HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարեկան հաղորդումը քննարկվել է ԱԺ-ի հերթական նիստում

2024-2025 թվականներին ՀՀ-ում տեղի են ունեցել ՏԻՄ 4 ընտրություններ, որոնցից 3-ը՝ համամասնական, 1-ը՝ մեծամասնական ընտրակարգերով: Ազգային ժողովի մամուլի ծառայությունը փոխանցում է, որ բոլոր 4 դեպքերում ընտրությունների արդյունքների բողոքարկում չի եղել: 

«Այս մասին ապրիլի 15-ին ԱԺ հերթական նիստում ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը՝ խորհրդարանին ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2024-2025 թվականների գործունեության մասին» հաղորդումը:

Հաշվետու շրջանում ԿԸՀ-ն կենտրոնացած է եղել ընտրական համակարգի զարգացման ուղղության վրա:

Վահագն Հովակիմյանը պատգամավորներին է ներկայացրել 2025 թվականի ապրիլին ԿԸՀ-ի ընդունած` 2025-2028 թվականների զարգացման ռազմավարական պլանը:

«Այն ներառում է ԿԸՀ-ի առաքելությունը, գործունեության հիմնական ուղղությունները, առաջնահերթությունները, զարգացման տեսլականը, հիմնարար արժեքները, ռազմավարական նպատակները եւ հիմնական խնդիրներն ու գործողությունները: ԿԸՀ-ի ռազմավարակական պլանը մշակվել է ընտրական համակարգի զարգացման, ընտրությունների կազմակերպման արդյունավետության բարձրացման եւ ընտրական գործընթացների նկատմամբ հանրության վստահությունն ամրապնդելու նպատակով: Ռազմավարական պլանում արձանագրված է նաեւ առաջնային առաքելությունը, այն է՝ ժողովրդի իշխանության իրացում՝ ազատ, արդար, թափանցիկ, մրցակցային, ժողովրդավարական, միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրությունների եւ հանրաքվեի միջոցով»,- նշել է ԿԸՀ ղեկավարը:

Խոսելով հանձնաժողովի առաջ դրված խնդիրներից՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը նշել է, որ կառույցի առաջնային նպատակն է միջազգային չափորոշիչներին համապատասխան ժողովրդավարական ընտրությունների կազմակերպման եւ անցկացման ապահովումը՝ համապատասխան ՀՀ Սահմանադրության, Ընտրական օրենսգրքի եւ իրավական այլ ակտերով սահմանված իրավակարգավորումների:

«Թափանցիկություն եւ հաշվետվողականության բարձրացում, տեխնոլոգիական զարգացում, ընտրողների կրթության եւ իրազեկման բարձրացում, ընտրական հանձնաժողովների կարողությունների զարգացում՝ միայն այս դրույթների ապահովման արդյունքում կարելի է ասել, որ ԿԸՀ-ն հաջողելու է»,- նշել է կառույցի ղեկավարը:

Վահագն Հովակիմյանի խոսքով կիբեռսպառնալիքների արագ փոփոխվող միջավայրը պահանջում է, որ պետական կառավարման եւ ընտրական մարմինները մշտապես հետեւեն ոլորտային զարգացումներին, ինչպես նաեւ հատուկ ուշադրություն դարձնեն նոր զարգացող տեխնոլոգիաներին ու մարտահրավերներին: Այս համատեքստում ԿԸՀ-ն եւ «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամը 2025 թվականի մայիսի 7-ին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: Համագործակցությունը նախատեսվում է իրականացնել տեխնոլոգիական նորարարությունների կիրառման, թվային համակարգերի զարգացման, մասնագիտական խորհրդատվության եւ տեղեկատվական անվտանգության բարձրացման ուղղություններով:

Կառույցի ղեկավարը մանրամասն ներկայացրել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման մասով հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքը:

«ԿԸՀ-ն հանձնառու է եւ ապահովելու է, որպեսզի ինչպես առաջիկա խորհրդարանական, այնպես էլ բոլոր ընտրությունները, անցնեն ազատ, արդար եւ թափանցիկ, իսկ արդյունքները լինեն ձայնի ճշգրտությամբ»,- ամփոփելով զեկույցը՝ ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:

Զեկույցը՝ այստեղ:

Պատգամավորների հարցերը վերաբերել են ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հնարավորությանը, օրերս տեղի ունեցած ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխություններին, անազատության տակ գտնվող անձանց՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հնարավորությանը, կուսակցությունների եւ դաշինքների ֆինանսական միջոցների վերահսկողությանը, ընտրակեղծարարության դեպքերին եւ այլն:

Վահագն Հովակիմյանը հարցերին տվել է սպառիչ պատասխաններ:

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Ոստիկանությունում ծառայության մասին» եւ կից օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը տեղեկացրել է, որ մի շարք առաջարկներ են ստացել պատգամավորներից: Նա նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ժամանակահատվածում ներկայացված առաջարկները լավարկել են օրենսդրական նախաձեռնությունը:

Հարակից զեկուցող, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարեւորել է լրամշակված օրենքի նախագծի ընդունումը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter