HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանի՝ Հայաստանի գյուղատնտեսությունը Թուրքիային վաճառելու մասին տեղեկությունները կեղծ են

X-ում (նախկին Twitter) տարածվում են կեղծ տեղեկություններ, իբրև թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը պլանավորում է հայկական գյուղատնտեսությունը վաճառել Թուրքիային։

X-ի առնվազն 3 օգտահաշիվներում, որոնցից երկուսում գրեթե նույն ժամին, մյուսում՝ ավելի ուշ, տարածվել է մի տեսանյութ, որում, առանց կոնկրետ աղբյուրների պատշաճ հղում անելու, նշվում է՝ «Հայաստանի ֆերմերային ոլորտը մոնոպոլացվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոխկապակցված անձանց առնչվող գյուղատնտեսական հոլդինգների կողմից: Վերլուծաբանները նախազգուշացնում են, որ սա կարող է հանգեցնել ռազմավարական գյուղատնտեսական ակտիվների վաճառքին թուրքական խոշոր կորպորացիաներին, ինչը սպառնում է երկրի պարենային անվտանգությանը և տնտեսական ինքնիշխանությանը»։

Տեսանյութում հիշատակվող հայկական գյուղատնտեսական խոշոր ընկերությունների մասին պնդումները, թե դրանք ձևավորում են իշխանության հետ փոխկապակցված «կարտել», հիմնավորված չեն։

Անհիմն են նաև ներկայացվող թվերը․ պնդումը, թե գյուղատնտեսական ոլորտում պետական սուբսիդիաների 70%-ը բաժին է հասնում ընդամենը մի քանի ընկերության, կամ դրանք տարեկան 350 միլիոն դոլարի եկամուտ են ստանում, չունի որևէ վիճակագրական հիմք, և տեսանյութում որևէ աղբյուրի հղում չի արվում։

Ապրիլի 7-ին X-ում տարածված կեղծ տեսանյութի  բովանդակության մի փոքր ավելի երկար տարբերակը նախորդ օրը՝ ապրիլի 6-ին, հրապարակվել է թուրքական veryansintv.com կայքում։

Հոդվածն ուղեկցող նկարի վրա գրված է. «Օքայ Դեփրեմը գրում է. կարո՞ղ են Հայաստանի գյուղատնտեսական ձեռնարկությունները փոխանցվել թուրքական ընկերություններին»:

Կայքն ունի հեղինակների առանձին բաժին, սակայն այնտեղ Դեփրեմի անունը չկա։ Փոխարենը դրա ֆեյսբուքյան էջում նշվում է, որ այն թուրքական անկախ լրատվական կայք է, կողմնակալ է` հօգուտ Թուրքիայի: Այն նաև հարթակ է, որտեղ հայրենասեր գրողները, մեկնաբանները և փորձագետները կարող են ազատ արտահայտել իրենց կարծիքները: Veryansın TV-ն հիմնադրվել է 2019 թվականին թուրք գրող և լրագրող Նիհաթ Գենչի (1956-2025 թթ.) կողմից։

2005 թվականին Գենչը քննադատել էր Ստամբուլի «Բիլգի», «Սաբանջը» և Բոսֆորի համալսարանների կողմից «Օսմանյան հայերը կայսրության անկման ժամանակաշրջանում» խորագրով գիտաժողովի կազմակերպումը (գիտաժողովը հետաձգվել էր Թուրքիայի արդարադատության նախարարի կոշտ խոսքերից հետո)։ Գենչի քննադատությունից հետո թուրքական İletişim Yayınları հրատարակչությունը, որը երկար տարիներ տպագրել էր նրա գրքերը, դադարեցրել էր գրողի հետ համագործակցությունը։

Ինչ վերաբերում է Օքայ Դեփրեմին, ապա Հայաստանի մասին նրա տարածած այս կեղծիքն առաջինը չէ: Նույն Դեփրեմն էր մարտ ամսին թուրքական dikgazete.com կայքում ինֆորմացիա հրապարակել, թե իբր ՀՀ կառավարությունը մտադիր է վերանայել և հետ վերցնել Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներին տրամադրված պարգևները: Այս կեղծ լուրը հերքել էր նաև վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:

Ըստ dikgazete.com-ի՝ Դեփրեմը մինչև 2014 թ. ապրել է Ուկրաինայի տարբեր քաղաքներում, իսկ 2014-ին հաստատվել է Դոնեցկում և եղել է միակ թուրք լրագրող-թղթակիցը, որը 2014-2023 թթ. աշխատել է Դոնբասում: Ներկայում ապրում ու աշխատում է Ռուսաստանում:

Gnida Project նախաձեռնությունը, որն զբաղվում է ռուսաստանյան ապատեղեկատվական արշավների բացահայտմամբ, երեկ X-ում գրել է, որ Storm-1516 անունով հայտնի արշավը թիրախավորել է Հայաստանը և կեղծ խոսույթ է տարածում, թե Փաշինյանը պատրաստվում է վաճառել ռազմավարական նշանակություն ունեցող հայկական գյուղատնտեսական ձեռնարկությունները թուրքական մասնավոր ընկերություններին։

Մեդիափորձագետ Արթուր Պապյանը 2025-ի հոկտեմբերին գրել էր Gnida Project-ի կողմից Storm-1516-ին վերաբերող մեկ այլ բացահայտման մասին, որը ևս կապ ուներ Հայաստանի հետ: Այդ ժամանակ ռուսաստանյան ապատեղեկատվական այս խումբը կրկին թուրքական մեդիայի և X-ի տարբեր օգտահաշիվների կիրառմամբ կեղծ ինֆորմացիա էր տարածել այն մասին, թե իբր Ն. Փաշինյանը մտադիր է Սյունիքի մոտ 1200 քկմ հատված հանձնել Ադրբեջանին, ինչպես նաև Մարգարայի անցակետի մոտ մի հատված հատկացնել Թուրքիային։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter