Մի խումբ անձինք 29 դրվագ գործողությամբ իրացրել են կեղծ թղթադրամներ. ՔԿ
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից կեղծ թղթադրամներ իրացնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Մ.Հ.-ն իր ծանոթներ՝ Ռ.Ա.-ի, Է.Խ.-ի, Ն.Կ.-ի հետ խմբի կազմում, 2025 թվականի մայիսից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում տարբեր անձանց իրացրել է ընդհանուր 1 հատ 100 000 դրամ, 20 հատ 50 000 դրամ, 1 հատ 20 000 դրամ, 5 հատ 10 000 դրամ կեղծ թղթադրամներ՝ խարդախությամբ հափշտակելով 1 մլն 149 հզր 860 դրամի գույք:
Մ.Հ.-ի, Ռ.Ա.-ի, Է.Խ.-ի և Ն.Կ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 29 դրվագ գործողությամբ կեղծ արժույթ իրացնելու և խարդախություն կատարելու համար:
Մ.Հ.-ի և Ռ.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, Է.Խ.-ի և Ն.Կ.-ի նկատմամբ՝ վարչական հսկողությունը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- նշված է հաղորդագրությունում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել