HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Կոնդ թաղամասի անշարժ գույքի սեփականատերերից 950 հազար դրամ փաստաբանական ծառայության վճար են պահանջում

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում 21 հայց է քննվում Երևանի Կոնդ թաղամասի գերակա հանրային շահ ճանաչված տարածքի անշարժ գույքի սեփականատերերի դեմ։  Նրանք այն անձինք են, ովքեր չեն համաձայնել գույքը ձեռք բերողի՝  «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» ՓԲԸ-ի պայմաններին և հրաժարվում են ազատել տարածքը։

Ապրիլի 2–ին «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» ՓԲԸ-ն դիմումներ է ներկայացրել հայցերը քննող դատավորներին՝ խնդրելով դատական ակտով անդրադառնալ նաև դատական ծախսերի բաշխման հարցին։ Դիմումին կից ներկայացրել է «Քոնֆիդանտ» ՍՊԸ–ի հետ 2025թ․-ին կնքված իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիրը, ըստ որի՝ ընկերությունը հայցվորին իրավաբանական ծառայություն է մատուցում 950 000 դրամով։

Փաստաբան Դավիթ Ասատրյանը նշում է, որ նման բան չի եղել հանրության գերակա շահ ճանաչված ո՛չ Բյուզանդի, ո՛չ Ֆիրդուսու տարածքների օտարման ժամանակ։

Փաստաբանն իր երեք վստահորդների՝ Սուսաննա Հակոբյանի, Անուշ Քոչարյանի և Գայանե Խաչատրյանի անունից ապրիլի 6-ին դիմել է Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին։ Փաստաբանը հայտնել է, որ «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» ՓԲԸ-ն փորձում է անհամաչափ ֆինանսական պարտավորություններ դնել օտարվող գույքի սեփականատերերի վրա։ Խնդրել է իրենց լիազորությունների սահմաններում միջոցներ ձեռնարկել անշարժ գույքի սեփականատերերին «ոչ համաչափ և անօրինական ֆինանսական պարտավորություններից զերծ պահելու ուղղությամբ»։

««Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող 11-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, օտարվող սեփականության սեփականատիրոջ համար պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից այդ կապակցությամբ առաջացող ֆինանսական պարտավորությունները (հարկեր, տուրքեր, պարտադիր վճարներ) հատուցում է ձեռք բերողը: Այս հոդվածի բովանդակությունից բխում է, որ գույքի հարկադիր օտարման հետ կապված բոլոր ֆինանսական պարտավորությունները պետք է կրի գույքը ձեռք բերողը»,– գրել է Դավիթ Ասատրյանը։

Փաստաբանի կարծիքով՝ սահմանելով, որ բոլոր ֆինանսական պարտավորությունները պետք է կրի ձեռք բերողը, օրենսդիրը ելել է այն կանխավարկածից, որ սեփականատերը չպետք է կրի որևէ նյութական կորուստ իր կամքից անկախ՝ գույքի հարկադիր օտարման գործընթացի հետևանքով։ Եթե օրենքը պարտադրում է ձեռք բերողին սեփականատիրոջ փոխարեն վճարել նույնիսկ պետական հարկերը, ապա առավել ևս տրամաբանական է, որ սեփականատերը չպետք է վճարի ձեռք բերողի ընտրած փաստաբանի համար։

Կառավարության աշխատակազմը գրությունը վերահասցեագրել է էկոնոմիկայի նախարարությանը՝ քննարկելու համար, քանի որ «Համաշխարհային առևտրի կենտրոն» ՓԲԸ–ի հետ կապված բոլոր հարցերին պետության անունից այս նախարարությունն է լիազորվել հանդես գալ։

Ապրիլի 16–ին Էկոնոմիկայի նախարարի տեղակալը փաստաբանին պատասխանել է․ «Ձեր կողմից ներկայացված խնդիրը դուրս է նախարարության լիազորությունների շրջանակից, ուստի առաջարկում ենք դիմել «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» ՓԲԸ-ին»»։

Հիշեցնենք, որ օտարվող սեփականությունը ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության, «Ռենշին» ՍՊԸ-ի և «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության հետ համատեղ 2024թ․ մայիսին հիմնադրված «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» փակ բաժնետիրական ընկերությունը (ՓԲԸ)։ Փաստաբանը դիմել է Կառավարությանը, քանի որ ընկերության կանոնադրական կապիտալում 50%-ի բաժնետերեր են Հայաստանի Հանրապետությունը և «Հայփոստ» ՓԲԸ-ն:

Կառավարությունը, չցանկանալով լուծում տալ այդ հարցին, մատնացույց է արել մասնավոր կազմակերպությանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter