HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Կառավարությունը ձևական աճուրդներին վերջ տալու լուծում է գտել, սպասենք արդյունքներին

Կառավարությունը 2026թ․ ապրիլի 2-ի նիստում հաստատեց պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն էլեկտրոնային աճուրդով օտարելու կարգը։ Համայնքային հողամասերն էլեկտրոնային եղանակով իրականացնելու առաջարկը ծավալուն փաթեթով Կառավարությանը ներկայացրել էինք դեռևս 2016թ․-ին։ Դրանք քննարկվել էին Կառավարության կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի 2016թ. հունիսի 15-ի եւ 17-ի նիստերում ։

Այն ժամանակ «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության առաջարկների մի մասը հավանություն ստացավ, բայց աճուրդներն էլեկտրոնային եղանակով իրականացնելը՝ մերժվեց։ Ընդունված առաջարկներն օրենսդրական փոփոխությունների տեսքով (Հողային օրենսգիրք) ընդունվեցին 2020թ․-ին՝ իշխանափոխությունից հետո։

6 տարի կորցնելուց հետո, 2025թ․ դեկտեմբերի 17-ին Ազգային ժողովը կրկին փոփոխություններ կատարեց Հողային օրենսգրքում։ Համայնքային գույքի օտարումներն այսուհետ (փոփոխություններն ուժի մեջ են մտել 2026-ի ապրիլին-հեղ.) բացառապես էլեկտրոնային համակարգով են կատարվելու։ Էլեկտրոնային աճուրդի կդրվեն պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը, նաև՝ տնամերձ և անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը։

Հաստատված կարգի համաձայն, հողերի աճուրդով վաճառքի մեկնարկային գինը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով հողամասի գնահատված շուկայական արժեքը։ Աճուրդը կազմակերպում է համայնքի ղեկավարը էլեկտրոնային համակարգի միջոցով՝ Կառավարության սահմանած կարգին համապատասխան:

Եթե հողամասի վաճառքի էլեկտրոնային աճուրդը համարվում է չկայացած, այդ դեպքում հայտարարվում է հաջորդ աճուրդը։ Ընդ որում, երկրորդ էլեկտրոնային աճուրդի ժամանակ մեկնարկային գինը սահմանվում է գնահատված արժեքի 85 %-ի չափով, չվաճառվելու դեպքում՝ երրորդ և հերթական էլեկտրոնային աճուրդի ժամանակ մեկնարկային գինը սահմանվում է գնահատված արժեքի 70 %-ի չափով։

Կառավարությունը ապրիլի 2-ի նիստում Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը (ՏԿԵՆ) հանձնարարեց 15-օրյա ժամկետում հաստատել էլեկտրոնային համակարգի միջոցով աճուրդի անցկացման մեթոդական ուղեցույցը։ Ուղեցույցը դեռ չի հրապարակվել։

Համայնքային հողերն աճուրդով օտարելու հարցը խնդրահարույց է եղել և շարունակում է մնալ այդպիսին։ Օրենսդրական փոփոխությունները կարճատև ազդեցություն ունեցան, քանի որ մեր առաջարկների հետ միասին Ազգային ժողովը հաստատեց մեկ անձով աճուրդ իրականացնելու ամենատարօրինակ առաջարկը։ Ձևական աճուրդների մասին բազմաթիվ հոդվածներ ենք հրապարակել անցնող տարիներին։ Նշել ենք, որ մի կողմից՝ դատախազությունը հաղորդագրություններ է տարածում «նախկինների» ժամանակ անօրինական աճուրդներով վաճառված հողերը համայնքներին վերադարձնելու մասին, մյուս կողմից՝ գործող համայնքապետերը շարունակում են նույն կարգով աճուրդներ իրականացնել։

Մեկ տարի առաջ այս օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում հայտարարեց, որ տեղեկացել է «ծիծաղելի գներով սեփականության վերաբաշխման մասին»։ Հավանաբար, նա եղբորից՝ Արտակ Փաշինյանից էր տեղեկացել այդ մասին։ Նա նույնպես 2023թ․ նոյեմբերին Իջևան համայնքի Ենոքավան գյուղում 2,6 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը գնել է գրեթե կադաստրային արժեքով։ Իջևանի համայնքապետարանը հողամասը վարչապետի եղբորը վաճառել է 1քմ-ը 55․7 դրամով, կադաստրային արժեքը 53 դրամ է։

Կառավարության ղեկավարը շարունակեց իր ոճով լուծումներ թելադրել։ Պետական վերահսկողական ծառայությանը (ՊՎԾ) և Ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ) հանձնարարեց արգելել «ձևական աճուրդները»։ Պարզվեց, որ ՊՎԾ-ն մինչ այդ, առանց օրինական հիմքերի, արդեն իսկ համայնքներում մշտադիտարկում էր հողերի աճուրդները։ Ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ դրանից հետո էլ ՊՎԾ ղեկավարի առաջարկով մարզերում բազմաթիվ աճուրդներ են չեղարկվել։

Մասնավորապես, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ՊՎԾ-ից էր տեղեկացել օրինախախտումներ մասին։ Նա նույնիսկ օրինազանցներին պատժելու հապշտապ միջոցառումներ էր ձեռնարկել՝ Աբովյան, Հրազդան, Գառնի և Արզնի համայնքների ղեկավարների նկատմամբ 150.000-ական դրամ վարչական տույժ էր կիրառել գյուղատնտեսական նշանակության հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելը չկանխելու համար։

Հետո պարզվեց, որ ՊՎԾ-ն հակասահմանադրական գործառույթներ է իրականացրել, իսկ մարզպետն իր պարտականությունները չի կատարել․ հողերը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելը ինքը պետք է բացահայտեր համայնքներում իրավական հսկողություն իրականացնելիս։

2026թ․ մարտի 24-ին Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչեց «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքի մի շարք դրույթներ: ՍԴ-ն հաստատեց, որ վարչապետի ենթակայությամբ գործող ՊՎԾ-ի՝ համայնքներում իրավական և մասնագիտական հսկողությունը հակասում է թե՛ սահմանադրական կարգավորումների տրամաբանությանը, թե՛ միջազգային չափանիշներին: Այդ մասին վարչապետին ասվել էր այն ժամանակ, երբ ՏԿԵՆ-ի բացառիկ լիազորությունները ՊՎԾ-ին փոխանցելու օրենքի նախագիծ էին մշակում։

Հաշվեքննիչ պալատը 2026թ․ տարեկան ծրագրում ընդգրկել է նաև համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարումների և վարձակալությունների օրինականության ստուգումը։ Համայնքների անունները չեն նշել, բայց հետաքրքիր կլինի, եթե ստուգեն, օրինակ, Իջևան ու Դիլիջան համայնքների աճուրդները։ Այս համայնքներում հողերի աճուրդներն իրականացնում են կադաստրային արժեքներով կամ դրան չնչին գումար հավելելով։ Հաշվեքննիչ պալատի ստուգումները գուցե պարզեն, որ Ենոքավանի ու Դիլիջանի հողերն այլևս պահանջարկ չունեն, եւ համայնքների ղեկավարները շուկայի թելադրանքով են դրանք կադաստրային արժեքով վաճառում։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter