HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Բուլղարիայի Հանրապետության նախագահ Իլիանա Յոտովային։ Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Վարչապետը ողջունել է Իլիանա Յոտովայի և նրա գլխավորած պատվիրակության այցը Հայաստան՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է տիկին Յոտովային՝ Բուլղարիայի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները գտնվում են բարձր քաղաքական երկխոսության մակարդակի վրա և այսօր այն արձանագրվելու է հարաբերությունների ռազմավարական բնույթի ստորագրվող փաստաթղթով։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հարաբերությունները մեծ պոտենցիալ ունեն։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Բուլղարիային նաև Եվրոպական միության շրջանակում Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար։

Իլիանա Յոտովան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը հյուրընկալելու համար։ Բուլղարիայի նախագահն ընդգծել է, որ ԵՔՀ գագաթնաժողովն իր ստեղծման օրվանից շոշափելի արդյունքների է հասել։ Իլիանա Յոտովան շնորհավորել է ՀՀ վարչապետին նաև հաջորդ՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի անցկացման առիթով։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Բուլղարիա հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր, անդրադարձել տարածաշրջանային նշանակության տարբեր թեմաների։

Հանդիպման արդյունքներով Նիկոլ Փաշինյանը և Իլիանա Յոտովան ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագիրը»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter