Դատարանի որոշմամբ՝ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը պետք է վերացվի. Արա Զոհրաբյան
Դատարանի որոշման հիման վրա Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը պետք է վերացվի։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է նրա պաշտպան Արա Զոհրաբյանը։
«Ինչպես գիտեք, ՀՀ քննչական կոմիտեն (քննիչ Արա Ավագյան) 14.02.2026թ. որոշում էր կայացրել և Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել էր բացակայելու արգելքը:
Այդ արգելքի, ինչպես նաև ժամանակավոր Վրաստան մեկնելու թույլտվությունը քննիչի կողմից մերժելու պատճառով Ամենայն հայոց կաթողիկոսը չէր կարողացել մասնակցել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորության սուրբ արարողությանը:
Քննիչի նշված որոշումը բողոքարկվել էր վերադաս դատախազին: ՀՀ գլխավոր դատախազությունը (դատախազ Խաչատուր Գալստյան) որոշում էր կայացրել բողոքը մերժելու մասին: Դատախազի մերժումից հետո բողոք էր ներկայացվել դատարան:
Այսօր՝ 10.04.2026թ., Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանը (դատավոր Անի Դանիելյան) որոշում է կայացրել Ամենայն հայոց կաթողիկոսի պաշտպանի բողոքը բավարարելու մասին: Դատարանի որոշման հիման վրա Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման»,- գրել է նա։
Հիշեցնենք՝ Գարեգին Բ-ն և այլ բարձրաստիճան հոգևորականներ մեղադրվում են կարգալույծ հռչակված Արման Սարոյանին (Գևորգ եպիսկոպոս Սարոյան) վերաբերող դատական ակտը չկատարելու համար։
Մեղադրանքներ են առաջադրվել նաև Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին, Հովնան եպիսկոպոս Հակոբյանին, Մակար եպիսկոպոս Հակոբյանին, Մուշեղ եպիսկոպոս Բաբայանին, Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանին, Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանին և Մովսես քահանա Սահակյանին։ Վերջինս Գերագույն հոգևոր խորհրդի քարտուղարն է։ Նրանց նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել