Ստվերային քարոզչություն. ինչպես են ՔՊ-ի թեզերը տարածվում սոցցանցերում
Հիմնականը` հակիրճ
- Սոցցանցերում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեզերն ակտիվ տարածում են տասնյակ էջեր:
- Meta-ում տարածվող շատ գովազդների դեպքում չի նշվում, որ դրանք քաղաքական են, ինչի հետևանքով ծախսերի ու տարածման շրջանակը գաղտնի է մնում:
- Facebook-ում մեր դիտարկած էջերը ստեղծվել կամ անվանափոխվել են 2023 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին` Երևանի ավագանու ընտրությունների նախաշեմին:
- Այդ էջերում ակտիվություն է նկատվում հատկապես նախընտրական շրջանում:
- Ընդդիմադիր գործիչներին թիրախավորող հոլովակներ են գովազդվում նաև YouTube-ում:
Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ` սոցցանցերում քաղաքական գովազդն ակտիվացել է: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեզերը տարածվում են Facebook, Instagram, Youtube, Telegram, WhatsApp և այլ հարթակներում։ Մեր ուսումնասիրությամբ պարզել ենք, որ այդ հրապարակումները տեղադրող և գովազդող էջերը շատ դեպքերում նույնականացնել հնարավոր չէ, չենք կարող ասել, թե ովքեր են կառավարողները և գովազդների համար վճարողները։ Այս իրավիճակներից խուսափելու և թափանցիկ քարոզարշավի համար Meta-ի կանոնակարգը պահանջում է, որ ընտրությունների կամ քաղաքականությանը վերաբերող ցանկացած գովազդ ունենա համապատասխան մակնշում (Paid for by կամ «Վճարված է ...-ի կողմից»)։ Սա թույլ է տալիս տեսնել, թե ով է ֆինանսավորում քարոզչությունը և ինչքան գումար է ծախսվում, բայց քարոզարշավին մասնակցող կեղծ էջերը կա՛մ չեն օգտագործում այդ մակնշումը, կա՛մ կեղծ տվյալներ են ներկայացնում, օրինակ, որ վճարողը «Սրտացավ Հայաստանն» է, բայց այդպիսի անունով իրավաբանական անձ գոյություն չունի։
ՔՊ կուսակցության թեզեր տարածող էջը խախտում է Meta-ի թափանցիկության պահանջները
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաշտոնական էջից բացի, իշխող ուժի թեզերը տարածվում են նաև «Խաղաղություն» ֆեյսբուքյան էջում։ «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսն ու խաղաղություն հեշթեգը ակտիվորեն կիրառում է «Խաղաղություն» էջը, որտեղ մարտի 22-ից տարածվում են նույն տեսանյութերը, ինչ տարածվում ու գովազդվում է կուսակցության պաշտոնական էջերում։ Այս նույնաբովանդակ գովազդների դեպքում մի տարբերություն կա․ ՔՊ էջում միացված գովազդներն ունեն հատուկ մակնշում՝ քաղաքական գովազդ, որի համար վճարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ «Խաղաղություն» էջի դեպքում վճարողին ու վճարման չափը չենք տեսնում, քանի որ գովազդի այլ կատեգորիա է ընտրվել։
Facebook սոցիալական ցանցում «Խաղաղություն» անունով էջը ստեղծվել է 2023 թվականի օգոստոսին։ Այս ժամանակ կոչվում էր One Yerevan։ 2026 թվականի մարտի 31-ին անվանափոխվել է «Խաղաղություն»։ Գովազդների մի մասը զուգահեռաբար տեղադրվում է ինստագրամյան khaghaghutyun_hayastan էջում, վերջին մի քանի գովազդը տարածվել է նաև WhatsApp, Threads և Audience Network հարթակներում։ Meta Ad Library-ում նշված է, որ գովազդն այս էջերում միացրել է «Պրոդիջի» մարքեթինգային ընկերությունը։
2017 թվականի սեպտեմբերին հիմնադրված «Պրոդիջի» ՍՊԸ-ն զբաղվում է մարքեթինգային ծառայություններով՝ գովազդ, դիզայն, վիդեո արտադրություն և այլն։ 2018-ից ընկերության սեփականատերերն են Աիդա Ոփյանը (նաև տնօրենն է), Արսեն Սուլթանյանը, Բորիս և Սամվել Սահակյանները, բոլորը 25% մասնաբաժնով։ «Պրոդիջի» ՍՊԸ-ի սեփականատերերը մասնակցություն ունեն նաև այլ ընկերություններում, որոնք նույնպես հիմնականում մարքեթինգային ծառայություններ են մատուցում։
Փորձեցինք ընկերությունից պաշտոնական մեկնաբանություն ստանալ, թե ակնհայտ քաղաքական գովազդն ինչու որպես քաղաքական չի ներկայացվել, և արդյոք այս գովազդները տարածելու համար «Պրոդիջին» պայմանագիր է կնքել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ «Պրոդիջի» ընկերության տնօրեն Աիդա Ոփյանը նշել է․
«Մեր ընկերությունն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, որը սոցիալական մեդիայում գովազդի նմանօրինակ պարտադիր մակնշման (օրինակ՝ «Paid for by») պահանջ չի սահմանում»։
Ընդգծենք՝ քաղաքական այս գովազդները հրապարակվում են Meta-ի տարբեր հարթակներում։ Պատասխանից հասկանալի չէ, թե ի վերջո ով է կառավարում այս էջը։ Ընկերության տնօրենը նաև նշել է, որ «Պրոդիջին» մարքեթինգային և գովազդային ծառայություններ է մատուցում տարբեր հաճախորդների, այդ թվում՝ քաղաքական կուսակցությունների, սակայն հաճախորդների մասին ցանկացած տեղեկատվություն կոմերցիոն գաղտնիք է և ենթակա չէ հանրայնացման։
Հատուկ ընդգծում ենք, որ «Պրոդիջի» ՍՊԸ-ն հանդիսանում է ապաքաղաքական կառույց։ Մենք որևէ կուսակցության մաս չենք կազմում և չունենք կողմնակալ ներգրավվածություն քաղաքական գործընթացներում։ Որպես պրոֆեսիոնալ գործակալություն՝ մենք աշխատում ենք և բաց ենք համագործակցության համար բոլոր քաղաքական ուժերի հետ»,- գրել է Ոփյանը։
«Պրոդիջի» ՍՊԸ-ն վերջին տարիներին՝ 2022-ի տարեվերջից, մասնակցում է պետական գնումներին։ Ըստ Ֆինանսների նախարարության armeps.am համակարգի՝ մինչ օրս պետական և համայնքային կառույցները ընկերության հետ կնքել են 12 պայմանագիր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 200 մլն դրամ։ Պայմանագրերից հինգը կնքվել է Էկոնոմիկայի նախարարության հետ, չորսը՝ Երևանի քաղաքապետարանի, երկուսը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, մեկը՝ Վիճակագրական կոմիտեի։ Այս բոլոր պայմանագրերը հիմնականում վերաբերում են սոցիալական մեդիա հարթակներում էջերի կառավարմանը, գովազդային արշավներին և թվային արտադրանքին։ Ընկերության ամենաթարմ պայմանագիրը կնքվել է 2026-ի մարտի 16-ին Երևանի քաղաքապետարանի հետ։ 9․6 մլն դրամ արժեքով պայմանագրի համաձայն՝ «Պրոդիջին» պետք է գովազդներ իրականացնի Facebook, Instagram և Tiktok հարթակներում։
Չնայած ընկերության պնդմանը, թե առաջնորդվում են բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, որը չի պահանջում քաղաքական գովազդին հատուկ մակնշում տալ, Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջից գովազդներ միացնելիս «Պրոդիջին» գովազդի ճիշտ կատեգորիա է ընտրել ու նշել, որ դրա համար վճարում է Երևանի քաղաքապետարանը։
Կեղծ էջեր, որոնք գովազդում են ՔՊ-ի թեզերը
Եթե «Խաղաղություն» էջի դեպքում կային որոշակի տվյալներ և այն գովազդում էր բացառապես կուսակցությանը և կառավարությանը վերաբերող հրապարակումներ, ապա որոշ այլ էջերի պարագայում պատկերը կտրուկ փոխվում է։ Դրանք թիրախավորում են ընդիմադիր քաղաքական գործիչներին՝ տարածելով կեղծ և վարկաբեկող հրապարակումներ։
«Կտորմը երկիր» և «Վարդագույն քաղաք» ֆեյսբուքյան կեղծ էջերը մեկ օրվա տարբերությամբ են բացվել՝ 2023 թվականի սեպտեմբերի 7-ին և 8-ին։ Մեզ հանդիպած գովազդներում թիրախավորվում են ընդդիմադիր գործիչները՝ ներկայացվելով որպես «պատերազմի կուսակցություն», որը գլխավորում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Հատկանշական է, որ այս էջերով տարածված գովազդները նույնատիպ են և հանդիպում են նաև hayeritunhayastan յութուբյան էջում։ Նույն տրամաբանությամբ աշխատում են նաև hodvac.am և Hayrenyac ֆեյսբուքյան էջերը, որոնց գովազդային հրապարակումների տվյալներն այս հոդվածի հրապարակման պահին հասանելի չեն։
Եվս երեք այլ էջերի պարագայում գովազդը տեղադրվում է որպես քաղաքական բովանդակություն և նշվում է, որ վճարվել է, օրինակ, Armenian News-ի կողմից, բայց այս անունով իրավաբանական անձ կամ լրատվամիջոց չկա, ուստի հնարավոր չէ նույնականացնել, թե ով է էջը վարում և թիրախավորող գովազդների համար վճարում։ Այսինքն՝ թվում է, թե քարոզչությունը բացահայտ է, բայց դրա ֆինանսավորումն ու կառավարումը, միևնույն է, մնում է ստվերում։
Facebook-ում Armenian News և Yerevanyan կեղծ էջերում գովազդային հրապարակումներ հիմնականում ակտիվանում են նախընտրական շրջաններում։ Meta-ի արխիվի տվյալներով՝ 2023-2026 թթ․-ին այս էջերում հրապարակված 44 հրապարակում գովազդվել է 68 անգամ․ երբեմն մեկ հրապարակումը գովազդվում է մեկից ավելի անգամ։ Այս հրապարակումները գովազդելու համար ծախսվել է առնվազն 10,100 դոլար, որից 3,100 դոլարը՝ 2026-ին։ Գովազդներից 49-ը տեղադրվել է նաև Instagram-ում։
Armenian News-ը հիմնականում տարածում է ՔՊ-ի քաղաքական ընդիմախոսներին պիտակավորող հրապարակումներ և ապատեղեկատվություն։ Meta-ի տվյալների համաձայն՝ Armenian News-ը 2023 թվականի սեպտեմբերից ի վեր 37 հրապարակում գովազդվել է 58 անգամ։ 2026-ի ընթացքում Armenian News էջով միացված գովազդների համար արդեն ծախսվել է առնվազն 2,600 դոլար։ Գովազդներից միայն մեկի համար ծախսվել է 1,500 - 2,000 դոլար։
«Մեմերի երկիր Հայաստան» նախկին անունով Facebook-յան էջը 2021-ի հոկտեմբերին դարձել է «Հզոր Հայաստան», 2023-ի սեպտեմբերին՝ Yerevanyan։ Այս էջը նույնպես ՔՊ կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին գովերգող գովազդային հրապարակումներ է անում։ Ըստ Meta Ad Library-ի՝ էջի գովազդները հեռացվել են՝ Meta-ի քաղաքականությանը չհետևելու պատճառով։
«Սրտացավ Հայաստան» Facebook-յան էջը հրապարակումների այլ մարտավարություն է ընտրել, քան պարզապես թիրախավարումը կամ գովաբանումը։ Էջի հրապարակումները առաջին հայացքից կարող են թվալ ընդդիմադիր քաղաքական գործիչներին աջակցող, բայց իրականում դրանք վարկաբեկելու նպատակ ունեն և կեղծ թեզեր են տարածում։ Էջում գովազդվող վերջին հրապարակման համաձայն Ռոբերտ Քոչարյանը և Սամվել Կարապետյանը միացել են, իսկ հոլովակին կից գրված է՝ «Վերջապեսսսս ❤️❤️💪💪»։ Այս տեսանյութը պատրաստվել է արհեստական բանականության միջոցով իսկ դրա հիմնական ուղերձը, թե Քոչարյանը և Կարապետյանը արդեն միասին են հանդես գալիս քաղաքական դաշտում, կեղծ է։ Սամվել Կարապետյանի եղբորորդի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչության անդամ Նարեկ Կարապետյանը անդրադարձել է այն թեզին, թե «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը իր ձայները տալու է Ռոբերտ Քոչարյանին, և հերքել էր այդ տարբերակը։ Այսբովանդակ երկու գովազդային հրապարակում է եղել էջում, որի համար ծախսվել է առնվազն 600 դոլար և ցուցադրվել է մոտավորապես 800 հազար մարդու։ Facebook-յան այս էջը ստեղծվել է 2023-ի օգոստոսի 14-ի։ Meta-ի գովազդների գրադարանի տվյալների համաձայն՝ մինչ օրս 11 հրապարակում է եղել, որոնք գովազդվել են ընդհանուր 19 անգամ։ Ընդհանուր ծախսվել է առնվազն 1,600 դոլար։
Հետաքրքիր է, որ մեր դիտարկած էջերը հիմնականում ստեղծվել կամ անվանափոխվել են նույն ժամանակահատվածում՝ 2023 թվականի օգոստոս-սեպտեմբերին։ Սա համընկնում է Երևանի ավագանու ընտրությունների շրջանի հետ։ Այն էջերում, որտեղ գովազդներ տարածելիս քաղաքական կատեգորիա է ընտրվել, կարելի է տեսնել քարոզչական հին հրապարակումներ, որոնք թիրախավորում են ընդդիմադիր թեկնածուներին։ Մյուս էջերի նախկին գովազդային հրապարակումները չենք տեսնում, սակայն կասկածելի է, որ նախընտրական շրջանում մի քանի օրվա տարբերությամբ քարոզչական նման կեղծ էջեր են ստեղծվել։
Մենք ուսումնասիրել ենք նման էջերի միայն մի մասը։ Նույն սկզբունքով աշխատող կեղծ էջերը շարունակում են ավելանալ, դրա համար ամբողջական պատկերը ստանալը դժվար է։ «Հանուն Հայաստանի» Facebook-յան էջը, օրինակ, բացվել է այս տարվա ապրիլի 28-ին և նույն օրը Նիկոլ Փաշինյանին գովերգող գովազդային հրապարակում արել՝ առանց մակնշելու, որ այն քաղաքական բովանդակություն ունի, հետևաբար պարզ չէ նաև, թե ով է վճարողը և կառավարողը։ Այս էջի գովազդները ևս հասանելի չեն հոդվածի հրապարակման պահին։ Էջով տարածվող մեզ հանդիպած տեսանյութը ապրիլի 27-ին հայտնվել է նաև յութուբյան hayeritunhayastan էջում ու գովազդվել նաև այս հարթակում։

Չենք կարող պնդել, որ սրանք ՔՊ կուսակցության կողմից ղեկավարվող էջեր են և հրապարակումների համար վճարողը կուսակցությունն է, բայց մի բան հստակ է, որ էջերի գործունեությունը ամբողջությամբ համապատասխանում է ՔՊ կուսակցության քարոզչությանը և թեզերին։
ՔՊ թեզերը՝ YouTube-ում
2026 թվականի մարտից Հայաստանում գովազդներ սկսեցին շրջանառվել նաև YouTube-ում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական էջը առաջիններից մեկն էր, որ հարթակում հայկական գովազդ տեղադրեց՝ մի քանի օր ակտիվ շրջանառելով Փաշինյանի հեղինակած «Իրական Հայաստան՝ Հայաստանի Հանրապետություն» երգը։ Ըստ YouTube-ում ներկայացված տվյալների՝ հոլովակի գովազդը միացվել էր Ավստրիայից, վճարվել՝ Admixer Advertising գովազդային գործակալության միջոցով։ Հայկական գովազդների դեպքում այս ընկերության տվյալները հաճախ կարելի է տեսնել։
Ի տարբերություն Meta-ի՝ YouTube-ը տեղեկություն չի տրամադրում ծախսերի ու տարածման շրջանակի մասին։ Եթե այս դեպքում Նիկոլ Փաշինյանի պաշտոնական յութուբյան ալիքով է գովազդ միացվել, ապա հաճախ գովազդներ տարածվում են էջերից, որոնք նույնականացնել հնարավոր չէ։ Վերջին ամիսներին hayeritunhayastan և ansasanhayreniq յութուբյան ալիքներով շատ ակտիվ գովազդներ են տարածվում՝ ընդդիմադիրներին խիստ քննադատող հոլովակներով։ Առաջին ալիքի տեսանյութերը 100 հազարավոր դիտումներ են ունեցել, տեսանյութերից մեկն ապրիլի վերջի դրությամբ ավելի քան 1.4 մլն դիտում ունի։ Սա խոսում է այն մասին, որ գովազդի տարածման շրջանակը շատ լայն է եղել։
Ինչպես արդեն նշել ենք, hayeritunhayastan-ի տեսանյութերը նույնությամբ տարածվել են նաև «Կտորմը երկիր», «Վարդագույն քաղաք» և «Հանուն Հայաստանի» ֆեյսբուքյան էջերով։
ՔՊ թեզերը՝ Telegram-ում
ՔՊ կուսակցությունը ակտիվ է նաև Telegram-ում (Թելեգրամ), որտեղ գովազդները տեղադրվում են հայալեզու ալիքներում թե՛ որպես հրապարակում, թե՛ որպես Telegram-ում ինտեգրված գովազդ (native advertising)։ Ինտեգրված գովազդների համար գովազդատուն վճարում է հենց Telegram-ին, իսկ հրապարակումների համար՝ ալիքը կառավարողին։
Ինտեգրված գովազդների դեպքում գովազդատուն է ընտրում չափորոշիչները, օրինակ, քանի ժամ կամ օր մնա և այլն։ Telegram-ում գովազդների վերաբերյալ, ի տարբերություն Meta-ի, հնարավոր չէ ստանալ քանակի և ծախսված գումարի չափի վերաբերյալ տեղեկատվություն։ Իսկ ալիքներում գովազդի տեղադրման գինը որոշում է ալիքը վարողը։
Ալիքները բովանդակությամբ տարբերվում են, մի մասում տեղադրվում են հայերեն թարգամանությամբ կամ հայերեն ֆիլմեր, սերիալներ, որոնք ունեն մոտ 10-30 հազար հետևորդներ։ Կան նաև լրատվամիջոց ներկայացող ալիքներ, որոնք այլ հարթակներում հասանելի չեն, իսկ ալիքում նշված չէ, թե ում կողմից է այն կառավարվում։ Այս ալիքներում տեղադրվել են լուսանկարներ, 30 վայրկյանանոց տեսանյութեր, որտեղ ներկայացվում են կառավարության կատարած աշխատանքները՝ թոշակների բարձրացում, աշխատատեղերի ստեղծում և այլն։
Այսպիսով, ներկայացված գովազդների դեպքում վճարողին նույնականացնել ու ծախսերի ընդհանուր ծավալը գտնել հնարավոր չէ։ Meta-ի դեպքում, օրինակ, թափանցիկության այս քաղաքականությունն ինքնանպատակ չէ, իսկ կանոնակարգի խախտման դեպքում հրապարակումները կարող են հեռացվել, ինչը նկատել ենք որոշ էջերում։ Մի քանի էջի վերաբերյալ մեր դիտարկումներն ուղարկել ենք Meta-ին՝ ներկայացնելով տարածվող գովազդային հրապարակումների բնույթը։ Եթե այս դեպքերի վերաբերյալ մեկնաբանություն ստանանք, առանձին հրապարակմամբ կներկայացնենք։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել