Նախագիծ. Կառավարությունն ԱՆԻՖ-ին 9,8 մլն դոլար կտա, որ վերջինս մարի պարտքերը
Կառավարությունը ծրագրում է «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» պետական ներդրումային ֆոնդից վերցնել վերջինիս ունեցած 3,7 մլրդ դրամը (Կենտրոնական բանկի ներկա փոխարժեքով՝ 9,8 մլն դոլար) եւ փոխանցել պետբյուջե:
Այս գումարից 3,61 մլրդ դրամը գոյացել է մասնավոր 4 ընկերություններից հետ ստացած դրամական միջոցներից: Այս եւ այլ ընկերություններում պետական ֆոնդը ժամանակին միլիոնավոր եւ նույնիսկ միլիարդավոր դրամների ներդրումներ էր արել՝ դառնալով դրանց համասեփականատեր: 2025-ի օգոստոսին Կառավարությունը ներդրումները հետ ստանալու գործընթաց էր նախաձեռնել, ինչից հետո ֆոնդը հետ է ստացել 3,61 մլրդ դրամ:
Պետբյուջե փոխանցվելիք 3,7 մլրդ դրամից շուրջ 90 մլն դրամն էլ ներդրումային ֆոնդի դրամային հաշիվներին առկա գումարի մնացորդն է:
Հիշեցնենք, որ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդի նպատակը եղել է կորոնավիրուսի համավարակի ազդեցության պայմաններում ՀՀ տնտեսական ակտիվության բարձրացումը, աշխատատեղերի ստեղծումը, արտահանման խթանումը, Հայաստանի մարզերի զարգացումը: Այս ֆոնդի մասնակիցը, այսինքն՝ նրա թողարկած փայերի սեփականատերը, պետությունն է՝ ՀՀ-ն, որը պետբյուջեից գումարներ էր «սրսկում» ֆոնդ, իսկ հետո դրանք ներդրվում էին տարբեր ընկերություններում:
2020 թ. Կառավարությունը սահմանել էր, որ ֆոնդում պետության մասնակցության առավելագույն ժամանակահատվածը 10 տարին է, ընդ որում՝ առաջին 5 տարում ֆոնդը պետք է ներդրումներ կատարեր պետական միջոցներով, իսկ հաջորդող 5 տարում պիտի իրականացվեր ֆոնդի ակտիվների իրացում (լիկվիդացիա) եւ պետության փայերի մարում: Այլ կերպ ասած՝ այսուհետ ներդրումներ այլեւս չեն կատարվելու (առաջին 5 տարին ավարտվել է), սկսվել է ֆոնդի ակտիվների լիկվիդացիան:
2021-2023 թթ. ֆոնդը, իսկ ավելի կոնկրետ՝ դրա կառավարիչը, որը պետական ընկերություն է («Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ) 10 մասնավոր ընկերություններում կատարել է 6,6 մլրդ դրամի ներդրում: Բացի սրանից՝ պետական ֆոնդը շուրջ 2,97 մլն դոլար է ներդրել ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդում (այստեղ ներդրվող գումարները հետագայում օգտագործվում են՝ Հայաստանում գործող փոքր եւ միջին ձեռնարկություններում ներդրումներ անելու համար։):
Ինչպես ասվեց, 2025-2026 թթ. «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդը մասնավոր ընկերություններից հետ է ստացել 3,61 մլրդ դրամ, իր հաշիվներին էլ ունեցել է շուրջ 90 մլն դրամ:
Եվ ահա Պետգույքի կառավարման կոմիտեն (ՊԳԿԿ) այս տարվա փետրվար-մարտ ամիսներին շրջանառության մեջ էր դրել Կառավարության որոշման մի նախագիծ, որով նախատեսվում է ֆոնդի փայերի մարման արդյունքում 3,7 մլրդ դրամը ՀՀ պետբյուջե մուտքագրելուց հետո այդ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ին՝ ԱՆԻՖ-ին:
Այլ կերպ ասած՝ մասնավոր ընկերություններում կատարված ներդրումների մի մասը հետ ստանալուց հետո Կառավարությունն այդ գումարները ծրագրում է դրամաշնորհի տեսքով տալ ԱՆԻՖ-ին: Բայց միանգամից ասենք, որ ԱՆԻՖ-ը դրանց վերջնական տերը չի լինելու:
Ինչու՞ է 3,7 մլրդ դրամ հատկացվելու ԱՆԻՖ-ին
ԱՆԻՖ-ը 2025 թ. հոկտեմբերից գտնվում է լուծարման գործընթացում: Սակայն դրա լուծարման մասին հայտնի էր դարձել ավելի շուտ՝ 2024-ի օգոստոսին, երբ Կառավարությունը որոշել էր, որ մի քանի բաժնետիրական ընկերություններում ԱՆԻՖ-ի ունեցած բաժնետոմսերն ու հողամասերը որպես նվիրատվություն ընդունելուց հետո այն պետք է լուծարել: Եվ ահա այդ պահը եկել է:
ԱՆԻՖ-ը պետական ընկերություն է, որի բաժնետոմսերը հանձնված են Պետգույքի կառավարման կոմիտեին: Կոմիտեում ձեւավորվել է լուծարման հանձնաժողով, որն էլ զբաղվում է ԱՆԻՖ-ի լուծարմամբ: ՊԳԿԿ-ն ծանուցել էր, որ ԱՆԻՖ-ի նկատմամբ պարտատերերը կարող են պահանջներ ներկայացնել մինչեւ 2025-ի դեկտեմբերի 16-ը: Դրանից հետո լուծարման հանձնաժողովը պետք է կազմեր լուծարման միջանկյալ հաշվեկշիռ, որը տեղեկություններ էր պարունակելու ԱՆԻՖ-ի ունեցած գույքի եւ պարտատերերի պահանջների մասին։
Այսպիսով՝ ի հայտ է եկել ԱՆԻՖ-ի մի քանի պարտատեր՝ ՀՀ վարչապետի աշխատակազմը, Էկոնոմիկայի նախարարությունը, որոնցից յուրաքանչյուրն ունի 1,8 մլրդ դրամի պահանջ, ինչպես նաեւ «ԱՌՖԻ» ՓԲԸ-ն, որի պահանջը ԱՆԻՖ-ից 100 մլն դրամ է։ Ընդհանուր՝ 3,7 մլրդ դրամ։
Վարչապետի աշխատակազմին ունեցած պարտքը գոյացել է 2022 թ. կնքված դրամաշնորհային պայմանագրի հիման վրա, որով աշխատակազմն ԱՆԻՖ-ին 1,8 մլրդ դրամի պետական աջակցություն է տրամադրել: Սակայն պայմանագրով նախատեսված աշխատանքները, որոնք կատարվել են ԱՆԻՖ-ի կողմից, ՀՀ վարչապետի աշխատակազմը չի ընդունել, եւ 1,8 մլրդ դրամ գումարը ձեւակերպվել է որպես պարտք:
2023-ին էլ ԱՆԻՖ-ը դրամաշնորհային պայմանագիր է կնքել Էկոնոմիկայի նախարարության հետ, որի հիման վրա ԷՆ-ն որպես կանխավճար փոխանցել է 1,8 մլրդ դրամ: ԱՆԻՖ-ը դրամաշնորհի օգտագործման ամփոփ տարեկան հաշվետվություն է ներկայացրել սահմանված ժամկետից ուշ, եւ հաշվետվությունում արտացոլված ծախսային ուղղությունների ուսումնասիրությունից ակնհայտ է դարձել, որ ներկայացված տվյալներն էականորեն տարբերվում են պայմանագրով տրամադրված կանխավճարի նպատակային նշանակությունից։ Բացի դրանից՝ ԱՆԻՖ-ը պետք է մինչեւ 2024 թ. փետրվարի 1-ը ներկայացներ միջոցառումների իրականացման վերաբերյալ հաշվետվություն, սակայն նման փաստաթուղթ ԷՆ-ն չի ստացել։ Արդյունքում՝ պայմանագրով տրամադրված կանխավճարը չի մարվել, եւ ամբողջ գումարը ԷՆ-ի կողմից հաշվառվել է որպես պարտք։ ԱՆԻՖ-ը ԷՆ-ին չի տրամադրել նաեւ տեղեկատվություն կամ հաշվետվություն դրամաշնորհային պայմանագրի հիմք հանդիսացող արդյունքային ցուցանիշների վերաբերյալ։
Ինչպես ասվեց, ԱՆԻՖ-ը 100 մլն դրամ էլ պարտք է մնացել «ԱՌՖԻ» ՓԲԸ-ին, որի սեփականատերը հենց ինքն է: 2023-ին ԱՆԻՖ-ն ու «ԱՌՖԻ»-ն կնքել են փոխառության պայմանագիր, որի հիման վրա վերջինս 2024-ին 100 մլն դրամ է հատկացրել ԱՆԻՖ-ին:
ԱՆԻՖ-ի լուծարման հանձնաժողովը վերը նշված ընդհանուր 3,7 մլրդ դրամ պարտքը ներառել է լուծարման միջանկյալ հաշվեկշռում: Սակայն այս գումարից բացի՝ ԱՆԻՖ-ը 51 մլն դրամի պարտավորություն էլ է ունեցել: Բանն այն է, որ 2024-ին Կառավարությունը որոշել էր «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդի փայերի մարում իրականացնել 1,7 մլրդ դրամի չափով եւ այդ գումարը պետբյուջե մուտքագրելուց հետո որպես դրամաշնորհ հատկացնել ԱՆԻՖ-ին: 51 մլն դրամն այս դրամաշնորհի չօգտագործված մասի գծով պարտավորությունն է (ըստ Պետգույքի կառավարման կոմիտեի՝ լուծարվող ԱՆԻՖ-ի դրամական միջոցների մնացորդը կազմել է 71 մլն դրամ):
Այսպիսով՝ Կառավարության որոշման նախագծով, որը կազմել է ՊԳԿԿ-ն, առաջարկվում է «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդի փայերի հերթական մարման արդյունքում 3,7 մլրդ դրամը մուտքագրել ՀՀ պետբյուջե, ապա դրամաշնորհի տեսքով հատկացնել ԱՆԻՖ-ին: Գումարն ամբողջապես պիտի օգտագործվի՝ ԱՆԻՖ-ի վերոնշյալ պարտավորությունները մարելու համար:
ԱՆԻՖ-ի լուծարման հանձնաժողովը «ԱՌՖԻ»-ի բաժնետոմսերի գնահատման մրցույթ է հայտարարել
«ԱՌՖԻ» ՓԲԸ-ն պետական ընկերություն է, հիմնադրվել է 2022 թ. (ARFI անունն առաջացել է Armenia Financed անվան կրճատումից): Ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ԱՆԻՖ-ին: ՓԲԸ-ն ստեղծվել է՝ arfi.am քրաուդֆանդինգային հարթակը շահագործելու համար: Այս հարթակը պիտի թույլ տար մարդկանց ամբողջ աշխարհից ներդրումներ կատարել Հայաստանում՝ մասնավոր բիզնեսներում եւ նոր ստարտափ նախագծերում ու դառնալ դրանց մի մասը։
Քանի որ ՓԲԸ-ի բաժնետոմսերը պատկանում են ԱՆԻՖ-ին, վերջինիս լուծարման հանձնաժողովն այս տարվա հունվարին մրցույթ է հայտարարել՝ «ԱՌՖԻ»-ի բաժնետոմսերը գնահատող կազմակերպություն ընտրելու համար:
«Հետքը» գրել էր, որ նախկինում «ԱՌՖԻ»-ն վաճառելու անհաջող փորձեր են եղել: Չնայած ՊԳԿԿ նախագահի այն ժամանակվա տեղակալ Գեղամ Հովսեփյանը 2025-ին ո՛չ հերքել, ո՛չ հաստատել էր այս ինֆորմացիան, նա մեզ հայտնել էր, որ, օրենսդրության համաձայն, պարտատերերի հանդեպ ԱՆԻՖ-ի պարտավորությունները բավարարելուց հետո մնացած գույքը լուծարման հանձնաժողովը բաշխելու է բաժնետերերի միջեւ: Ու քանի որ «ԱՌՖԻ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը (որպես գույք) ԱՆԻՖ-ի հաշվեկշռում են, վերջինիս լուծարումից հետո դրանք անցնելու են ՀՀ-ին՝ ԱՆԻՖ-ի միակ բաժնետիրոջը:
Լուսանկարը՝ Getty Images-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել