Լենինականի «Դպրաթատրոնի» ծնունդը, առասպելն ու վախճանը (մաս 3-րդ)
...Դպրաթատրոնի վախճանը
«Զվարթնոց» մեծամասշտաբ ներկայացումն Առասպելի դպրաթատրոնին բերեց ճանաչում Լենինականի սահմաններից դուրս՝ դռներ բացելով մի քանի կարևոր գաղափարների իրագործման համար: Աննա Պետրոսյանին հաջողվեց համոզել քաղաքի շինարարական կազմակերպություններից մեկին դպրաթատրոնին հատկացված տնակների կողքին կառուցել 100 տեղանոց մոդուլային բեմասրահ՝ առանց որևէ հարմարության, որտեղ կարելի էր գոնե փորձեր կազմակերպել: Երկրորդ և, թերևս, գլխավոր ձեռքբերումն էլ այն էր, որ քաղաքային իշխանությունները հողատարածք հատկացրեցին Աբովյան ճեմափողոցում՝ Դպրաթատրոնի շենքի կառուցման համար:
Լուսյա Մեհրաբյանն իր հեղինակած «Ես արդեն վաղուց ծնված էի» գրքում, անդրադառնալով Դպրաթատրոնին հողատարածքի հատկացմանը, գրում է. «Հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավոր վարչության պետ Լավրենտի Բարսեղյանի աջակցությամբ, ճարտարապետներ Գուրգեն Մնացականյանի և Խաչատուր Հակոբյանի կողմից Երևանում նախագծվեց դպրաթատրոնի շենքը, ընդ որում՝ որպես նվեր Առասպելին: Այն հաստատվեց Պետշինում: ՀՀ Նախարարների խորհրդի նախագահին ուղարկվեց 05.08.1991թ., N 24/266 գրությունը, որի տակ ստորագրել էին ՀՀ Լուսավորության, Մշակույթի, Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական ապահովագրության նախարարները, Լենինականի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահը: Նրանք հանձն էին առել իրենց նախարարությունների ընդհանուր միջոցներով կառուցել Դպրաթատրոնի շենքը»:
Եթե Դպրաթատրոնի հիմնադրի ու աշխատակիցների համար այս ամենը մեծագույն ձեռքբերում էր և ապագայում զարգանալ-ընդլայնվելու հնարավորություն, ապա եղան մարդիկ, որոնց ոչ միայն «անհանգստացրին» թատրոնի հաջողությունները, այլև այդ ամենին տեր կանգնելու քայլերի մղեց: «...Ահռելի դժվարությունների գնով արդեն պատրաստ էր մոդուլ-բեմասրահը: Այնտեղ պետք է տարվեին ընթացիկ աշխատանքները՝ մինչև Աբովյան փողոցում կկառուցվեր հիմնական շենքը: Բայց պարզվեց, որ կառուցված սրահը պետք էր ինչ-որ գիշատիչների՝ շահ ստանալու համար, որոնք հետևում էին, թե ինչպես է Աննա Պետրոսյանը, ահավոր դժվարություններ հաղթահարելով՝ կառուցել տալիս: Դպրաթատրոնի նոր շենքի կառուցման տեղը նույնպես պետք էր ասպարեզ իջած նրանց, «որոնց դեմ խաղ չկար»: Նրանք այնտեղ պիտի կառուցեին… Ի՞նչ կարևոր է, թե ինչ...Նա կարող էր լինել ամեն բան, բայց ոչ այն ոգեղեն տաճարը, որը կոչվում էր Առասպելի Դպրաթատրոն: Եվ ահա ստի, բամբասանքի, հալածանքի գարշելի միջավայր ստեղծելով դպրաթատրոնի շուրջը, նրանք, ալան-թալանի սովոր այդ գիշատիչները, ոչինչ նողկալիի առջև չկանգնելով՝ նվիրյալ կնոջ կյանքը դարձրին ահարկու մղձավանջ»: (Լ. Մեհրաբյան «Ես արդեն վաղուց ծնված էի»)
Աննա Պետրոսյանի կենսագիր Լ. Մեհրաբյանն իր գրքում անուններ չի տալիս: Նրա փոխարեն խոսում են Դպրաթատրոնի նախկին սաներն ու աշխատակիցները՝ հստակ նշելով անձանց, որոնց խարդավանքների շնորհիվ վերջ տրվեց թատրոնի «առասպելին»: Դպրաթատրոնի սաներից Կարեն Խաչատրյանը հիշում է, որ քաղաքում Աննա Պետրոսյանին վարկաբեկող բամբասանքներ էին տարածում: Աննա Պետրոսյանն արհամարհում էր դրանք, սակայն սաների վրա ազդում էր այն, ինչ լսում էին:
«Ես շատ էի նեղվում, իր փոխարեն վիրավորվում էի, լսելիս քիչ էր մնում կռիվ անեի, որովհետև շատ գռեհիկ, անցենզուր բաներ էին խոսում,-ասում է Կարեն Խաչատրյանը,-մի օր չդիմացա, ասի՝ տիկին Աննա, ձեր մասին էսպիսի բաներ են ասում: Ինքը մի պահ լուռ նայեց, հետո ոտքի կանգնեց ու ասաց՝ հլը մի հատ ինձ նայի, բա կբամբասեն, բա ի՞նչ կանեն: Ինքն էնքան տարբերվող էր, նպատակասլաց, չկոտրվող: Ինքը շատ կարևոր բան էր անում քաղաքի համար, բայց չգնահատվեց: Երկրաշարժից հետո դոմիկում էր ապրում, փայտ էր վառում, տաշտի մեջ էր լողանում, զուգարան էլ չկար, տղաները դրսում զուգարան էին սարքել: Երեխաներին իր 5 մետրանոց դոմիկում հավաքում դաս էր տալիս: Կարող էր, չէ՞, գնալ Երևան, բայց չգնաց՝ մնաց: Թվում էր, թե էն, ինչ անում էր, քաղաքին պետք չէր, միայն իրեն էր պետք ու մեկ էլ մեզ»:
Գյումրու Մտորումների թատրոնի դերասանուհի Աստղիկ Հարությունյանն, ով Դպրաթատրոնում ամուսնու՝ Գրիգոր Վահրամյանի հետ աշխատել է երկրաշարժից հետո (1989-92թթ.), ասում է` կային մարդիկ, որ չէին հանդուրժում Աննա Պետրոսյանի` հարցերն ինքնուրույն լուծելու կարողությունը, լավատեսությունը, ինչու չէ՝ նաև կանացի հմայքը: «Իրենց պետք էր, որ տիկին Աննան հեռանար, բայց թողներ իր ստեղծածը, որ իրենք վայելեին: Ովքեր ժամանակին շփվել են Աննա Պետրոսյանի հետ, կվկայեն, թե ինչ շարմ ուներ, խոսում էր՝ դիմացինը կախարդվում էր,-տիկին Աստղիկը ծիծաղում է,-մենք ֆինանսավորում չունեինք, բայց ինքը կարողանում էր համոզել ու էնպիսի բաներ բերել թատրոնի համար, որ ուրիշները երևի փողով էլ չկարողանային անել: Ինքն ապրում էր թատրոնով, ամեն ինչ անում էր միմիայն թատրոնի համար»:
Հետագայում բամբասանքները վերածվեցին գործուն քայլերի: Աստղիկ Հարությունյանը հիշում է, որ արդեն բացահայտ կերպով առաջարկներ էին արվում Աննա Պետրոսյանին կոնկրետ մարդկանց վերցնել աշխատանքի՝ որպես տնօրեն ու գեղարվեստական ղեկավար: «Թատերագետ Լևոն Մութաֆյանի նպատակն էր ձեռք գցել թատրոնը, որտեղ ինքը լինելու էր գեղարվեստական ղեկավար: Նույն Մութաֆյանը փորձում էր տնօրեն դարձնել Սիրանույշ Ղուկասյանին,-ասում է Աստղիկ Հարությունյանը,-և ասեմ, որ ինչ-որ տեղ հաջողեց, որովհետև մինչև փակվելը տիկին Աննան Սիրանույշին տնօրեն նշանակեց՝ մտածելով, որ գուցե դրանից հետո իրեն հանգիստ կթողնեն: Բայց դե Մութաֆյանին լավ իմացողները գիտեին, որ ինքը էդքան հեշտ ձեռքից բաց թողնողը չէ՝ էնքան կբզբզա, մինչև ուզածին հասնի: Ու երկուսով լծվեցին էդ գործին (նկատի ունի Սիրանույշ Ղուկասյանին և Լևոն Մութաֆյանին-հեղ.)»:
Գյումրու պետական դրամատիկ թատրոնի դերասան Սամվել Խաչատրյանն ու իր կինը՝ Նատալիա Խաչատրյանը, դպրաթատրոնում աշխատել են 1991թ.-ից մինչև փակվելը: Սամվելը հասցրել է խաղալ «Զվարթնոց» ներկայացման մեջ՝ մարմնավորելով Հովնան ճարտարապետին (Զվարթնոցի տաճարում խաղալուց հետո, փոփոխված կազմով, 1991թ.-ին խաղացել են Ամենափրկիչ եկեղեցու ավերակներում): Երկրաշարժից հետո, երբ Աննա Պետրոսյանը վերականգնում է նաև «Երբ մահն է մրցակից» ներկայացումը, Սամվելը խաղում է Շավաշ Կարապետյանի դերը:
«Պիտի մի զարմանալի բան ասեմ՝ տիկին Աննան, որքան որ հզոր էր իր գործի մեջ, էդքան էլ միամիտ էր կյանքում,-ասում է Սամվելը,-վստահ եմ, որ մտքով անգամ չէր անցնում, թե կարող են վատություն անել իրեն, մեղադրել չեղած բաներում, փորձել դատական գործ հարուցել, ուզենալ իր ստեղծածը ձեռքից խլել: Բայց եղավ փաստորեն: Մեր խմբում երկու աղջիկ ունեինք՝ սեռական փոքրամասնության ներկայացուցիչ էին: Տիկին Աննան, իհարկե, չգիտեր, իրենց նույնիսկ թատրոնին տված դոմիկներից մեկն էր տվել՝ երկուսով ապրում էին: Հենց սրանք էլ, ինչ-որ մեկի դրդմամբ, սկսել էին բողոքներ գրել Աննայի վրա: Հետո պարզվեց` սուտ մատնություն անողներ էլի կային»:
Առասպելի դպրաթատրոնի հիմնադիր Աննա Պետրոսյանին մեղադրում էին պետությանը 1485 ռուբլու նյութական վնաս հասցնելու համար (ՀՀ քր. օրենսգրքի 90 հոդված), սակայն քրեական գործ չի հարուցվում:
Այդ օրերին կատարվողի մասին Լուսյա Մեհրաբյանը գրում է. «Հաշվի առնելով նրա անձը՝ ինչպիսի՜ նրբանկատություն, քրեական գործ չի հարուցվել: Իսկ այդ վնասը կազմել է 1485 ռուբլի, որը թատրոնի տնօրեն Ա. Պետրոսյանը վճարել է թատրոնի առավել կարիքավոր անդամներին: Ես չեմ արդարացնում պետությանը «հսկայական» վնաս հասցրած տիկին Աննային: Գուցե ավելի ճի՞շտ կլիներ, եթե նա չփորձեր ինչ-որ կերպ, չնչին հավելավճարներով օգնել իր գործընկերներին, գոնե այդքան բամբասանք –զազրախոսություններ չէին լինի: Բայց եթե նման «սարսափելի» փաստը հայտնաբերված էր, որքանո՞վ էր ճիշտ այդպիսի հոդվածը բարդել արվեստագետի վրա… Երանի՜ մեզ: Գյումրիում ամեն ինչ օրինական է ու մաքուր, ու միայն 1485 ռուբլին է, որ խարխլեց քաղաքի օրինականության հիմքերը...Տարիներ առաջ քաղաքում չկար թատրոն, որն առասպելի հրեղեն լեզվով գյումրեցի փոքրիկներին պատմեց նախնիների հերոսական անցյալի մասին ու բեմի վարագույրների փոխարեն Մեծ Հայքի քարտեզ-դարպասով նրանց աչքերի մեջ դրոշմեց արժանապատիվ ապրելու խորհուրդը ու հիմա էլ չկա: Կարելի է թեթևացած շունչ քաշել: Երբ վերջնականապես իջավ դպրաթատրոնի վարագույրը, հաղթանակած կողմն արձանագրեց. «Ֆինիտա լա կոմեդիա» («Ես արդեն վաղուց ծնված էի», էջ 124):
Առասպելի դպրաթատրոնի շուրջ ծավալվող իրադարձություններին անդրադառնում է նաև լրագրող, թատերագիր Կարինե Խոդիկյանը «Եթե մտավորական ես, վառիր քո ջահը» հոդվածով, որ տպագրվել է 1992թ.-ին «Գարուն» ամսագրի 11-12-րդ համարներում. «Գյումրիում փակվեց Առասպելի դպրաթատրոնը: Այսինքն՝ «Թատրոնը մեռավ»...բայց ես չեմ կարող շարունակել «...Կեցցե թատրոնը», քանզի, եթե թագավորի վախճանը նորի գալուստն է ազդարարում միաժամանակ, ապա «Առասպելը» չունի իր շարունակողը, ժառանգորդը: Պարզապես Թատրոնը մեռցրին»:
Հեղինակը մի շարք հարցադրումներով փորձում է հասկանալ, թե ովքեր են սկսել այդ արատավոր գործընթացը թատրոնի դեմ, և ո՞վ է իրականում շահողը: «Ո՞վ: Ինչու՞: Եվ ո՞վ է շահողը: Բնական է, որ այս հարցերն են պաշարում ամենից առաջ նրան, ով թեկուզ փոքրիշատե ծանոթ էր «Առասպելին» ու մարդկայնորեն մասնակից նրա ճակատագրին: Արդյոք այդքան հեշտ էր ստեղծել կենդանի ու նուրբ մարմին, ինչպիսին թատրոնն էր, որ այսօր էլ հեշտությամբ հնարավոր լիներ հրաժարվելն ու մոռացության տալը: Առասպել դպրաթատրոն երևույթը, կարծում եմ, այն կաթիլին է նման, որում արտացոլվում է աշխարհը և նրա վախճանը մեր այսօրվա մշակույթի անմխիթար վիճակի ամրագրումն է»:
Աննա Պետրոսյանի գործը քննվում էր Գյումրու քաղաքային դատախազությունում, որի շրջանակներում հարցաքննվել էր 30 մարդ՝ հիմնականում թատրոնի աշխատակիցներ: Սամվել Խաչատրյանն ու դպրաթատրոնի շատ աշխատակիցներ մասնակցել են դատախազությունում կազմակերպվող նիստերին: «Երևի մի երեք ամիս տևեց էդ քննությունը: Մենք բոլորս պարտաճանաչ տիկին Աննայի հետ գնում էինք, որ հանկարծ մենակ չլինի: Ես հիշում եմ իրեն մի տեսակ շփոթահար, բայց չընկճված: Անընդհատ ուզում էր հասկանալ, թե ու՞մ է վատություն արել, ինչու՞մ են իրեն մեղադրում,-ասում է Սամվել Խաչատրյանը,-մենք եսիմ ինչ ֆինանսավորում չունեինք, էն մի քանի կոպեկն էլ որ մտնում էր թատրոն, Աննա Պետրոսյանը տալիս էր կարիքավոր դերասաններին: Իրեն մեղադրում էին, որ գումար է տվել «Փոքրիկ իշխանի» դերակատար Բաբկեն Չոբանյանին, որ էդ ժամանակ 5-6 տարեկան երեխա էր: Հարցնում էին, թե որտեղից էդ թոփերով կտորները: Ասում էինք՝ նվեր է, թուղթ էին ուզում ապացույց, որ նվեր է: Էդ մեղադրանքներն ահավոր նվաստացուցիչ էին տիկին Աննայի համար»:
Երեք ամիս տևած քննության ու թատրոնում իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ Աննա Պետրոսյանի դեմ դատաքննությունը զուրկ է հիմքերից: Մասնագիտական հանձնախմբի կազմած ակտում նշված էր հետևյալը. «1989թ.-ի հունվարի 1-ից մինչև 1991թ.-ի դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակաշրջանում պետբանկից կանխիկ դրամի ստացման, դրամարկղ մուտքագրման և, ըստ վճարման փաստաթղթերի, դրամարկղից ելքագրման ստուգման ճշտությամբ խախտումներ չհայտնաբերվեցին: 1991թ.-ի դեկտեմբերի 9-ի դրությամբ դրամարկղի հանկարծակի գույքագրմամբ հայտնաբերվեց 1 ռուբլի 58 կոպեկ» («Ես արդեն վաղուց ծնված էի», էջ 126):
Աստղիկ Հարությունյանն ասում է, որ Աննա Պետրոսյանը երազում էր իր երկրորդ թատրոնը բացել Գյումրիում, սակայն նրան չթողեցին անգամ առաջինը լիարժեք վայելի: «Իրեն առաջարկում էին թատրոնը թողնել Գյումրուն և հեռանալ, բայց Աննան գերադասեց լուծարել: Ճիշտն ասած` մենք էլ չէինք պատկերացնում Առասպելի դպրաթատրոնն առանց տիկին Աննայի, ինքը թատրոնի ոգին էր, շարժող ուժը, սնուցող երակը: Եթե ինքը թատրոնը թողներ այդ երկուսին՝ խոսքս Սիրանույշի ու Մութաֆյանի մասին է, կարող է ինչ-որ շարունակություն ունենար, բայց թատրոնի առասպելն էդ վայրկյանից կավարտվեր: Իրեն մեղադրեցին, ինքը արդարացվեց, բայց ոչ ոք այդպես էլ ներողություն չխնդրեց»:
Անսպասելի էր Լենինականի (Գյումրու) Առասպելի դպրաթատրոնի վախճանը: Մանկապատանեկան-երիտասարդական թատրոն, որ գործեց ընդամենը 7 տարի՝ 1985-1992թթ.-ին: Բայց ովքե՞ր ցավ ապրեցին դրա համար, թերևս միայն դպրաթատրոնին սերտորեն առնչված մարդիկ: Աննա Պետրոսյանի Առասպելաթատրոնին նվիրված արխիվային թղթապանակներում ձեռագրով գրված տետրի մի թուղթ կա` մանկահասակ սաների նամակն իրենց սիրելի տիկին Աննային. «Մենք ձեզ պաշտում ենք: Սիրելի տիկին Աննա, գուցե դուք այս նամակը կարդալը անհեթեթություն համարեք, կամ մեզ՝ ռոմանտիկ հիմարներ, բայց խնդրում ենք` հավատացեք, որ մենք Ձեզ սիրում ենք ինչպես մեր ծնողներին, ուստի խնդրում ենք՝ մի լքեք մեզ, եթե նույնիսկ չեք դիմանում այլևս, դուք ուժեղ կին եք, համբերատար, եթե գոնե մի նշույլ անգամ սիրում եք մեզ և ձեր ստեղծած գործը, հանուն դրա մնացեք, մենք Ձեզ սիրում ենք և խոստանում ենք «Վիլյամ Սարոյան»-ը խաղալ՝ չխնայելով մեր ջանքերը: Եթե մի քիչ սիրում եք մեզ՝ մի հեռացեք» («Ես արդեն վաղուց ծնված էի», էջ 145):
Հետո արդեն, իր օրագրում, Աննա Պետրոսյանը պիտի գրեր. «Ես հոգնեցի… Իրավունք չունեի հոգնելու, բայց հոգնեցի: Ֆարսը, որ խաղացվեց իմ շուրջը, ընդունեցի ողբերգության տեղ և տառապեցի: Ես ուժեղ չեղա: 1992 թվականը, կյանքիս վերջին երեք ամիսը անսպասելի, տարօրինակ, դաժան օրերի շարան, դատ ու դատաստան՝ չեղած, չգործած հանցանքների համար: Հարցեր, որոնք լսելն անգամ վիրավորական էր... Ինչի՞ համար, ի՞նչ էի արել այդ մարդկանց, ինչու՞ այդքան ատելություն կուտակվեց իմ և դպրաթատրոնի հանդեպ: Որտե՞ղ եմ ապրել այսքան տարիներ, որտե՜ղ… Գուցե իմ սեփական հույսի և հավատի բավիղներում, որն, ի վերջո, տանում է Սիրո տաճար… Մարդկային սիրո… Ընդհանրական սիրո… ուզում եմ խոստովանել. ես միշտ կարոտ եմ եղել մարդկային մեծ սիրո, որ երբեմն գտել եմ, երբեմն՝ կորցրել… Չեմ կարող ասել, գտածս է շատ, թե՝ կորցրածս… Ասում են նվիրյալ մարդու սպանությանը մասնակցում է մեծամասնությունը… Այո, այդպես է:
...Էնտուզիազմով կարելի է թատրոն ստեղծել, սակայն էնտուզիազմով թատրոն պահել անհնար է»:
Հոդվածը պատրաստելիս օգտագործվել են Լուսյա Մեհրաբյանի «Ես արդեն վաղուց ծնված էի» գրքի վավերագրությունները:
Հատուկ շնորհակալություն ԳՄԹ-ի դերասան Սերգեյ Եղիկյանին՝ արխիվային նյութերի համար
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել