HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը կդիտարկի ԱԺ ընտրությունները

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) այսօր՝ ապրիլի 23-ին հաստատել է 2026-ի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների դիտարկման նպատակով Հայաստան դիտորդական առաքելություն տեղակայելու որոշումը։ Առաքելությունը ձևավորվել է ՀՀ իշխանությունների հրավերի հիման վրա և հիմնավորվում է նախընտրական կարիքների գնահատման արդյունքներով։ Ստորեւ՝ առաքելության տարածած մամուլի հաղորդագրությունը։

Առաքելության՝ 13 փորձագետներից բաղկացած հիմնական թիմը կգործի Երևանում՝ Յանեզ Լենարչիչի ղեկավարությամբ։ Մայիսի 1-ից երկրի ողջ տարածքում կաշխատեն 30 երկարաժամկետ դիտորդներ։ ԺՀՄԻԳ-ը նաև կտեղակայի 250 կարճաժամկետ դիտորդներ, որոնք Հայաստան կժամանեն ընտրություններից մի քանի օր առաջ։ Հիմնական թիմի փորձագետներն ու երկարաժամկետ դիտորդները ԵԱՀԿ անդամ 28 պետությունների ներկայացուցիչներ են։

«Դիտորդական այս առաքելությունը գնահատելու է ընտրական գործընթացի բոլոր փուլերը ԵԱՀԿ հանձնառությունների և ժողովրդավարական ընտրությունների այլ միջազգային պարտավորությունների ու չափանիշների լույսի ներքո»,– ասել է Լենարչիչը։ «Մենք դիտարկելու ենք ոչ միայն բուն ընտրությունները, այլ նաև այն միջավայրը, որում դրանք տեղի են ունենալու»։

Առաքելությունը սերտորեն դիտարկելու է ընտրությունների բոլոր հիմնական գործընթացները՝ այդ թվում նախընտրական քարոզարշավը (ներառյալ սոցիալական ցանցերում), քարոզարշավի ֆինանսավորումը, ընտրական վարչարարությունը՝ ազգային, մարզային և համայնքային մակարդակներում, իրավական դաշտը, ապատեղեկատվության հայտնաբերման համար իշխանությունների կողմից ներդրված ինստիտուցիոնալ մեխանիզմները, լրատվամիջոցների կողմից լուսաբանումը և ընտրական վեճերի լուծման գործընթացը։ Դիտորդները նաև գնահատելու են ԺՀՄԻԳ-ի նախորդ առաջարկությունների իրականացման հարցում առաջընթացը։

«Մեր դիտարկման շրջանակներում հանդիպելու ենք ընտրական գործընթացներում ներգրավված և այդ գործընթացների ազդակիր հանդիսացող շահակիցների հետ (իշխանությունից և քաղաքական կուսակցություններից մինչև քաղաքացիական հասարակություն, լրատվամիջոցներ և միջազգային հանրություն) ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ երկրի ողջ տարածքում»,– նշել է Լենարչիչը։ «Այս մոտեցումը մեզ թույլ կտա ձևավորել համապարփակ և հավասարակշռված պատկերացում Հայաստանի ողջ տարածքում ընթացող ընտրական գործընթացների վերաբերյալ»։

Ընտրությունների օրը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի և Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունները կմինան ԺՀՄԻԳ առաքելության ջանքերին։

Ընտրություններից մոտ երկու շաբաթ առաջ ԺՀՄԻԳ-ը կհրապարակի միջանկյալ հաշվետվություն՝ հանրությանը և լրատվամիջոցներին տեղեկացնելու դիտորդական առաքելության գործունեության մասին։ Ընտրությունների հաջորդ օրը առաքելության նախնական եզրակացություններն ու արդյունքները կներկայացվեն համատեղ կազմակերպվելիք մամուլի ասուլիսի ընթացքում։ Վերջնական հաշվետվությունը, որը տրամադրելու է համապարփակ գնահատական և գործընթացի բարելավմանն ուղղված առաջարկություններ, կհրապարակվի ընտրություններին հաջորդող մի քանի ամիսների ընթացքում։

ԺՀՄԻԳ-ը Հայաստանում դիտարկել է 12 ընտրություն, որոնցից վերջինը 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններն էին։ Հայաստանում ԺՀՄԻԳ-ի դիտորդական գործունեության մասին հավելյալ տեղեկություն ձեռք բերելու համար այցելեք Ընտրությունները Հայաստանում | Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն։

ԺՀՄԻԳ-ը ընտրական դիտորդական առաքելություն իրականացնում է ԵԱՀԿ ողջ տարածաշրջանում։ Այս դիտորդական առաքելությունները գնահատում են, թե որքանով են քարոզարշավի ընթացքում պահպանվում հիմնարար ազատությունները և արդյոք ապահովվում է հավասարությունը, համընդհանուրությունը, քաղաքական բազմակարծությունը, վստահությունը, թափանցիկությունը և հաշվետվողականությունը։ ԺՀՄԻԳ-ի՝ ընտրությունները մշտադիտարկելու դիտորդական մանդատի հիմքը 1990 թ.-ի ԵԱՀԿ Կոպենհագենյան գագաթնաժողովի ընթացքում ընդունված փաստաթուղթն է։ Գրասենյակի ստեղծմանը հաջորդող ավելի քան 30 տարիների ընթացքում ԺՀՄԻԳ-ը տեղակայել է ավելի քան 470 առաքելություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter