HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն՝ միտված խաղամոլության կրճատմանը

Ազգային ժողովն այսօր՝ մայիսի 5-ին, առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած ««Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Այս մասին հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

«Նախաձեռնությամբ առաջարկվող սահմանափակումները միտված են պաշտպանելու սոցիալապես խոցելի խմբերին, կանխելու նրանց ֆինանսական վիճակի հետագա վատթարացումը, պահպանելու պետական աջակցության սոցիալական նպատակադրումը եւ նվազեցնելու խաղամոլությամբ պայմանավորված ընտանեկան ու հասարակական աղետները:

Հայկ Սարգսյանի խոսքով օնլայն կազինոներում իրականացված խաղադրույքների ծավալները վերջին ութ տարիներին աճել են ավելի քան 35 անգամ: «Եթե 2017 թվականին ինտերնետ կազինոների խաղադրույքների ծավալները կազմում էին 0.2 տրիլիոն դրամ, ապա 2025 թվականին, աճելով ավելի քան 35 անգամ, խաղադրույքների ծավալները հասել են 7.4 տրիլիոն դրամի»,- նշել է հեղինակը:

Նրա խոսքով ինտերնետ կազինոները դարձել են չարիք ու աղետ  ժողովրդի համար: Ըստ զեկուցողի՝ հարյուր-հազարավոր քաղաքացիներ իրենց ֆինանսական միջոցները վատնում են՝ վարակված լինելով այս կախվածությամբ: Նշվել է, որ աշխատած գումարներն ու խնայողությունները կորցրած եւ մեծ պարտքեր կուտակած  քաղաքացիները, սպառելով բարեկամների ու ընկերների վստահությունը, չկարողանալով այլեւս նոր պարտքեր ներգրավել, գտնվելով անելանելի եւ անօգնական վիճակում, հաճախ դիմում են անընդունելի քայլերի՝ կատարելով գողություններ, խաբեություններ եւ այլ հանցագործություններ: Բազմաթիվ ընտանիքներ քանդվում են, հարյուր-հազարավոր մարդիկ՝ դժբախտանում, շատերը դիմում են ինքնասպանության:

Հեղինակն առաջարկում է օրենքով պարտադիր պահանջ սահմանել, որ բոլոր օնլայն կազինոներն իրենց կայքերում եւ հավելվածներում՝ տեսանելի վայրում, ունենան ինքնաարգելափակման կոճակ, որը սեղմելուց հետո կարգելվի անձի մասնակցությունն օնլայն կազինոներին՝ 5 տարի ժամկետով՝ առանց վաղաժամ վերաբացման հնարավորության: Ընդ որում՝ 5 տարվա ժամկետի ավարտից հետո արգելափակումը կրկին կերկարացվի նույն ժամկետով, եթե ժամկետի լրանալուց 5 օր առաջ քաղաքացին դիմում չներկայացնի արգելափակումը հանելու վերաբերյալ:

Հեղինակը նաեւ առաջարկում է օրենքով արգելել խաղերին մասնակցությունն այն անձանց համար, որոնք որեւէ տեսակի նպաստ ստացող են: Նշվել է, որ նպաստառուի մասնակցությունը խաղերին հակասում է սոցիալական աջակցության տրամաբանությանը եւ խորացնում նրա սոցիալական խոցելիությունը:

Խաղերին մասնակցությունը կարգելվի նաեւ այն անձանց, որոնց եկամտի միակ աղբյուրը կենսաթոշակն է: Հիմնական զեկուցողի խոսքով եթե անձի միակ եկամտի աղբյուրը կենսաթոշակն է, ապա այդ միջոցը պետք է ծառայի կենսական կարիքների բավարարմանը՝ սնունդ, դեղորայք, կոմունալ վճարներ:

 Սնանկության վարույթում գտնվող, ինչպես նաեւ պետական բյուջեի ֆինանսավորմամբ կամ համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն որեւէ ծրագրից օգտվող անձանց եւս կարգելվի մասնակցություն ունենալ վերոնշյալ խաղերին: Հեղինակի առաջարկով քաղաքացիները կարող են խաղերին մասնակցություն ունենալ յուրաքանչյուր տարվա համար հայտարարագրված եկամտի 20 տոկոսի չափով: Այս դրույթի շուրջ հեղինակի եւ Կառավարության տեսակետները տարբերվում էին:

Պատգամավորը գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել նախագծին: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անունից ելույթ է ունեցել հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանը: Նրա խոսքով նախաձեռնությամբ  հնարավոր չի լինելու ամբողջությամբ լուծել խաղամոլության հետ կապված խնդիրները, սակայն դրանք էապես կկրճատվեն:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումը՝ նշելով, որ հեղինակն ընդունել է Կառավարության  ներկայացրած առաջարկների հիմնական մասը: Որոշ դրույթների վերաբերյալ քննարկումները շարունակվում են:

Ելույթներ են ունեցել պատգամավորները՝ անդրադառնալով նախագծի դրույթների թերություններին եւ դրական կողմերին, ընդգծել նաեւ օնլայն կազինոները սահմանափակելու կամ առհասարակ փակելու  կարեւորությունը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ է ունեցել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով նաեւ  գործընկերների հարցադրումներին եւ առաջարկներին: Նա գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել օրենսդրական փաթեթին: Օրվա վերջին նիստում պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter