HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուի

Հայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն Ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունը։

Կառավարության այսօրվա նիստում, անդրադառնալով այս կարևոր իրադարձությանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ, ըստ նախնական ծրագրի, առաջնությունը կանցկացվի 2029 թվականի սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին։ Նրա խոսքով՝ այդ օրերին Հայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուի:

«Սա իսկապես շատ մեծ իրադարձություն է, որովհետև, ըստ էության, ֆուտբոլի մեծահասակների աշխարհի առաջնությունից հետո իր նշանակությամբ երկրորդ կարևորագույն մրցաշարն է։ Ծրագիրը դեռևս նախնական է, և հնարավոր է՝ ենթարկվի որոշ փոփոխությունների, սակայն նախատեսվում է, որ Երևանում կանցկացվի մինչև 20 խաղ, իսկ Վանաձորում և Իջևանում միասին՝ մինչև 10 խաղ», – նշել է նախարարը՝ ընդգծելով նման մեծածավալ իրադարձությանը պատշաճ պատրաստվելու կարևորությունը։

ԿԳՄՍ նախարարը նաև հիշեցրել է, որ նախորդ տարի Կառավարությունն արդեն մի շարք որոշումներ է կայացրել մարզադաշտերի ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ։ Մասնավորապես՝ ներկայում ընթանում է Վանաձորի մարզադաշտի վերակառուցումը, որը պետք է համապատասխանի ՈՒԵՖԱ-ի չորրորդ կատեգորիային։ Վերակառուցման արդյունքում այն կունենա մինչև 12,000 հանդիսատես ընդունելու հնարավորություն։ Նախորդ տարի նաև որոշում է կայացվել Իջևանում նոր մարզադաշտի կառուցման վերաբերյալ, որը ևս կլինի նույն՝ չորրորդ կատեգորիայի․ «Արդեն իսկ մարզպետարանի հետ համատեղ ավարտել ենք հողային աշխատանքները և ունենք մարզադաշտի կառուցման առաջարկը, որն առաջիկայում կներկայացվի Կառավարության քննարկմանը։ Նախորդ փուլում աշխատանքները բավականին ինտենսիվ են ընթացել, և այժմ էլ շարունակելու ենք համակարգված աշխատել, որպեսզի պատշաճ պատրաստվենք»։

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է նաև, որ առաջիկայում ՖԻՖԱ-ի գործընկերները կայցելեն Հայաստան, որի ընթացքում կքննարկվի առաջնության կազմակերպման հետ կապված առաջիկա անելիքների ճանապարհային քարտեզը։ Ժաննա Անդրեասյանը նշել է՝ առաջնության կազմակերպման գործընթացում կարևոր է լինելու տարբեր գերատեսչությունների ներգրավվածությունը, քանի որ ակնկալվում է ոչ միայն մեծ թվով զբոսաշրջիկների, այլև կազմակերպական հարցերով զբաղվող անձնակազմի զգալի թվով ներկայացուցիչների ժամանակավոր գործունեություն Հայաստանում։ Աշխատանքների կազմակերպումը ենթադրում է հատուկ ընթացակարգերի և կարգավորումների պահպանում, որը հնարավոր կլինի ապահովել համատեղ և պլանավորված աշխատանքի շնորհիվ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարևորելով նմանօրինակ խոշոր մարզական միջոցառման անցկացումը Հայաստանում, ընդգծել է աշխատանքների պատշաճ և համակարգված իրականացման անհրաժեշտությունը՝ հատկապես ենթակառուցվածքների զարգացման, ճանապարհաշինության և զբոսաշրջության խթանման ուղղություններով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter