«ՀՀ-ն հաղթահարել է գոյատևման ու մաքառման իրեն պարտադրված օրակարգը և մտել ապրելու պատմական դարաշրջան». Փաշինյան
Ազգային ժողովն ապրիլի 15-ի նիստում քննարկել է «Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը: Այս մասին հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը։
«Փաստաթղթի վերաբերյալ ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու անդրադարձել մեր երկրի արտաքին ու ներքին մարտահրավերներին:
«Պետք է արձանագրեմ, որ այսօր մենք ունենք բոլորովին այլ պետություն, քան ունեցել ենք 2018 թվականին: Այսօր մենք անկախ ենք ավելի, քան երբեւէ, ինքնիշխան ենք ավելի, քան երբեւէ, պետություն ենք ավելի, քան երբեւէ, ժողովրդավարական ենք ավելի, քան երբեւէ, զարգացած ենք ավելի, քան երբեւէ, խաղաղ ենք ավելի, քան երբեւէ, բարեկեցիկ ենք ավելի, քան երբեւէ, անվտանգ ենք ավելի, քան երբեւէ, երկարակյաց ենք ավելի, քան երբեւէ»,- արձանագրել է Կառավարության ղեկավարն ու հավելել. «Այսօր մեր պետության հեռանկարները որոշակի են ավելի, քան երբեւէ, եւ սա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության շնորհիվ, որը հաստատվեց 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում նախագահ Թրամփի աջակցությամբ: Առաջիկայում մեզ սպասվում են մեծ ու պատմական իրադարձություններ»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցության» նախագծի իրագործումը Հայաստանը վերջնականորեն դուրս կբերի շուրջ 34-ամյա շրջափակումից, իսկ «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ խաղաղության ու միջպետական հարաբերություններ հաստատելու մասին» համաձայնագրի ստորագրումը եւ վավերացումը կապահովի մեր պետությունների ու ժողովուրդների միջեւ թշնամանքի վերացման հետագա ընթացքը:
«Հայաստանի Հանրապետությունը հաղթահարել է գոյատեւման ու մաքառման իրեն պարտադրված օրակարգը եւ մտել ապրելու, պարզապես ապրելու, սովորական կյանքով ապրելու մի պատմական դարաշրջան, որտեղ մեր պատմական առաքելությունը կրթվելն է, աշխատելը, մեր պետությունը 29.743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված տարածքով զարգացնելը եւ այն՝ որպես անկախ, խաղաղ, անվտանգ, զարգացած, բարեկեցիկ պետություն ապագա սերունդներին ժառանգելը՝ սերնդեսերունդ եւ դարեդար: Ապրել, կրթվել, աշխատել, զարգացնել բարեկեցությունը, զարգացնել խաղաղությունը, զարգացնել պետությունն ու այն դարեդար ժառանգել սերունդներին: Ահա այսպիսի հրաշալի պատմական առաքելության մեջ ենք մենք հայտնվել, որն անվանում ենք պետության հարատեւության օրակարգ»,- փաստել է Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը խոսել է մեր երկրի արտաքին ու ներքին մարտահրավերների, տնտեսական աճի միտումների, Կառավարության իրականացրած քաղաքականության, մի շարք ծրագրերով առաջարկվող բարեփոխումների վերաբերյալ, անդրադարձել բազմաթիվ ոլորտներում իրականացվող քայլերի ու միջոցառումների արդյունավետ իրականացմանը, մանրամասնել վերջին տարիների ձեռքբերումները»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ` կից տեսանյութում:
Լուսանկարը՝ արխիվային © Նարեկ Ալեքսանյան / Հետք
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել