HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բռնի անհետացումներ և Ադրբեջանի ձևական պատասխանները. ICLaw-ի նոր զեկույցը ՄԱԿ-ին

«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը» զեկույց է ներկայացրել ՄԱԿ-ի Բռնի անհետացումների հարցերով աշխատանքային խմբին։ Զեկույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ 

«2023 թ․ օգոստոսի 18-ին «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն»-ը զեկույց է ներկայացրել ՄԱԿ-ի Բռնի անհետացման հարցերով զբաղվող աշխատանքային խմբին։ Զեկույցում ներկայացվել էր 2020թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ բռնի անհետացած հայերի մասին փաստագրված տեղեկություններ՝ բարձրաձայնելով խնդիրը միջազգային իրավական մակարդակում։ 

Նույն տարում ներկայացված զեկույցում կենտրոնը համապարփակ անդրադարձ է կատարել պատերազմի հետևանքով գերեվարված և անհետ կորած անձանց ընդհանուր թվին՝ առանձնացնելով վեց դեպք։  Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը աշխատանքային խմբին է ներկայացրել անխոցելի ապացույցներ, որոնք հաստատում են նրանց գերեվարման և հետագա անհետացման հանգամանքները։ Արձանագրվել է Ադրբեջանի անգործությունը՝ այդ ապացույցների պատշաճ քննության և անհետ կորած անձանց ճակատագրի բացահայտման ուղղությամբ։ Զեկույցը նաև շեշտադրում է էթնիկ հայերի նկատմամբ ռասայական խտրականության և էթնիկ ատելության քաղաքականության առկայությունը՝ այն դիտարկելով որպես բռնի անհետացումների համակարգային պատճառներից մեկը։ Ստանդարտ ընթացակարգի շրջանակներում աշխատանքային խումբը դրանք փոխանցել է Ադրբեջանին։

2024 թ․ մարտին կենտրոնը անհետ կորած անձանց հարազատների անունից ՄԱԿ-ի Բռնի անհետացած անձանց հարցերով աշխատանքային խմբին է ներկայացրել ևս մեկ զեկույց, որտեղ մանրամասնորեն նկարագրված են 8 անձանց անհետացման հանգամանքները։ Բացի դրանից այս զեկույցում տեղ են գտել նաև շրջափակման և 2023թ․ սեպտեմբերի 19-ի պատերազմի ժամանակ Արցախում տիրող ընդհանուր իրավիճակի մասին տեղեկատվություն։ Չնայած ներկայացված բողոքներին՝ Ադրբեջանի կառավարությունը պատասխան է տրամադրել աշխատանքային խմբի կողմից գրանցված չլուծված դեպքերից ընդամենը 15-ի վերաբերյալ։ Սակայն այդ պարզաբանումները չեն բավարարել աշխատանքային խմբին, որի արդյունքում վերջինս որոշում է կայացրել պահանջել լրացուցիչ տեղեկատվություն։

2020թ․-ից վեր Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնն ակտիվ և կառուցողական կապի մեջ է աշխատանքային խմբի հետ՝ հետևողականորեն արձագանքելով Ադրբեջանի կողմից ներկայացվող պատասխաններին, որոնք հաճախ կրում են մերժողական բնույթ և պարունակում են պնդումներ` տեղեկատվության բացակայության վերաբերյալ։

Հետագա փուլում կենտրոնը ներկայացրել է լրացուցիչ դիմում, որտեղ ժամանակագրական հաջորդականությամբ ամփոփվել են աշխատանքային խմբի միջոցով փոխանցված բոլոր դեպքերի մանրամասները։ Յուրաքանչյուր դեպքի առնչությամբ ներկայացվել են կոնկրետ փաստական տվյալներ՝ անհետացման հանգամանքների, վերջին անգամ տեսնելու վայրի և պայմանների վերաբերյալ։ Զեկույցում նաև հղումներ են կատարվել ադրբեջանական աղբյուրներում տարածված տեսանյութերին և լուսանկարներին՝ որպես լրացուցիչ ապացուցողական նյութ, ինչպես նաև ևս մեկ անգամ ընդգծվել է, որ բռնի անհետացումների համակարգային պատճառներից մեկը հայերի նկատմամբ ռասայական խտրականության և էթնիկ ատելության քաղաքականությունն է։ 

2026 թ. փետրվարին աշխատանքային խումբը կենտրոնին է փոխանցել Ադրբեջանի պատասխանները՝ 18 բռնի անհետացած անձանց վերաբերյալ։ Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը հանդիպումներ է ունեցել ընտանիքի անդամների հետ, նրանց է փոխանցել տեղեկատվությունները, քննարկել ու մեկնաբանություներ է ստացել հարազատներից, որոնց ներառել է Աշխատանքային խմբին հաջորդիվ ուղարկված զեկույցի մեջ։ Զեկույցում ներկայացվում է, որ Ադրբեջանի կառավարության տրամադրած տեղեկատվությունը չի ապացուցում անհետ կորած անձանց ճակատագրի և գտնվելու վայրի բացահայտման ուղղությամբ որևէ անհապաղ, արդյունավետ և անկողմնակալ քննության իրականացում։ Որոշ անհետ կորած անձանց տեսել են կենդանի՝ ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո, ինչի պայմաններում պետության վրա է դրված նրանց ճակատագիրը պարզելու պարտավորությունը։ Այնուամենայնիվ, ներկայացված պատասխանները հիմնականում կրում են ձևական բնույթ, չեն ներկայացվում իրականացված քննության կոնկրետ քայլերը և չեն նպաստում անհետ կորած անձանց ճակատագրի բացահայտմանը։ 

Հիշեցնենք, որ կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանը դեռևս 2022 թ․ հայտարարել էր հայերի հարկադիր անհետացումների առնվազն 80 փաստագրված դեպքերի մասին, ինչը հաստատվել է նաև Մարդու իրավունքների համալսարանական ցանցի կողմից»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter