Ովքեր են պարտք տալիս Հայաստանի Հանրապետությանը. մաս 1
Հայաստանի բանկերը վերջին տարիներին մեծ գումարներ են պարտքով տալիս պետությանը։ Քաղաքացիների՝ կուտակային կենսաթոշակային ֆոնդերում հավաքված ապագա թոշակներից ևս պարտք է տրվում պետությանը։
Մեր տեսանյութերից մեկում պատմել ենք, թե ներկա դրությամբ 14 միլիարդ դոլարը գերազանցած պետական պարտքն ինչպես է կուտակվել և ինչ բեռ է դարձել պետական բյուջեի համար։ Իշխանությունները հավաստիացնում են, որ պարտքը կառավարելի է և նպաստում է տնտեսական աճին, ընդդիմախոսները՝ մատնանշում ռիսկերը։
Ինչպես պարզել ենք, վերջին տարիներին Հայաստանի պետական պարտքի աճը պայմանավորված է հիմնականում ներքին պարտքով։ Սա այն գումարն է, որը Կառավարությունը պարտք է իր երկրի քաղաքացիներին, բանկերին և կազմակերպություններին։
Այս անգամ «Հետքը» ուսումնասիրել է, թե ովքեր են Հայաստանի պարտատերերը՝ ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին պարտքի գծով։
Ներքին պարտք. բանկերը Հայաստանի Հանրապետության գլխավոր պարտատերերն են
Ֆինանսների նախարարությունը նախընտրում է ավելի շատ հենվել ներքին պարտքի վրա, քանի որ այն վերցնում է հայկական դրամով, և արտարժութային ռիսկեր չեն առաջանում (ՀՀ դրամով)։ Բացի այդ, տոկոսները մնում են երկրի ներսում և կարող են խթանել տնտեսությունը։ Սակայն, այս համակարգը ունի նաև թերություններ՝ բարձր տոկոսադրույքներ և խոշոր ֆինանսական կառույցների հնարավոր ազդեցություն։
Ինչպես նշեցինք, ներքին պարտքը ձևավորվում է հիմնականում ռեզիդենտների գնած պետական գանձապետական պարտատոմսերից ։ Ներքին պարտքի ոչ մեծ մաս են կազմում ռեզիդենտների գնած արտարժութային պարտատոմսերը։
Ընդհանուր առմամբ, ըստ Ֆինանսների նախարարության և ԿԲ-ի հրապարակած վիճակագրության, 2026 թվականի փետրվարի վերջի դրությամբ Հայաստանը մոտ 2.9 տրլն դրամի (7.6 մլրդ ԱՄՆ դոլար)՝ ՀՀ դրամով ներգրավված պարտք ունի, որը հենց պետական պարտատոմսերն են։
Այս պարտքի հիմնական մասը՝ 2.6 տրլն դրամը, ձևավորվել է ռեզիդենտների գնած պետական գանձապետական պարտատոմսերի արդյունքում։ Մնացածը ոչ ռեզիդենտներն են գնել։
Ինչպե՞ս է սա աշխատում. պետությունը ներքին պարտք է վերցնում հիմնականում պետական պարտատոմսերի թողարկմամբ՝ թողարկում է արժեթղթեր, որոնք գնում են բանկերը, տարբեր ֆոնդեր, իրավաբանական անձինք կամ սովորական քաղաքացիներ։ Փոխարենը պետությունը խոստանում է պայմանավորված ժամկետում վերադարձնել գումարը և վճարել տոկոսները։
Իսկ ո՞վ է պետությանը 2.6 տրլն դրամի պարտք տվել։ Դրանք, մեծ մասամբ, ոչ թե հասարակ քաղաքացիներ են, այլ՝ խոշոր ֆինանսական կառույցներ։
Այսպես, առաջին տեղում բանկերն են։ Կենտրոնական բանկի տվյալներով՝ փետրվարի վերջի դրությամբ պետությունը բանկերին պարտք է 1.6 տրլն դրամ։ Նշված ամսվա դրությամբ այն կազմում է Հայաստանի պետական պարտատոմսերի 57%-ը։
Ակնհայտ է, որ վերջին հինգ տարիներին բանկերի գնած պետական պարտատոմսերի ծավալը կամ ավելի պարզ ասած՝ պետությանը տրված պարտքն անշեղորեն և բավականին տեսանելի տեմպով աճել է։ Եվ կարելի է պնդել, որ Հայաստանի ամբողջ պետական պարտքի աճի վրա դա էական ազդեցություն է ունեցել։
Համեմատության համար նշենք, որ հինգ տարի առաջ՝ 2021 թվականի սկզբի դրությամբ պետության պարտքը բանկերին կես տրիլիոն դրամի չափով է եղել։
Ստորև գրաֆիկում կարող եք տեսնել այդ միտումները, ինչպես նաև պետությանը պարտք տված մյուս հատվածների ցուցանիշները, որոնց ևս այս հոդվածում անդրադարձել ենք։
Հիշեցնենք, որ պետությունը նոր պարտքերին զուգահեռ մարում է հին պարտքերի մի մասը։ Այս տվյալները պատկերում են նշված պահին եղած պարտքերը։ Այսինքն՝ երբ պարտքի որևէ մասն արդեն մարված է, այն տվյալ օրվա վիճակագրության մեջ այլևս չի ներառվում։
Հատկապես 2022 թվականից սկսած՝ Հայաստանի բանկերը ռեկորդային շահույթներ են գրանցում։ Մասնագետները դա պայմանավորում են առաջին հերթին ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով դեպի Հայաստան մարդկանց ու փողերի ներհոսքով։ Մասնավորապես, նախնական տվյալներով՝ 2025 թվականին Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը կազմել է 421 մլրդ դրամ, մինչդեռ մինչև 2022 թվականը 100 մլրդ դրամի չի հասել (վերջնական և աուդիտ անցած տարեկան տվյալները դեռևս չեն հրապարակվել)։
Ինչպես երևում է, բանկերը այդ շահույթի մի մասով պետական պարտատոմսեր են գնում։
Շատ է քննարկվում, որ Հայաստանի տնտեսությունը ունակ չէ կլանելու մեծ գումարներ։ Տնտեսության մեջ չկան այնպիսի ոլորտներ և ենթակառուցվածքներ, որոնք բավարար քանակով արդյունավետ բիզնես ծրագրեր կգեներացնեն և որտեղ կարող են ներդրվել, օրինակ, ֆինանսական կառույցների կուտակած գումարները։
Առանձին ուսումնասիրության թեմա է, թե բանկերից որոնք են ամենամեծ ծավալով պարտք տալիս պետությանը։ Արդյոք այստեղ կա կենտրոնացվածություն, արդյոք պետությունը չի սկսել ֆինանսական կախվածություն ձեռք բերել բանկերից։ Օրինակ՝ եթե բանկային համակարգում սկսվի լիկվիդայնության խնդիր, պետությունը չի կարողանա նոր պարտք վերցնել կամ ստիպված կլինի դա անել բարձր տոկոսադրույքներով։
Մեկ այլ թեմա է՝ ինչպես են ներքին պարտքի բարձր տոկոսադրույքները ազդում շուկայի ընդհանուր տոկոսադրույքի վրա, այդ թվում՝ վարկերի։
Կենսաթոշակային ֆոնդերում կուտակված գումարները տնտեսության իրական հատվածում «տեղ չունեն», պարտքով տրվում են պետությանն ու բանկերին
Ներքին պարտքի մյուս խոշոր հատվածը բաժին է ընկնում կենսաթոշակային ֆոնդերին։ Կենսաթոշակային ֆոնդերի վերբերյալ ԿԲ տեղեկագրում կարդում ենք, որ 2026 թվականի հունվարի վերջի դրությամբ (փետրվարի տվյալը դեռևս չկա) կենսաթոշակային ֆոնդերը պետական պարտատոմսերում ներդրել են 543 մլրդ դրամ։
ԿԲ-ի մեկ այլ տեղեկագրում նշված է, որ ներքին պարտքի կազմում՝ պետական պարտատոմսերում, ոչ բանկային ռեզիդենտ ներդրողների ներդրումները կազմել են 785 մլրդ դրամ։ Թեև չի առանձնացվում, սակայն ԿԲ-ից տեղեկացանք, որ այդ գումարը ներառում է կենսաթոշակային ֆոնդերի ներդրումները։ Կոպիտ հաշվարկներով՝ ստացվում է, որ մնացած 240-250 մլրդ դրամը մյուս ռեզիդենտներն են, որոնք պարտատոմսեր են գնել, այդ թվում՝ այն քաղաքացիները, որոնք ոչ մեծ քանակի պարտատոմսեր ունեն։
Ինչպես նախկինում գրել ենք, հայաստանցիների ապագա կենսաթոշակները կառավարող ֆոնդերում բավականին մեծ գումարներ են կուտակվել։ Ներկայում դրանք մոտ են 1.5 տրլն դրամին։
Հիշեցնենք՝ գործում են երկու կառավարիչներ՝ երեքական ֆոնդերով։ Այդ գումարները ֆոնդերը ներդնում են տարբեր գործիքներում՝ լրացուցիչ եկամտի նպատակով։
Այսինքն՝ մեր աշխատավարձերից գանձվող գումարները նախ գնում են այդ ֆոնդեր, հետո ֆոնդերը դրանք ներդնում են բանկերում, պետական պարտատոմսերում, արտասահմանյան ընկերություններում և այլն։
Քանի որ Հայաստանում կապիտալի շուկան զարգացած չէ, այսինքն՝ շատ չեն այն բիզնես ծրագրերը, որտեղ հնարավոր կլիներ ներդնել այդ գումարներն ու եկամուտ ստանալ, ֆոնդերի կառավարիչները դրանց մի զգալի մասով պետական պարտատոմս են գնում, մի զգալի հատված էլ՝ բանկերին ի պահ տալիս որպես ավանդ։
Փորձագետները բազմիցս առաջարկել են պետությանը նոր մեխանիզմներ կիրառել պարտադիր կենսաթոշակային ֆոնդերում կուտակված գումարները ենթակառուցվածքներում և այլ ծրագրերում ներդնելու ուղղությամբ։ Սակայն, ներկայում պետությունն ու բանկերը դեռևս այդ գումարները օգտագործող հիմնական աղբյուրներն են։
Որոշակի ծավալով Հայաստանի պետական պարտատոմսեր են գնում նաև ոչ ռեզիդենտներն ու Հայաստանի Կենտրոնական բանկը։ Նրանք, սակայն, էական կշիռ չունեն ընդհանուր ծավալում։
Այսպիսով, Հայաստանի ներքին պարտքի գծով գլխավոր պարտատերերն առաջին հերթին բանկերն են ու կենսաթոշակային ֆոնդերը։
Ներքին պարտքի ամենամեծ մասնաբաժինը պետությունը վերցրել է երկար ժամկետով
«Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ պետական պարտքը, ըստ ժամկետայնության, լինում է կարճաժամկետ (մինչև 1 տարին ներառյալ), միջնաժամկետ (1-5 տարին ներառյալ) և երկարաժամկետ (5-ից ավելի տարով):
Պարտատոմսերի պարագայում գերակշռում է երկարաժամկետ տեսակը։
Ըստ Ֆինանսների նախարարության՝ այս տարվա փետրվարի վերջի դրությամբ՝ մոտ 2.9 տրլն դրամի պետական պարտատոմսերի 58.1%-ը կամ մոտ 1.7 տրլն դրամը երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերն են։
Հաջորդիվ կներկայացնենք արտաքին պարտքի պարտատերերին՝ այն պետություններին ու միջազգային կառույցներին, որոնց պարտք է Հայաստանը, ինչպես նաև՝ եվրոբոնդերի պատմությունը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել