HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Mobile Centre-ը առաջին եռամսյակի խոշորագույն հարկատուն է

2026 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով «Մոբայլ սենթր արթ» ՍՊԸ-ն (ապրանքանիշը՝ Mobile Centre) Հայաստանի խոշորագույն հարկատուն է։

Ինչպես վկայում են Պետական եկամուտների կոմիտեի (ՀՀ ՊԵԿ) տվյալները, ընկերությունը երեք ամսում վճարել է 21.4 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր։ Նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ այն աճել է 4.8 մլրդ դրամով կամ 28.8%-ով։ 

Mobile Centre-ը զբաղվում է տեխնիկայի՝ հեռախոսների և համակարգիչների ներմուծմամբ, վաճառքով ու վերաարտահանմամբ։ Այդպիսով, ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում կրկին առաջ է անցել «Գազպրոմ Արմենիա»-ից, ԶՊՄԿ-ից, «Գրանդ տոբակո»-ից և մյուսներից։ 

Այս անգամ հանրապետության երկրորդ խոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն է՝ մոտ 19.8 մլրդ դրամով։ Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ընկերության հարկերը 0.7%-ով նվազել են։ 

Երրորդը հանքարդյունաբերող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲԸ-ն է։ Երեք ամսում ընկերությունը բյուջե է վճարել 15.5 մլրդ դրամ։ Հիշեցնենք, որ ընկերությունը նախորդ տարվա առաջին եռամսյակում խոշոր հարկատուների ցանկից դուրս էր մնացել՝ հայտարարելով, որ դրան նախորդող եռամսյակներում կանխավճարներ էր մուծել։ 

Հաջորդում է ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ տոբակո» ՍՊԸ-ն՝ 11.5 մլրդ դրամով և 4.4% նվազմամբ։ 

Հարկերը կրկնապատկելու արդյունքում խոշոր հարկատուների ցանկում թռիչքային աճ է գրանցել շահումով խաղերի և ՏՏ ոլորտում գործող «Սոֆթ կոնստրակտ» ՓԲԸ (Vbet ապրանքանիշով): Ընկերությունը հինգերորդ խոշոր հարկատուն է՝ 8 մլրդ դրամի հարկերով։ 

Հարկերի թռիչքային աճ է գրանցել և խոշոր հարկատուների վեցերորդ տեղում հայտնվել նաև Wildberries-ը( «ԻՄՎԲԱՄ» ՍՊԸ)՝ վճարելով 6.8 մլրդ դրամ։ 

Առաջին տասնյակում են հայտնվել նաև խաղերի և ՏՏ ոլորտում գործող «Դիջիթեյն» ՍՊԸ-ն, ծխախոտ ներմուծող «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ՍՊԸ-ն, որոնք ևս զգալի ավելացրել են հարկերը (տե՛ս ինֆոգրաֆիկան)։ 

Հաջորդում է սուպերմարկետների ցանց շահագործող «Սիթի» ՍՊԸ-ն։ Իսկ տասնյակը եզրափակում է հանքարդյունաբերող «Թեղուտ» ՓԲԸ-ն, որի դեպքում ևս հարկերի էական աճ կա։ 

Ընդհանուր առմամբ, Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 2026 թվականի առաջին եռամսյակում պետական բյուջե են վճարել շուրջ 459 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել է մոտ 50 մլրդ դրամով կամ 12.2%-ով։ 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter