ՏԿԵՆ-ը «մոտ ժամանակում» պատրաստվում է քննարկել պտղնեցիների ահազանգը
«Պտղնի գյուղի բնակիչների կողմից բարձրացված Երեւան-Սեւան Մ-4 ավտոմոբիլային ճանապարհի համապատասխան հատվածում հետիոտնային անցման կազմակերպման հետ կապված խնդիրը ՀՀ ՏԿԵ նախարարության ուշադրության կենտրոնում է»,- «Հետքին» հայտնել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը։
Վերջերս «Հետքն» անդրադարձել էր Աբովյան խոշորացված համայնքի Պտղնի գյուղի բնակիչների կողմից բարձրաձայնված խնդրին: Գյուղի նախկին ամառանոցային թաղամասի բնակիչները ցանկանում են, որ Մ-4 մայրուղու՝ իրենց բնակավայրին հարող հատվածում հետիոտնային անցում տեղադրվի, քանի որ այլապես ստիպված են լինում միակ թույլատրելի անցումից (գտնվում է Երեւան-Սեւան մայրուղու սկզբնամասի ոստիկանական հենակետի՝ «ԳԱԻ-ի պոստի» մոտ) օգտվելուց հետո քայլել մոտ 3 կմ: Ներկայում միակ այլընտրանքը չթույլատրված տեղով մայրուղին հատելն է, ինչը շատ վտանգավոր է: 2025-ի աշնանն այստեղ հետիոտն է զոհվել:
Թեմայի վերաբերյալ վարչապետի աշխատակազմին դիմում էր ուղարկել նաեւ ճանապարհի այս հատվածում գործունեություն ծավալող «Բրաբիոն Ֆլորա Սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Արշալույս Չոբանյանը: ՏԿԵՆ-ից նրան այս տարվա հունվարին պատասխանել էին, որ նախարարությունում նախատեսվում է քննարկում կազմակերպել շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, իսկ հանդիպման օրվա մասին կտեղեկացնեն լրացուցիչ։
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին «Հետքը» հարցրել է, թե երբ է նախատեսվում այդ հանդիպումը, եւ նախարարությունն ինչ լուծումներ է դիտարկում՝ Պտղնու բնակիչների բարձրաձայնած խնդիրը լուծելու համար։
«Հարցի բազմակողմանի քննարկումն ապահովելու նպատակով նախատեսվում է մոտ ժամանակում կազմակերպել աշխատանքային հանդիպում՝ շահագրգիռ մարմինների եւ համապատասխան մասնագիտական կառույցների մասնակցությամբ, որի ընթացքում կքննարկվեն առկա իրավիճակը, հնարավոր ռիսկերը, ինչպես նաեւ խնդրի կարգավորման տարբերակները։ Հանդիպման օրվա եւ կազմակերպչական մանրամասների վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի սահմանված կարգով»,- մեր հարցմանը պատասխանել է փոխնախարար Ղալեչյանը:
Պտղնու նախկին ամառանոցային թաղամասի բնակիչներն առաջարկում են լուծման այսպիսի տարբերակներ․ կա՛մ կառուցել վերգետնյա անցում, կա՛մ կարգավորվող լուսացույց եւ հետիոտնային անցում տեղադրել։
Բնակիչները «Հետքին» հայտնել են, որ հարցի լուծումն իրենց համար հրատապ է, եւ եթե այն չլուծվի, իրենք պատրաստ են երկկողմանի փակել Մ-4 միջպետական մայրուղին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել