HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

493 մլն դրամ՝ քաղաքացիների թվային գրագիտության մակարդակը բարձրացնելու համար․ Կառավարության որոշման նախագիծ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է բարձրացնել գործազուրկների թվային գրագիտության մակարդակը։ Նախարարության և Միասնական սոցիալական ծառայության իրականացրած մշտադիտարկման արդյունքներով՝ գործազուրկ քաղաքացիների զգալի մասը չունի թվային միջավայրում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ նվազագույն հմտություններ։ Ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 493 մլն դրամ՝ 10 հազար հոգու կրթելու հաշվարկով։

Ըստ նախագծի հիմնավորումների՝ շատ քաղաքացիներ չեն տիրապետում էլեկտրոնային փոստի ստեղծման և կիրառման հմտություններին, չեն կարող կազմել ինքնակենսագրական (CV), չունեն համակարգչից օգտվելու տարրական կարողություններ, ինչպես նաև չեն կարող օգտվել առցանց ծառայություններից և աշխատանքի որոնման հարթակներից։ Նշված խնդիրները առավել ընդգծված են սոցիալապես անապահով, ցածր կրթական մակարդակ ունեցող և մարզային բնակավայրերում ապրող քաղաքացիների շրջանում։

«Թվային գրագիտության պակասը էապես սահմանափակում է քաղաքացիների մրցունակությունը աշխատաշուկայում և խոչընդոտում նրանց ներգրավվածությանը ինչպես զբաղվածության ծրագրերում, այնպես էլ թվայնացվող տնտեսությունում և պետական ծառայությունների համակարգում»,- նշում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Ծրագրի առաջին փուլում նախատեսվում է ներգրավել մինչև 10,000 գործազուրկ անձ՝ հետագա փուլերում շահառուների թիվը հասցնելով մինչև 30,000-ի։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է կազմակերպել թվային գրագիտության բարձրացման դասընթացներ, որոնք ներառելու են համակարգչային տարրական հմտությունների զարգացում, էլեկտրոնային փոստի կիրառություն, ինքնակենսագրական կազմելու կարողություններ, աշխատանքի որոնման առցանց հարթակների օգտագործում, ինչպես նաև թվային անվտանգության հիմունքներ։ Դասընթացների ընդհանուր տևողությունը կկազմի 24 ակադեմիական ժամ, դասընթացները կիրականացեն 6 շաբաթվա ընթացքում՝ շաբաթական 2 օր, օրական 2 ժամ տևողությամբ։

Դասընթացների ավարտին մասնակիցները կանցնեն ամփոփիչ թեստավորում, որի անցողիկ շեմը հաղթահարած մասնակիցները կստանան սերտիֆիկատ և 50,000 դրամի չափով էլեկտրոնային վաուչեր։ Վաուչերի միջոցով մասնակիցները կկարողանան մասնակցել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքէջով հրապարակված «Երաշխավորված ոչ ֆորմալ կրթական մոդուլային ծրագրեր» իրականացնող կազմակեր­պությունների կողմից իրականացվող դասընթացներին։

Ծրագրի առաջին փուլի նախնական ֆինանսական հաշվարկներով ընդհանուր արժեքը մոտ 493 մլն դրամ է (10 հազ․ հոգու հաշվարկով), ինչը մեկ շահառուի հաշվով մոտ 49 հազար դրամ է։ Ծախսերը ներառում են դասընթացավարների վարձատրություն, ուսումնական նյութերի մշակում, մոնիթորինգ և գնահատում, ինչպես նաև մոտիվացիոն բաղադրիչներ։ Ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ աղբյուրների հաշվին։ Հաշվարկի մեջ մտնում է 138 մլն 687 հազ․ դրամ աշխատավարձ, 350 մլն դրամ վաուչերի գումար (եթե 70%-ը հաղթահարի անցողիկ շեմը) և այլն։

2026թ․ պետական բյուջեում լրացուցիչ ծախս չի նախատեսվում: Ծրագրի իրականացումը նախատեսվում է 2027թ․ հունվարի 1-ից հետո։

Գլխավոր նկարը պատրաստվել է արհեստական բանականությամբ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter