HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

ԱԲ գործարանն ընդլայնվում է. Հայաստանը GPU-ների քանակով աշխարհի առաջատար հնգյակում կարող է լինել

Հայաստանում կառուցվող Արհեստական բանականության (ԱԲ) գործարանի հզորությունը կրկնապատկվի: Այս մասին Երևանի պետական համալսարանում ապրիլի 18-ին՝ AI Conf 2026 համաժողովի ընթացքում, հայտարարեց Firebird ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը՝ նշելով, որ շուտով կհայտարարվի նախագծի երրորդ փուլի մեկնարկի մասին:

ԱԲ գործարանը կամ AI Factory-ն Firebird ընկերության, Nvidia-ի և Հայաստանի կառավարության համատեղ նախագիծն է։ Առաջին փուլի համար հայտարարվել էր 500 միլիոն դոլար ներդրումների մասին։ 2026-ի փետրվարի 10-ին Firebird-ը և ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես հայտարարեցին՝ մեկնարկում է նախագծի երկրորդ փուլը, ներդրումների ծավալը հասցվելու է շուրջ 4 միլիարդ դոլարի։ Տարեվերջին նախատեսվում է Հրազդանում գործարկել երկրորդ փուլի համար հայտարարված 50 հազար GPU-ները։

Երրորդ փուլում նախատեսվում է Հայաստանում կենտրոնացնել ևս 60 հազար գրաֆիկական պրոցեսոր (GPU) ու դրանց ընդհանուր քանակը երկրում հասցնել 110 հազարի: Եսայանի խոսքով՝ համալրման նպատակով ակտիվ բանակցություններ են ընթանում Հայաստանի կառավարության հետ՝ անհրաժեշտ էլեկտրաէներգիայի տրամադրման շուրջ:

NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդեանը նշում է՝ տարեվերջին, երբ գործարկվեն 50 հազար GPU-ները, Հայաստանը դրանց քանակով աշխարհի լավագույն հնգյակում կհայտնվի՝ շրջանցելով Եվրոպայի խոշոր պետություններին:

«Այսօր աշխարհում ոչ ոք չգիտի՝ ինչպես օգտագործել ԱԲ-ն, ինչը հավասար հնարավորություններ է տալիս թե՛ Հայաստանին, թե՛ ԱՄՆ-ին։ Մենք հիմա դառնում ենք ԱԲ-ի առումով հարուստ երկիր, բայց մեզնից է կախված՝ կօգտվենք այս հնարավորությունից, թե՝ ոչ։ Մենք հնարավորություն ունենք մյուսներից ավելի արագ շարժվելու»,- ընդգծում է Լեբարեդեանը: 

Նրա խոսքով՝ նախագծի առաջին գործնական արդյունքները շուտով տեսանելի կլինեն: Առաջին փուլի 6 հազար GPU-ները հետազոտողներին հասանելի կդառնան առաջիկա մեկ ամսվա ընթացքում: 

«Սա հնարավորություն է նոր գաղափարներ ունեցող մարդկանց համար՝ վերակառուցելու ապագայի մասին մեր պատկերացումները։ Մեզ պետք չէ իմանալ, թե ինչպես են ինչ-որ բաներ արվել վերջին 50 տարիների ընթացքում. մենք պետք է լինենք ստեղծագործ ու ստեղծենք ապագան»,- ասում է NVIDIA-ի փոխնախագահը։

Երեկ՝ ապրիլի 17-ին, Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Firebird AI ընկերության միջև ստորագրվեց բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների ձեռքբերման պայմանագիր։ Պետությունը ձեռք կբերի 25 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ռեսուրսներ։

Հաշվողական այս ռեսուրսները կտրամադրվեն ստարտափներին, գիտահետազոտական խմբերին, ուսումնական հաստատություններին և անհատ մասնագետներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter