«Համատարած վախի ու սարսափի մթնոլորտ է: Սա նաեւ նյարդերի պատերազմ է». Բեյրութը կրկին սգի մեջ է
Ապրիլի 8-ի կեսօրին Նորա Բարսեղյանը խմբագրությունում էր, երբ ռմբակոծման ուժեղ ձայներ լսեցին եւ ցնցումներ զգացին: Իսրայելը թիրախավորել էր Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի մի քանի թաղամասեր:
Նորան Լիբանանի հայալեզու «Ազդակ» օրաթերթի խմբագիրներից է: Խմբագրությունը գտնվում է Բեյրութի հարեւան Բուրջ Համուդ հայաշատ քաղաքում:
Ապրիլի 8-ի պատկերները Նորան նմանեցնում է 2020 թ. օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած աղետալի պայթյունից հետո ստեղծված իրավիճակին, երբ հաշված րոպեների ընթացքում ոչ միայն մեծ ավերածություններ եղան, այլեւ բազմաթիվ մարդիկ զոհվեցին ու վիրավորվեցին: Պայթյունի օրը տուժել էր նաեւ Նորայի ընտանիքը:
Դրանից 6 տարի անց Բեյրութը կրկին սգի մեջ է: «Հետքի» զրուցակցի խոսքով՝ վերջին տարիներին Լիբանանի մայրաքաղաքն իր բնակիչների ցավով ապրող քաղաք է դարձել:
«Ապրիլի 8-ի հարվածներին հաջորդած ժամերն ահավոր էին: Փողոցի մեջտեղում՝ դիակներ, հրկիզված մեքենաներ, փուլ եկած շենքեր… Մարդիկ մի րոպեում կորցրին իրենց հարազատներին, բնակարանները, խանութները, ապրուստի կենտրոնները: Հիվանդանոցների առաջ հսկայական սառնարաններ տեղադրվեցին, որտեղ հավաքված դիակները տեղավորեցին եւ խնդրեցին, որ ով հարազատին չի գտնում, գա եւ ստուգի: Երեւակայեք, թե ինչ ահավոր պատկեր է, երբ մարդը գնում է իր զավակին փնտրելու դիակների այդ կույտից»,- պատմում է մեր զրուցակիցը:
«Ազդակի» աշխատակցի տեղեկացմամբ՝ ապրիլի 8-ի իսրայելական հարձակման զոհերի թիվը հասել է 357-ի, վիրավորներինը՝ 1225-ի: Կան անհետ կորածներ, որոնց փրկարարները փնտրում են փլատակների տակ:
Ն. Բարսեղյանը նշում է, որ չնայած ապրիլի 8-ի վաղ առավոտյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի հետ ժամանակավոր հրադադարի եւ բանակցությունների մասին, Լիբանանի վերաբերյալ հակասական լուրեր էին շրջանառվում. Իրանի եւ բանակցությունների միջնորդ Պակիստանի որոշ աղբյուրներ հայտնել էին, թե Լիբանանը եւս ներառված է հրադադարի մեջ, մինչդեռ ԱՄՆ-ն ու Իսրայելը հերքել էին դա: «Հետքի» զրուցակիցն ասում է, որ Իրանին սատարող լիբանանյան «Հեզբոլլահ» կուսակցությունն էլ գործնականում որոշ ժամանակով դադարեցրել էր հարվածներն իսրայելական շրջանների ուղղությամբ, մինչդեռ Իսրայելը ոչ մի րոպե չի դադարել հարվածել Լիբանանին:
«Ապրիլի 8-ի կեսօրին մոտ էր, երբ ուժգին հարվածները ցնցեցին ամբողջ Բեյրութը: Հարյուրավոր դիրքերի վրա հարձակվեցին, ընդամենը 10 րոպեում 160 ռումբ ընկավ Բեյրութում, Բեքաայի դաշտում եւ Լիբանանի հարավում»,- պատմում է մեր զրուցակիցն ու նկատում, որ Իսրայելը թիրախավորել էր նաեւ Բեյրութի այնպիսի թաղամասեր, որոնք «Հեզբոլլահի» կենտրոնացման վայր չեն:
«Անակնկալ էր, որ այդ շրջանները թիրախ դարձան, այդ պատճառով էլ մեծ զոհեր տվեցին,- ասում է Նորա Բարսեղյանը,- հատկապես շեշտեմ, որ այս հարվածն առանց որեւէ զգուշացման էր, իսկ վերջին շրջանում Իսրայելը սովորություն էր դարձրել զգուշացնել, որ այսինչ շրջանին է հարվածելու, նույնիսկ շենքն էր ասում, որ բնակիչները դատարկեն, բայց սա լրիվ անակնկալ էր՝ մարդաշատ շրջան էր, բանուկ փողոցներ: Սարսափելի էր»:
Ապրիլի 8-ից հետո միջազգային հանրությունն սկսեց ճնշում գործադրել Իսրայելի վրա, որ չշարունակի Լիբանանին հարվածելը: Ապրիլի 9-ին, սակայն, Իսրայելն ընդլայնել էր թիրախների քարտեզը, որտեղ կային նաեւ երկու մեծ հիվանդանոցներ: Դրանցում գտնվում էին նախորդ օրվա հարձակումից տուժածները՝ վիրավորներ ու զուհեր:
«Ազդակի» խմբագիրը ենթադրում է, որ, հավանաբար, միջազգային ճնշման արդյունքում ապրիլի 9-ի հարձակումը կասեցվեց, եւ Բեյրութի ռմբակոծությունների ալիքը թեթեւացավ: Սակայն իրավիճակը շարունակում է լարված մնալ:
«Մանավանդ գիշերները շարունակվում են անօդաչու թռչող սարքերի ցածր թռիչքները: Լսում ենք դրանց ձայները, բայց քանի օր է՝ դադարեցվել են հարվածները Բեյրութի վրա: Իսկ հարավում շարունակվում են կռիվներն ու ռմբակոծումները: Իսրայելը ոչ միայն հարվածում է, այլեւ տներ է պայթեցնում, կամուրջներին է խփում, միջազգայնորեն արգելված նյութեր է կիրառում՝ ֆոսֆոր եւ այլն, բնաջնջում է տարածքներ: Հարավում կացությունը շարունակում է մնալ բավական լարված եւ վտանգավոր»,- ասում է «Ազդակի» աշխատակիցը:
Նրա խոսքով՝ Իսրայելը թիրախավորել է նաեւ հրշեջներին, առողջապահական կառույցների, «Կարմիր խաչի» աշխատողներին, լրագրողներին եւ այլն:
«Մի պատմությունը մյուսից ավելի ահավոր է: Չես կարող սոցիալական ցանցերում պարզ դիտել լուրերը, տեսնել փոքրերի, մայրերի վիճակը: Ահավոր բան է, որ մարդկային ուղեղն ու խիղճն այլեւս անկարող է ընդունել: Այս ամենը, ըստ վերլուծաբանների ու քաղաքական տեսաբանների, պատերազմական ոճիրներ են, երբ գիտես, որ տվյալ շրջանում խաղաղ բնակիչներ են ու ռումբեր ես նետում այդ ուղղությամբ: Քրիստոնեական որոշ շրջաններ եւս թիրախ էին դարձել նախորդ օրերին: 2-3 քրիստոնյա զոհ եղավ, որոնք կապ չունեին այս ամենի հետ: Սրանք ոճիրներ են, արգելված արարքներ, որոնք գործում է Իսրայելը,- ասում է Նորա Բարսեղյանը՝ ավելացնելով,- զոհեր, վիրավորներ, անդամալույծ դարձած մարդիկ, անհետ կորածներ… Ո՞վ պետք է պատժի սրա համար, ով պետք է արդար հատուցում տա այս ամենին, դա հստակ չէ»:
Լիբանանում օրեցօր մեծանում է տեղահանվածների թիվը, որոնք հատկապես երկրի հարավից ու Բեյրութի հարավային արվարձաններից են: Նրանց մի մասը ժամանակավոր բնակություն է հաստատել հարավային շրջաններից ոչ հեռու, քանի որ հույս ունեն, որ վերադառնալու են իրենց տները: Լիբանանի կառավարությունը տեղահանվածների մի մասին ապահովել է ժամանակավոր կացարաններով, մեծ թվով մարդիկ էլ մնացել են փողոցներում:
«Երբ լսում ենք իսրայելական անօդաչու թռչող սարքերի ու ռազմական օդանավերի ձայները, արդեն վատ բան ենք կանխատեսում: Մտածում եմ՝ որ մեկի տունն են քանդելու, ում կյանքն են խլելու: Համատարած վախի ու սարսափի մթնոլորտ է: Սա նաեւ նյարդերի պատերազմ է»,- եզրափակում է «Հետքի» զրուցակիցը:
Տես նաեւ՝
- Լիբանանահայ պատգամավոր. «Ճիգ ենք թափում, որ այս կացության մեջ կարողանանք ոտքի մնալ»
- Լիբանանի հայկական Անջար քաղաքն ապաստան է տվել այլ բնակավայրերից դուրս եկած մոտ 500 մարդու
- «Լիբանանը հայտնվել է տարածաշրջանային պատերազմի ամենաթեժ կետերից մեկում»
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել