Կառավարությունը սահմանամերձ գյուղերում տներ է կառուցում, բայց բնակվելու պահանջ չի դնում
Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղում բնակելի կառուցապատման հողամասերի նկատմամբ քաղաքացիների հետաքրքրությունը կտրուկ մեծացել է 2024 և 2025 թվականներին։ Արարատի համայնքապետարանը 2024-ին այդ գյուղի համար աննախադեպ՝ 107 լոտ բնակելի կառուցապատման հողամաս է վաճառել։ Երկու տարվա ընթացքում ընդհանուր 119 լոտ բնակելի կառուցապատման հողամաս է վաճառվել:
Այս հետաքրքրությունը պայմանավորված է 2022թ․ հունիսին Կառավարության ընդունած «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թվականների ծրագրով»։ Այս որոշումով Կառավարությունը 16 մլն դրամի աջակցություն է տրամադրում սահմանամերձ գյուղերում անհատական բնակելի տուն կառուցելու կամ կառուցապատումը շարունակելու նպատակով։
Ծրագիրը գործում է Կառավարության որոշումով սահմանամերձ բնակավայրերի ցանկում ընդգրկված գյուղերում։ Արարատի մարզից սահմանամերձ են ճանաչվել Երասխ, Պարույր Սևակ և Տիգրանաշեն գյուղերը։
Կառավարությունը սույն որոշումով Պարույր Սևակ գյուղին 70 բնակելի տուն կառուցելու քվոտա էր հատկացրել։ Արարատի համայնքապետարանը 2024թ․-ից գյուղատնտեսական նշանակության հողատարածքների նպատակային նշանակությունը փոփոխեց բնակելի կառուցապատման և, առանձին լոտերի բաժանելով, աճուրդներ կազմակերպելով՝ վաճառեց։ Մեկ լոտի չափը 500 քմ-ից մինչև 3030 քմ է։ Պահանջարկը, սակայն, չի ազդել հողերի արժեքի վրա։ Աճուրդի դրված հողատարածքները վաճառվել են նույն արժեքներով, ինչ նախորդ տարիներին՝ 1000 քմ հողի միջինացված արժեքը 400 հազար դրամ է։
Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը 2025թ․ դեկտեմբերի 25-ին պատասխանելով մեր գրությանը՝ տեղեկացրել էր, որ Պարույր Սևակ գյուղում պետության հատկացրած 16 մլն դրամի ծրագրով 71 տուն է կառուցվում։ «Կառուցապատվող հողամասերը սեփականության իրավունքով պատկանում են ֆիզիկական անձանց, երեք տուն կառուցվել է, իսկ 68-ը շինարարական փաստաթղթերով հանդերձ ընթացքի մեջ է»,– հայտնել է համայնքի ղեկավարը։
Այսինքն, Պարույր Սևակ գյուղում հող գնած առնվազն 45 քաղաքացի հիշյալ ծրագրով անհատական բնակելի տուն կառուցելու համար պետական բյուջեից 16 մլն դրամի ակնկալիք ունի։ Կառավարությունը 2026թ․ մարտի 19-ի որոշումով (N 307-Լ) ծրագրի իրականացման ժամկետը երկարաձգեց մինչև 2027թ․-ը։
Որոշումից առաջ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ ծրագրի երկրորդ փուլը նախատեսված է 3 խումբ շահառուների համար։ Առաջին խումբը՝ մոտ 400 հոգի, այն շահառուներն են, որոնք նախկինում չեն հասցրել օգտվել ծրագրից։ Այդ քաղաքացիները բավարարում են ծրագրի բոլոր չափանիշները և շինթույլտվությունն ստացել են մինչև 2025թ․ մայիսի 1-ը։ Նաև այն քաղաքացիները, որոնք 2024թ․ հունվարի 1-ից 2025թ․ մայիսի 1-ը հողամաս են ձեռք բերել կամ հողամասի սեփականության իրավունքն են գրանցել։
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թվականների ծրագիրը, ինչպես նշված է Կառավարության որոշման մեջ, «նպատակ ունի նաև խթանելու ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման գործընթացը մարզային, մասնավորապես՝ սահմանամերձ գյուղական բնակավայրերում։ Վարկային բեռը թեթևացնելու միջոցով հնարավորություն ընձեռելու շահառուներին՝ բնակություն հաստատելու իրենց նախընտրած սահմանամերձ բնակավայրում և կառուցվող բնակելի տանը՝ խթանելով գյուղական բնակավայրերի համաչափ զարգացումը»։
Պարույր Սևակ գյուղում 119 լոտ հողի գնորդներից 44-ը հաշվառված է այդ գյուղում, նրանցից 12-ը բնակվում են տնակներում։ Կառավարության աջակցությունն այս ընտանիքներին կարող ենք հասցեական համարել, սակայն նրանք առնվազն 115 գնորդներից 12-ն են (ոմանք երկու հողակտոր են գնել)։ Հողակտորներից 8-ի գնորդները հանրապետության այլ մարզերից են և Երևանից, մնացած 67 հողակտորը գնել են Արարատի մարզի այլ գյուղերի բնակիչներ։
Որքանո՞վ է հավանական, որ Արարատ, Ավշար, Այգավան և մյուս գյուղերի բնակիչները բնակության կտեղափոխվեն Պարույր Սևակ միայն նրա համար, որ այստեղ անվճար տուն կառուցելու հնարավորություն ունեն։ Քարահունջ գյուղում այս ծրագրով 51 տուն է կառուցվել, մեծ մասի սեփականատերերը Գորիս քաղաքի բնակիչներ են։ Նրանց հաջողվել է շատ արագ հիփոթեքային վարկ հաստատել բանկում և ծրագրի շահառու դառնալ։ Սոթք գյուղում 74 տուն է կառուցվում, տեղի բնակիչների ասելով՝ հիմնականում Վարդենիս քաղաքի բնակիչներն են կառուցում։ Սակայն, դա չի նշանակում, որ նրանք տեղափոխվելու են Սոթք, և գյուղի բնակչության թիվն ավելանալու է։ Հարկ է նշել, որ Կառավարությունը որոշման ռիսկերի մեջ քաղաքացիների՝ սահմանամերձ գյուղում իրենց կառուցած տներում չբնակվելը չի նշել։
Կառավարության որոշումը հետաքրքրական է նաև բնակավայրերի ընտրության առումով։ Առաջին փուլում ծրագրում ընդգրկվել էր նաև Վայոց ձորի մարզի Արենի գյուղը, որովհետև Կառավարության որոշմամբ այն համարվում է սահմանամերձ։ Վարչապետի տեղեկացմամբ՝ 221 տուն է կառուցվել այս գյուղում։ Պատահական չէ, որ առաջին փուլի արդյունքներով Կողբից հետո ամենաշատն այս գյուղում են տներ կառուցվել։
Մեր աղբյուրները հայտնում են, որ կառուցապատողներից մոտ 20-ն է տեղացի, ընդ որում՝ կարիքավոր չեն։ Պարզապես օգտվել են ընձեռված հնարավորությունից, ինչպես ասացին՝ «ձրի բան էր, ինչո՞ւ չօգտվեին»։ Մյուսներն այլ համայնքներից են, հիմնականում հյուրատներ են կառուցում՝ ծրագրի շահառու դառնալով։ Այս հանգամանքը հայտնի է նաև Կառավարությանը։
«Մենք դեպքեր ունենք, որ այլ բնակավայրերից գնում և սահմանամերձ բնակավայրերում բնակվում են և կարծում եմ, որ սա լավ պրոցես է։ Նույնիսկ նրանք, որ տներ են կառուցում և հետագայում հյուրատան վերածում, այդտեղ էլ խնդիր չենք տեսնում։ Դա գյուղի համար էլ է լավ, տնտեսական աշխուժություն կմտցնի և այլն»,- հայտնել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա այս միտքն արտահայտել էր Կառավարության նիստի ժամանակ, երբ առաջարկվում էր մինչև 2025-ի դեկտեմբերի 31-ը երկարաձգել սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական ծրագրի ժամկետը։
Արենի գյուղը լայնորեն ընդգրկված է Կառավարության տուրիզմի ծրագրերում։ Վարկային միջոցներով այնտեղ ենթակառուցվածքներ են ստեղծվում, հյուրանոց և հյուրատներ են կառուցվում, գյուղը համաչափ զարգանում է առանց միջամտության։ Բնակեցման իրատեսական ծրագիր մշակելու դեպքում Արենին այս ծրագրում չէր կարող ընդգրկվել։
Ծրագրի նպատակ է հռչակվել բնակեցումը, մինչդեռ ստացվում է, որ պետական բյուջեի միջոցներով Կառավարությունն այլոց համար բիզնես է հիմնում և «այդտեղ խնդիր չի տեսնում»։
Թեպետ Կառավարության որոշման նպատակը «բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքներին սահմանամերձ բնակավայրերում բնակեցումն» է, սակայն այն բնակեցման ծրագիր չի կարող համարվել։ Հնարավոր չէ տասնամյակներով լքված, ենթակառուցվածքներից զուրկ գյուղերը բնակեցնել միայն տներ կառուցելով։ Այդ լքված գյուղերում այժմ էլ բազմաթիվ կանգուն տներ կան, օրինակ՝ Սյունիքի մարզի հիասքանչ Բարձրավան գյուղը, որտեղ այս ծրագրով ընդամենը մեկ տուն է կառուցվել։ Տուն չունենալու պատճառով չէ, որ բնակիչները լքել են գյուղը։
Բնակեցնելը բարդ գործընթաց է, հստակ հաշվարկներով ու պլանավորմամբ, որի օրինակն այսօր ցույց է տալիս Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը Սյունիքի մարզի Սվարանց գյուղի վերաբնակեցման իր ծրագրով։ Այս գյուղը նույնպես դատարկվեց Հայաստանի անկախացումից հետո։ Այժմ այն վերաբնակեցնելու համար հիմնադրամը ոչ միայն տներ է կառուցում, ենթակառուցվածքներ ստեղծում, այլև զուգահեռաբար մարդկանց զբաղվածության և մյուս կարևոր հարցերն է լուծում ծրագրի կայունությունն ապահովելու համար։ Այս նախագիծը լավ օրինակ կարող է լինել Կառավարության համար։
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը խնդիրներ ունի նույնիսկ այն գյուղերում, որտեղ նոր դպրոցներ են կառուցել։ Սահմանամերձ գյուղերը բնակեցնելու ծրագրի երկրորդ փուլի մասին ազդարարելիս Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ այդ գյուղերի համար լրացուցիչ քվոտաներ են սահմանել։
«16 մլն դրամի ծրագիրը կվերաբացվի նաև այն բնակավայրերում, որտեղ 300 դպրոց ծրագրով կառուցված կամ կառուցվող դպրոցներն ունեն աշակերտների համալրման խնդիր, ազատ տեղերը գերազանցում են 50%-ը։ Ըստ նախարարի՝ խոսքը 243 քվոտայի մասին է։ Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ այդ բնակավայրերում ծրագրի հիմնական պայմաններից բացի, ընտանիքը պետք է ունենա նաև առնվազն մեկ 10 տարին չլրացած երեխա»,– ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Այս տարվա մարտի 17-ին, երբ Կառավարության ղեկավարը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ քննարկում էր ծրագիրը շարունակելու հարցը, տեղեկացրեց, որ առաջին փուլով ծրագրում ընդգրկվել է 2319 ընտանիք, որոնք օգտվել են 16 մլն դրամի ֆինանսավորումից, սահմանամերձ 60 գյուղերում տներ են կառուցվել։
Տները կառուցվում են, որովհետև ծրագրում ընդգրկվելու համար առանձնապես պահանջներ չեն առաջադրվել։ Ծրագրի շահառու կարող էին դառնալ այն ամուսինները, որոնցից առնվազն մեկը ծրագրին դիմելու օրվա դրությամբ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո բանկի հետ հիփոթեքային վարկի պայմանագիր է կնքել, ունի սեփականության իրավունքով իրենց պատկանող հող կամ կիսակառույց շինություն։ Ծրագրի պայմաններից մեկն էլ այն է, որ շահառուն կառուցապատումը պետք է ավարտի 3 տարում։
Մինչև 16 մլն դրամի կառուցապատման հիփոթեքային վարկը բանկային տոկոսների հետ միասին 10 տարվա ընթացքում ամբողջությամբ մարելու է Կառավարությունը՝ պետական բյուջեից։ Վարկը տրամադրվում է 13% տոկոսադրույքով։ Ծրագրից օգտված 2319 ընտանիքին հատկացված միայն 16 մլն դրամը կազմում է 37 մլրդ 104 մլն դրամ։
Առաջին փուլն ամփոփվեց զուտ թվերով, թե որ գյուղում ինչքան տուն է կառուցվել։ Հաշվետվություն չներկայացվեց, թե այս ծրագիրը որքանով նպաստեց հայտարարված նպատակներին, արդյոք արդարացված էր պետական բյուջեից ահռելի գումարներ հատկացնելը։ Ստուգվե՞լ էր, արդյոք, «շահառուների՝ իրենց նախընտրած սահմանամերձ բնակավայրում կառուցվող բնակելի տանը բնակություն հաստատելու» հանգամանքը։
Ահա այս իրավիճակում Կառավարությունը հայտարարեց ծրագիրը շարունակելու մասին։ Տեղեկացրին, որ պատրաստվում են ֆինանսավորել նոր՝ առնվազն 1417 տան կառուցում՝ մի շարք սահմանամերձ և ոչ սահմանամերձ բնակավայրերում։ Հրապարակվեց բնակավայրերի ցանկը, որտեղ գործելու է 16 մլն դրամ աջակցությամբ բնակարանային ծրագիրը։
Կառավարությունն այս փուլում 774 նոր քվոտա է սահմանել այն բնակավայրերի համար, որտեղ առաջին փուլում բնակչության թվի համամասնության 10 տոկոսից քիչ տներ են կառուցվել: Ծրագրին դիմելու ցանկություն ունեցող նոր շահառուների համար պահանջները մի փոքր խստացվել են։ Եթե առաջին փուլում ծրագրի շահառու դառնալու համար բավարար էր միայն ամուսիններից մեկի՝ Հայաստանում հաշվառում ունենալը, այժմ շահառուն ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ 1 տարվա ընթացքում պետք է հաշվառված լինի տվյալ բնակավայրում։
Նաև՝ շահառուները ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ 1 տարվա ընթացքում չպետք է ունենան անձնական կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50 տոկոս և ավելի մասնաբաժնով) բնակելի անշարժ գույք Երևան քաղաքում կամ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով գրանցված գնման իրավունք Երևան քաղաքում։
Նոր կառուցվելիք 1417 տների համար պետական բյուջեից 22 մլրդ 672 մլն դրամ է հատկացվելու՝ միայն մայր գումարը։ Եվս 10 տարի Կառավարությունը բյուջեից պետք է տոկոսները վճարի՝ երաշխիք չունենալով՝ կառուցապատողներից գոնե 100-ը բնակվելո՞ւ է այդ գյուղերում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել