Հարկադիր կատարողի առաքելությունն օրենքից բխող արդարությունն իրականություն դարձնելն է. Գլխավոր հարկադիրի շնորհավորական ուղերձը
Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարկադիր կատարողի օրվա առթիվ։
«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության սիրելի՛ ծառայողներ, սիրելի՛ վետերաններ,
Շնորհավորում եմ բոլորիս Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կազմավորման և հարկադիր կատարողի մասնագիտական օրվա առթիվ։
Ծառայության պատմության 28 տարիները խորհրդանշում են մեր համակարգի կայացումը, զարգացման ուղին և արդարադատության իրականացման գործում ունեցած կարևոր դերը։
Հարկադիր կատարման ինստիտուտը արդարադատության համակարգի հիմնասյուներից մեկն է՝ կոչված անշեղորեն ապահովելու դատական ակտերի կատարումը, օրենքի գերակայությունը և քաղաքացիների իրավունքների իրական պաշտպանությունը։
Ձեր ամենօրյա դժվարին ու պատասխանատու աշխատանքը թեև հաճախ մնում է հանրության աչքից հեռու, սակայն դրա արդյունքները տեսանելի են իրավական պետության կայունության ամրապնդման գործում։
Այս տարիների ընթացքում համակարգը անցել է զարգացման բարդ, բայց միևնույն ժամանակ արժանապատիվ ճանապարհ՝ արձանագրելով նշանակալի ձեռքբերումներ՝ ժամանակակից գործիքների ներդրմամբ և մեր քաղաքացիներին մատուցվող ծառայությունների արդյունավետությամբ։
Կայացած այս համակարգի հետևում, այդուամենայնին, կանգնած են մարդիկ, ովքեր իրենց պատասխանատվությամբ, սկզբունքայնությամբ և հավատարմությամբ, գիտելիքով և փորձով ձևավորել ու զարգացրել են համակարգը, նպաստել հանրային վստահության բարձրացմանը։
Հարկադիր կատարողի առաքելությունն օրենքից բխող արդարությունն իրականություն դարձնելն է, և մեր բոլորի ջանքերը պետք է մեկտեղվեն հանուն այդ գաղափարի:
Այսօր նաև լավ առիթ է շնորհակալություն հայտնելու մեր վետերաններին՝ իրենց ներդրած ավանդի և նվիրումի համար։
Կրկին շնորհավորելով բոլորիս օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ նոր ձեռքբերումներ, հաջողություններ և մասնագիտական առաջընթաց։
Շարունակեք պատասխանատվության բարձր գիտակցմամբ շարժվել առաջ՝ ի շահ քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնման և մեր երկրի բարօրության»։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել