HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Առատաձեռն ապրիլ․ Կառավարությունը հանրության լայն շերտերին սիրաշահելու որոշումներ է ընդունում

Մի շարք միջազգային փաստաթղթեր սահմանում են վարչական ռեսուրսը և առաջարկում սահմանափակել դրա օգտագործումն ընտրական գործընթացներում։

ՀՀ Ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածը հետեւյալ կերպ է սահմանում վարչական ռեսուրսը. «Վարչական ռեսուրսները մարդկային, ֆինանսական և նյութական այն միջոցներն են, որոնց ընտրությունների ժամանակ տիրապետում են հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձինք, որը պայմանավորված է հանրային ոլորտում անձնակազմի, ֆինանսների և հատկացումների նկատմամբ նրանց վերահսկողությամբ»:

Ըստ Ականատես» դիտորդական նախաձեռնության՝ վարչական ռեսուրսների չարաշահումը քաղաքացիական ծառայողների, ինչպես նաև իշխող կուսակցությունների և թեկնածուների անօրինական գործողությունն է՝ օգտագործելու իրենց պաշտոնեական դիրքը և կապերը պետական ինստիտուտների հետ՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով։

«Ականատես» դիտորդական նախաձեռնության վերը նշված հրապարակումը ընտրական գործընթացի ժամանակահատված չի սահմանում։ «Վարչական ռեսուրսներ չչարաշահելու սկզբունքը տարածվում է ընտրական գործընթացի ավելի լայն ժամանակահատվածի վրա, քան օրենքով սահմանված պաշտոնական քարոզարշավի ժամկետներն են։ Ընտրական գործընթացի ժամանակահատվածում դեռևս քարոզչությունից առաջ չնախատեսված նոր ծրագրերի և գործողությունների նախաձեռնումը պետական բյուջեի միջոցների ներգրավմամբ և/կամ սոցիալական աջակցության տրամադրումն ընտրողների որևէ խմբի կարող է որակվել որպես վարչական ռեսուրսի չարաշահում»,- ասվում է հրապարակման մեջ։

Ստորև ներկայացնում ենք Կառավարության մի քանի որոշումներ, որոնք 2026թ․ հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ ընտրողներին շահագրգռելու նպատակ ունեն և համապատասխանում են «Ականատեսի»՝ «վարչական ռեսուրսի չարաշահում» սահմանմանը։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ապրիլի 22-ի նիստում ընդունեց ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու (սպառման էներգահամակարգը բաշխման ցանցին միացնելու) սակագները ֆիզիկական և իրավաբանական անձանց համար մինչև 40%-ով նվազեցնելու, իսկ էլեկտրաէներգիայի հզորությունների ավելացման կամ նոր հզորությունների միացման վճարները՝ մինչև 55%-ով նվազեցնելու որոշումը։ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել ՀԾԿՀ-ին և ՀԷՑ-ի ողջ անձնակազմին «այս կարևորագույն քաղաքացիակենտրոն բարեփոխման համար» և նշել է, որ որոշումն ուժի մեջ կմտնի այն հրապարակելու հաջորդ օրը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2025թ․ նոյեմբերի 17-ի N 377-Ա որոշումից հետո, երբ դադարեցվեց «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի էլեկտրական էներգիայի բաշխման թիվ 0092 լիցենզիայի գործողությունը, ընկերությունում որոշումներ է կայացնում ժամանակավոր կառավարիչ նշանակված, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը։

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը «ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին» խորագիր է մտածել, որի ներքո հրապարակում է ընկերության բազմահազար աշխատակիցների սոցիալական վիճակի բարելավմանը նպաստող որոշումները։ Ապրիլին, օրինակ, նա Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրեց, որ այսուհետ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը՝ որպես կորպորատիվ սոցիալական ծրագիր, բացառապես սեփական խնայողությունների հաշվին կսուբսիդավորի երեք և ավելի անչափահաս երեխաներ ունեցող աշխատակիցների էլեկտրաէներգիայի սպառման ամսական ծախսերը»։

Հաջորդիվ հայտարարեց, որ տնտեսվարման այլ աղբյուրներից ՀԷՑ-ում գոյացած զգալի խնայողությունների վերաբաշխման արդյունքում որոշել են բարձրացնել ՀԷՑ-ի աշխատակիցների թե՛ համախառն ամսական վարձատրության շեմը, թե՛ լրացուցիչ պարգևավճարների չափը։

«Ըստ այդմ՝ սկսած մարտ ամսից մինչև համախառն 250 հազար դրամ (հարկերը՝ ներառյալ) վարձատրություն ստացող մեր բոլոր աշխատակիցները, ընկերության խնայողությունների հաշվին անկախ արդյունավետության գործող ցուցանիշներից, համահարթեցված կարգով կվարձատրվեն լրացուցիչ 30.000-ական դրամով (հարկերը՝ ներառյալ) որպես լրացուցիչ պարգևավճար։ Արդյունքում սոցիալական այս ծրագիրը կառնչվի ընկերության աշխատակիցների ավելի քան 50%-ին՝ շուրջ 3400-ից 3500 մեր գործընկերների»,- գրել է Ռ․ Պետրոսյանը։

Կառավարությունը որոշեց ամբողջապես մարել կարկտահարության հետևանքով պատճառված վնասը

Այս տարվա փետրվարի 19-ին գործադիրը որոշեց մեկ անգամ էլ վճարել 2024 և 2025թթ․ կարկտահարության հետևանքով տուժած գյուղացիներին։ 2024 և 2025 թթ. կարկտահարությունից տուժել էին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերը։ Կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասը կազմել էր 2 մլրդ 717 մլն 358 դրամ։

2025 թ․ հոկտեմբերի 9-ին Կառավարությունը գյուղացիների վնասը մասնակի փոխհատուցելու որոշում էր ընդունել։ Թիվ 1441-Լ որոշումով նաև հաստատել էր կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցման տրամադրման կարգը: Համաձայն դրա՝ 2024 և 2025 թվականներին կարկուտի հետևանքով պատճառված վնասների դիմաց մասնակի փոխհատուցում կտրամադրի այն հողօգտագործողներին, որոնց կողմից օգտագործվող ցանքատարածքներում և այգետարածքներում կարկուտի հասցրած վնասը կազմել է 40–100 տոկոս։

2026թ․ փետրվարի 19-ի նիստում Կառավարությունը կրկին անդրադարձավ այդ հարցին և որոշեց ամբողջապես մարել կարկտահարության հետևանքով պատճառված վնասը։ «2025թ. ընթացքում Կառավարությունը փոխհատուցել է 1,714,662,611 դրամ, ինչի արդյունքում Արմավիրի մարզի Մեծամոր (2024թ․-ի վնասի մասով), Արմավիր և Բաղրամյան (2025թ․-ի վնասի մասով), Արագածոտնի մարզի Աշտարակ և Լոռու մարզի Գյուլագարակ համայնքները կարկտահարության հետևանքով կրած վնասների համար փոխհատուցվել են մասնակի։

Փաստացի վնասի և փոխհատուցված գումարների տարբերությունը վճարելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել 2026թ. պետբյուջեում կատարել վերաբաշխում։ Առկա ֆինանսական պարտավորություններն ամբողջապես մարելու նպատակով կպահանջվի 1,002,695,284.4 դրամ»,- ասվում է որոշման մեջ։ 

Ընտրություններին ընդառաջ բարձրացնում են աշխատավարձը, կենսաթոշակը, նպաստները

Վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ հրապարակման մեջ «Ականատես» դիտորդական նախաձեռնությունը նշում է, որ Կառավարությունը պետք է կարողանա շարունակել իր բնականոն աշխատանքը նաև ընտրական գործընթացների ժամանակահատվածում։ Ընտրական գործընթացների շրջանում վարչական ռեսուրսների օրինական կիրառումը դրանց չարաշահումից տարբերելու համար միջազգային պրակտիկայում որպես հիմք է ընդունվում ժամանակացույցը։

Այսպես` վարչական ռեսուրսի կիրառումը համարվում է օրինաչափ, եթե ընտրված կամ նշանակված պաշտոնյայի գործողությունը բխում է երկարաժամկետ ծրագրից, օրինակ՝ նախանշված է եղել ֆինանսական տարվա սկզբին կամ օրենսդիրի նստաշրջանի սկզբին, պաշտոնը ստանձնելու սկզբին։ Նման գործողությունների արդյունքները չպետք է տեսանելի լինեն ընտրական գործընթացի ժամանակահատվածում, իսկ, օրինակ, հանրային նոր շինությունների բացման հաճախականությունը նախընտրական շրջանում չպետք է տարբերվի ոչ ընտրական ժամանակահատվածից։

Եվ հակառակը՝ ընտրական գործընթացի ժամանակահատվածում դեռևս քարոզչությունից առաջ չնախատեսված նոր ծրագրերի և գործողությունների նախաձեռնումը պետական բյուջեի միջոցների ներգրավմամբ և/կամ սոցիալական աջակցության տրամադրումն ընտրողների որևէ խմբի կարող է որակվել որպես վարչական ռեսուրսի չարաշահում։

Երևանի քաղաքապետարանի ապրիլի 20-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը տեղեկացրել է, որ արդեն ապրիլից բժիշկների, բուժքույրերի և ֆելդշերների աշխատավարձը 20%-ով ավելի կլինի, գծային բրիգադների վարորդներինը՝ 30%-ով ավելի։

«Նախատեսված է նաև, որ ֆելդշերական բրիգադների և հոգեբուժական բրիգադների համար աշխատավարձը կբարձրանա 20%, քանի որ հաշվարկն արված է մարտի 1-ից, իսկ աշխատավարձն արդեն ստացել են, մարտ ամսվա համար միանվագ կտանք պարգևատրում 40-հազարական դրամ»,- ասել է Դավիթ Կարապետյանը։

Կրկնվող և չպլանավորված ծրագրեր՝ սոցիալական ոլորտում

Աշխատանքի և սոցիալական հարցերի (ԱՍՀ) նախարարության ստորև ներկայացվող նախաձեռնությունները՝ սոցիալական աջակցության տրամադրումը որոշակի խմբերի, նույնպես պետք է դիտարկել վարչական ռեսուրսի չարաշահման  համատեքստում։ Հայտնի է, որ 2026թ․ տարեկան բյուջեով կենսաթոշակների ու նպաստների բարձրացում չէր նախատեսվում, սակայն ապրիլի 1-ից դրանք բարձրացել են 10 000 դրամով՝ չհաշված հետվճարը:

Նախարարությունը ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիր է իրականացնում։ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում պետության կողմից միանվագ դրամական աջակցություն  է տրամադրվում երկու դեպքում՝ մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու դեպքում և հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում։

Նաև՝ սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակապահովման պետական աջակցության ծրագիրն է գործում։ Պետական բյուջեից 16 մլն դրամ է հատկացվում սահմանամերձ և առանձին գյուղական բնակավայրերում տուն կառուցելու համար։  Կառավարության որոշմամբ՝ պետական աջակցության ծրագիրը կվերաբացվի առնվազն 1417 տան համար։ 

ԱՍՀ նախարարությունը ապրիլին ներկայացրել է բնակապահովման ևս մեկ  նախագիծ, որի շահառուները 6 և ավել երեխա ունեցող 643 ընտանիքներն են։ Այս նախագծով առաջարկվում է 100 տոկոս սուբսիդավորում՝ բազմազավակ ընտանիքներին մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ տուն կառուցելու համար։

Ըստ նախարարության հիմնավորումների՝ նոր ծրագրի պայմաններին բավարարող ընտանիքի յուրաքանչյուր անչափահաս երեխայի հաշվով տրամադրվելու է 4 մլն դրամ՝ հիփոթեքային վարկավորմամբ անշարժ գույք ձեռք բերելու կամ կառուցելու համար։ Ընդ որում, եթե ընտանիքը նախապատվությունը կտա գյուղական բնակավայրին, ապա այս դեպքում ընտանիքին կտրամադրվի հավելյալ 4 մլն դրամ, որը կարող է օգտագործվել անհատական բնակելի տան կառուցման դեպքում հողամաս կամ գյուղատնտեսական նշանակության հողամաս ձեռք բերելու նպատակով։

Եթե նախագիծն ընդունվի, առաջիկա 10 տարիների համար պետական բյուջեից կպահանջվի առավելագույնը 31,9 մլրդ դրամ։ Նշենք, որ այս ծախսը ներառված չէ 2026թ․ պետական բյուջեում։ Այսինքն՝ միջազգային փաստաթղթերով, նախընտրական շրջանում նման որոշում ընդունելը համարվում է վարչական ռեսուրսի չարաշահում։

ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել նաև 1000 նոր սոցիալական բնակարաններ ստեղծելու մասին։ «Մեր նախարարությունն ունի սոցիալական բնակարանային ֆոնդ, այս պահի դրությամբ մոտ 200 բնակարան ունենք, պլաններ ունենք շատացնելու մինչև 1000, որպեսզի տրամադրենք այնպիսի ընտանիքների, որոնք ունեն դրա կարիքը»,- ասել է նախարարը։

2026թ․ պետական բյուջեում սոցիալական բնակարանային ֆոնդի 4 շենքի վերանորոգում է նախատեսվում՝ սոցիալական բնակարանային ֆոնդի շահառուներին սպասարկելու համար։ Մինչդեռ, Թորոսյանը խոսում է 1000 նոր սոցիալական բնակարաններ ստեղծելու մասին և հավաստիացնում է, որ շահառուների ցանկն ու պայմանները փոփոխվելու են, աշխատանքն ընթացքի մեջ է։ «Բազմաթիվ նախկին պետգույքի շենքեր հիմա վերափոխվում են սոցբնակարանների, ինչպես նաև կոնցեպտ ենք մշակելու, թե ինչպես ստեղծենք նաև նոր բնակարաններ։ Սա մեր հերթական կարևոր ծրագիրն է մեր խոցելի քաղաքացիների համար, որոնք ժամանակավորապես կապրեն սոցբնակարաններում, որպեսզի հետագայում կարողանան մշտական բնակարան ունենալ։ Ծրագիրն արդեն սկսված է»,- մանրամասնել է Թորոսյանը։

Մեկ անգամ ևս հիշեցնենք, որ «Ընտրական օրենսգրքի» 23-րդ հոդվածը արգելում է նախընտրական քարոզչության կազմակերպման և իրականացման ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործումը։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter