Պրոիշխանական կայքերը մանիպուլացրել են Սամվել Կարապետյանի ուղերձը
Ապրիլի 7-ին տնային կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Կարապետյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է նրա ուղերձը, որում քաղաքական հայտ ներկայացրած գործիչն անդրադարձել է ապրիլի 1-ին կայացած Փաշինյան-Պուտին հանդիպմանը:
«Ինչու էր պետք փորձեր անել հեռացնել բարեկամ Ռուսաստանին մեր տարածաշրջանից։ Նրա ներկայությունը որևիցե կերպ երբեք չի խանգարել այլ ուժային կենտրոնների հետ Հայաստանի համագործակցությանը, առևտրին։ Ու ապագայում էլ վստահ եմ` չի խանգարելու։ Ուղղակի, խելք ու ժողովրդական լեզվով ասած՝ շնորհք է պետք ունենալ։ Եվ հետո՝ պետք է պարզապես ողջամիտ լինել։ Ռուսաստանի հետ են մեր տնտեսական ամենախորը կապերը։ Ռուսաստանն է մեզ էժան գազ մատակարարում, սիրով ընդունում մեր սեզոնային աշխատողներին, գնում մեր գյուղատնտեսական ապրանքների զգալի մասը։ Իսկ եթե դադարեցնի այդ ամենը, ի՞նչ պատասխան եք տալու մեր ժողովրդին, որն ավելի կաղքատանա,- հայտարարել է Կարապետյանն ու հավելել,- քվեարկելով Նիկոլի օգտին՝ դուք կստանաք աղքատություն և թշնամանք ռուսների հետ, բևեռացում և տնտեսության փլուզում»։
Այս հայտարարությունից հետո պրոիշխանական medianews.site կայքը գրել է. «Զուգահեռ թվարկելով ու հուշելով, թե ինչեր կարող է անել Ռուսաստանը Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու համար՝ օրինակ գազի գնի թանկացում, Ռուսաստանում սեզոնային աշխատող հայերի նկատմամբ ճնշումներ, Հայաստանից արտահանվող գյուղատնտեսական մթերքների վրա սանկցիաներ․․․ Փաստացի այս կերպ ՌԴ քաղաքացի Սամվել Կարապետյանը հուշում և կոչ է Ռուսաստանին, թե ինչ քայլերի դիմեն, ինչպես ճնշեն Հայաստանին ու հայ ժողովրդին, որպեսզի Հայաստանում ընտրությունների արդյունքը լինի Ռուսաստանի սրտով» (ընդգծումները «Հետքինն» են)։ Նյութը ևս այդպես է վերնագրված՝ «Սամվել Կարապետյանը հուշում, կոչ է անում Ռուսաստանին թանկացնել Հայաստանին մատակարարվող գազը»:
Ինչպես տեսնում ենք Կարապետյանի ուղերձ-հայտարարության մեջ, այն ուղղված է ԱԺ առաջիկա ընտրությունների մասնակից ընտրողներին, և դրանում Ռուսաստանի ղեկավարությանն ուղղված խոսք, առավել ևս կոչ չկա: Կարապետյանն, արձանագրելով գազի ներկա գնի, Ռուսաստանում աշխատող հայերի, ինչպես նաև գյուղատնտեսական ապրանքների արտահանման գործոնները, հարցադրում է անում, թե ինչ են անելու ՀՀ իշխանությունները, եթե Ռուսաստանն արգելքներ կիրառի:
Ընդ որում՝ ԵՄ-ի հետ մերձեցման ֆոնին նման ազդակ-զգուշացումներ հնչել են թե՛ Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ անմիջապես ՌԴ նախագահի կողմից, թե՛ դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի կողմից, այսինքն՝ Կարապետյանի ուղերձից ավելի վաղ:
Ապրիլի 1-ին Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին, մասնավորապես, ասել է (սղագրությունը՝ ՀՀ վարչապետի կայքից). «Եվրամիության հետ մաքսային միությունում լինելը և ԵԱՏՄ-ում գտնվելն անհնար է։ Դա պարզապես անհնար է: Եվ հարցը նույնիսկ քաղաքական չէ, այլ զուտ տնտեսական բնույթի է։ Քանի որ որոշ հարցեր պահանջում են համատեղ մեծ աշխատանք, որը պետք է տարվի տարիներով։ Դա առանձին ապրանքային խմբերի գնահատման տարբերությունն է, այդ խմբերի մուտքը շուկա։ Դա բոլոր ապրանքների համար ֆիտոսանիտարական վերահսկողությունն է… Գազի գինը Եվրոպայում անցնում է 600 դոլարը 1000 խորանարդ մետրի դիմաց, իսկ Ռուսաստանը գազ է վաճառում Հայաստանին 177,5 դոլարով 1000 խորանարդ մետրի դիմաց։ Տարբերությունը մեծ է։ Տարբերությունը էական է։ Մենք այս հարցում էլ հաճախ Ձեզ հետ վիճում ենք։ Ես գիտեմ, որ Դուք պնդում եք էներգակիրների գնի որոշման այլ եղանակների վրա, բայց սրանք, այնուամենայնիվ, այլ իրավիճակ է՝ 600 և 177,5… Շատ հայեր են ապրում Ռուսաստանի Դաշնությունում։ Կարելի է տարբեր կերպ հաշվարկել, մենք համարում ենք՝ ավելի քան 2 միլիոն մարդ։ Եվ հենց մեր ներքին գործերի նախարարության վիճակագրական տվյալներն են այդ մասին վկայում»:
Փաշինյան-Պուտին հանդիպում, Մոսկվա, 01.04.2026 (primeminister.am)
Ստացվում է, որ ՀՀ-ից ՌԴ արտահանվող ապրանքների, գազի գնի ու Ռուսաստանում գտնվող հայերի թեմաներն առաջինը հրապարակավ ընդգծել է Պուտինը՝ Փաշինյանին կոնկրետ ակնարկներ անելով:
Ընդ որում՝ Ռուսաստանի քաղաքական ղեկավարության այս հայտարարություններն անմիջապես քննարկման առարկա են դարձել Հայաստանի քաղաքական, տնտեսական, փորձագիտական դաշտում:
Հետևաբար, երբ պրոիշխանական medianews.site-ը Փաշինյանին և նրա թիմին քննադատող Կարապետյանի կողմից այս թեմաների շուրջ հրապարակային հարցադրում անելը ներկայացնում է որպես «փաստացի հուշում և կոչ Ռուսաստանին», դիմում է պարզ մանիպուլյացիայի:
Դեռ 2021-ին Infocom-ը, փաստեր ներկայացնելով, գրել էր, որ medianews.site-ը փոխկապակցված է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին, որը հրաժարվել էր մեկնաբանել լրատվամիջոցի բացահայտումը, այսինքն՝ չէր հերքել իր կապը medianews.site-ի հետ:
Ս. Կարապետյանի ուղերձը «Ֆեյսբուքում» հրապարակվել է ապրիլի 7-ին՝ 11:02-ին: Medianews-ի մանիպուլյատիվ հրապարակումն այդ ուղերձի մասին հրապարակվել է 11:55-ին: Հաշված րոպեների տարբերությամբ նյութը նույնությամբ (նույն նկարով ու վրիպակներով) հրապարակել են պրոիշխանական presstv.am (12:11), zartnir.media (12:13), yerevanpost.am (13:02) կայքերը:
Zartnir.media-ի ռուսալեզու տարբերակում նյութը վերնագրված է շատ ավելի մանիպուլյատիվ ձևով. «Կարևոր. Սամվել Կարապետյանը կոչ արեց Ռուսաստանին բարձրացնել գազի գինը Հայաստանի համար» (Важно: Самвел Карапетян призвал РФ повысить цену на газ для Армении):
Այս հրապարակումները տարածվել են նշված կայքերի սոցցանցային հարթակներում:
Եթե medianews.site-ը գրանցվել է 2018-ի հունվարին, ապա presstv.am-ը համացանցում հայտնվել է 2025-ի հունիսին, zartnir.media-ն՝ 2025-ի նոյեմբերին, yerevanpost.am-ը՝ 2025-ի դեկտեմբերին: Դոմեյնների մասին ինֆորմացիա տրամադրող who is հարթակներում տեսնում ենք, որ բոլոր այս կայքերի գրանցման պատվիրատուների (registrant) տվյալները փակ են:
Սրանցից «Մեր մասին» բաժին և կոնտակտային էլեկտրոնային փոստ ունի միայն zartnir.media-ն, որը նշում է, թե ինքն («Զարթնիր» լրատվական գործակալություն) անկախ առցանց լրատվամիջոց է:
«Զանգվածային լրատվության մասին» օրենքը սահմանում է, որ համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող զանգվածային լրատվության միջոցն իր կայքում պետք է ներառի՝ 1) լրատվության միջոցի անվանումը. 2) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գրանցման համարը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է, ապա նրա անունը, ազգանունը, բնակության կամ հաշվառման հասցեն, եթե նա անհատ ձեռնարկատեր է, ապա նաև պետական հաշվառման համարը: Zartnir.media-ում օրենքի այս պահանջը կատարված չէ, հետևաբար այն չի կարող համարվել ԶԼՄ, վերը նշված մյուս կայքերը՝ առավել ևս:
Հատկանշական է, որ presstv.am-ն ու zartnir.media-ն, չբացահայտելով իրենց ով լինելը, ներկայացրել են իրենց հրապարակած նյութերի օգտագործման պայմաններ, որոնք ամբողջությամբ (բացառությամբ անունների) նույնն են (տես այստեղ և այստեղ): Սա ևս հուշում է այն մասին, որ վերոնշյալ կայքերը փոխկապակցված են:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել