HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ՊԵԿ-ը ստուգում է «հայկական ծագման» թանկարժեք հեռախոսների արտահանման վիճակագրությունը

Պետական եկամուտների կոմիտեն (ՀՀ ՊԵԿ) ստուգում է 2025 թվականին Հայաստանից Բելառուս արտահանված բջջային հեռախոսների վիճակագրության հավաստիությունը, որոնք ներկայացվել են որպես հայկական արտադրանք։

Օրեր առաջ «Հետքը» հրապարակել է հայկական ծագման արտադրանքի արտահանման վերաբերյալ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հայտարարությունը, և կասկածի տակ են առնված ապրանքների մասին տվյալները։ 

Մասնավորապես, նախարարությունից ստացված ցանկերի հիման վրա պարզել էինք, որ հայկական ծագման արտադրանքի ներքո է ներկայացված, օրինակ, Հայաստանից Բելառուս արտահանված 1130 հատ բջջային հեռախոս, որի ընդհանուր արժեքը կազմել է 24 մլն դոլար։ Այստեղ ոչ միայն տարօրինակ է այն, որ Հայաստանում չկա բջջային հեռախոսների նման արտադրություն, այլև՝ արտահանված հեռախոսների 1 հատի միջին արժեքը կազմում է 8.2 մլն դրամ կամ 21 341 դոլար։

Տվյալները տրամադրել է Էկոնոմիկայի նախարարությունը, դրանց հիման վրա նախարար Պապոյանը հայտարարել է տեղական արտադրանքի աճի մասին՝ առանց մանրամասնելու, թե ինչ ապրանքների մասին է խոսքը։ 

Նախարարությունը իր հերթին որպես տվյալների աղբյուր հղում է արել Պետական եկամուտների կոմիտեին։

Առանձին հարցմամբ ՊԵԿ-ից փորձել ենք պարզել՝ ի՞նչ սմարթֆոնների մասին է խոսքը, ինչու՞ է գինը շուկայականից մի քանի անգամ ավելի բարձր, ինչու՞ է դրանք ներկայացվում որպես տեղական ծագման։

Կոմիտեից պատասխանել են, որ 2025-ի սեպտեմբերին տնտեսվարողի կողմից են (տնտեսվարողի անունը չի նշվում) ներկայացվել այդ տվյալները։ ՊԵԿ-ն իր պաշտոնական կայքում դեռևս չի հրապարակել արտաքին առևտրի տարեկան տվյալները, քանի որ ինչպես նշում են մեր հարցման պատասխանում, ըստ օրենքի՝ մինչև 2026-ի ավարտը տվյալները ստուգելու, համադրելու և հրապարակելու ժամանակ ունեն։ 

Այլ խոսքով՝ այն տվյալները, որոնք տրամադրել են Էկոնոմիկայի նախարարությանը, որն էլ իր հերթին մեզ է տրամադրել, դեռևս հստակեցնելու կարիք ունեն։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչու՞ է Գևորգ Պապոյանը շտապել և հայտարարել հայկական ծագման արտադրանքի աճի մասին, եթե տվյալ ցուցակներում կարող էին նման անճշտություններ լինել։ Գուցե բջջային հեռախոսների այս ծավալները այնքան էլ մեծ չեն ու ընդհանուր վիճակագրական պատկերի վրա էական ազդեցություն չեն թողնի, բայց սա նշանակում է, որ կարող են լինել նաև ավելի մեծ անճշտություններ։ 

«ՀՀ տնտեսվարողի կողմից արտահանած բջջային հեռախոսների ձևում ներկայացված տեղեկատվության հնարավոր ոչ հավաստի տեղեկատվության հստակեցման նպատակով օրենքով սահմանված կարգով ներկայացվել է ծանուցում՝ հետագա ճշտումներն իրականացնելու նպատակով»,- նշել է ՊԵԿ մաքսային ռիսկերի կառավարման և վիճակագրության վարչության պետ Ռաֆայել Գրիգորյանը։

Ի դեպ, Էկոնոմիկայի նախարարությունը ևս տեղյակ է եղել, որ ցանկերը ոչ վերջնական են, քանի որ մեր հարցման պատասխանում նշել է, որ տրամադրված տվյալները կարող են որոշակիորեն ճշգրտվել։ 

Այս ցանկում, սակայն, հիմնական խնդիրը ոչ թե որպես հայկական արտադրանք ներկայացված բջջային հեռախոսներին էին, այլ այն, որ արտահանման մեջ էական բաժին ունեն ոսկերչական իրերը։ 

Պարզվում է՝ 2025 թվականին Հայաստանից արտահանված շուրջ 4.5 մլրդ դոլարի «հայկական ծագման» արտադրանքից 1 մլրդ դոլարը միայն ոսկերչական իրերն են։ 

Խնդիրն այն է, որ դա չափազանց մեծ ծավալ է Հայաստանի համար և խիստ կասկածելի է՝ Հայաստանում կա՞ն, արդյոք, բավարար գործարաններ և մասնագետներ՝ այդքան արտադրանք թողարկելու համար։ Սա ոչ միայն մեր կասկածներն են, այլև՝ ոլորտի մասնագետների։ 

Այսինքն՝ հիմնավոր կասկածներ, որ սա ոչ թե հայկական ծագման արտադրանք է, այլ՝ պարզապես վերաարտահանված։ Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո Հայաստանի միջոցով մեծ քանակությամբ ռուսական ոսկի է վերաարտահանվում հիմնականում ԱՄԷ, ինչպես նաև Հոնկոնգ, Չինաստան։ 

Եվ այն, որ այդ վիճակագրությունը հայկական ծագման արտադրանքի ձեռքբերում է ու աճ է արձանագրվել, կրկին վիճելի է։ 

Հոդվածին արձագանքել է Էկոնոմիկայի նախարարությունը՝ պնդելով, որ հոդվածում ներկայացված «ուռճացումների վերաբերյալ գնահատականները անհիմն են»: 

«Խոսքը վերաբերում է հայկական ծագման արտադրանքին, որի ավելացված արժեքը ձևավորվում է Հայաստանում, ներառյալ ոսկերչական արտադրանքը, որտեղ իրականացվում է վերամշակում, ձևավորվում է արտադրական շղթա, ստեղծվում են աշխատատեղեր, գեներացվում են հարկային մուտքեր և ապահովվում է իրական տնտեսական արդյունք»,- նշում են Էկոնոմիկայի նախարարությունից՝ այդպես էլ չմանրամասնելով, թե այդ շղթայում, օրինակ, քանի աշխատատեղ է ստեղծվել, եթե այդքան արտադրանք իսկապես թողարկվել է, որքան հարկեր են գեներացվել, ինչ նոր տեխնոլոգիաներ են ներդրվել և այլն։

Միաժամանակ նշում են, որ Էկոնոմիկայի նախարարությունը գործել է բացառապես ՊԵԿ-ից ստացված պաշտոնական տվյալների հիման վրա և չի իրականացրել որևէ լրացուցիչ վերամշակում։ Ուստի, Էկոնոմիկայի նախարարությունը չի կարող հավելյալ մեկնաբանություն տրամադրել ՊԵԿ-ից ստացվող օպերատիվ տվյալների առնչությամբ։

Այդպիսով, նախարարությունը, որն ի դեմս նախարարի, շտապել էր հրապարակել տվյալները, անճշտությունների համար հղում է անում ՊԵԿ-ին։

ՊԵԿ-ին գրավոր հարցրել ենք՝ ՊԵԿ-ը երբևէ ստուգումներ իրականացրե՞լ է ոսկերչական իրեր արտադրող, վերամշակող գործարաններում, Հայաստանում կա՞ն այդքան մասնագիտական և տեխնիկական ռեսուրսներ մեկ տարում ավելի քան 1 մլրդ դոլարի ոսկերչական իրեր արտադրելու համար։

 ՊԵԿ-ից ուղիղ պատասխան չեն տվել։ 

Նշել են, որ հարկային մարմինը հարկային հսկողություն իրականացնում է ընտրողականության սկզբունքով՝ կիրառելով ռիսկերի կառավարման համակարգը։ 

Ստուգումների արդյունքները հրապարակային դարձնելու համար հրապարակվում են հարկայինի պաշտոնական կայքում։

Թեև ՊԵԿ-ից կարող էին միանգամից նշել, թե ոլորտի որ ընկերություններում են ուսումնասիրություն իրականացրել և ինչ պարզել, սակայն նախընտրել են մեր գործը բարդացնել։ 

Ինչևէ, 2025 թվականին ավարտված ստուգումների վերաբերյալ հաշվետվության մեջ առաջինը փնտրեցինք «Երևանի ոսկերչական ֆաբրիկա» ՍՊԸ-ն։ Ինչպես նախկինում գրել ենք, վերջին տարիներին այս ընկերությունն է մեծածավալ արտադրանք ցույց տվել Վիճակագրական կոմիտեին և արտահանել։ 

Հարկային մարմինը «Երևանի ոսկերչական ֆաբրիկա»-ում ստուգումներ է իրականացրել մեկ ամիս՝ 2025 թվականի հուլիսի 25-ից օգոստոսի 26-ը։ Ուսումնասիրության անցակցման հիմքը` «Միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրություն»։ Ենթադրվում է, որ ստուգվել է՝ արդյոք ընկերությունը չի թաքցրել շրջանառություն և հարկեր։ Արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել, չեն արձանագրվել իրավական նորմեր, որոնք պահանջները չեն կատարվել։ ՊԵԿ-ը այս ընկերությունում ուսումնասիրություններ է կատարել նաև 2024 թվականին․ կրկին խախտումներ չի հայտնաբերել։ 

Ինչ վերաբերում է հարկ վճարողների արտադրական կարողությունների մասին հարցերին, ՊԵԿ-ից ասում են, որ այդ հարցը իրենց լիազորությունների շրջանակներում չէ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter