HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ճանապարհների փոսերից վնաս կրած վարորդները հրաժարվում են դատարան դիմելուց՝ ծախսերի և երկարատև գործընթացների պատճառով

Մոտ 200 հազ. դրամ վնաս, 400 հազ. դրամ դատական ծախս և առնվազն 3-4 տարվա սպասում․ այս հաշվարկով են վարորդները փորձում ճանապարհների փոսերի հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում ստանալ։ Բյուրոկրատիան և տարիներով ձգձգվող դատական քննությունը վարորդներին հետ են պահում փոխհատուցում ստանալու իրենց իրավունքից: Այդ է պատճառը, որ փոխհատուցում ստանալու համար դատարան քիչ են դիմում: 2026թ. ապրիլի 3-ի դրությամբ միայն Երևանի քաղաքապետարանը ավտոճանապարհներին առաջացած փոսերի վերաբերյալ ստացել է 523 դիմում-բողոք, իսկ 2025-ին՝ 882: Փոսեր կան ոչ միայն համայնքային, այլև միջպետական ճանապարհներին, որից էլ տուժում են վարորդները:

Արթուր Վարդանյանը 2021թ. մարտի 26-ին ժամը՝ 21:30-ի սահմաններում, «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով, Առինջ գյուղի մոտակայքում ենթարկվել է ճանապարհատրանսպորտային պատահարի, որի հետևանքով ավտոմեքենային պատճառվել է զգալի վնաս: Մասնավորապես՝ վնասվել են ավտոմեքենայի առջևի կախոցի երեք թևերը, ինչպես նաև առջևի և հետևի ձմեռային անվադողերը:

Արթուր Վարդանյանը 2024թ. մայիսի 5-ին, ընդդեմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ), դիմել է Վարչական դատարան: Նա պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել նախարարության անգործությունը, ըստ որի՝ ճանապարհային երթևեկության համար վտանգ ներկայացնող խոչընդոտը չի վերացվել։ Քաղաքացին դատարանի միջոցով փորձում է հաստատել, որ նախարարությունը պարտավոր էր անհապաղ միջոցներ ձեռնարկել ճանապարհի անվտանգությունն ապահովելու համար, սակայն թերացել է իր պարտականությունների մեջ։ Վարդանյանը հայտնել է, որ հետագայում գույքային վնասի հատուցում պահանջելու մտադրություն ունի:

Ա. Վարդանյանը դատարանում նշել է, որ դեպքը տեղի է ունեցել գիշերը: Ասֆալտը թաց է եղել, իսկ ճանապարհը՝ չլուսավորված: Փորձել է շրջանցել փոսերը, սակայն երթևեկող ավտոմեքենա է եղել ճանապարհի վրա, որին նույնպես ցանկացել է շրջանցել, բայց դարձյալ փոսեր են եղել:

Արթուր Վարդանյանը հայցադիմումում նշել է, որ ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացման հարցում մեղավոր են Մ-15 հանրապետական նշանակության ավտոճանապարհի և դրա ինժեներական կառույցների պահպանման համար պատասխանատու պաշտոնատար անձինք: Պատասխանատվությունը կրում է նախարարությունը, քանի որ ցուցաբերել է անգործություն:

Վթարի վայրում ոստիկանության ծառայողը կազմել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրի սխեմա և «Նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի մասին» արձանագրություն: Իսկ «Քրեագետ» դատական և անկախ փորձաքննությունների կենտրոն ՍՊԸ-ի փորձագետի եզրակացության համաձայն՝ Ա. Վարդանյանի ավտոմեքենային պատճառված վնասի ընդհանուր չափը կազմել է 175 հազ. դրամ։

ՏԿԵՆ-ը գործի քննության ավարտից հետո է միայն դատարան ներկայացրել գրավոր դիրքորոշում և ապացույցներ, ինչը դատարանը հաշվի չի առել՝ դատավարական ժամկետների խախտման պատճառաբանությամբ:

Դատարանը 2025թ. նոյեմբերի 6-ին բավարարել է Արթուր Վարդանյանի հայցը: Ոչ իրավաչափ է ճանաչել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղի վարչական սահմաններում գտնվող, Մ-15/Մ-4 (Վերին Պտղնի)-Մասիսի տրանսպորտային հանգույց ճանապարհի երթևեկության անվտանգությանը սպառնացող խոչընդոտը 26.03.2021թ-ի դրությամբ վերացրած չլինելու անգործությունը:

Վարչական դատարանն արձանագրել է, որ ընդհանուր օգտագործման միջպետական ավտոմոբիլային ճանապարհների պահպանման և երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատուն հանդիսանում է ճանապարհի տնօրինողը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, որը կրում է, ի թիվս այլնի, նաև ավտոմոբիլային ճանապարհների խնամքի և պահպանման համալիր աշխատանքների իրականացման պարտականություն:

Հիմք ընդունելով ոստիկանության աշխատակցի կազմած սխեման և արձանագրությունը՝ Վարչական դատարանը հիմնավոր է համարել, որ միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի վրա եղել են այնպիսի փոսեր, որոնք, չափերով և տեղակայման վայրով պայմանավորված, հանգեցրել են ճանապարհատրանսպորտային պատահարի:

Դատարանը փաստել է, որ ՏԿԵՆ-ը, հանդիսանալով միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի պահպանման պատասխանատուն և կրելով այդ ճանապարհի խնամքի և պահպանման համալիր աշխատանքներ իրականացնելու պարտականություն, չի ապահովել առաջացած փոսերի նորոգման աշխատանքների կատարումը, ինչն էլ հանգեցրել է ճանապարհատրանսպորտային պատահարի:

Հաշվի առնելով, որ պատահարը տեղի է ունեցել նախարարության ենթակա ճանապարհի փոսերի պատճառով՝ Վարչական դատարանը փաստել է, որ տրանսպորտային հանգույցի պահպանման և երթևեկության անվտանգության ապահովման նպատակով նախարարության և այլ ընկերության միջև պայմանագիր կնքված լինելու փաստը ՏԿԵՆ-ին չի ազատում օրենսդրությամբ իր վրա դրված պարտականության պատշաճ կատարումն ապահովելու համար պատասխանատվությունից:

«Այլ ընկերության հետ համապատասխան պայմանագիր կնքված լինելու դեպքում, Պատասխանողը կրում է նաև այդ ընկերության միջոցով իր պարտականության կատարմանն ուղղված աշխատանքների վերահսկման պարտականություն, այսինքն՝ ճանապարհի պահպանման համալիր աշխատանքները որևէ ընկերության հանձնարարելու դեպքում Պատասխանողը կրում է այդ աշխատանքների ընթացքն ու դրա արդյունքները վերահսկելու պարտականություն՝ կրելով նաև դրա բացասական հետևանքները»,-նշված է վճռում:

ՏԿԵՆ-ը բողոքարկել է դատարանի վճիռը Վերաքննիչ վարչական դատարան: Առաջին դատական նիստը նշանակվել է 2027թ. հունիսի 23-ին: Այսինքն՝ վնաս կրած վարորդն ուժի մեջ մտած դատական ակտ կունենա հայց ներկայացնելուց առնվազն 3 տարի անց, եթե կողմերը չբողոքարկեն նաև Վերաքննիչ դատարանի որոշումը:

Ինչո՞ւ վարորդները չեն դիմում դատարան

Վերջին տարիներին վարորդներին անհանգստացնում են ոչ միայն միջպետական ճանապարհների փոսերը, այլև համայնքային: Մամուլը հաճախ է գրում, իսկ ակտիվիստները պարբերաբար ահազանգում են, որ փոսերի պատճառով վթարներ են լինում ճանապարհներին, վարորդները վնասներ են կրում, իսկ համայնքային իշխանությունները դրսևորում են անգործություն:

Անդրադառնալով ճանապարհների փոսերի վերաբերյալ քաղաքացիներից ստացված մեծաթիվ դիմում-բողոքներին՝  Երևանի քաղաքապետարանն այն պայմանավորում է եղանակային պայմաններով:

«Այս հոսքը պայմանավորված էր ձմռան շրջանում գոյացած մեծ ծավալի փոսերով, ինչն էլ նաև եղանակային պայմանների հետևանք էր: 2025-2026թթ. ձմեռը վերջին տասը տարվա ամենատեղումնառատ ձմեռն էր»,- «Հետքին» հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Քաղաքապետարանից հետաքրքրվել էինք՝ տեղեկություններ ունե՞ն, թե 2025-2026թթ. ավտոճանապարհներին առաջացած փոսերի պատճառով քանի ավտոմեքենա է վնասվել: Եվ այդ պատճառով քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց պատճառված վնասի հատուցման պահանջով արդյոք դատական հայցեր ներկայացվել են Երևանի քաղաքապետարանի դեմ: Վնասված ավտոմեքենաների վերաբերյալ պատասխան չի տրամադրել քաղաքապետարանը, իսկ դատական գործերի վերաբերյալ, ինչպես միշտ, հորդորել են տեղեկությունը գտնել դատական տեղեկատվական համակարգերից: Սա, ըստ էության, պատասխան տրամադրելուց խուսափել է, քանի որ քաղաքապետարանը գործերի վերաբերյալ տեղեկություն հնարավոր չէ չունենա, երբ պատասխանող կողմում հենց ինքն է: Իսկ տեղեկատվական համակարգերում ամբողջական տեղեկատվություն ստանալը գրեթե անհնար է, քանի որ պահանջների հստակ տարանջատում չկա:

Ըստ քաղաքապետարանի՝ 2025թ.-ին աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությունը ստացել է ավտոճանապարհներին առաջացած փոսերի հետևանքով հասցված գույքային վնասի հատուցման 5, իսկ 2026թ.-ին՝ 3 դիմում:

Փաստաբան Արտակ Խաչատուրովն ասում է՝ չդիմելու հիմնական պատճառն այն է, որ մեծ մասի վնասը 40-200 հազ. դրամ է կազմում, քանի որ վնասվում է անվադող, անվահեծ և այլն:

Փաստաբանը նշում է, որ փոխհատուցում ստանալու նպատակով դատարան չդիմելու պատճառներից մեկն էլ Վճռաբեկ դատարանի 2010թ. նախադեպային որոշումն է (այժմ էլ Վճռաբեկ դատարանը հղում է կատարում այդ որոշմանը), որով բարդացվել է այդ գործընթացը:  Արտակ Խաչատուրովը օրինակով փորձում է ցույց տալ, թե ինչու հեռանկարային չէ դատական պաշտպանությունն ու փոխհատուցում ստանալը:

Օրինակ՝ ճանապարհին փոսեր կան, ճանապարհային նշանն էլ տեղադրված չէ: Քաղաքացուն պատճառվել է 200 հազ. դրամի վնաս: Տեղում պետք է հրավիրել պարեկային ծառայողի, որ արձանագրություն կազմի: Այնուհետև պետք է իրականացվի երկու փորձաքննություն: Փորձագետներից մեկը պետք է տա պատճառի, մյուսը՝ վնասի չափի վերաբերյալ եզրակացություն:

Դրանից հետո պետք է դիմել, օրինակ, Երևանի քաղաքապետարան, վնասի փոխհատուցման պահանջով: Ըստ Ա. Խաչատուրովի, քաղաքապետարանը պրակտիկայի համաձայն, չի ընդունում իր մեղքը: Խաչատուրովի ընկերությունը նաև փորձագիտական ծառայություններ է մատուցում, փաստաբանը չի հիշում մի դեպք, որ քաղաքապետարանն ընդունի «մեղքը»: Դրանից հետո պետք է դիմել Վարչական դատարան՝ Երևանի քաղաքապետարանի անգործությունը ճանաչելու պահանջով: Փաստաբանն ասում է՝ սովորաբար քաղաքապետարանը բողոքարկում է առաջին ատյանի դատարանի վճիռները, և եթե Վճռաբեկ դատարան որևէ մեկը բողոք չտանի, ապա 2028թ. նոր միայն հնարավոր կլինի ուժի մեջ մտած վճիռ ունենալ:

Վնաս կրած քաղաքացին, ըստ փաստաբանի, այդ վճիռը պետք է տանի Երևանի քաղաքապետարան, որպեսզի պահանջի 200 հազ. դրամ վնասը, քանի որ վճռով արդեն հաստատված է քաղաքապետարանի անգործությունը:

«Երևանի քաղաքապետարանը ստանդարտ պատասխան է տրամադրում: Ասում են՝ չի հիմնավորվում, որ վնասի չափը կապ ունի տվյալ փոսի հետ, բացի այդ, մենք փորձաքննությանը մասնակից չենք եղել»,- նշում է Ա. Խաչատուրովը:

Փաստաբանի խոսքով՝ դրանից հետո քաղաքացին նորից պետք է դիմի Վարչական դատարան՝ պատճառված վնասի փոխհատուցման պահանջով, որի դատական ակտը ակնկալվում է ստանալ 2029թ.-ից ոչ շուտ:

Ա. Խաչատուրովն ասում է՝ բյուրոկրատիան այնքան շատ է, որ առանց փաստաբանի գրեթե հնարավոր չէ իրավունքի պաշտպանություն իրականացնել: Նա հաշվարկում է նաև ծախսերը, որը պետք է քաղաքացին իրականացնի՝ դատական պաշտպանության ընթացքում:

Այդ գործերով փաստաբանի վարձրատրության նվազագույն գումարը 150 հազ. դրամ է: Երկու փորձաքննությունների արժեքը մոտ 100  հազ. դրամ է, դրան էլ ավելանում են պետական տուրքերը: Փաստաբանի հաշվարկով՝ 200 հազ. դրամ վնասի հատուցումը ստանալու համար քաղաքացին պետք է ծախսի մոտ 400 հազ. դրամ: Այդ գումարները քաղաքացին կարող է ամբողջությամբ հետ ստանալ քաղաքապետարանից, եթե գործն իր օգտին լուծվի, բայց այդ գումարի համար 3-4 տարի դատական քաշքշուկներով քչերն են անցնում: Վնասի չափը, ըստ փաստաբանի, պետք է լինի առնվազն 800 հազ. դրամ և ավելին, որ մարդիկ դատական գործընթացների մեջ մտնեն:

«Սա էլ Վճռաբեկ դատարանի որոշման «արդյունքն» է, որ միանգամից չես կարող դիմել դատարան՝ մեղավոր ճանաչելու և փոխհատուցում վճարելու պահանջներով: Սա իր հետ բերել է վարչական մարմինների փնթիության և անգործության, դատարաններն էլ անհարկի ծանրաբեռնվում են»,-ասում է Արտակ Խաչատուրովը:

Փաստաբանին հարցրինք, թե որն է խնդրի լուծումը, որ ի վերջո պատկան մարմիններն իրենց պարտավորությունները պատշաճ կատարեն, իսկ չկատարելու դեպքում էլ ընդունեն իրենց անգործությունը և քաղաքացիներին, առանց բյուրոկրատական քաշքշուկների, փոխհատուցեն:

«Վերջերս միջազգային փորձն էինք նայում, տեսանք, որ Հնդկաստանում երկու եղբայր ճանապարհաշինության տենդեր են շահել, ու դա եղել է իրենց առաջին ու վերջին պատվերը: Այնքան որակով են ճանապարհը սարքել, որ որևէ մեկը էլ իրենց տենդեր չի տվել: Իսկ մեզ մոտ լավ որակի ասֆալտը քերում են, նորից ասֆալտ են անում, որ հաջորդ տարիներին էլի նույն ճանապարհի վրա գործ անեն: Սա էլ ձեր հարցի պատասխանը»,- ասում է Ա. Խաչատուրովը:

Ստացվում է, որ ավտոճանապարհների փոսերի պատճառով առաջացած վնասների փոխհատուցումը քաղաքացիների համար վերածվում է երկարատև և ծախսատար գործընթացի։ Գործող իրավական մեխանիզմները պահանջում են մի քանի փուլով դիմումներ, փորձաքննություններ և առանձին դատական վարույթներ, ինչը հաճախ տարիներ է տևում։ Միևնույն ժամանակ, պատասխանատու մարմինները սովորաբար չեն ընդունում իրենց մեղքը՝ ստիպելով քաղաքացիներին կրկին դիմել դատարան։ Արդյունքում՝ համեմատաբար փոքր վնասների դեպքում շատերը հրաժարվում են իրավական ճանապարհով փոխհատուցում պահանջելու իրենց իրավունքից։

Դիտե՛ք նաև՝

Լուսանկարները՝ հեղինակի և Սարգիս Խարազյանի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter