Վահան Թոթովենց. Մա՜հ, մեզ ցողէ՛ քաղցրութեամբ... (մաս 2)
Ողջույն, Ամերիկա
Երբ սկսվեց 1-ին համաշխարհայինը, Վահան Թոթովենցը Ամերիկայում էր: Այստեղ էր հասել աշխարհ տեսնելու և կյանքը փորձելու համար: Մի օր նա ճամփա ընկավ Մեզիրէի իրենց տան մոտով անցնող և մինչև աշխարհի «ծայրը»՝ Բաղդադ ձգվող ճանապարհով և հասավ երբեմնի Բյուզանդիայի մայրաքաղաք՝ Կոստանդնուպոլիս: Կյանքն առջևում էր, և 1908թ. իշխանության եկածներն էլ համոզիչ ստում էին ապագայի մասին: Մի խոսքով՝ վարդաստանների մեջ թաղված, անսահման կապույտ երկնքով իր հովվերգական Մեզիրէն փոխարինվեց աղմկոտ, խառնիճաղանջ Կոստանդնուպոլսով: Վահանը այստեղ գրեց և տպագրեց առաջին գործերը: Իր ուսուցիչներ Ռուբեն Զարդարեանը և Թլկատինցին նրա մեջ գրական հակումներ էին նշմարել դեռ դպրոցում և դա կանխորոշեց Վահանի ապագան: Հիմա էլ Սիամանթոն՝ հիացած նրա տաղանդով, Բոստոնի «Հայրենիք» թերթի միջոցով ամերիկահայ ընթերցողին ծանոթացրեց Վահան Թոթովենց անուն երիտասարդ գրողին: Եվ երբ «հարաւային Եւրոպայի կախարդական ափերը՝ Արշիպեղագոս կղզիները» այցելելուց հետո Ֆրանսիայով հասավ Ամերիկա, այստեղ արդեն լսած էին իր մասին: Հենց այս երկրում էր, որ Վահանը տեսավ «կեանքի յատակը» և միաժամանակ «...ստացայ բարձրագոյն կրթութիւնս գրականութեան, պատմութեան և ազատ արուեստների ֆակուլտետում (Ուիսքոնսի համալսարան),- գրեց ինքնակենսագրականում:

Ցտեսություն, Ամերիկա
Մորեղբայրները արդեն տևական ժամանակ է ապրում էին այստեղ: Նրանցից մեկը գորգավաճառ էր, ապրում էր Մինեսոթայի Սենթ Փոլ քաղաքում: Վահանը նրա մոտ աշխատանքի անցավ: Հնաոճ գորգեր էր նորոգում: Ճաշարաններում էլ աման էր լվանում՝ ապրելու համար քանի մը սենթ ավել վաստակելու և համալսարանում ուսումն ապահովելու համար: Շուտով համաշխարհային իրադարձություններն այնպիսի ընթացք ստացան, որ Ամերիկայի շքեղությունը և միաժամանակ հատակը ներսից տեսած Վիսկոնսի համալսարանի սան Վահանին, ստիպեցին թողնել ամեն բան և վերադառնալ Հայրենիք: Czar ուղևորատար շոգենավը, որ արտադրվել էր դանիական ընկերության ռուսական քույր ձեռնարկության պատվերով և առաջին անգամ Գլազգոյի նավաշինական գործարանից ջուրն էր իջեցվել 1912թ.Մարտի 23-ին, երթևեկում էր Ատլանտյան օվկիանոսով: 1ին աշխարհամարտի սկսվելուն պես, այն Ամերիկայից Եվրոպա զորքեր էր տեղափոխում՝ սպասարկելով Նյու Յորք-Արխանգելս երթուղին: Հենց այս երթուղով էլ Վահան Թոթովենցը ուրիշ հայ կամավորականների հետ ճանապարհ ընկավ դեպի կովկասյան ճակատ` անսալով շատ կոչերի՝ Պողոս Նուբար փաշայից մինչև Մկրտիչ Փորթուգալեան և մյուսներ: Կովկասում, իբրև ազգային գործիչ, նրան կճանաչեն Արսեն Մարմարեան ծածկանունով: Ազգային բյուրոյի պաշտոնական զեկուցագրում կարդում ենք. «Գործը չափազանց նոր է, եւ ոչ մէկը չէր կարող պատկերացնել, թէ հայ ժողովուրդը, որ դարերով ապրել է ստրկական վիճակում, կարող կը լիներ երեւան հանել մի այդպիսի մեծ ուժ, որ ինքնակամ կը գնար նահատակուելու հայ ժողովրդի ազատութեան համար: Հազարներով էին վազում կամաւոր գրուելու՝ ծեր, պատանի, առողջ եւ հիւանդ, զինավարժ եւ ոչ զինավարժ ...մերժել անկարելի էր: Այս հանգամանքը ապացուցում է, թէ հայ ժողովրդի հոգու ներսը որքան մեծ առաքինութիւններ են թաքնուած»:

...դուք պէտք է մօտենաք վրացի ժողովուրդին
Վահանը նախ մտավ Հովսեփ Արղութեանի ջոկատ: «Հազիվ մի քանի ամիս մնացի կամավորական խմբերում՝ հիասթափվեցի և դուրս եկա»: Թիֆլիսում Անդրանիկ Զորավարի հետ հրատարակեց «Հայաստան» օրաթերթը, բարեկամացավ Զորավարի մեծ ընկերոջ՝ Հովհաննես Թումանեանի հետ. «Նրանք իրար շատ էին սիրում՝ բարքերի, ըմբռնումների խիստ նմանութիւն կար երկուսի միջեւ»: Թումանեանի հետ Վահանը զբաղվում էր գաղթականության, որբուկների հարցերով: Հիշում է, թե մի անգամ զրույցի ժամանակ մի ամերիկացի նրան հարց տվեց, թե ինչ տարբերություն ամերիկացու և հայի միջև: Թումանեանը պատասխանեց. «Ամերիկացիները ծնուում են, ապրում և մեռնում, իսկ հայերը ծնուում են, ապրում և սպանուում»: Շուտով՝ 1920-ին, Կոստանդնուպոլսում Արսեն Մարմարեան-Վահան Թոթովենցը լույս ընծայեց «Զօրավար Անդրանիկ եւ իր պատերազմները» արժեքավոր օրագրությունը: Վահանը կամավորներով Կովկաս գալով՝ նրա կողքին էր, իբրև հավատարիմ համհարզ, անձնական թարգմանիչ: Պատմում է Անդրանիկի մղած ճակատամարտերի, վարած բանակցությունների, գաղթականներին ցուցաբերած օգնության և ապահով տեղաշարժի, նրա քաջ, բարի և պինդ սրտի մասին: 1917 Մայիս 29-ին Անդրանիկը առիթ ունեցավ հանդիպելու Թիֆլիսում ամերիկյան հյուպատոս Սմիթին: Վահանը նրա թարգմանիչն էր: «Ամերիկեան հիւպատոսը ողջունեց Անդրանիկին իբրեւ Հայոց մեծագոյն հերոսը»: Զորավարը հյուպատոսին ներկայացրեց մեր ժողովրդի իրական կացությունը և հույս հայտնեց թե՝ «վստահօրէն դուք նկատի կ՛ունենաք մեր՝ ձեր վրայ դրած յոյսերը...»: Թե՛ Անդրանիկը, թե՛ Վահանը, անշուշտ գիտեին, որ ամերիկացիները «այստեղ զօրք չեն փոխադրեր, բայց կրնան մեզ օգնել ազգային խումբեր կազմելու... Մենք պատրաստ ենք դարձեալ դիմելու դէպի կովկասեան ռազմաճակատ, որովհետեւ տակաւին արիւն ունինք թափելու մեր ազատութեան համար, մանաւանդ երբ ամերիկեան հանրապետութիւնը մեզ ձեռք երկարէ մեր փոքրիկ ուժերը ի մի հաւաքելու մեր ջանքերի մէջ», թեև գրեթե վստահ էին, որ «ռուսական առժամեայ կառավարութիւնը համամիտ պիտի չըլլայ ազգային խումբեր կազմելու տեսակէտին»: Հյուպատոս Սմիթի հարցումին, թե ինչպես կարող է Անդրանիկը «թեթեւացնել անգլիական բանակի վրայ թուրքերու կողմէ եղած ճնշումը Միջագետքի մէջ», Անդրանիկը քարտեզի վրա ներկայացրեց երեք ուղղություններով դեպի Տիգրանակերտ առաջանալու հնարավորությունը և զորքի, ռազմամթերքի, պարենավորման և հանդերձանքի քանակական և որակական մանրամասները՝ նախահաշիվներով: Ոգևորված Սմիթը հաջորդ օրը մեկնելու էր Պետրոգրադ՝ դաշնակիցների ռազմական ներկայացուցիչներին Անդրանիկի հաշվարկները ներկայացնելու համար: Կերենսկին՝ ռուսական ժամանակավոր կառավարությունից, ինչպես վաղօրոք կանխատեսել էր Զորավարը, արգելք եղավ Կովկասում հայկական ազգային բանակ կազմելու գաղափարին: Արսեն Մարմարեանը արձանագրում է ամեն մանրամասնություն հյուպատոսի և Անդրանիկի զրույցի: Սմիթը համոզված էր՝ «Դուք պէտք ունիք ուժեղ եւ հաւատարիմ բարեկամի մը Անդրկովկասի մէջ: Ի հարկէ դժուար պիտի ըլլար համերաշխիլ Անդրկովկասեան թաթարներուն հետ, որոնք կապուած են օսմանցիներու հետ...» և հայ ժողովուրդի բարեկամության կարիքը չունեն: «...Աւելի հեռուները երթալու պէտք չկայ, դուք պէտք է մօտենաք վրացի ժողովուրդին»:
Հայ հայրենասիրութեան մեծ «գինով»ն է Անդրանիկ...
Ինչևէ՝ հայտնի են դեպքերը, զարգացումները, պատերազմի հանգուցալուծումը, Անդրանիկի ճակատագիրը...և նրա կտակը: Զորավարին պաշտում էր ժողովուրդը, օտարները մեծագույն հերոս էին անվանում, իսկ բոլշևիկները, հատկապես՝ հայ, արգահատանքով նրան շովինիստ և իրենց բարեկամ թուրքերի ջարդարար էին համարում: Նա ո՛չ պատիվներ էր ակնկալում, ոչ փառավոր թաղում, միայն սա՝ «թող հայ ժողովուրդը կանգնեցնէ աւերակ դարձած Առաքելոց վանքը եւ այնտեղ հիմնէ փոքրիկ ուսումնարան մը հայ մանուկներուն համար. այս է իմ ամբողջ բաղձանքս եւ բարոյական պահանջս հայ ժողովրդէն»: Թոթովենցը պատմում է, որ Զորավարը աշխարհի վրա իր միակ սեփականությունը՝ Վառնայի «տունը կտակած է ազգին, այսինքն՝ Առաքելոց վանքը վերստին շինելու օգտին»: Թվում է, թե այս հսկա մարդու շուրջ գոնե ճղճիմ բանսարկություններ, քսություններ անկարելի է, որ լինեին: Բայց կային: Համհարզ Արսեն Մարմարեանը, որպես օրն ի բուն Զորավարի հետ եղած մեկը, հիշում է նրա՝ խմող լինելու շուրջ զազրախոսությունները և պատասխանում դրանց՝ «Անդրանիկ կը խմէ առատ եւ պաղ ջուր, կը խմէ չափազանց լիմոնաթ, կը սիրէ խմել եւ քոնեաք: Քոնեաքը կը խմէ անիկա բոլորովին առանց մեզէի, քիչ մը շաքար նետելով բերանը ամէն մէկ գաւաթէ յետոյ: Կը խմէ միայն իրիկունները ընթրիքէն առաջ... Կը խմէ նաեւ ճակատամարտներու ատեն երբ շատ ցուրտ է եւ կռիւը տաք»: Արսեն Մարմաեանը գրում է, թե ոչ ոք գիտե, թե ինչ քոնեաք էր Անդրանիկի խմածը: «Այդ քոնեաքը կարելի չէր գտնել, որովհետեւ անիկա այդ քոնեաքը խմած էր մէյ մը իր երիտասարդութեան ատեն Շապին Գարահիսարի մէջ եւ յետոյ ինք պատրաստած էր աւելի լաւ տեսակը Սասնոյ բարձունքներուն վրայ: Ո՛չ ոք չի կրցաւ այդ քոնեաքէն ձեռք բերել: ...Այո՛, Անդրանիկը կը խմէ: Ո՛վ որ հերոսացու է, թող գտնէ Անդրանիկի խմած քոնեաքի ֆապրիքան: Հայ հայրենասիրութեան մեծ «գինով»ն է Անդրանիկ»:
«Վշտապատում»-ի համար
Վահանը Թիֆլիսում Զապել Եսաեանից իմանում է Լևոն Շանթի՝ վերապրածներից ցեղասպանության սոսկալի դեպքերի և կորուստների վերաբերյալ վկայություններ հավաքելու ծրագրի մասին և այդ նպատակով մեկնում է Կարին և Երզնկա: Կարինում նաև աշխատում է նոր հիմնված որբանոցում: Հետո Շանթին ներկայացնում իր հավաքած նյութերը: Թոթովենցը, իր խմբագրությամբ լույս տեսնվող «Հայաստան» պարբերականում, հրատարակում է «Մեծ Եղեռնի պատմութիւններ» շարքը և ընթերցողներին դիմում վերապրածների վկայությունները գրի առնելու և խմբագրություն ուղարկելու կոչով: «Օտարազգի մեր բարեկամները աւելի փութկոտ են այդ տեսակէտէն քան մենք»:
Ամուսնություն և կրկին Ամերիկա
Թիֆլիսում, ազգային բազում հարցերի լուծման հետ մեկտեղ, Վահանը լուծեց նաև իր անձնական հարցը՝ ամուսնացավ Հովնանեան դպրոցի շրջանավարտ, Թիֆլիսեցի Լուսիկ Հովսեփեանի հետ՝ ծնված 1905թ: Լուսիկը քույրն էր Երվանդ Քոչարի առաջին անմոռանալի սիրո՝ էլի՛ Հովնանեան դպրոցի աշակերտուհի՝ երկարամազ, տխուր աչքերով և «զարմանալի գեղեցիկ ձեռքեր»ով Արփենիկի: Տիկնոջ հետ ճանապարհվեց կրկին դեպի Ամերիկա:

Տիկնոջ՝ Լուսիկ Հովսեփեան-Թոթովենցի հետ
Ընտանիքում Վահանը միակը չէր, որ Խարբերդի նահանգը թողած, հասել էր այս հեռավոր կողմերը: Արդեն գիտենք՝ մորեղբայրներն ամենքը այստեղ էին: Իր ավագ եղբայրներից Լևոնը, տարիներ առաջ ևս այս կողմերում էր եղել: Ապրել էր Մասաչուսեթսում և ոտքով-գլխով մտել վտանգավոր խաղերի մեջ. Նյու Յորքի բորսայում տվել-առել էր, մի օր միլիոնատեր էր, հաջորդ օրը սենթի կարոտ: Նա է, որ 1908-ի Նոյեմբեր 8-ին դիմավորեց՝ առաջին անգամ Ամերիկայում ափ իջած Վահանին: Ի վերջո վերադարձավ Խարբերդ: Գործուն դաշնակցական էր՝ իր ուսուցիչ Ռուբեն Զարդարեանից գաղափարական դասեր առած: Ցեղասպանության օրերին իր կուսակիցների հետ հրկիզվող բատնում էր. «...սպանուեց,ինչպէս պատմում էին, յորդահոս արիութեամբ, բուռն թափով եւ եղերական կերպով»: Ավագ քույրը՝ բոլորին հասնող Խասիկը, 1902 կամ 1903-ին, ամուսնանալով ամերիկայից եկած ոսկե ատամներով և Ջինջիլեան ազգանունով մեկի հետ, տեղափոխվել էր Նահանգներ: Ուներ 3 զավակ և դժբախտ էր իր ամուսնական կյանքում: Մյուս եղբայրը՝ Գևորգն էր, որի համար աշխարհի ամենից քաղցր և համեղ բանը չամիչն էր: Ծանր հիվանդությունն անգամ կնահանջեր, եթե սոսկ լսեր բաղձալի «չամիչ» բառը: Գևորգ Թոթովենցը ևս վաղուց այստեղ էր: 1915-ին վաճառող էր աշխատում Մինիապոլիսի խանութներից մեկում: Հետո՝ 1917-ին զինվորագրվել էր ԱՄՆ բանակ՝ Գևորգ Հովհաննես Թոթովիկ անունով: Ի՜նչ խանդաղատանքով էր Վահանը խոսում փոքր քրոջ՝ Ձայնիկի մասին, որ այնքան նման էր իրեն՝ կապտաչյա, սևահեր, երկար թունդ թարթիչներով և ճերմակ մորթով: Վահանը կարծում էր, որ եթե ինքը աղջիկ ծնված լիներ, ապա կլիներ հենց Ձայնիկի պես: Ձայնիկը իրենց մոր վերջին զավակն էր.«Քեզնով վերջացաւ, կապուտաչեայ իմ քոյր, նրա կողերի խայտանքը...»: Ձայնիկը Ամերիկայում էր 1913-ից: Բոստոնում ամուսնացել էր մշակութային գործիչ Խարբերդցի Հովհաննես Ծովիկեանի հետ: 1930թ.Վահանին գրած նամակներից մեկում, որ պահվում է ԳԱԹ-ի՝ Վահան Թոթովենցի թղթածրարում, գրում է՝ թե «եկել էր Շահան Նաթալին...»՝ Խարբերդցի արդարադատ հայը, մեկը «Նեմեսիս» գործողության ոգեկոչողներից:

Վահանը եղբոր՝ Գևորգի հետ, 1914թ., Ամերիկա
Մյուսները
Ընտանիքի մյուս երեխաներն էլ ստացել էին իրե՛նց բաժին ճակատագիրը: Վահանը ասում էր, որ ավագ եղբայրը՝ Հակոբը, իր մորից փոքր էր ընդամենը 13 տարով: Նա հրաժարվել էր լավ կրթությունից՝ իր սիրելի Մարան նժույգից չբաժանվելու համար: Երբ Մարանը սատկեց, որդուն մխիթարելու համար, հայրը նրան ճամփորդության ուղարկեց: Արդեն անգամներ եղել էր Պոլիս-մոլիսներում՝ այստեղ «քիթ-բերանը աղջիկներուն քսեր էր»: Մի անգամ էլ Վահանին կարմիր մուճակներ էր բերել նվեր: Երբ Վահանը դրանցով դուրս էր գալիս, իրեն թվում էր, թե ամբողջ Մեզիրէն իր ոտքերին է նայում: Հակոբը ուրիշ մեծ քաղաքներում նույնպես եղել էր, բայց տնաշենը ո՛նց չէր մտել Սեբաստիայում, Մարզվանի մոտ Խավզա գյուղի տաք, առողջարար ջերմուկներով բաղնիքը: Ինչևէ: Հակոբը արդեն պատրաստ էր ամուսնանալու: Հայրը անթերի աղջիկ էր ուզում իր ավագ տղայի համար և պատվիրել էր կնոջն անհապաղ գտնել մեկին: «Դուն հրեշտակ կ՛ուզիս, աշխարքի մէջ հրեշտակ կա՞յ»: «...Աղեկ ըսիր, հրեշտակ կ՛ուզիմ...»: Եվ գտան՝ Թերզեանների «լուսնկայէն ինկած Եղիսաբեթ»ին, որ հազիվ 13-14 տարեկան էր: Ամուսնացրին: Եղիսաբեթը տանը խաղ էր անում փոքր տաքրերի և տալերի հետ, մինչև որ ամուսինը՝ Հակոբը կվերադառնար գործից, կգրկեր նրան, կհամբուրեր՝ «աղուորս» ասելով կտաներ իրենց սենյակ: Այդպես ունեցան 6 զավակ: Հակոբը սպանվեց 1915-ին: Նրբագույն ձեռագործի վարպետ Սիրանուշը՝ մյուս քույրը, դիմացինին «ճաքեցնելու մեծ հատկութիւն ունէր: Ճաքեցնելու համար նա չէր ընդդիմախօսում. ճաքեցնում էր համաձայնելով, այդ համաձայնութեան մէջ կար այնպիսի նրբին հեգնութիւն...»: Սիրանուշը երիտասարդ որբևայրի եղավ՝ ամուսինը սպանեցին Խարբերդի կոտորածների ժամանակ: Մեզիրէում ամեն բան յուրօրինակ էր: Անգամ՝ կոնքերը աջ-ձախ անելով ճեմող թեթևաբարո Մարիցան՝ իր պարարտ բարեմասնություններով և երկնագույն հովանոցով... Իսկ Վահանին շրջապատող աղջիկները «գարուններ էին, որոնք վազում էին գարունների մեջ, նրանք ծաղիկներ էին, որոնք թավալվում էին ծաղիկների գրկում»:
Զքեզ ըմպեմ, ո՜ վ աղջիկ
Ծննդավայր Մեզիրէի քաղցր հուշերն արդեն դառնացել էին: Քաղաքի գարուններից մեկը՝ Վերոնը, իր նշանածն էր դեռ օրորոցից: Երբ Վերոնը մի քիչ մեծացավ և իմացավ, այդ մասին, Վահանին տեսնելիս փախչում էր: «Փոքրիկ աղջիկ, ես յիշում եմ քո մարգարտեայ ատամները, քո ծնօտի փոսիկը, քո ձեռքը, որի նմանը ես տեսայ միայն Ջիոկոնդայի կրծքի վրա, յիշում եմ քո ճակատը, բարձր և լայն: Ես լսեցի, որ երկինքը խորտակուել է քո պայծառ պարտէզների վրայ»: Մեզիրէի մյուս գարունը՝ Քրիստինեն՝ «դժգոյն, ինչպէս սառած մաքուր մեղրը», որ Վահանին տեսնելիս կրակի գույն էր առնում: Սերն էր պատճառը: Թմբլիկ էր, փափլիկ, ճերմակ ձեռքերով… ո՜նց էր խաղում Վահանի հոգու հետ. փախչում էր, որ բռնվի և հայտնվի նրա գրկում` Վահանի շուրթերին այնքան մոտ... Վահանը Քրիստինեի վարսերից առնում էր պարտեզի բոլոր ծաղիկների բույրը:
................
Եկո՛ւր, երթա՜նք անձրեւին տակ ամառուան,
Դուն հոն ըմպէ՛
Կարմիր հոգիս քերթողի:
..................
Ո՜վ գեղուհի:
Եկո՛ւր, երթա՜նք դէպի բլարակն հրաշքին,
Ըմպեմ, ըմպե՜մ լիաշուրթն
Քու աչքերուդ ընդմէջէն
Զով սարսուռը բնութեան:
.............
Եկո՛ւր, երթա՜նք դէպ իրիկնամուտը շառայլ,
Իմ թեւերուս մէջ հեծեծող դու անուրջ,
Վերափոխուէ՛, հոն ճաճանչէ՛ բոցերու
Եւ ծարաւի, ես ցամաքած ու տոչոր՝
Զքեզ ըմպեմ...ո՜վ աղջիկ,
Իբրեւ վերջին փրփրոտ կոհան արեւին:
Դառը հուշերի շարքում էր նաև Ռեբեկան՝ մորաքի աղջիկը: Այս գարուն-աղջիկն էլ իր պես կապույտ աչքեր ուներ, ոնց որ երկինք լինեին: «Այդ երկինքը խորտակուեց Ռեբեկայի լուսաբացի բարձր և սպիտակ շուշանների վրայ: Տարան նրան արաբական անապատ...»: Անարգեցին, նրա սիրուն դեմքը պատեցին դրոշմներով...«Քոյր, խոնարհուում եմ քո զարհուրելի ճակատագրի առաջ... Ընդունիր քո եղբօր արցունքը...»: Հաճախ էր Փարիզից, Ամերիկայից, Պոլսից, Երևանից քնի մեջ տեղափոխում իր ծննդավայր, մութ գիշերով հայտնվում պայծառ մանկության անհետացած աշխարհում, լսում մոր ձայնը...
շարունակելի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել