HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բյուրեղավանում աղիքային վարակի տասնյակ դեպքեր են գրանցվել

Բյուրեղավանում ապրիլի 21-ի երեկոյան շտապ օգնության զանգվածային կանչեր են եղել:

Առաջին զանգերը եղել են ժամը 19-20-ի  սահմաններում, իսկ արդեն ուշ երեկոյան՝ ժամը 22-23-ին կանչերի թիվը կտրուկ աճել է: Բոլոր դեպքերում գանգատները նույնն են եղել՝ սրտխառնոց, փսխում, փորլուծություն, մարմնի ջերմաստիճանի բարձրացում։ 

«Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Վարդումյանը «Հետքի» հետ զրույցում հայտնել է, որ երեկ ընդհանուր գրանցվել է շտապ օգնության 30 կանչ, որն աննախադեպ թիվ է համայնքի համար: Քանի որ բոլորի մոտ գրանցվել են նույն ախտանշանները, պոլիկլինիկան դեպքերի մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոն: 

«Առավոտյան տեղեկացրել ենք բոլոր կողմերին, այդ թվում՝ «Վեոլիա ջուր» ընկերությանը և Արտակարգ իրավիճակների վարչությանը: Մենք կասկածել ենք, որ պատճառը կարող է ջուրը լինել, բնակչությանը տեղյակ ենք պահել խնդրի մասին և խորհուրդ ենք տվել ջրից չօգտվել, խմել միայն եռացրած ջուր»,- ասում է Արմեն Վարդումյանը: 

Նրա խոսքով՝ բնակիչները շարունակում են դիմել նույն ախտանշաններով: Որոշ հիվանդների վիճակը վատացել է,  մի մասին սկսել են հոսպիտալացնել: Այսօր մինչև ժամը 4-ը շտապ օգնության 20 կանչ է եղել: 

«Մոտ 8 հոգու հոսպիտալացման նպատակով ուղղորդել են Աբովյան բժշկական կենտրոն: Բայց հիվանդների հստակ թիվ չեմ կարող ասել, քանի որ գանգատներ ունեցողների մի մասը միանգամից է գնում Աբովյանի ինֆեկցիոն հիվանդանոց»,- նշում է տնօրենը: 

Նա նաև հավելում է, որ կեսօրից սկսած բնակիչներին ուղղորդում են Հրազդանի բժշկական կենտրոն, քանի որ Աբովյանի ինֆեկցիոն հիվանդանոցում ազատ տեղեր չկան: 

Բյուրեղավանի բնակիչ Մարինա Զուռնաչյանի 12 տարեկան երեխան այսօր դպրոցից տուն գալու ճանապարհին է վատացել: 

«Հետքի» հետ զրույցում նա պնդեց, որ Բյուրեղավանի բնակչության շրջանում այս գանգատները մի քանի օր է, ինչ նկատվում են, սակայն երեկվանից նոր սկսել են դիմել շտապ օգնության: Այս պահին նա իր երեխայի հետ Աբովյանի ինֆեկցիոն հիվանդանոցում է: 

«Նույն հիվանդասենյակում ևս երկու երեխաներ են բուժում ստանում, էլի Բյուրեղավանից են՝ նույն սիմպտոմներով: Երեխաներից երկուսը դեռևս թույլ են, սիստեմա են ընդունել, սպասում ենք անալիզների պատասխանին, մոտ 4 օր դեռ հիվանդանոցում կլինենք»,- նշում է նա: 

Ինքն էլ, մյուս երեխաների ծնողներն էլ պնդում են՝ պատճառը կոյուղու ջուրն է,  որը նորից խառնվել է խմելու ջրին: Ասում են՝ անցած տարի ամռանն էլ էր նույնը տեղի ունեցել, բայց արագ կարգավորել էին: 

65-ամյա Գոհար Վարդազարյանի մոտ  երեկ կեսօրից սրտխառնոց ու փոխումներ են սկսվել, բայց մտածել է՝ լուրջ բան չկա: 

«Ես հիվանդոտ եմ, մտածել եմ հերթական առողջական խնդիրն է, բայց ամբողջ գիշեր փսխումներ եմ ունեցել ու փորլուծ: Այսօր աշխատանքի չեմ գնացել դրա պատճառով: Դեղատուն եմ գնացել փորլուծի ու սրտխառնոցի դեղ գնելու, բայց ասել են, որ վերջացել է, նույնիսկ փոխարինող դեղեր էլ չկան, ռամաշկա եմ վերցրել եկել տուն»,- պատմում է Գոհար Վարդազարյանը: 

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հաղորդմամբ՝ այսօր՝ ժամը 17:30-ի դրությամբ, հոսպիտալացվել է 11 մարդ, որոնց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: 

Վարակի պատճառը դեռևս հայտնի չէ: Կենտրոնի աշխատակիցները այսօր նմուշներ են վերցրել ջրից ու հիվանդներից: «Հետքի» հետ զրույցում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնել են, որ հետազոտությունը ընթացքի մեջ է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter