Դատախազության անկախությունը բարձր է գնահատվել, սակայն քաղաքական կախվածության ռիսկերը մտահոգիչ են. ԹԻՀԿ զեկույց
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» (ԹԻՀԿ) այսօր՝ 2026թ. ապրիլի 21-ին, հանրությանն է ներկայացրել դատախազության 2021-2024թթ. գործունեության համապարփակ հետազոտությունը: Չնայած կառույցի անկախության և ռեսուրսների ապահովվածության բարձր ցուցանիշներին, զեկույցը վեր է հանում լրջագույն խնդիրներ՝ կապված քաղաքական ազդեցության ռիսկերի, կոռուպցիոն գործերի կարճման բարձր տոկոսի և հանրային հաղորդակցության ցածր մակարդակի հետ: Զեկույցը ներկայացրեց ԹԻՀԿ իրավական հարցերով փորձագետ Անուշ Հակոբյանը: Ներկա էին նաև դատախազության ներկայացուցիչներ:
Հետազոտությունն իրականացվել է 2021-2024թթ. ընկած ժամանակահատվածի համար։ Դատախազության գործունեությունը դիտարկվել և գնահատվել է 48 ցուցանիշներով։ Գնահատվել են դատախազության անկախությունը և կարգավիճակը, ապահովվածությունը ֆինանսական և մարդկային ռեսուրսներով, կառույցի հաշվետվողականությունը և ներքին բարեվարքությունը, կոռուպցիոն հանցագործությունների հետապնդման պրակտիկան, կոռուպցիայի կանխարգելմանը, կրթմանը և իրազեկմանը միտված ջանքերը, համագործակցությունն ու արտաքին հարաբերությունները։
Ըստ հետազոտության՝ առավել բարձր են գնահատվել դատախազության անկախությունը և կարգավիճակը (77.7%), ապահովվածությունը ֆինանսական և մարդկային ռեսուրսներով (68.7%)։ Միջինին մոտ միավորներ է ապահովել կոռուպցիոն հանցագործությունների հետապնդումը (44.4%), հաշվետվողականությունը ու ներքին բարեվարքությունը (44.4%) ու համագործակցությունը և արտաքին հարաբերությունները (50%)։
Ամենացածր տեղում են կանխարգելումը, կրթությունը և իրազեկումը, այդ թվում՝ օրենսդրությամբ դատախազության այդպիսի գործառույթները պատշաճ չկարգավորելու բերումով (21.4%):
Ջակարտայի հակակոռուպցիոն մարմինների գործունեության սկզբունքներին համապատասխանության տեսանկյունից՝ դատախազության գործունությունը գնահատվել է 62․1%, որտեղ ցածր մակարդակում են արտաքին հաշվետվողականության, հանրային հաղորդակցության և գործակցության սկզբունքների ապահովումը։
Գնահատվել է առավել բարձր՝ 65․3%, տվյալ կառույցի վերահսկողության շրջանակում գտնվող ներքին գործոնների ցուցանիշներով։ Վերահսկողությունից դուրս գտնվող արտաքին ազդեցության գործոններով պայմանավորված գնահատականը 62․5% է, իսկ կատարողականի ցուցանիշներով՝ 34․2%։Թեև «Դատախազության մասին» օրենքում ամրագրված է դատախազի ապաքաղաքականացվածության սկզբունքը, որի համաձայն դատախազը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ, սակայն հանրային և մեդիա դաշտում քննարկվում է գլխավոր դատախազի կաշկանդվածության մասին: Մասնավորապես՝ ուսումնասիրությամբ նշվում է, որ գործող գլխավոր դատախազը վարչապետի հետ ունեցել է սերտ աշխատանքային հարաբերություններ (Աննա Վարդապետյանը եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականը), ինչը ստեղծում է քաղաքական կախվածության և ընտրովի արդարադատության վերաբերյալ բարձր ռիսկեր։
ԹԻՀԿ-ն իր հետազոտության մեջ նշել է, որ այդ ընկալումները խորանում են նաև այն հանգամանքով, որ ներկայիս բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերի զգալի մասը չի հասնում դատավարական ավարտի։
Հայաստանում ընդդիմադիր քաղաքական ուժերի և պատգամավորների կողմից բազմիցս հնչեցվել են մեղադրանքներ, ըստ որոնց պետական մարմինները, այդ թվում՝ իրավապահ համակարգը և դատախազությունը, որոշ դեպքերում գործել են քաղաքական դրդապատճառներով՝ թիրախավորելով իշխանությունների քննադատներին կամ ընդդիմադիր գործիչներին։ Մասնավորապես, ընդդիմադիր պատգամավորները հրապարակային ելույթներում և լրատվամիջոցների միջոցով քննադատել են իշխանություններին՝ դատարանների և իրավական մեխանիզմների կիրառումը որպես քաղաքական ճնշման կամ վախեցման գործիք օգտագործելու համար։ Նշվել են նաև դեպքեր, երբ Ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու գործընթացները մեկնաբանվել են որպես քաղաքական պատվերով պայմանավորված քայլեր։
Հետազոտության մեջ նշված է նաև, որ Գլխավոր դատախազը չի մասնակցել քաղաքականապես զգայուն հարցերի վերաբերյալ խորհրդարանական լսումներին, այդ թվում՝ քաղաքական ենթատեքստ ունեցող գործերի շուրջ քննարկումներին, ինչը որոշ շրջանակների կողմից գնահատվել է որպես խորհրդարանական վերահսկողությունից խուսափելու փորձ։ Իսկ Գլխավոր դատախազի՝ օրենքով սահմանված կարգով ԱԺ-ում տարեկան հաղորդման ներկայացման ընթացքում ընդդիմության կողմից բարձրացված քաղաքական պատվերի վերաբերյալ մտահոգությունները չեն ստացել համապարփակ, փաստարկված արձագանք կամ ինստիտուցիոնալ գնահատում։ Արդյունքում, քաղաքականապես զգայուն գործերի շուրջ ձևավորված հանրային ընկալումները շարունակում են պահպանել դատախազության քաղաքականացված լինելու ռիսկը։
Դատախազության գործունեության գնահատմամբ վերհանված խնդիրների առնչությամբ օրենսդրական և վերահսկողության մակարդակում ներկայացվել է 42 առաջարկություն: Մասնավորապես՝ վերանայել և վերացնել Գլխավոր դատախազի պաշտոնավարման ժամկետը երկարաձգելու ընթացքում երկու անգամ անընդմեջ ընտրվելու հնարավորությունը։ Բացի այդ, առաջարկվում է Գլխավոր դատախազի ընտրության գործընթացում թափանցիկությունն ու արժանիքահեն մոտեցումը ապահովելու նպատակով սահմանել լրացուցիչ մեխանիզմներ՝ ԱԺ իրավասու մշտական հանձնաժողովի կողմից թեկնածուների առաջադրման փուլում։
Առաջարկվում է՝ մինչև Ազգային ժողով ներկայացնելն անցկացնել բաց մրցույթ՝ սահմանված պահանջներին համապատասխանող ցանկացած անձի մասնակցության հնարավորությամբ։ Նպատակահարմար է մեկ թեկնածուի փոխարեն Ազգային ժողով ներկայացնել մինչև երեք թեկնածու։ Ընդ որում, նշված գործընթացում պետք է ապահովվի նաև անկախ փորձագետների մասնակցությունը, օրինակ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ակադեմիական ոլորտի ներկայացուցիչներ, իրավաբան-գիտնականներ, որոնք չեն հանդիսանում հանրային ծառայողներ և ենթակա չեն որևէ պետական մարմնի։
Դատախազության լիազորությունների քաղաքական նպատակներով օգտագործման ռիսկերը նվազեցնելու նպատակով առաջարկվում է Գլխավոր դատախազի թեկնածուների ընտրության չափանիշներում սահմանել առնվազն վերջին երեք տարիների ընթացքում որևէ կուսակցության անդամ հանդիսանալու կամ քաղաքական ակտիվ գործունեությամբ զբաղվելու սահմանափակում:
ԹԻԱՀ-ն անդրադարձել է նաև թե ինչպես է դատախազությունը արձագանքում տեղեկատվության պահանջներին կամ ինչպես է պատասխանում հարցումներին: ԹԻՀԿ հարցմանն ի պատասխան դատախազությունից հայտնել են, որ հանրության հարցումների քանակը 2021-2024թթ․ ընթացքում զգալիորեն աճել է (312-ից մինչև 843), և անարձագանք թողնված հարցումներ չեն արձանագրվել։ Սակայն, զեկույցում նշվում է, որ խնդրահարույց կարող է լինել նաև արձագանքման որակը։ Մասնավորապես, ԹԻՀԿ նշված հարցմանն արձագանքելիս դատախազությունից պահանջված տեղեկությունների զգալի մասը մնացել է անպատասխան։
«Ընդհանուր առմամբ, հանրության հետ հաղորդակցության և տեղեկատվության տրամադրման գործող մեխանիզմները չեն ապահովում բավարար թափանցիկություն և վստահություն»,-նշված է զեկույցում:
2021-2024թթ․ Հայաստանում կոռուպցիայի հետապնդումների մակարդակը, ըստ Գլխավոր դատախազության տեղեկանքի, միջինում կազմում է 13.2%, ինչը, համաձայն ԹԻԱՀ գնահատման մեթոդաբանության, համարվում է ցածր ցուցանիշ։ Այն էականորեն ցածր է միջազգային ընդունված նվազագույն շեմից (մոտ 50%), որն ընդհանուր առմամբ ապահովում է հակակոռուպցիոն վարույթների արդյունավետությունը։ Չնայած 2024 թ․ որոշակի աճին, ընդհանուր միտումը մնում է ցածր և անկայուն։
Բացի այդ, զեկույցում նշված է, որ արդարացման հիմքով քրեական վարույթների կարճման տոկոսային հարաբերությունը տարեցտարի աճում է, ինչը մտահոգիչ է կոռուպցիոն հանցագործությունների դեմ արդյունավետ պայքարի տեսանկյունից։
2021-2024թթ․ ընթացքում ավարտված կոռուպցիոն վարույթների 66-80%-ը կարճվել է։ Այդ կարճումների զգալի մասը եղել է արդարացնող հիմքերով: Այսինքն՝ կամ գործը սկզբից ևեթ բավարար ապացուցողական հիմքեր չի ունեցել կամ նախաքննությունը չի ապահովել մեղադրանքի հիմք հանդիսացող նյութերի բավարարությունը։ Արդարացնող հիմքերով կարճման մասնաբաժինը 2021թ․ եղել է 76%, 2022թ․՝ 73.7%, 2023թ․՝ 83.3%, իսկ 2024թ․՝ 53.7%։
«Այս միտումը համարժեք է այն հայտարարությանը, որ նախաքննության որակը ինստիտուցիոնալ խնդիր ունի։ Ուստի, եթե գործերի մեծ մասը կարճվում են արդարացնող հիմքերով, նշանակում է կոռուպցիոն հանցագործությունների փաստական կազմը պատշաճ կերպով չի հիմնավորվում, ինչը մեխանիկորեն նվազեցնում է հետապնդման մակարդակը»,-նշված է ԹԻԱՀ զեկույցում:
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 42 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ նախաձեռնված հետապնդում, որոնցից 29-ը վերաբերում են նախկին պաշտոնյաների, ինչը կազմում է քաղաքական ազդեցություն ունեցող և բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կոռուպցիոն գործերով հետապնդումների մոտավորապես 69%-ը։ Հետազոտության տվյալները վկայում են, որ դատախազության կողմից բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ նախաձեռնված քրեական հետապնդումները հիմնականում վերաբերում են նախկին պաշտոնյաներին, մինչդեռ հանրային մակարդակում բացակայում է այդ գործերի արդյունքների և կիրառված պատիժների վերաբերյալ բավարար ու հասանելի տեղեկատվությունը։
Զեկույցի համաձայն՝ այդ տվյալները վկայում են, որ թեև բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ նախաձեռնված գործերի թիվն աճում է, վերջնական արդյունքների բացակայությունը, թափանցիկության պակասը և իրավապահ մարմինների միջև հակասությունները վնասում են հակակոռուպցիոն քաղաքականության վստահելիությանը և թույլ չեն տալիս հաստատել իրական պատասխանատվության կիրառման առկայությունը։ Այս համատեքստում բարձր է մնում ընտրովի, ոչ կայուն կամ քաղաքական ազդեցություններով պայմանավորված հետապնդումների ռիսկը, իսկ անպատժելիության ընկալումը՝ զգալի։
ԹԻՀԿ ներկայացուցիչները նշեցին, որ հետազոտության նպատակն է աջակցել Կառավարությանը և Դատախազությանը՝ ամրապնդելու Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ մեխանիզմները և բարձրացնելու կոռուպցիայի հակազդման արդյունավետությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել