Պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է թմրամիջոցների իրացման դեպքերում պատիժները խստացնել
Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն այսօր լուրջ խնդիր է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում: Աշխարհի տարբեր երկրներ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար նախատեսում են քրեաիրավական ներգործության բավականին խիստ միջոցներ: Այս մասին նշել է պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով Քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները:
ԱԺ լրատվականի հաղորդմամբ՝ հեղինակը տեղեկացրել է, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության որոշ դեպքերի համար մի շարք երկրներում անգամ մահապատիժ է սահմանված, որոշներում էլ՝ ցմահ ազատազրկում:
2022 թվականին ՀՀ իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1707, 2023 թվականին՝ 4556, 2024 թվականին գրանցվել է 3485, իսկ 2025 թվականին՝ 4172 դեպք: Հայկ Սարգսյանի խոսքով՝ հաշվի առնելով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վտանգավորությունը՝ պետության քրեաիրավական արձագանքը խստացնելու անհրաժեշտություն է առաջացել՝ այն համապատասխանեցնելով տվյալ արարքի իրավական-հանրային վտանգավորության աստիճանին եւ բնույթին:
Պատգամավորն առաջարկում է Քրեական օրենսգրքի 3 հոդվածներում ծանրացնող հանգամանք սահմանել արարքը տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով կիրառելը: Այսինքն՝ եթե թմրամիջոցների իրացումը տեղի ունենա, օրինակ, տելեգրամյան ալիքներով, ապա պատիժ կնախատեսվի ոչ թե 3-6, այլ՝ 4-8 տարի ազատազարկում:
ԱԺ լրատվականից հայտնում են, որ առաջարկվում է ծանրացնող հանգամանքների թվում սահմանել անձի անօգնական վիճակը օգտագործելով՝ հանցանքը կատարելու վերաբերյալ կարգավորումը: 3-6 տարվա փոխարեն առաջարկվում է սահմանել 4-8 տարվա ազատազրկում:
Առաջարկվում է առանձնապես ծանրացնող հանգամանք սահմանել անչափահասի ներգրավմամբ արարքը կատարելը: Անչափահասին թմրամիջոց իրացնելու համար պատիժը խստացնել եւ 3-6 տարվա փոխարեն սահմանել 6-12 տարվա ազատազրկում: Առաջարկվում է խստացնել սույն հանցագործությունների համար քրեական պատասխանատվությունը: Մասնավորապես, թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր եւ դրանց պատրաստուկներ արտադրելու, պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, տեղափոխելու, առաքելու, տարածելու, գովազդելու կամ դրանք ապօրինի իրացնելու դեպքերում առաջարկվում է սահմանված 3-6 տարվա փոխարեն պատիժը սահմանել 5-8 տարի: Այդ նույն արարքը խմբի կողմից կամ շահադիտական դրդումներով կամ խոշոր չափերով կամ զվարճանքի վայրերում կամ հաստատություններում կամ ձերբակալված կամ կալանավորված անձանց պահման վայրերում կամ զորամասերում կամ զինվորական ծառայության վայրերում կամ ուսումնական հաստատություններում կամ դրանց հարակից տարածքներում եւ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ կատարելու դեպքում գործող 4-8 տարվա փոխարեն նախատեսվում է սահմանել 8-12 տարվա պատիժ: Նույն արարքը հանցավոր կազմակերպության կողմից կամ առանձնապես խոշոր չափերով կամ անչափահասի ներգրավմամբ կատարված դեպքում գործող 6-12 տարվա փոխարեն կսահմանվի 4-20 տարի պատիժ կամ ցմահ ազատազրկում:
Առաջարկվում է նաեւ խստացնել չիրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը: Հայկ Սարգսյանը տեղեկացրել է, որ օրենսդրական առաջարկը մեկ տարուց ավելի է քննարկվում է Կառավարության գործընկերների հետ: Նա նշել է, որ գործադիրի 8 առաջարկից 7-ն իր համար ընդունելի են եղել:
Հարցուպատասխանի ընթացքում քննարկվել է պատժի խստացման միջոցով թմրամիջոցներից կախվածության դեմ պայքարի նպատակահարմարության հարցը: Հայկ Սարգսյանը նշել է, որ պատժաչափերի խստացումն առավել կանխարգելման նպատակ ունի:
Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը կարծիք է հայտնել, որ միայն խստացումներով խնդիրը չի կարգավորվում, միջազգային փորձն էլ է ցույց տվել, որ պատժամիջոցների խստացումը երբեք հանցագործությունների կանխարգելման տեսակ չի եղել: Պատգամավորն ընդգծել է, որ այս փուլում կողմ է նախագծի ընդունմանը՝ Կառավարության առաջարկներով:
Արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանի պնդմամբ Կառավարության տեսակետը, թե կողմ չէ պատժաչափերի խստացմանը, առհասարակ որեւէ խստացմանը չի վերաբերում: Փոխնախարարը մանրամասնել է գործադիրի առաջարկները:
Քվեարկության արդյունքում հանձնաժողովի հավանությանն է արժանացել Կառավարության առաջարկների հիման վրա լրամշակված տարբերակը:
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ կկազմակերպվեն քննարկումներ՝ փոխհամաձայնեցված լուծումներ գտնելու համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել