HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Ֆլայուան Արմենիան» այս տարվա ընթացքում Երեւան է տեղափոխել երրորդ Airbus A320-ը

«Ֆլայուան Արմենիա» ավիաընկերությունն ապրիլի 16-ին ֆրանսիական Տարբ քաղաքից Երեւան է տեղափոխել Airbus A320 տիպի հերթական ինքնաթիռը:

Սա երրորդ օդանավն է, որ Ֆրանսիայից տեղափոխվում է Հայաստան: Հունվարի 22-ին ու փետրվարի 10-ին Տարբից Երեւան էին թռել 2 հատ Airbus A320, որոնք շուտով գրանցվել էին ՀՀ օդանավերի ռեգիստրում ու ստացել EK-FOE ու EK-FOG գրանցման համարները (Տարբ-Երեւան տեխնիկական թռիչքները պատվերի հիման վրա իրականացրել էր մալթայական Move Aircraft Flight Solutions-ը, որը տեղափոխել է նաեւ երրորդ ինքնաթիռը. տես ստորեւ):

Այսպիսով՝ 2026 թ. հունվար-ապրիլ ամիսներին «Ֆլայուան Արմենիան» համալրվել է 3 օդանավով: Ճիշտ է՝ այս վերջինը, ըստ ՀՀ քաղավիացիայի կոմիտեի կայքի, դեռ գրանցված չէ մեր երկրում, սակայն սպասելի է, որ դա տեղի կունենա մոտ ապագայում:

Հիշեցնենք, որ 2025-ի նոյեմբերի 28-ին «Ֆլայուան Արմենիան» հայտարարել էր, որ Avia Solutions Group-ից սեփականության իրավունքով ձեռք է բերել 3 հատ Airbus A320 տիպի օդանավ: Avia Solutions Group-ը լիտվական արմատներ ունեցող հոլդինգային ընկերություն է, որը հիմնադրվել է 2010-ին Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում, բայց ավելի ուշ տեղափոխվել է իռլանդական Դուբլին: Այս ընկերության հիմնադիր ու նախագահ Գեդիմինաս Ժեմելիսը, մեկնաբանելով «Ֆլայուան Արմենիայի» հետ օդանավերի առքուվաճառքի գործարքը, ըստ հայկական ավիաընկերության, վստահություն էր հայտնել, որ իրենց գործընկերությունը կշարունակվի:

Փոխադրողի գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանն էլ նշել էր, որ ձեռքբերված 3 օդանավերի շուկայական արժեքը գերազանցում է 70 մլն դոլարը:

Փաստորեն, կարող ենք ասել, որ օպերատորի հայտարարած 3 ինքնաթիռներն արդեն Հայաստանում են, ու եթե EK-FOE-ն ու EK-FOG-ն այս պահին թռիչքներ են կատարում գլխավորապես դեպի Ռուսաստան, երբեմն էլ՝ Վրաստան, Հայաստան բերված երրորդ A320-ն ապրիլի 16-ից կանգնած է «Զվարթնոց» օդանավակայանում: Ըստ planespotters.net-ի՝ այն ՀՀ-ում ստանալու է EK-FOH գրանցումը:

Նույն աղբյուրի համաձայն՝ օդանավը կառուցվել է 2008-ին: Նախկինում շահագործվել է Ռուսաստանում, Մեքսիկայում, Էստոնիայում, Նիգերիայում, Բելգիայում, Մալթայում: Մինչեւ Հայաստան բերվելը գրանցված է եղել Մալթայում, սակայն 2025-ի նոյեմբերից չի շահագործվել, ընդ որում՝ նոյեմբերից մինչեւ այս տարվա ապրիլ կանգնած էր ֆրանսիական Տարբում: Planespotters.net-ի տվյալներով՝ EK-FOE-ի ու EK-FOG-ի նման սա էլ նախատեսված է 180 ուղեւորի համար:

Հիշեցնենք, որ ներկա պահին «Ֆլայուան Արմենիան» ունի մեր երկրում գրանցված 5 ինքնաթիռ՝ 4 հատ Airbus A320 (EK-FOB, EK-FOC, EK-FOE, EK-FOG) եւ 1 հատ Airbus A321 (EK-FOD): Սրանցից EK-FOB-ը չի շահագործվում նախորդ տարվա հոկտեմբերից եւ կանգնած է «Զվարթնոցում», իսկ EK-FOC-ը, փետրվար-ապրիլ ամիսներն անցկացնելով Թել Ավիվում, ապրիլի 24-ին վերադարձել է Երեւան: Այսպիսով՝ EK-FOH-ը կդառնա «Ֆլայուան Արմենիայի»՝ ՀՀ-ում գրանցված 6-րդ ինքնաթիռը:

«Ֆլայուան Արմենիայի» գլխավոր տնօրեն Ա. Խաչատրյանը հայտարարել էր, որ 2026 թ. ընկերությունը 50 մլն դոլարի ներդրում է կատարել՝ եւս 2 օդանավ գնելու համար: Ըստ Խաչատրյանի՝ 2 ինքնաթիռի ձեռքբերումով «Ֆլայուան Արմենիայի» սեփական օդանավերի թիվն այս տարի կհասնի 10-ի (ներկա պահին ավիաընկերության ունեցած սեփական 8 օդանավից ՀՀ-ում գրանցված է 5-ը, EK-FOH-ը կդառնա 6-րդը):

«Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ի 54 %-ը պատկանում է գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մերձավորներին (50 %-ը՝ պաշտոնյայի եղբորը՝ Էդուարդ Սուքիասյանին, 4 %-ը՝ գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանին), իսկ 46 %-ը՝ մոլդովական Fly One ավիաընկերությանը, որի ցանցի մաս է հայկական ավիափոխադրողը:

Լուսանկարում՝ մալթայական 9H-IVO գրանցումով Airbus A320-ը՝ իտալական Վերոնայի օդանավակայանում, 18.08.2025, հեղ.՝ Վարանի Էնիո, jetphotos.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter