Լենինականի «Դպրաթատրոնի» ծնունդը, առասպելն ու վախճանը (մաս 2)
...Թատրոնի առասպելը
Առասպելի դպրաթատրոնը հետաքրքիր աշխուժություն էր մտցրել լենինականցիների կյանքում: Այն զուտ թատրոն չէր դասական իմաստով: Այստեղ ամեն ինչ սկսվում էր ուսուցումից: Շաբաթներով կարդում էին, սովորում, քննարկում: Դպրաթատրոնի սան դառնալու համար երբեմն բավական էր ուղղակի սիրել արվեստը: Այստեղ բեմ էին բարձրանում ոչ պրոֆեսիոնալները, ովքեր թատրոն ասվածը զգում էին հոգով:
Նրանցից մի քանիսը հետագայում դարձան դերասաններ, ինչպես Կարեն Խաչատրյանը (ներկայում խաղում է Ս. Սարգսյանի անվան Համազգային և Հ. Մալյանի անվան թատրոններում), որ Լենինականի Առասպելի դպրաթատրոնի առաջին սաներից էր: Կարենը կարոտով է հիշում այդ օրերը: Ասում է՝ տիկին Աննան չլիներ, դերասան չէր դառնա: Սիրում էր պատմությունը և ուզում էր պատմաբան դառնալ: Սակայն, դիպվածն այլ բան էր նախատեսել նրա համար:
«Երևանից եկած մի կին թատրոնի համար էրեխեքի խումբ կհավաքե». էս լուրը մորս էլ էր հասել, ու տանը որոշվեց, որ ես էլ գնամ բախտս փորձեմ, մեկ էլ տեսար ինձ էլ վերցրին: Լենինականում «Առևտրի ակումբ» կար, իմացա, որ պարապմունքներն էնտեղ են անցկացնում: Տեղը ճշտեցի, գնացի, դուռը թակեցի, մտա ներս: Ներսում մի խումբ երեխաներ էին ու նա… հավատա, ես մինչև հիմա հիշում եմ տիկին Աննայի առինքնող պատկերը՝ մի տեսակ ոչ իրական, ավելի շուտ գրքային, ոտքից գլուխ սև հագած, մինչև ուսերը հասնող սպիտակ մազեր ու արծաթե զարդեր՝ վզնոց, գոտի, մատանիներ: Ոնց որ հենց ինքը՝ Մեդեան լիներ,- Կարենի ձայնը ջերմանում է հիշողություններից,- ու հիմա պատկերացրու, ոչ երկրային այս կինն ինձ ինչ-որ հարցեր է տալիս, հետո ասում է վաղը կգաս էս ինչ ժամին՝ չուշանաս, այսինքն՝ ընդունված ես»:
Սակայն, հաջորդ օրը Կարենն ուշանում է՝ երաժշտական դպրոցում ջութակի դասերն ուշ ավարտելու պատճառով: Երբ տեղ է հասնում, խումբն արդեն գնացած է լինում, իսկ դատարկ սենյակում իրեն էր սպասում Աննա Պետրոսյանը: Դպրաթատրոնի ղեկավարն ընդամենը հետաքրքրվում է, թե արդյոք Կարենը նման կերպ ուշանալո՞ւ է սիրած աղջկա հետ հանդիպումից: Զրուցակիցս ասում է, որ այդ պահին ուզում էր ամոթից գետինը մտնել, ոչ այնքան իրեն տրված հարցից, այլ որ տիկին Աննան դատարկ խմբասենյակում սպասել է իրեն: Դա լինում է Կարենի վերջին ուշացումը:
«Տիկին Աննան շատ հետաքրքիր մանկավարժական մեթոդներ էր կիրառում,- ասում է Կարենը,- հիշում եմ՝ մի օր անգլիական արքունիքի մասին էր խոսում, մեկ էլ հանկարծ դարձավ ինձ՝ Կարե՞ն, ասի՝ այո՛, ասաց՝ դու կարդացե՞լ ես Մարի Ստյուարտի մասին, ասի՝ չէ: Մեկ էլ պաուզա՝ դու նույնիսկ դա՞ չես կարդացել... ու մեր խմբի քսան հոգին շուռ են գալիս իմ կողմն ու էնպիսի ամոթանքով են նայում, իբր իրանք կարդացել են, ես էլ չեմ կարդացել: Կարմրում եմ, կապտում, տեղս չեմ գտնում, ինչ խոսում է՝ չեմ լսում, մի կերպ դիմանում եմ մինչև պարապմունքի վերջը: Հետո գնում եմ գրադարան, բարեկամներիս եմ զանգում, վերջը մի բան ճարում, կարդում եմ, ու ինձնից գոհ հաջորդ օրը գնում եմ՝ մտածելով, թե ոնց եմ փայլելու: Բայց պարզվում է տիկին Աննան հիմա էլ մտահոգված է, արդյոք ես կարդացել եմ Հիպոլիտ Տենի աշխատությունները ...հը՞ն, ի՞նչ Տեն, ի՞նչ Հիպոլիտ ...ու կրկնվում է նախորդ օրվա սցենարը: Ինքն էս մեթոդը կիրառելով՝ հասավ նրան, որ ես սկսեցի կարդալ ու ոչ միայն ես»:
Կարենն ասում է, որ Աննա Պետրոսյանը Դպրաթատրոնում խոսում էր ոչ միայն թատրոնի հիմունքներից, այլև գեղագիտական ընդհանուր դաստիարակություն էր տալիս, դասավանդում էր հայ ժողովրդի պատմություն՝ մշտապես անդրադարձ կատարելով առասպելներին, գրական խոսքի մշակույթն էր ամրապնդում սաների մոտ: Նա քայլ-քայլ պատրաստում էր սաներին բեմ բարձրանալու: Եվ ահա հայտարարվում է առաջին ներկայացման օրը՝ 1985թ. մայիսի 9-ը, մեկ տարվա աշխատանքի արդյունք-ներկայացումը բեմ էր հանվելու «Մենուա» անվամբ:
«Ես այդ ներկայացման մեջ ջրանցքը կառուցող շինարար-ճարտարապետի դերն էի տանում, Մենուա արքայի դերակատարը կոշկարար տղա էր, հիշում եմ օձի դերակատարին, որ հետագայում գնաց Լենինգրադ, Մարինսկի թատրոնում էր պարում, էդ ինչ պլաստիկա ուներ, հենց բեմից մարդկանց հմայում էր: Շատ ազդեցիկ էին դարպասները, որ կլինեին մի 10-12 մետր, որի վրա նկարիչ Միշա Գյուրջօղլյանը Մեծ Հայքն էր պատկերել: Բեմի վրա ոչ պրոֆեսիոնալներ էին, բայց կարող եմ հաստատ պնդել, որ շատ ազդեցիկ ներկայացում էր ստացվել,- հիշում է զրուցակիցս,- ու ինչ ընդունելիություն էր, չես պատկերացնի»:
1985թ.-ի մայիսից մինչև 1988թ․-ի դեկտեմբեր Լենինականի Առասպելի դպրաթատրոնի սաների ուժերով բեմադրվում են Աննա Պետրոսյանի հեղինակած «Փոքրիկ իշխանը մարդկանց երկրում», «Ինչպես Շարան եկավ Շիրակ» (1986թ.), «Երբ մահն է մրցակից» պիեսները: Դպրաթատրոնի խաղացանկում տեղ է գտնում նաև հունական դասական գրականությունից Էսքիլեսի «Պրոմեթևսը շղթայված» ողբերգությունը:
Աննա Պետրոսյանն այն բեմադրել էր՝ միացնելով ողբերգությունը Պրոմեթևսի պատվին կատարվող և հույն պատմիչների մոտ նկարագրված ջահերի ծիսակատարումներին ու պարերին: Դպրաթատրոնի ներկայացումների մուտքն ազատ էր 5-80 տարեկանների համար, տոմս չէին վաճառում, ծախսերը հոգում էր քաղաքային իշխանությունը՝ այն գործում էր Կումայրի արգելոց-թանգարանին առընթեր:
Դպրաթատրոնի գործունեության մասին իր մտքերն Աննա Պետրոսյանը պահ էր տալիս օրագրերին, որտեղ վավերագրում էր օրվա ծրագրերը, հանկարծակի ծագած մտքերը, ինչ պետք է անի և ինչ կարևոր բաներ է արել ծրագրածից: Անդրադարձ կա նաև «Երբ մահն է մրցակից» ներկայացմանը՝ նվիրված հայ լողորդ Շավարշ Կարապետյանին, ով 1976-ի սեպտեմբերի 16-ին միայնակ 20 մարդու կյանք էր փրկել Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսից:
«1988թ․-ի մայիսի 19-ին տեղի ունեցավ «Երբ մահն է մրցակից» ներկայացման առաջնախաղը: Երկու հարյուր տեղանոց դահլիճում, ասում են, 500 մարդուց ավել էր: Ներկա էին Շավարշը, Կամոն՝ իրենց կանանց հետ, Կամոյի տղա Կարոն, տիկին Հասմիկը, Վլադիմիր Սամսոնիչը, «Ավանգարդի», «Կոմսոմոլեցի» խմբագիրները, կիրովականյան նրանց բարեկամները: Ներկայացման հաջողությունը չլսված-չտեսնված էր: Դահլիճը ողողված էր արցունքով և ոգևորությամբ: Կարապետյան ընտանիքը ահավոր հուզված էր: Իսկ ես...մեռնում եմ տխրությունից: Փրկիր ինձ, Տեր, անհասկանալի իմ տառապանքից...» (հատված Աննա Պետրոսյանի օրագրից)։
Նույն ներկայացումը խաղում են նաև դեկտեմբերի 6-ին, Սբ. Նշան եկեղեցում: Այդ օրն առաջին անգամ տոմս էր վաճառվել: Առաջին 10 ներկայացումը պետք է դպրոցներում խաղային: Չխաղացին: Հաջորդ օրը 1988թ․-ի դեկտեմբերի 7-ն էր: Դպրոցներում զոհվել էին Առասպելի դպրաթատրոնի սաներից շատերը, փլվել էր Սբ. Նշանի գմբեթը, քաղաքը ծածկվել էր փլատակներով: Գուցե հենց այստեղ էլ ավարտվեր Առասպելի դպրաթատրոնի «առասպելը», եթե չլիներ Աննա Պետրոսյանի որոշումը՝ մնալ ավերված քաղաքում:
Նա միանում է այն խմբին, որը զբաղված էր ողջ մնացածներին՝ կանանց և երեխաներին փլատակված քաղաքից դուրս բերելով: Ապրում էր կիսաքանդ մի շենքի միջանցքում, քնում աթոռի վրա: Աննայի հարազատները նրան հայտնաբերում են միայն դեկտեմբերի 30-ին՝ բարձր ջերմությամբ և տեղափոխում Երևան: Մայրաքաղաքում որոշ ժամանակ մնալուց և առողջանալուց հետո, Աննան վերադառնում է Լենինական ու սկսում փնտրել Դպրաթատրոնի ողջ մնացած սաներին:
Աննա Պետրոսյանին սկզբում սենյակ են հատկացնում Կենտրոնական հրապարակում գտնվող Լենինական հյուրանոցում: Հետո որոշվում է Դպրաթատրոնին 4 վագոն-տնակ հատկացնել, որոնցից մեկում բնակվելու է տեղափոխվում տիկին Աննան, մյուսները հարմարեցնում են Դպրաթատրոնի պարապմունքներին ու փորձերի անցկացմանը: Թատերախմբի կազմը նորանում է: Դպրաթատրոն են գալիս նաև կրթությամբ դերասաններ: Առաջին պիեսը, որի վրա սկսում է աշխատել խումբը, Աննայի հեղինակած «Տիրամոր ճիչը» ողբերգությունն էր: Այն Հայոց եղեռնի պատմությունն էր: Դպրաթատրոնն այս ողբերգությունը խաղում է Երիտասարդական պալատի բեմում՝ 1989թ․-ի մայիսի 28-ին՝ երկրաշարժից վեց ամիս անց: Ներկայացման գլխավոր հերոսը դանիացի Մարիա Յակոբսոնն է, ով, ավարտելով գթության քույրերի դասընթացները, մեկնում է Խարբերդ՝ հայերին օգտակար լինելու առաքելությամբ: Առաջին անգամ Աննան իր իսկ հեղինակած ու բեմադրած ներկայացման մեջ հանդես է գալիս նաև դերակատարմամբ՝ մարմնավորելով Մարիա Յակոբսոնին:
Թատերագետ Հայկազ Երանոսյանը, անդրադառնալով ներկայացմանը, գրել է հետևյալը. «Տիրամոր ճիչը» ներկայացման մեջ Մարիա Յակոբսոնի դերը մեծ ներշնչանքով կատարում էր Դպրաթատրոնի արարիչ Աննա Պետրոսյանը: Նա ներկայացման համար գտել էր պատումն ըստ արժանվույն մատուցելու ինքնատիպ միջոցներ, կարողացել էր ստեղծել դարաշրջանը պատկերելու բեմական հավաստի մթնոլորտ, ամբողջական գործողություն և դեպքերի նպատակասլաց զարգացում: Իմ հիշողության մեջ անջնջելի է մնացել «Տիրամոր ճիչը» ներկայացման ամենացնցող տեսարաններից մեկը՝ նահատակված հայ մանուկների ոգիները, սպիտակ շապիկներ հագած, այցելում էին Մարիա Յակոբսոնին: Թվում էր հենց այստեղ է հնչում Տիրամոր ճիչը, որը միաժամանակ Դպրաթատրոնի մանուկ սաների կորստյան ճիչն էր»:
Հետո ծնվում է «Կաղանդե կաղանդ» նոր տարուն նվիրված ծիսաներկայացումը: Աննա Պետրոսյանն իր ստեղծագործությամբ հայ մանուկներին առաջին անգամ ներկայացնում է հայկական նոր տարվա տոնախմբությունը՝ մերժելով օտարամուտ Ձմեռ պապին ու Ձյունանուշին: Որպես գործող անձինք ներկայացված էին հայոց հնագույն պաշտամունքային կերպարներ Վանատուրը և Ամանորը ապա նաև չար շվոտները, տոնածառն էլ կենանց ծառն էր: «Կաղանդե կաղանդ» ներկայացումը խաղում են 1990թ․-ի հունվարի 3-12-ը՝ Տեքստիլագործների ակումբի դահլիճում:
Հետո մշակույթի նախարարությունը ավտոբուս է նվիրում թատերախմբին, որ կարողանան շրջել դպրոցներում ու մանկական ներկայացումներ խաղալ: Թերևս, ամենաներկայանալին Դպրաթատրոնի խաղացանկում դառնում է Աննայի հեղինակած «Զվարթնոց» մեծամասշտաբ բացօթյա ներկայացումը, որը հանդիսատեսի դատին է հանձնվում 1990թ․-ի մայիսի 28-ին: Հերոսապատում ներկայացումը պատմում էր արաբների դեմ կռիվների ժամանակ Զվարթնոց տաճարի կառուցման և հայրենիքը պաշտպանելու ելած քաջերի մասին:
«Ներկայացման յուրահատկությունն այն էր, որ մենք խաղում էինք Զվարթնոց տաճարի մասին և խաղում էինք հենց Զվարթնոցի ավերակների վրա: Չկար ավելորդ ոչ մի բան՝ բեմը, դեկորացիան, այդ ամենը հենց տաճարի ամբողջ տարածքն էր,- ասում է Կարեն Խաչատրյանը,- ես այդ ներկայացման մեջ խաղում էի Յոհան կառուցողին, Ներսես Տայեցին Գրիգորն էր, փորձերը Երևանում էինք անում: Մեր խմբին տեղ էին տվել Երիտասարդական պալատում, ավտոբուսով ամեն օր գնում էինք տաճարի տարածք: Թվում էր, թե ամեն ինչ նորմալ է, բայց Աննա Պետրոսյանը մի բան հաշվի չէր առել՝ տեխնիկական խնդիրները: Տաճարի հարևանությամբ օդանավակայանն էր, ու ասենք դու 7-րդ դար ես ներկայացնում՝ միջավայր, զգեստներ, մեկ էլ ինքնաթիռ է թռնում կամ իջնում: Չկար էն պահանջվող լռությունը, որ դերասանը կարողանար ձայնը տեղ հասցնել: Ու Աննան տարբերակ էր գտել, ռադիոյում ձայնագրել էր ողջ պիեսը: Մենք խաղացինք ներկայացումը ֆոնոգրամայի տակ, որն ասեմ, ուղղակի տանջանք էր՝ չգիտեիր՝ երբ բերանդ բացես-փակես, հաջորդ տեքստը որ պահին պիտի ասես: Մեզ փրկում էր այն, որ խաղում էինք գիշերը, հանդիսատեսն էլ հեռու էր բավականին»:
Ներկայացման կայացմանը մեծապես օգնում է Հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավոր վարչության պետ, պատմական գիտությունների դոկտոր Լավրենտի Բարսեղյանը: Ներկայացումն աննախադեպ մարդաշատ էր՝ մարդիկ եկել էին Երևանից, հարևան գյուղերից, Լենինականից՝ հաշվի չառնելով երկրում հաստատված պարետային ժամն ու տեղաշարժի դժվարությունները (1990թ.-ի հունիսին Գերագույն խորհրդի ընտրություններից հետո եղավ առճակատում Հայոց ազգային բանակի ղեկավարների հետ։ ՀԱԲ շտաբը գրավելիս եղան զոհեր։ Օգոստոսի 29-ին Հայաստանի ողջ տարածքում մտցվեց արտակարգ դրություն)։
Ներկայացումը ևս մեկ անգամ Դպրաթատրոնը ներկայացնում է արդեն Գյումրիում՝ Ամենափրկչի ավերակներում, որոշակի փոփոխված դերասանական կազմով:
Շարունակելի
Գլխավոր լուսանկարը՝ Ռոբերտ Խաչիկյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել