HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Ազատ, բայց միայնակ. սոնատ F-A-E

Ջութակահար Յոզեֆ Յոախիմն անձնական, մասնագիտական փորձություններից հետո եկել էր այն մտքին, որ երաժիշտը պետք է կապված չլինի սոցիալական պարտավորություններով, պետք է լինի լիովին անկախ։ Այդ ազատությունը հաճախ բերում էր միայնության։ 19-րդ դարի կատարողական արվեստի նշանավոր ավստրո-հունգարացու կյանքի կարգախոսն էր՝ «Ազատ, բայց միայնակ» (գերմ.՝ Frei aber einsam)։

Յոախիմի կյանքի այս փիլիսոփայությունը դարձավ նաև երաժշտական կոդ, որը մտավ 19-րդ դարի երաժշտության պատմության մեջ։ Կարգախոսի սկզբնատառերը՝ գերմաներենում F-A-E, համապատասխանում են Ֆա-լյա-մի նոտաներին։ Յոախիմին նվիրված ջութակի և դաշնամուրի սոնատը պտտվում և զարգանում է այս թեմայի ​​ շուրջ։ Սոնատը գրվել է 1853 թվականին Դյուսելդորֆում, երաժշտական աշխարհում արդեն հեղինակություն կոմպոզիտոր Ռոբերտ Շումանի նախաձեռնությամբ, երիտասարդ Յոհանես Բրամսի և Ալբերտ Դիտրիխի համահեղինակությամբ։

Ձախից աջ՝ Դիտրիխ, Շուման, Բրամս

Սոնատի առաջին մասը (Allegro) գրել է Դիտրիխը, երկրորդ մասը (​​Intermezzo)՝ Շումանը, երրորդ մասը (Scherzo)՝ Բրամսը, իսկ եզրափակիչը (Finale) գրել է կրկին Շումանը։ Ստեղծագործության մեջ զգացվում է գերմանական ռոմանտիզմի առանձնահատկությունները՝ արտահայտիչ մեղեդայնություն, հարուստ հարմոնիա և զարգացող մոտիվային մտածողություն (F–A–E մոտիվը տարբեր ձևերով հայտնվում է թեմաների մեջ)։ Սոնատի մասերից ամենատարածվածը, հաճախ կատարվողը Scherzo-ն է. այն առանձնանում է ուժեղ ռիթմիկ շարժումով, դրամատիկ դինամիկայով։

F-A-E սոնատը ամբողջությամբ հրատարակվել է միայն 1935 թվականին

F–A–E սոնատը կարևոր տեղ ունի կամերային, ռոմանտիկ երաժշտության նվագացանկում. այն միավորում է երեք կոմպոզիտորի երաժշտական մտածողությունը, արտահայտում է դարաշրջանի ռոմանտիկ ոգին և ջութակահարի անձնական մտորումը՝ «Ազատ, բայց միայնակ»։

Սոնատն առաջին անգամ կատարվել է 1853 թվականի հոկտեմբերի 28-ին Դյուսելդորֆում՝ Շումանների տանը։ Ջութակահարն էր Յոզեֆ Յոախիմը, դաշնամուրի պարտիան նվագում էր Ռոբերտ Շումանի կինը՝ վիրտուոզ դաշնակարուհի, կոմպոզիտորների մուսա Կլարա Շումանը։ 

Գլխավոր նկարում պատկերված են Յոզեֆ Յոախիմը և Կլարա Շումանը (նկարիչ Ադոլֆ ֆոն Մենցել, 1854թ.)։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter