել է Երևանում, 2025թ.-ի ամռանը՝ կրթության ոլորտի խնդիրներն ուսումնասիրելու և բարձրաձայնելու նպատակով: Խորհրդի կազմում ոլորտի մասնագետներ են: «Օգոստոսի 23-ին խորհուրդը հռչակեց իր նպատակները, որից հետո մեզ ահազանգեր եկան՝ կապված դպրոցների փակման հետ,-ասում է զրուցակիցս,- ընդհանուր մասշտաբն այդ ժամանակ չէինք պատկերացնում, մեզ թվում էր, թե մի քանի դպրոցի մասին է խոսքը, բայց հետո թվերը լրջացան: Պարզվեց՝ փակման ենթակա ամենաշատ դպրոցները Սյունիքի և Շիրակի մարզերում են՝ 48 դպրոց ամեն մարզում: Ընդ որում, փակման ենթակա դպրոցներում աշակերտական ամենամեծ մասնաբաժինն ունի Շիրակը՝ 1622, երկրորդ ցուցանիշը Լոռիում է՝ 1607, առաջին եռյակը եզրափակում է Սյունիքը՝ 978 աշակերտ, նրանց հաջորդում է Արագածոտնի մարզը՝ 870 աշակերտ»:
Արմեն Ներսիսյանն աում է, որ երբ սկսել են ուսումնասիրությունները, մտածել են, թե երկու շաբաթում կավարտեն, սակայն աշխատանքները ձգվել են երեք ամիս: «Բազմաթիվ հարցումներ ենք ուղարկել 10 մարզերի մարզպետների աշխատակազմերին, պատասխան չստանալով՝ նույն հարցերն ուղղել ենք նախարարությանը: Մենք խոսում էինք դպրոցների փակման մասին, մեզ նախարարությունից հերքում էին, թե չենք փակում՝ միավորում ենք, այսինքն՝ բառախաղի վրա էին ամբողջը կառուցում: Ի վերջո, Կառավարության նիստերից մեկի ժամանակ վարչապետը հստակ հայտարարեց, որ փակում են՝ գոմից դպրոց են տանում աշակերտներին»:
Արմեն Ներսիսյանն առնվազն տարօրինակ ու անընդունելի է համարում քարաշեն, տիպային դպրոցները գոմի հետ համեմատելը: «Օրինակ, Շիրակի մարզի Փոքրաշեն գյուղի դպրոցը քարաշեն, տիպային կառույց է, Գառնառիճինը տիպային կառույց է, սահմանամերձ Գտաշենում՝ նույնպես, և այսպես բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել: Կան դպրոցներ, որոնք կառուցվել են 2016թ.-ին, դրանք փակում են, հարևան գյուղում կառուցում են նորը: Սյունիքից մեզ տեղեկություն տվեցին, որ Դավիթ Բեկի տիպային դպրոցը, որն ամենամեծն է, փակում են, հարևան գյուղում նորն են կառուցում: Մեր մարզի սահմանամերձ Մեղրաշատի դպրոցը էն հազվագյուտ կառույցներից է, որ ապաստարան ունի: Փակում են՝ պատճառաբանելով, թե աշակերտների քանակը 100-ից պակաս է: Այդ դեպքում ինչու՞ է փակվում Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Բայանդուր գյուղի 112 աշակերտ ունեցող դպրոցը, ի՞նչ տրամաբանությամբ»,-հարցնում է Արմեն Ներսիսյանը:
Անհանգստացնող է սահմանամերձ համարվող բնակավայրերի դպրոցների փակումը: Ըստ Ազգային կրթության խորհրդի հրապարակած տվյալների, հանրապետության տարածքում փակման ենթակա սահմանամերձ բնակավայրերի 55 դպրոցում սովորում է ընդհանուր թվով 1772 աշակերտ: Այս առումով խիստ մտահոգիչ է Շիրակի մարզի սահմանամերձ 10 բնակավայրերում դպրոցների փակումը, որտեղ սովորում է 441 աշակերտ:
Շիրակի մարզում փակվող դպրոցները 48-ն են, որտեղ ընդհանուր առմամբ սովորում է 1622 աշակերտ, աշխատում 473 ուսուցիչ և սպասարկող անձնակազմի 498 ներկայացուցիչ: Մարզում լուծարվող դպրոցներից միայն թիվ 43 դպրոցն է գտնվում Գյումրի քաղաքում, մնացած 47-ը գյուղական բնակավայրերում են և համարվում են տվյալ համայնքի միակ դպրոցը: Ըստ emis.am հարթակի տվյալների բազայի, Ամասիա խոշորացված համայնքի կազմում գտնվող 26 բնակավայրից միայն 19-ում կա գործող դպրոց, որից 15-ը փակվում է (առկա դպրոցների 79 տոկոսը): Փակվող 15 դպրոցներում սովորում է 304 աշակերտ, 110 ուսուցչից և սպասարկող անձնակազմի 143 ներկայացուցչից բաղկացած աշխատակազմն աշխատանքը կորցնելու վտանգի առաջ է: Սա դպրոցների փակման գործընթացում համայնքների կտրվածքով բարձր ցուցանիշներից է:
«Հաջորդը Աշոցք և Ախուրյան համայնքներն են, որտեղ նախատեսվում է լուծարել 11-ական դպրոց: Ըստ emis.am հարթակի, Աշոցքի 25 բնակավայրում գործում է 19 դպրոց, որտեղ սովորում է 1145 աշակերտ, աշխատում 246 ուսուցիչ, այստեղ փակվում է 11 դպրոց: Ստացվում է, որ դպրոցների փակման հետևանքով այս գործընթացի թիրախում է հայտնվելու համայնքի աշակերտական կազմի 26 տոկոսը (297 աշակերտ) և ուսուցիչների 45 տոկոսը (111 ուսուցիչ),-ասում է Ա.Ներսիսյանը,-ի դեպ, Ամասիայում փակվող դպրոցների բնակավայրերից 4-ը համարվում են սահմանամերձ՝ Մեղրաշատ, Գտաշեն, Զարիշատ, Զորակերտ, լեռնային և բարձր լեռնային է համարվում 8 բնակավայր»:
Արմեն Ներսիսյանն ասում է, որ մարզերի այն բնակավայրերում, որտեղ դպրոցներ են փակվում, հանրագրեր են պատրաստում բնակիչների ստորագրությամբ՝ Կառավարություն ներկայացնելու նպատակով: «Սա արվում է՝ ի պատասխան այն հայտարարության, թե բնակիչները չեն բողոքում, դուք ինչու՞ եք խառնվել իրար: Այս պահին Շիրակի 5 բնակավայրից կա հանրագիր: Մյուս մարզերից էլ, երբ պատրաստ լինեն, ուղարկելու ենք Կառավարություն, նաև աշխատում ենք իրավաբանների հետ՝ փորձելու ենք մտնել դատարան, դպրոցների փակման որոշումը կասեցնելու նպատակով: Եթե ծրագիրը դրվի գործողության մեջ սեպտեմբերի 1-ից, գյուղերի դատարկվելը կվերածվի անշրջելի գործընթացի»:
Շիրակի մարզում ամենաքիչ թվով դպրոցներ միավորվելու են Արթիկ և Անի խոշորացված համայնքներում: Արթիկում նախատեսվում է լուծարել 4 դպրոց, որտեղ սովորում է 163 աշակերտ, իսկ Անիում՝ 7 դպրոց, որտեղ սովորում է 429 աշակերտ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել