Վահան Թոթովենց. Մա՜հ, մեզ ցողէ՛ քաղցրութեամբ... (մաս 1)
Բացարձակապես անմեղ եմ. Կեցցե՜ հայ ժողովուրդը
«Դատապարտել պատժի առավելագույն չափի՝ գնդակահարության, նրան անձնապես պատկանող ունեցվածքի բռնագրավմամբ...»: Դատավճիռը վերջնական էր և պետք է գործադրվեր անհապաղ: Հրացանի ձգանը քաշվեց Երևանում, 1938թ. Հուլիս 18-ին, ճիշտ իր ծննդյան օրը՝ 44 կամ 48 տարեկան դառնալու ճանապարհին: Ինքը գրում է, որ ծնվել է 1894-ին, սակայն կան ծանրակշիռ հաշվարկներ հօգուտ 1890-ի: Եզրակացության մեջ հերթական ապաշնորհ մեղադրանքներն էին՝ աջ-տրոցկիստ, նացիոնալիստական կազմակերպությունների անդամ, լրտես-գործակալ, գրական ասպարեզում վնասակար մտքեր տարածող: «Բացարձակապես անմեղ եմ: Կեցցե՜ հայ ժողովուրդը»՝ Վահանի վերջին խոսքերն էին: Այս պատմության մեջ, թերևս ամենից սոսկալին, քննիչների հետևյալ արձանագրությունն էր՝ «Գործում իրեղեն ապացույցներ չկան»: Անծայրածիր Սովետական երկրում, նաև Հայաստանում, Ստալինը հաջողությամբ բուծել էր իր կամակատար ստահակներին, որոնք մի կտոր «անսուրբ հացի» դիմաց, ինչպես կասեր Նժդեհը, պատրաստ էին ամեն զազրելի արարքների: Եժովը արդեն զեկուցել էր առաջնորդին Հայաստանում 700-ով ավելի մարդ, քան ծրագրված էր նախապես Կրեմլում, գնդակահարելու հայկական առաջարկի մասին: Իհարկե, շատ չանցած ստալինյան հանցագործ ծրագրերի տեղական կատարածուների՝ Աբուլյան, Գևորկով, Ակոպով, Աբգարով, Ինաեկյան, Մուղդուսի, Հարությունյան, Խվորոստյան... և էլի «անսուրբ հաց» ուտողների մի հսկայական գլխաքանակի պատժվելու հերթը անպայմանորեն եկավ. միշտ է գալիս: Վահանը ձերբակալվել էր 1936 Հուլիս 20-ի գիշերով, Աբովեան փողոցի N 92 հասցեի իր տնից: Տան խուզարկությունից հետո ոմն Ա. Տոնիկյան նրան տարել էր անհայտ ուղղությամբ: Ընկեր Տոնիկյանը 60-ականների սկզբին դարձավ նկարիչների միության տնօրեն:
Խորը շնչեցի նրա շապկի հոտը...
Վահանի վերջին ցանկությունը զավակին տեսնելն էր: Հայր և որդի հանդիպեցին մահապատժից առաջ: « ...փաթաթվեցի նրան, գլուխս խրեցի նրա կրծքի մէջ, խորը, խորը շնչեցի նրա շապկի հոտը»: Թոթովենցը այսպես է նկարագրում իր հոր՝ Հովհաննեսի հետ այն հուզիչ դրվագը, երբ երեխա ժամանակ, հանկարծ պատկերացրել է, որ հայրը կարող է մահանալ և առհավետ բաժանվել իրենից: Իսկ հիմա, միանգամայն իրական ժամանակում, ինքն էր իր որդու դիմաց. ծնկի էր եկել, գրկել նրան, ինչ-որ բաներ ասել ականջին՝ արցունքները չկարողանալով զսպել: Ով ո՞ւմ շապկի բույրն էր խոր շնչում, վերջին անգամ՝ ինքը՝ որդու, թե որդին՝ իր... Երբ դահիճները հոգնեցին սպասելուց, ուժով երեխային պոկեցին հորից: Տարան գնդակահարելու և մի մեծ, ընդհանուր փոսի մեջ կորցնելու համար: «Մայրս պիտի լայ հոն, ուշ գիշերին, եւ պիտի թափէ իր մարգարիտները, որոնք իմ երկինքս պիտի աստղալուսեն»:

Հայր և որդի
Դագաղի արարողությունը
Վահանը պարզորոշ հիշում էր, թե ինչ բծախնդրությամբ էր հայրը, կենդանության օրոք ապսպրել իր դագաղը՝ ընկուզենու փայտից, մաս-մաքուր, առանց խավի, ինչպես էր իր չինար հասակով պառկել հատակին՝ քիրմանշահ գորգի վրա, որ փայտագործ Մարգարը չափուձև անի: Հետո, որպեսզի ստուգի հարմարավետությունը, քանի անգամ էր մտնել կիսապատրաստ դագաղի մեջ, որի համար մեկ գամ անգամ չէր օգտագործվել: Երբ գործը խերով-բարով ավարտեց, Հովհաննեսը հարկ եղածին պես վճարեց հյուսն Մարգարին և լեցուց օղու բաժակները: «Շնորհակալ եմ, հաջի էֆենդի, բարով...», քիչ էր մնում՝ սովորության համաձայն ասեր՝ «վայելես»:
Հատուկ հրաման N 004486
Վահանի կինը շատ երկար ժամանակ չգիտեր, որ ամուսինը գնդակահարված է, նրան ստել էին, թե աքսորված է տաժանակրության 10 տարի ժամկետով՝ առանց նամակագրության իրավունքի: 1937թ. Օգոստոս 15-ին ՆԿՎԴ-ղեկավար Ն. Եժովի կողմից ստորագրվել էր «Հայրենիքի դավաճանների ընտանիքի անդամների և երեխաների նկատմամբ բռնաճնշումներ իրականացնելու» մասին N 004486 հատուկ հրամանը: Եվ Լուսիկ Հովսեփեան-Թոթովենցին՝ Վահանի կնոջը, տարան ի կատարումն այս հրամանի, 1937 Դեկտեմբեր 30-ին, երբ պետանվտանգության շենքում շարունակվում էին Վահան Թոթովենցի ծանր ֆիզիկական, բայց առավել հոգեկան կտտանքները՝ «խոստովանություն» կորզելու համար: Բարեբախտաբար 14-ամյա Լևոնին ձեռք չտվեցին: Իսկ թե ինչ եղավ նրանց հետ, կպատմենք հետո:
«Գրական թերթ»ը և իր նողկալի հոդվածագիրը
Երբ 1936-ի Հուլիս 20-ին Վահանին տարան, Արտաշես Ոսկերչյան անունով 28 ամյա ոմն գրականագետ, քննադատ մի կեղտոտ հոդված երկնեց «Գրական թերթ»ի Դեկտեմբեր 31-ի համարում, որի պատասխանատու խմբագիրը Գևորգ Աբովն էր: Վերնագիրը՝ «Դաշնակցական տականքը»: Միևնույն արտահայտությունները, որ որոճում էին ռեժիմի կամակատար փոքր, նվաստ հոգիները, կրկնվեցին արդեն որերորդ անգամ՝ հակահեղափոխական, նացիոնալիստական քաղաքականության, ռասսայական ֆաշիստական տեսության ջատագով, գրական խալտուրիստ... Ընկեր Արտաշեսը գրում է. «Թոթովենցը յեղել է խմբապետ, հայտնի շովինիստ, ջարդարար Անդրանիկ փաշայի համհարզը և «Հայաստան» նացիոնալիստական թերթուկի խմբագիրը»: Թոթովենցին անվանում է «խմբապետական վիժվածք», որը «գրում էր պատմվածքներ, վեպեր, դրամաներ, ակնարկներ, բանաստեղծություններ, յերգիծանքներ, ռեցենզիաներ և այլն: Բոլոր այդ ասպարեզներում կատարյալ տգիտության ու անշնորհքության հետ միասին նա ցույց էր տալիս իր թշնամական ժանիքները»: Բոլշևիկ Ոսկերչյանը «բացահայտել էր», թե ով է Վահանի «քայքայիչ աշխատանքներին» աջակցած մարդը՝ Կենտկոմի նախկին քարտուղար, «դավաճան ու յերկերեսանի Խանջյանը»: Բայց այսքանով նա չի բավարարվել. Իր ողջ մաղձը թափել է նաև Թոթովենցի՝ իբրև գրողի և հատկապես նրա «Կեանքը հին Հռովմէական ճանապարհի վրայ» հոյակապ վիպակի վրա, այն անվանելով «գրական վիժվածք»:
...ենթական է ռեաբիլիտացիայի
Բնականաբար եկավ կամ մոտեցրին Ստալինի վերջը: Ռեժիմը դուրս եկավ ինքն իր դեմ: Ոչնչացրին միմյանց նույնպիսի դաժանությամբ, ինչպես դա արել էին անմեղ մարդկանց հետ: Վերանայվեցին բռնադատվածների գործերը: Մի քանի գրողներ համապատասխան մարմիններին վկայություններ տվեցին Վահան Թոթովենցի պայծառ կերպարի մասին: 1955-ին Սեպտեմբեր 23-ին Ավետիք Իսահակեանը գրեց. «...Խորունկ ցավ եմ զգում նրա անմոռանալի, անփոխարինելի կորուստի համար:...Նա շատ, շատ հայրենասեր մարդ էր, հայ ժողովրդին, հայ կուլտուրան սիրող ու պաշտող, Սովետական Հայաստանին նվիրված: Խղճիս ձայնով ասում եմ և կրկնում. Որ նա՝ սիրելի բարեկամ Վահան Թոթովենցը անմեղ զոհը դարձավ չարագործ մարդկանց ձեռքում»: Թոթովենցի գործը լսվեց դատական փակ նիստում, առանց մեղադրող կողմի և պաշտպանության նաև՝ առանց վկաների: Եզրակացրին, որ նրանից ցուցմունքներ կորզվել են «ֆիզիկական ներգործության» միջոցով: 1956-ի Մարտի 12-ին հրապարակվեց արդարացման վճիռը. «Դատապարտվել է անհիմն կերպով, հետևաբար և ենթական է ռեաբիլիտացիայի»: Վահրամ Փափազյանը, որի՝ Պոլսից Հայաստան գալու որոշման կայացման մեջ մեծ դեր էր խաղացել «...անբասիր մի սիրտ, թևավոր մի հոգի» ունեցող Թոթովենցը, գրեց՝ «...վայ ինձ, որ...վիճակված է սգալ ողբը իմ բարեկամիս, որը չտեսավ ժամանակների հաղթանակը, որին հավատաց, որին քարոզեց և որի վախճանը նույն այդ ժամանակների ճանապարհով մի արյունոտ ափսոսանք եղավ...»:

Մեզիրէն
Իր կյանքը սկսվեց հին հռովմեկան ճանապարհի վրա ընկած Խարբերդի նահանգի Մեզիրէ քաղաքում, որ թաղված էր կանաչության, վարդենիների մեջ, որտեղ «արևը ճչում է մրգի հատիկներով»: Քաղաքին, որտեղը ինքը սիրում էր օդապարուկներ թռցնել, առանձնակի հմայք էր տալիս Եփրատը: Մեզիրէի Ֆապրիքաթորեան, Խարբութլեան, Գազանճեան, Զարիֆեան, Գարապօղոսեան, Տէմիրճեան, Սարաֆեան, Տինկիլեան, Արփիարեան մեծահարուստ ընտանիքների շարքում նաև իրենք էին՝ Թոթովեանները: Իրենց երկհարկանի քարե տունը, որ կառուցված էր առևտրային զարկերակի վրա՝ Մեզիրէից Խարբերդ տանող ճանապարհին, ամեն օր ականատես էր լինում աշխարհի 4 կողմերից եկող ու անցնող վաճառականների քարավանների երթին: Այդ տունը 7 զավակներից ժառանգություն հասավ Վահանին:
Հայրը և իր ճերմակ փոխադրամիջոցը
Նախնիները Ակնեցիներ էին, որ Խարբերդ էին տեղափոխվել շատ վաղուց ՝ 18-րդ դարում: Հայրը՝ Հովհաննեսը, կալվածատեր լինելուց զատ նաև պետական պաշտոնյա էր, ազնվական կեցվածքով մի մարդ, որին Կաղանդի մի գիշեր մահը տարավ: Վահանը 8 տարեկան էր այն ատեն: Քանի դեռ ողջ էր, ամեն օր աշխատանքի էր գնում՝ փիրուզ քարերով զարդարուն թամբին նստած: Իսկ թամբը իր ճերմակ ավանակի վրա էր: Խելացի ավանակ էր: Օրվա վերջում տիրոջը տուն բերելիս, դեռ փողոցի անկյունից ազդանշան էր տալիս՝ զռում էր՝ թե եկանք, դռները բացե՛ք, տիկին, իջի՛ր ամուսնուդ դիմավորելու: Հովհաննեսը մինչ տուն մտնելը, բակում վառում էր ծխախոտը: Դիմավորում էր միայն կինը՝ Մարգարիտ Գույումճեանը, որին իր տուն էր բերել, երբ 12 տարեկան աղջիկ էր: Ամուսնու բարկության պահին, Մարգարիտը բռնում էր նրա ձեռքը ու սեղմում իր այտին: Բարկությունն մեղմվում էր: Տարին 2 անգամ տաճկական ինչ-որ պետական տոների առիթով պաշտոնյա Հովհաննեսը, ստիպված էր լինում հագնելու տոնական համազգեստը՝ ծոպերով, ուսադիրներով, աջ ուսից թեքությամբ դեպի գոտու ձախ կողմը իջնող կանաչ ժապավենով: Դժվարություն էր ունենում այդ հագուստով բարձրանալու իշուն վրա և հայհոյում էր միանգամայն տեղին, ում որ պետք էր: Վահանը հորը կապված էր յուրատեսակ մի կապով:

Մայրը՝ Մարգարիտ Գույումճեան, Մեզիրէ
Մօրս սիրոյ խորութիւնը
«Ես կարծում եմ, որ աշխարհում եղել է երկու քրիստոնեայ: Մեկը ինքը՝ Քրիստոսը, հրեայ, իսկ միւսը՝ մայրս, հայ»: Մայրը, կարծես մի նոճի, Վահանի ապավենը և քնքշանքի ու ջերմության աղբյուրն էր: Ծովքի կողմերից էր: Նրա 6 եղբայրները վաղուց մեկնել էին Ամերիկա՝ տանելով նաև ծնողներին: Բայց հայրը 1915-ին վերադարձել էր Խարբերդ ու ընկել կոտորածի մեջ, սպանվել: Իմաստուն, զարմանալի կին էր մայրը. գիտեր ամուսնու՝ Կոստանդնուպոլսում ունեցած հոմանուհու մասին և չարացած չէր ո՛չ այդ կնոջ, ո՛չ էլ ամուսնու հանդեպ: Եվ երբ մեռավ իր Հովհաննեսը, ավագ որդու միջոցով ընծաներ ուղարկեց այդ անծանոթուհուն, հայտնելու իրենց՝ երկուսի սիրած տղամարդու մահվան բոթը և մխիթարելու նրան: Վերադարձին Հակոբը մորը նկարագրեց խորհրդավոր կնոջը, որի համար հայրը հաճախ էր մեկում Պոլիս. բարձրահասակ, նիհարավուն, երկար վարսերով, ընկույզի գույնի աչքերով և հունական ուղիղ քթով, պարանոցին խալ: Մեզ համար անանուն այս կինը Մարգարիտ Գույումճեանի համար դարձավ մի անքեն հիշատակ: Վահանն ասում էր, թե մայրը համաձայն կլիներ, որ ամուսինը հազար սիրուհի ունենար, միայն թե չմեռներ: «Մինչեւ այժմ էլ չեմ կարողանում ընդգրկել մօրս սիրոյ խորութիւնը: Երբ փորձում եմ նայել այդ խորութեան մէջ, գլխապտոյտ եմ ունենում...»:
(շարունակելի)
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել