Շիրակի մարզի 721 բուժաշխատողի և թանգարանի 27 աշխատակցի աշխատավարձերը կբարձրանան
Շիրակի մարզպետի որոշմամբ 721 բուժաշխատողի և թանգարանի 27 աշխատակցի աշխատավարձերը 2026թ. մայիսից սկսած աստիճանաբար կբարձրանան 10-50 տոկոսով։
Բարձրացվելու է Շիրակի մարզպետի աշխատակազմի Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի աշխատակիցների աշխատավարձը։ Այս մասին հայտարարությունը աշխատակազմի ֆեյսբուքյան էջում տեղադրվել էր 2026թ. ապրիլի 7-ին: Որոշումը մարզպետը հիմնավորել էր նրանով, որ թանգարանի աշխատակիցների աշխատավարձերը վերջին տարիներին որևէ փոփոխության չեն ենթարկվել, բացի դրանից` եկամուտների ու կատարած աշխատանքների առումով արձանագրվել է նկատելի տեղաշարժ:
Թանգարանի ներկայացրած տվյալների համաձայն, վերջին տարիներին զգալիորեն ավելացել է այցելուների թիվը։ 2026թ.-ին դրական դինամիկան պահպանվել է: Որպես համեմատություն ներկայացվել են նախորդ և այս տարվա առաջին եռամսյակների թվային տվյալները. եթե 2025թ.-ի առաջին եռամսյակում վաճառվել է 1063 տոմս, ապա 2026թ.-ի առաջին եռամսյակում` 1441։
«Թանգարանի անձնակազմը տարիներ շարունակ պահպանել ու ներկայացրել է Գյումրու պատմամշակութային հարուստ ժառանգությունը՝ հաճախ աշխատելով սահմանափակ ռեսուրսներով և նվազ ֆինանսական միջոցներով։ Մեր գերխնդիրն է՝ քայլ-քայլ գնալ դրական փոփոխությունների ու բարեփոխումների ճանապարհով։ Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը պարզապես ցուցասրահ չէ, այն քաղաքի հոգևոր դիմագիծն է։ Մեր նպատակն է, որ թանգարանի աշխատանքը միտված լինի Գյումրու տարբերվող լինելու գաղափարի ամրապնդմանը՝ ընդգծելով քաղաքի յուրահատուկ ճարտարապետությունն ու մշակույթը, դարձնելով այն զբոսաշրջային հիասքանչ ուղղություն»,-անդրադառնալով թանգարանի աշխատանքներին` նշել է Շիրակի մարզպետը:
Մարզպետի որոշմամբ բարձրացվելու են Գյումրու պոլիկլինիկաների կրտսեր բուժանձնակազմի և սպասարկող անձնակազմի աշխատավարձերը: Մարզպետի աշխատակազմի պատասխանատուներն ուսումնասիրել են առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման արդյունքում բուժհիմնարկներում ֆինանսական հոսքերի ավելացման միտումն ու իրականացված աշխատանքների ծավալները։
Արդյունքում որոշվել է բուժանձնակազմի ծանրաբեռնված աշխատանքի խրախուսման նպատակով համավճար սահմանել, իսկ կրտսեր բուժանձնակազմի և սպասարկող անձնակազմի աշխատավարձերը՝ բարձրացնել։
Հաշվի առնելով բժշկական հաստատությունների ֆինանսական միջոցների ներհոսքը՝ մարզպետի հանձնարարությամբ խորհրդատվական այցերից 12 տոկոս լրավճար է սահմանվել առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի ավագ և միջին բուժաշխատողի համար: Աշխատավարձի բարձրացում է նախատեսվել նաև առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի մշակած չափորոշիչով: Այսպիսով՝ ընտանեկան բժիշկների, թերապևտների, մանկաբույժների և համապատասխանաբար նշված մասնագետների միջին բուժանձնակազմի աշխատավարձերը միջինում բարձրանալու է 20-30 տոկոսով, իսկ նեղ մասնագետներինը՝ պայմանավորված խորհրդատվությունների քանակով, բարձրանալու է միջինում 50 տոկոսով:
Մարզպետարանից ստացված տվյալներով՝ խոսքը 618 աշխատակցի մասին է: Մազպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ 10-20 տոկոսով բարձրացվելու են նաև բուժհիմնարկներում մինչև 200.000 դրամ աշխատավարձ ստացող տնտեսական և սպասարկող անձնակազմի աշխատավարձերը՝ 103 աշխատակից:
Ինչ վերաբերում է պոլիկլինիկաների տնօրենների աշխատավարձերին, դրանք բարձրացվել են 700.000 դրամ 2024 թվականին նախկին մարզպետ Մուշեղ Մուրադյանի որոշմամբ, և այլևս փոփոխության չի ենթարկվել: Իսկ մարզպետ Դավիթ Առուշանյանի օրոք համաբուժարաններում մտցվել է փոխտնօրենի պաշտոն։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել