HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում համայնքների խոշորացման նոր փուլ է նախատեսվում. համայնքների թիվը կդառնա 64

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններով առաջարկում ենք ձեւավորել նոր համայնքային միավորումներ, իրականացնել համայնքների խոշորացում: Այս մասին ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 30-ի նիստում ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը:

Փոխնախարարը նշել է, որ առաջարկվում է ձեւավորել Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնք՝ ներառելով Ստեփանավան, Գյուլագարակ եւ Լոռի Բերդ համայնքները՝ 20 բնակավայրերով:

Սյունիքի մարզում առաջարկվում է միավորել Գորիս, Տաթեւ եւ Տեղ համայնքները՝ ձեւավորելով Գորիս խոշորացված համայնքը՝ 28 բնակավայրերով: Վայոց ձորի մարզում նախատեսվում է միավորել Եղեգնաձոր, Արենի եւ Եղեգիս համայնքները՝ իրենց 32 բնակավայրերով եւ ձեւավորել նոր՝ Եղեգնաձոր խոշորացված համայնք:

Առնակ Ավետիսյանը նշել է, որ առաջարկվող ծրագրերում ներգրավված են լինելու 9 համայնք, 80 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձեւավորվելու է 3 նոր համայնք:

Խոշորացման այդ փուլի արդյունքում Հայաստանում կլինի 64 համայնք: Չխոշորացված կմնան Երեւանը, Գյումրին եւ ազգային փոքրամասնություններով բնակեցված 5 համայնքներ:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ նախագիծը քննարկվել է համայնքներում, կազմակերպվել են քննարկումներ համայնքների ղեկավարների եւ ավագանիների մասնակցությամբ:

Զեկուցողը նշել է, որ առաջարկվում է լրացում կատարել նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում, որը վերաբերում է ընտրությունների նշանակման հարցին: «Լրացումը կատարում ենք, որպեսզի կարողանանք համայնքների ավագանիների՝ մինչեւ լիազորությունների դադարումը մարզպետների կողմից նշանակվեն համապատասխան ընտրություններ»,- տեղեկացրել է Առնակ Ավետիսյանը: Այդ համայնքներում  նախատեսվում է ընտրություններն անցկացնել 2026 թվականի աշնանը: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված հարցին:

լուսանկարում՝ Առնակ Ավետիսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter